Հա

Քաղաքական

03/01/2019 - 12:10

Փորձագէտ. «2019-ի ամռան վերջին Ղարաբաղում հնարաւոր է խոշորամասշտաբ ռազմական գործողութիւնների վերականգնումը»

Ամէն ինչ տանում է նրան, որ աւելի շուտ գալիք տարւայ գարնանը կամ ամռանը, երբ եղանակային պայմանները թոյլ կը տան, Բաքուն Լեռնային Ղարաբաղում խոշորամասշտաբ պատերազմ կը սկսի: «news.am»-ի հետ զրոյցում այսպիսի մտահոգութիւն յայտնեց ռազամական փորձագէտ Վան Համբարձումեանը:

«alikonline.ir» - Ամէն ինչ տանում է նրան, որ աւելի շուտ գալիք տարւայ գարնանը կամ ամռանը, երբ եղանակային պայմանները թոյլ կը տան, Բաքուն Լեռնային Ղարաբաղում խոշորամասշտաբ պատերազմ կը սկսի: «news.am»-ի հետ զրոյցում այսպիսի մտահոգութիւն յայտնեց ռազամական փորձագէտ Վան Համբարձումեանը: Նրա խօսքով՝ այս տարւայ ապրիլից Ադրբեջանի Զինւած ուժերը ցամաքային զօրքերը ԼՂՀ սահմանի մօտ է կենտրոնացրել:

«Ամբողջ ժամանակ տեղեկութիւններ էին ստացւում, որ Ադրբեջանի Զինւած ուժերը սահմանի մօտ է կենտրոնացրել ցամաքային ռազմական տեխնիկան՝ սկսած բուքսիրով փողավոր հրետանուց, ինքնագնաց փողաւոր հրետանուց, համազարկային կրակի ռեակտիւ համակարգերից, հետեւակազօրի մարտական մեքենաներից, զրահամեքենաներից, աւարտած հիմնական մարտական տանկերով: Կենտրոնացված է ահռելի քանակութեամբ ուժ: Այս զօրքերը մինչ օրս դիրքերից չեն հեռացւել: Այսինքն՝ դրանք առաջնագծից այդպէս էլ չեն վերադարձւել մշտական տեղակայման վայրեր»,- շեշտեց Համբարձումեանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ վերջերս տեղեկութիւններ են ստացւել այն մասին, որ Հայաստանի Տաւուշի մարզի սահմանից Ադրբեջանի ԶՈՒ-ն մարտական հերթապահութիւնից հանել է 707-րդ բրիգադը, իսկ դրա փոխարէն կենտրոնացրել է հսկիչ-սահմանապահ զօրքերը: Ըստ փորձագէտի՝ բուն 707-րդ բրիգադը տեղափոխւել է Ղարաբաղի ուղղութեամբ՝ այս ուղղութեամբ Ադրբեջանի յարձակողական ներուժն ամրացնելու համար: «Իր ուժով եւ սպառազինութեամբ Ադրբեջանի սահմանապահ-պարեկային ծառայութեան զօրքերը պաշտպանութեան փոքրիկ նախարարութիւն են յիշեցնում, այսպէս ասած՝ բանակ բանակի մէջ»,- պարզաբանեց փորձագէտը՝ յաւելելով, որ զօրքերի նման տեսակը սպառազինութիւններում չունի գրոհման ռազմական տեխնիկա եւ տիրապետում է հիմնականում պաշտպանական բնոյթի տեխնիկայի, բացառութեամբ 24 ռազմական հարւածային «Մի-35Մ» ուղղաթիռների։

Համբարձումեանը նաեւ յիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւններն այն մասին, թէ «2019 թ․ բեկումնային կը դառնայ ղարաբաղեան կարգաւորման հարցում»։ Նա նաեւ յիշեցրեց, որ նման յայտարարութիւններ արել է նաեւ այդ հանրապետութեան արտաքին գործերի նախարարը։ Այս ամէնն, ըստ փորձագէտի, միայն վկայում են այն մասին, որ Ղարաբաղում 2019 թ․ պէտք է սպասել բաւական լուրջ սրման։ Այն հարցին, թէ հնարաւոր է արդեօք, ու սրումը սկսւի ձմռանը, ռազմական փորձագէտը պատասխանեց, որ դա քիչ հաւանական է, քանի որ հնարաւոր ռազմական գործողութիւնների տեղանքը տեղ-տեղ այնքան անպէտք է ռազմական տեխնիկայի տեղաշարժի համար, որ յարձակւող բանակի համար լուրջ խնդիրներ կարող է ստեղծել նոյնիսկ գարնանը, էլ ուր մնաց ձմռանը։

«Կարծում եմ, որ լուրջ սրումը, ամենայն հաւանականութեամբ, կը սկսւի ամռան վերջին։ Ձմռանը կռւելը հեշտ չէ։ Ամբողջ տեխնիկան դիզելային վառելիքով է աշխատում։ Վառելիքը ձմռանը առնւազն երկու անգամ պէտք է տաքացնել․․․ Ձմռանը կարող են դիւերսիոն-հետախուզական գործողութիւնների տեսքով ինչ-որ փոքր լարւածութիւններ լինել, դիպուկահարների խմբերի ակտիւացում եւ այլն»,- ամփոփեց փորձագէտը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։