Հա

Քաղաքական

05/01/2019 - 11:50

Վահրամ Տէր-Մատթէոսեան. «Թուրքիայի հետ «առանց նախապայմանների յարաբերութիւնները» կարգաւորելու թեզը ժամանակավրէպ է եւ պէտք է ժամ առաջ դրանից հրաժարւել»

Ըստ Վահրամ Տէր-Մատթէոսեանի՝ ՀՀ-ին հարկաւոր է մշակել այնպիսի քաղաքականութիւն եւ ուղերձներ, որոնք ուղղւած կը լինեն Թուրքիայի իշխանութիւններին եւ 84 միլիոնանոց թուրքական հասարակութեանը, նրա տարբեր էթնիկ ու սոցիալական շերտերին։ 

«alikonline.ir» - Հայաստանի ամերիկեան համալսարանի քաղաքագիտութեան եւ միջազգային յարաբերութիւնների ամբիոնի վարիչ, պատմագիտութեան դոկտոր Վահրամ Տէր-Մատթէոսեանի խօսքով՝ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներից յետոյ, իրադարձութիւնների արագ ընթացքը, հանրային գերբարձր ակնկալիքների ներքոյ արւած քայլերում հապճեպութեան առկայութեան բարձր աստիճանը թոյլ չտւեցին, որ նոր իշխանութիւնները ժամանակ ունենան քաղաքականութիւն մշակել այս կամ այն ուղղութիւններով, եւ բացառութիւն չէր արտաքին քաղաքականութիւնը, առաւել եւս` Թուրքիայի նկատմամբ քաղաքականութեան մշակումը։

«tert.am»-ի հետ զրոյցում նա ներկայացրեց իր կարծիքը նոր իշխանութիւնների՝ հայ-թուրքական յարաբերութիւնների հնարաւոր կարգաւորման վերաբերեալ որդեգրած քաղաքականութեան վերաբերեալ:

«Իշխանութեան գալուց յետոյ նոր կառավարութեանը հեշտ էր շարունակել նախկին իշխանութիւնների մօտեցումը «առանց նախապայմանների յարաբերութիւնները կարգաւորելու» վերաբերեալ»,- նկատեց նա:

Ըստ Վահրամ Տէր-Մատթէոսեանի՝ ՀՀ-ին հարկաւոր է մշակել այնպիսի քաղաքականութիւն եւ ուղերձներ, որոնք ուղղւած կը լինեն Թուրքիայի իշխանութիւններին եւ 84 միլիոնանոց թուրքական հասարակութեանը, նրա տարբեր էթնիկ ու սոցիալական շերտերին։ Հարկաւոր է վերջ տալ վերացականութեանը։ «Առանց նախապայմանների յարաբերութիւնները» կարգաւորելու թեզը թոյլ ու անօգնական, ոչ ճկուն ու չընկալւած թւալուց բացի, ոչ մի այլ ուղերձ չի պարունակում։ Այն ժամանակավրէպ է եւ պէտք է ժամ առաջ դրանից հրաժարւել»,- ասաց նա:

 

- Պարո՛ն Տէր-Մատթէոսեան, այս տարին յատկանշական էր Հայաստանի համար՝ երկրում տեղի ունեցած յեղափոխութեան շնորհիւ:

Նոր իշխանութիւնները յեղափոխութիւնից անմիջապէս յետոյ, հիմա էլ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների ընթացում յայտարարել են, որ արտաքին քաղաքականութեան ոլորտում «ռեւերսներ» չեն անելու: Հաշւի առնենք, որ յեղափոխական կառավարութեան ծրագրում ընդհանրապէս խօսք չկար Թուրքիայի հետ յարաբերութիւնների մասին, իսկ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում թեմայի հետ կապւած ընդամենը մէկ պարբերութեամբ ընդհանրական մօտեցում էր ներկայացվւել: Ի՞նչ տպավւորութիւն էք ստացել՝ այսօրւայ իշխանութիւնների՝ Թուրքիայի հետ տարւող քաղաքականութիւնից:

