Հա

Քաղաքական

31/12/2018 - 08:20

Ադրբեջանի շարժերը վերահսկւում եւ հետախուզւում են

2018 թւականին աւարտւել է առաջնագծի վերազինման առաջին ու թերեւս ամենակարեւոր փուլը, ստեղծւել են պայմաններ ադրբեջանական կողմի շարժերը օրւայ բոլոր ժամերին վերահսկելու, հետախուզելու եւ առաւել արդիւնաւէտ որոշումներ կայացնելու համար:

«alikonline.ir» - 2018 թւականին աւարտւել է առաջնագծի վերազինման առաջին ու թերեւս ամենակարեւոր փուլը, ստեղծւել են պայմաններ ադրբեջանական կողմի շարժերը օրւայ բոլոր ժամերին վերահսկելու, հետախուզելու եւ առաւել արդիւնաւէտ որոշումներ կայացնելու համար: Այս մասին «yerkir.am»-ի հետ զրոյցում յայտնեց Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով 2018-ին իրականացւած` դիրքերի կահաւորման ու վերազինման միջոցառումներին:

«Այս համակարգն անընդհատ արդիականացնելու, ֆունկցիոնալ առումով առաւել արդիւնաւէտ դարձնելու համար լաւ հնարաւորութիւններ կան, որոնք առաջիկայ տարիների ընթացքում կը վերլուծւեն ու, ըստ այդմ, ժամանակին համահունչ կարդիականացւեն: Դրան զուգահեռ, առաջնագծում արդիականացւեց կապի համակարգը, որն անվտանգութեան, որակական առումով մի քանի անգամ առաջ է մինչ այդ գործող համակարգից: Առաջնագծի կահաւորման, վերազինման հարցերն իրենց բնոյթով այնպիսին են, որ իւրաքանչիւր տարի պէտք է ներդրում կատարես, հակառակ դէպքում` նախորդ տարւայ աշխատանքների էֆեկտիւութիւնը մեծապէս կընկնի»,- նշեց նա՝ յաւելելով, որ զինւած ուժերի մշտական արդիականացումն առաջնահերթութիւն է, եւ այդ ուղղութեամբ աշխատանքները պէտք է անընդհատ գտնւեն պատասխանատուների ուշադրութեան կենտրոնում:

«Այստեղ կարեւոր է ճիշտ թիրախներ ընտրելը, առաջնային հարցերը յստակ ձեւակերպելը եւ, ըստ ժամանակացոյցի, դրանց լուծումների յետեւից գնալը»,-յաւելեց Տիգրան Աբրահամյեանը:

Անդրադառնալով ներքին եւ արտաքին քաղաքական մարտահրաւէրներին` Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդականն ընդգծեց. «Հայաստանում իշխանութեան ձեւաւորման պրոցեսը դեռեւս աւարտին չի հասել, համակարգային առումով փոփոխութիւնների շրջան է, ինչն անընդհատ ստիպում է եղած ռեսուրսների մի ահռելի մաս ուղղել այդ ուղղութեամբ:

Ինչ վերաբերում է հակամարտութեանը, ապա տարեսկզբին Արցախի հարցով հանդիպումներ են նախատեսւած, որոնք կարգաւորման առումով լաւատեսութիւն չեն ներշնչում, միւս կողմից`կարող են որոշակիօրէն ուրւագծել առաջիկայ զարգացումները, յատկապէս`առաջնագծում»:

Տիգրան Աբրահամեանը շաբաթւայ կէսից աւելին զօրամաս-առաջնագիծ հատւածում է, նա չէր կարող անտեսել բանակային ընկերութեան թեման, իսկ նման դրւագները քիչ չեն:

«Մօտ 10 օր առաջ Մարտունու ուղղութեամբ տեղակայւած դիրքեր էի գնացել: Դիտակետում մարտական հերթապահութիւն իրականացնող զինւորներն անսովոր աշխոյժ էին: Զինւորներից մէկի քոյրը յունւարին ամուսնանում է, եւ հրամանատարութիւնը, ինչպէս նման դէպքերում է լինում, հաւաստիացրել է, որ արձակուրդ կուղարկեն, որ ընտանիքի համար այդ կարեւոր օրը նա հարազատ միջավայրում լինի: Զինւորի ընկերը հարսանիքից մի քանի օր առաջ զօրացրւում է եւ գործուն մասնակցությիւն ունենում, թէ ինչպէս կազմակերպեն բանակային ընկերոջ քրոջ հարսանիքը: Ինձ համար կարեւոր է, որ միմեանց հետ ծառայող զինւորներն իրենց ընկերութիւնը շարունակեն քաղաքացիական կեանքում: Դա գաղափարական իմաստով ուժեղացնում է ե՛ւ բանակը, ե՛ւ մեր հասարակութիւնը»,- ասաց Աբրահամեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։