Հա

Քաղաքական

03/01/2019 - 11:30

Մեր հոգսերի 2018-ը. ի՞նչ ակնկալիքներ են հասունանում հասարակութեան մէջ

Հայաստանի համար բաւական թէժ 2018 թ.-ը պատմութիւն դարձաւ, եւ այս պատմութիւնից դեռ երկար կը փորձեն գլուխ հանել քաղաքագէտները, վերլուծաբաններն ու փորձագէտները։ Կտրուկ շրջադարձը, որն արեց հանգիստ երկիրը, դարձաւ անցած տարւայ գլխաւոր իրադարձութիւնը։

«alikonline.ir» - Հայաստանի համար բաւական թէժ 2018 թ.-ը պատմութիւն դարձաւ, եւ այս պատմութիւնից դեռ երկար կը փորձեն գլուխ հանել քաղաքագէտները, վերլուծաբաններն ու փորձագէտները։ Կտրուկ շրջադարձը, որն արեց հանգիստ երկիրը, դարձաւ անցած տարւայ գլխաւոր իրադարձութիւնը։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սինակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Անկեղծ լինենք եւ խոստովանենք, որ ապրիլ-մայիսի իրադարձութիւնները մեզ համար մթագնեցին մնացած այն ամէնը, ինչ տեղի էր ունեցել Հայաստանում եւ աշխարհում 2018 թ.-ին։ Ո՛չ օլիմպիական խաղերի, ո՛չ ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնն այն հետքը չթողեցին յիշողութեան մէջ։

Ամէն ինչ սկսւեց 2017 թ.-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրութիւններից, որոնք առաջինն էին կառավարման նախագահական ձեւից խորհրդարանականի անցում կատարելու 2015 թ.-ի հանրաքւէից ց յետոյ։ Դրանց ընթացքում խախտումները քիչ չէին, բայց ամէն դէպքում աւելի քիչ էին, քան նմանատիպ նախորդ համապետական ընտրութիւններում, եւ դա խոստովանել են բոլորը, ներառեալ ընդդիմութիւնը։ Այնուամենայնիւ տեղի ունեցաւ այն, ինչ տեղի ունեցաւ։

Սկզբում ոչ ոք լուրջ չընդունեց Նիկոլ Փաշինեանի քայլարշաւը քաղաքներով եւ գիւղերով, բայց ամէն ինչ աւելի լուրջ ընթացք ունեցաւ։ Հնարաւոր է, որ ես սխալւում եմ, բայց հաստատուն զգացողութիւն կայ, որ ամբողջ յեղափոխութիւնը, որը շուտով անւանեցին «թաւշեայ», տեղի էր ունենում մանրամասն մշակւած սցենարով, որը յայտնի էր գլխաւոր գործող անձանց։ Կան մի շարք գործօններ, որոնք ուղղակի չեն կարող ինքնաբուխ, պատահական յայտնւել, ի դէպ, դրանց մասին պէտք է առանձին ուսումնասիրութիւն գրել։

ՀՀԿ-ից մարդկանց դժգոհութեան ֆոնին ընդդիմութեան առաջնորդներն անցան իշխանութեան գլուխ, եւ պէտք է նրանց արժանին մատուցել իսկապէս առանց բռնի եւ ողբերգական միջադէպերի։ Ինչ վերաբերում է քաղաքական ճնշման դէպքերին, վերջնագրերին եւ մնացած ամէն ինչին, ապա էլ ինչ իշխանափոխութիւն առանց նման բաների։

Եւ ահա դրանից յետոյ շատ տհաճ երեւոյթներ տեղի ունեցան։ Նոյնիսկ եթէ իշխանափոխութեան այս գործընթացը պատրաստի սցենարով էր, ապա սցենարիստները հաշւի չէին առել շատ կարեւոր բան՝ հայ հասարակութեան ցածր իրաւագիտակցութիւնը, նման փոփոխութիւններին անպատրաստ լինելը։ Ապացոյցը սոցցանցերը ողողած ատելութեան ալիքն էր, բռնութեան կոչերը, որոնք, բարեբախտաբար, չիրագործւեցին։

«Սեւերի եւ սպիտակների» բաժանելու ազդակներ հնչեցրել են նոյնիսկ նրանք, ովքեր հիմա ղեկավար պաշտօններ են զբաղեցնում. բոլորովին կարեւոր չէ՝ նրանք զղջում են իրենց խօսքերի համար, թէ ոչ, չէ որ ասւածը յետ չես բերի, եւ մի օր այդ արտայայտութիւնը կարող է օգտագործւել իրենց հեղինակի դէմ։

Տարւայ գլխաւոր արդիւնքը դարձել է հէնց իշխանափոխութիւնը։

Մնացած իրադարձութիւնները եւ հետեւանքները կարելի էր շատ թէ քիչ ստոյգ կանխատեսել․ օրինակ, նոր իշխանութեան մօտ որակաւորւած կադրերի աղէտալի պակասը, համապատասխան մասնագէտների լուրջ պակասը։ Այո, գրեթէ բոլոր կարեւորագոյն  նախարարութիւնները ղեկավարւում են իրենց գործն իմացող պրոֆեսիոնալների կողմից, բայց միւսների մասին դա անհնար է ասել։ Միգուցէ այդ հանգամանքն է ստիպել իշխանութիւններին գնալ նախարարութիւնների թւի կրճատման․ ի դէպ, դա նոյնպէս անցած տարւայ նշանակալի իրադարձութիւն էր։

Ներքաղաքական թոհուբոհը, ինչպէս եւ ենթադրւում էր, չի մեղմւել։ Չէր էլ կարող. ինչպէս միշտ խառը ժամանակներում ճեղքերից դուրս են գալիս տարբեր մարգինալ խմբաւորումներ եւ համայնքներ, յայտնւում նոր կուսակցութիւններ՝ հաւակնութիւններով եւ պահանջներով, որոնք հիմնականում շինծու չեն, այլ բաւական լուրջ մատուցւած։

Մեծ խնդիրներ են կուտակւել արտաքին քաղաքականութեան  ոլորտում, եւ դա նոյնպէս կանխատեսելի է․ ծայրայեղ շրջանի միջով անցած երկիրը չի կարող չունենալ բազմաթիւ խնդիրներ եւ միջազգային յարաբերութիւններում չասւած խօսքեր։ Արժէքների արմատական վերագնահատում տեղի չի ունեցել, բայց չի կարելի երաշխաւորել, դա տեղի չի ունենայ ապագայում։

Առայժմ նոր իշխանութիւնները ոչ մի կոնկրետ գործով չեն դրսեւորել իրենց․ առայժմ նրանք զբաղւած են հեռացած հանրապետականների հասցէին պարբերաբար մեղադրանքներ հնչեցնելով։ Իսկ հասարակութիւնում հասունանում են շռայլօրէն բաժանած խոստումները կատարելու սպասումները, եւ խօսքը անիրագործելի նախագծերի մասին չէ, ինչպիսիք են մետրոյի նոր կայարան բացելը կամ կոռուպցիան արմատախիլ անելը։

Մարդիկ սպասում են, թէ իշխանութիւնը երբ կը սկսի անել այն, ինչ պարտաւոր է անել՝ կոնկրետ աշխատանք, առաջին հերթին սոցիալ-տնտեսական ոլորտում։ Ի դէպ, այդ սպասումները վերաբերում են ոչ այնքան անցած տարւայ արդինքներին, որքան այս տարւայ կանխատեսումներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։