Հա

Քաղաքական

02/01/2019 - 12:00

2018 թ․ ԼՂ հակամարտութեան յաղթանակի հերթական տարին էր

Եթէ տարեմուտի շեմին ամփոփելու լինենք անցնող թւականն Արցախի համար, ապա պէտք է արձանագրենք, որ այս տարի եւս մենք յաղթեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը, եւ այս տարին եւս մէկ քայլով մօտեցրեց մեզ բաղձալի վերջնական յաղթանակին։

ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿԵԱՆ

 

Եթէ տարեմուտի շեմին ամփոփելու լինենք անցնող թւականն Արցախի համար, ապա պէտք է արձանագրենք, որ այս տարի եւս մենք յաղթեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը, եւ այս տարին եւս մէկ քայլով մօտեցրեց մեզ բաղձալի վերջնական յաղթանակին։

Ասելիքը տարբեր եղանակներով կարելի է պարզաբանել, սակայն սոյն շարադրանքի շրջանակներում բաւական է ամրագրել այն իրողութիւնը, որ այսօրինակ հակամարտութիւնները, որոնցից աշխարհում շատ է հանդիպում, ունեն ժամանակային շատ երկար ընդգրկում։ Դրանք ո՛չ մէկ օրում են սկսւում, ո՛չ առաւել եւս՝ մէկ օրում աւարտւում։ Դիցուք Արցախի օրինակը։ Այն, որ այսօր Արցախն իր ամբողջ տարածքով հայկական է, հետեւանքը չէ սոսկ 1988-1994 թթ․ տեղի ունեցած իրադարձութիւնների։ Դա շատ աւելի հին ու տեւական գործընթացների արգասիք է, որոնցից մի շղթայի մասին ժողովրդական նարատիւը շատ լաւ ձեւակերպում է տւել՝ «Նժդեհը որ Զանգեզուրը չպահեր, էսօր Ղարաբաղ էլ չէինք ունենայ»։ Եւ այն, որ վաղն Արցախն իր ամբողջ տարածքով մերն է լինելու, հետեւանքը չի լինելու ապագայի որեւէ կամայական պահին որեւէ առանձին վերցրած եղելութեան՝ լինի դա ինչ-որ բանակցութիւն, արտաքին միջամտութիւն կամ թէկուզ երկրորդ յաղթական պատերազմ։ Դա լինելու է արգասիքը 1994 թ․-ից յետոյ մեր արածի՝ պատկերաւոր ասած՝ սկսած Հայաստանում եւ կոնկրետ Արցախում մանկապարտէզների շէնքային պայմանների ու դպրոցական մատեանների դիզայնի բարելաւումից՝ վերջացրած նոր ազատագրւած տարածքների վերաբնակեցումից ու բանակաշինութիւնից։

Կայ եւս մէկ կարեւոր առանձնայատկութիւն, որ բնորոշ է այսօրինակ հակամարտութիւններին, եւ որը յուշում է, որ մենք յաղթական ընթացքի մէջ ենք ԼՂ հարցում։ Բանն այն է, որ նմանատիպ հակամարտութիւնները, որպէս կանոն, չեն լուծւում փոխզիջումների հիման վրայ, ինչպէս ընդունւած է ներկայացնել եւ կարծել։ Ընդհակառակը, դրանք վերջ ի վերջոյ, պարզ լեզւով ասած, լուծւում են կողմերից մէկի պարտութեամբ։ Եւ դա շատ բնական է, քանզի հողն, ըստ էութեան, անբաժանելի է, «անփոխզիջումելի»։ Մի կողմ թողնելով քաղաքական կոռեկտութիւնը՝ պէտք է ի հաւաստումն ասածիս փաստեմ, որ երեւակայելի ապագայի կտրւածքով Լեհաստանը կորցրել է իր «արեւելեան հողերը» եւ համակերպւել դրա հետ, Գերմանիան՝ Սուդէթը եւ յայտնի Էլզաս-Լոթարինգիան, մենք՝ պատմական Հայաստանի արեւմտեան հողերը, Ճապոնիան՝ ոչ պակաս յայտնի կղզիները, յոյները՝ Կիպրոսի մի մասը, սերբերը՝ Կոսովոն, արաբները՝ Երուսաղէմը, Վրաստանը՝ Աբխազիան եւ Հարաւային Օսէթիան, Ուկրայինան՝ Ղրիմը եւ կարծում եմ՝ նաեւ արեւելեան շրջանները։