- Ամիսներ շարունակ, տարբեր հարթակներում կիսել եմ իմ մօտեցումները հանրային ընդվզման միջոցով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութեան վերաբերեալ։ Յեղափոխութիւնը եզրը, որը Դուք օգտագործեցիք, յարմար յղման միջոց է քաղաքական գործիչների, լրագրողների, որոշ վերլուծաբանների եւ հասարակութեան մի հատւածի համար։ Ուստի, եթէ մայիսից յետոյ տեղի ունեցած գործընթացները հասկանալու համար մեր վերլուծութիւններում հեռու մնանք տեղի ունեցած իշխանափոխութիւնը յեղափոխութիւն կոչելու գայթակղութիւնից, ապա շատ երեւոյթներ աւելի յստակ կը տեսնենք։ Եկէք յստակեցնենք մէկ հանգամանք. մենք չենք կարող տեղի ունեցածը յեղափոխութիւն կոչել, միայն այն պատճառով, որ իշխանափոխութեան առաջնորդներն են այդպէս ցանկացել։ Եթէ հաւատանք 19-20-րդ դարերում ընթացքում տեղի ունեցած հանրային ընդվզումների, յեղաշրջումների, իշխանազաւթման կազմակերպիչների յայտարարութիւններին, ապա հարիւրից աւելի յեղափոխութիւններ են տեղի ունեցել, մինչդեռ քանի՞սն են հիշւում որպէս յեղափոխութիւն։ Հաշւի առնելով այս հարցազրոյցի նպատակը՝ չեմ էլ ուզում քննարկել թէ ընդհանրապէս ինչ է յեղափոխութիւն ասւածը։

Ինչո՞ւ է սա կարեւոր հստակեցնել այս հարցազրոյցի հենց սկզբում։ Նախեւառաջ, ինչպէս մի շարք ոլորտներում, այնպէս էլ արտաքին քաղաքականութեան ոլորտում նոր իշխանութիւնները չունէին յստակ քաղաքականութիւն։ Իրադարձութիւնների արագ ընթացքը, հանրային գերբարձր ակնկալիքների ներքոյ արւած քայլերում հապճեպութեան առկայութեան բարձր աստիճանը թոյլ չտւեցին, որ նոր իշխանութիւնները ժամանակ ունենան քաղաքականութիւն մշակել այս կամ այն ուղղութիւններով։ Բացառութիւն չէր արտաքին քաղաքականութիւնը, առաւել եւս Թուրքիայի նկատմամբ քաղաքականութեան մշակումը։ Դժւար էր ակնկալելը, որ նոր իշխանութեան առաջնորդները, փողոցներում եւ խորհրդարանում իշխանափոխութիւնը նախապատրաստնելուն զուգահեռ, մտածում էին նաեւ Հայաստան-Թուրքիա միջպետական յարաբերութիւնների կարգաւորման մասին։ Իսկ իշխանութեան գալուց յետոյ հեշտ էր շարունակել նախկին իշխանութիւնների մօտեցումը «առանց նախապայմանների յարաբերութիւնները կարգաւորելու» վերաբերեալ։ Ես ակնկալում էի, որ մինչեւ դեկտեմբերի 9-ը հանրութեանը կը ներկայացւի յստակութիւն Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ։ Փոխարէնը, եթէ մի պահ բանաձեւենք նոր իշխանութիւնների մօտեցումներն արտաքին քաղաքականութեան վերաբերեալ, ապա ստացւում է, որ այն ուղղութիւններում որտեղ հնարաւոր էր փոփոխութիւններ կատարել, նոր էջից սկսել, այնտեղ նոր իշխանությիւնները յապաղեցին, իսկ այն ուղղութիւններով, որոնցում կարեւոր էր շարունակականութիւն ապահովելը, նրանք կա՛մ սայթաքեցին, կա՛մ անկարող էին յստակ մօտեցումներ առաջ քաշել։ Այդուհանդերձ, կարեւոր է, որ երկրի քաղաքական ղեկավարութիւնն ունակ լինի դասեր քաղել ոչ միայն անցեալ ամիսների ընթացքում թոյլ տւած սխալներից, այլեւ անցած տասնամեակների ընթացքում տեղ գտած բացթողումներից։ Նրանք պատասխանատու են պետականութեան համար, ոչ թէ բացառապէս մայիսից յետոյ տեղի ունեցած իրադարձութիւնների համար։ Մէկ այլ բացթողում էր ի սկզբանէ յայտարարելը, որ արտաքին քաղաքականութեան մէջ Ձեր յիշատակած «ռեւերսները» չեն լինելու։ Այն էապէս նեղացրեց նրանց գործունէութեան հորիզոնը, սահմանափակեց նոր հնարաւորութիւնների փնտրտուքի հաւանականութիւնը։ Այդ ամէնի պատճառով նոր իշխանութիւնները ընկալւեցին գերազանցապէս ներպետական խնդիրների վրայ կենտրոնացած քաղաքական ուժ։ Մինչդեռ, ունենալով հանրային աջակցութիւն, նրանք պէտք է առաւել նախաձեռնողական լինեն արտաքին քաղաքական հարթակներում եւս։ Աւելին, կարողանան տարբերակել արտաքին գործընկերների առերես ոգեւորութիւնը եւ խորքային գործընթացները։ Այդուհանդերձ, կարելի է նաեւ արձանագրել, որ մայիս-յունիս ամիսներին որոշ խոստումնալից դրսեւորումներ տեղի ունեցան, սակայն դրանց շարունակականութիւնը եւ իրական հետեւանքները հարցեր են առաջացնում։