Ընթերցողը կարող է առարկել, որ մեր դէպքի տարբերութիւնն այն է, որ Ադրբեջանը չի համակերպւել իրականութեան հետ եւ սպառնում է զէնքի ուժով փոխելու այն։ Այո՛, մեր դէպքում ռազմական հաւասարակշռութիւնը շատ աւելի նուրբ ու համազօր է, սակայն, ինչպէս վերեւում ակնարկեցի, այն համընդհանուր բալանսը որոշող միակ գործօնը չէ։ Բերեմ խիստ պարզ, բայց եւ անչափ պատկերաւոր օրինակ․ հրադադարից անցել է շուրջ 25 տարի, այս ընթացքում «7 շրջաններից» առնւազն չորսում հաստատւել են տասնեակ հազարաւոր հայեր, ապրել, կառուցել, շէնացրել, բազմացել, մահացել ու հողին յանձնւել այնտեղ, եւ այդ մարդկանց ու շատ շատերիս ընկալումներում դա արդէն տուն ու հայրենիք է։ Եւ հակառակը՝ 1992-1993 թթ․-ին այդտեղից հեռացած ու չվերադարձած ադրբեջանցիներն օրեցօր բնական՝ կլինիկական պատճառներով հեռանում են Երկիր մոլորակից, եւ դա անշրջելի պրոցես է…

Այո՛, ճիշտ է՝ մեր դէպքում ռազմական հաւասարակշռութիւնը շատ աւելի նուրբ ու համազօր է, եւ նաեւ դա է խօսում այն բանի օգտին, որ ներկայիս Ադրբեջանը երբեք չի գնայ «իսկական», այն է՝ ջախջախման ու ամբողջ Արցախի գրաւման նպատակ հետապնդող պատերազմի։ Ենթադրելի է, որ այդ երկրի վերնախաւը շատ լաւ գիտի, թէ ինչ փխրուն հիմքերի վրայ է այսօր կերպաւորւում իրենց երիտասարդ ազգ-պետութիւնը, եւ թէ տեւական պատերազմը տնտեսական ծայրայեղ բարդութիւններից զատ՝ ինչ այլ բացասական հետեւանքների կարող է յանգեցնել՝ նպաստելով նաեւ Հայաստանի ու հայութեան ամբողջ ներուժի համախմբմանը։

Ուստի 2019 թ․-ին եւ յաջորդական տարիներին Ադրբեջանի միակ քիչ թէ շատ իրատեսական ռազմավարութիւնը շարունակելու է մնալ «հիւծման պատերազմը»՝ անկախ դրա դրսեւորման ձեւերից ու ծաւալներից (2016 թ․ ապրիլեան մարտերը նոյնպէս «հիւծման պատերազմի» մաս էին՝ անկախ դրանց յարաբերական ինտեսիւութիւնից)։ Ադրբեջանի միակ քիչ թէ շատ իրատեսական քաղաքական նպատակը, որ նա կը փորձի լուծել նաեւ ռազմական ճանապարհով, շարունակելու է մնալ Արցախի հարցում ներհայաստանեան կոնսենսուսը քանդելը եւ «մէկ ա՝ սենց որ գնայ, կրւած ենք» վախ-մտայնութեան ներշնչման միջոցով Արցախից այս կամ այն կերպ հրաժարւելու եւ/կամ դրա համար յաւուր պատշաճի չպայքարելու տրամադրութիւններ յարուցելը։ Եւ ամէն յաջորդ տարի, ինչպէս 2018 թ․-ին, երբ նրանք ձախողում են այս նպատակին հասնելը, երբ Քաշաթաղում ու Շահումեանում նոր մանկիկներ են լոյս աշխարհ գալիս, իսկ Ղուզանլիում, Սումգայիթում, Բաքւում կամ Ռուսաստանում ապաստանած նախկին ղարաբաղաբնակ ադրբեջանցիները հրաժեշտ են տալիս այս աշխարհին, մենք յաղթում ենք, հետեւաբար մենք «կրւած չե՛նք»։

«Արցախպրես»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։