 

- Հայաստանից պարբերաբար են հնչում յայտարարութիւններ, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման՝ առանց նախապայմանների: Թուրքիայից սովորաբար մի քանի օր յետոյ է պատասխանը լինում եւ պարտադիր յիշատակում են, որ չեն կարող այս հարցում հաշւի չառնել «եղբայրական Ադրբեջանի» շահերը: Ի՞նչ էք կարծում՝ որքա՞ն է տեւելու այս պոլեմիկան եւ ո՞ւր է հասնելու այն:

- Հայաստանի նոր իշխանութիւնները պարտաւոր են փոխել այդ բանաձեւը, լինել առաւել ճկուն։ Երեք տասնամեակ Հայաստանը որդեգրել է նոյն սկզբունքը, որն արդիւնք չի տւել։ Մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան առաւելագոյն կերպով օգտւել են Հայաստանի այդ կրաւորական դիրքորոշումից։ Անվերջ սպասելու փոխարէն՝ կարեւոր է նոր լուծումներ փնտրել, ինչո՞ւ ոչ, հանդէս գալ նաեւ հանդուգն ու հեռագնայ նախաձեռնութիւններով։ Այլապէս, եթէ Հայաստանի դիրքորոշումը փորձենք ընկալել Թուրքիայի իշխանական վերնախաւի, հանրային տրամադրութիւնների ու քաղաքական գործընթացների տեսանկիւնից, ապա յստակ կարող ենք պատկերացնել այդ մօտեցման անհասցէականութիւնը։ Իրականում, առանց նախապայմաններ յարաբերութիւնները կարգաւորելու սկզբունքն ուղղւած է աշխարհաքաղաքական դերակատարներին՝ առաւելապես ԵՄ-ին, ԱՄՆ-ին, իսկ լաւագոյն դէպքում Թուրքիայի ազատական ու ձախ կողմնորոշման քաղաքական հոսանքներին, կամ ինչ-որ նրանցից մնացել է։ Աւելորդ է ասել, որ ուղղւած լինելը եւ ընկալւած լինելը տարբեր երեւոյթներ են։ Հետեւաբար, ՀՀ-ին հարկաւոր է մշակել այնպիսի քաղաքականութիւն եւ ուղերձներ, որոնք ուղղւած կը լինեն Թուրքիայի իշխանութիւններին եւ 84 միլիոնանոց թուրքական հասարակութեանը, նրա տարբեր էթնիկ ու սոցիալական շերտերին։ Հարկաւոր է վերջ տալ վերացականութեանը։ «Առանց նախապայմանների յարաբերութիւնները» կարգաւորելու թեզը թոյլ ու անօգնական, ոչ ճկուն ու չընկալւած թւալուց բացի, ոչ մի այլ ուղերձ չի պարունակում։ Այն ժամանակավրէպ է եւ պէտք է ժամ առաջ դրանից հրաժարւել՝ փոխարինելով առաւել հեռատես քաղաքական մօտեցումներով։

 

- Ի վերջոյ, Թուրքիայի քաղաքականութեան արդիւնքում տուժում է Հայաստանը փակ սահմանները տնտեսական մարտահրաւէրների առջեւ են կանգնացնում երկրին: Ձեր կարծիքով՝ ե՞րբ եւ ինչպէ՞ս հնարաւոր կը լինի Թուրքիային ստիպել չխախտել միջազգայնօրէն ընդունւած նորմերը, չհիմնաւորվւած կերպով չփակել Հայաստանի հետ սահմանները:

- Դա հնարաւոր կը լինի այնժամ, երբ որ Հայաստանի իշխանութիւններն ընկալեն, որ նախկին դիրքորոշումը փակուղային էր ու այն էապէս վնասում էր նախեւառաջ Հայաստանի պետական ու ազգային շահերին։ Իսկ իրականում Թուրքիան շահագրգռւած է, որ Հայաստանը շարունակի բարձրաձայնել իր անհասցէ մօտեցումը։ Ովքե՞ր են կիսում Հայաստանի դիրքորոշումը, կամ աւելի ճիշտ յիշում Հայաստանի շրջափակման մասին։ Եւրոպական մի քանի՞առաջնորդ ու քաղաքական ուժ է պատրաստ Թուրքիայի իշխանութիւնների հետ բանակցութիւններում խօսել այդ խնդրի մասին։ Նախորդ տարիների ընթացքում նման մի քանի դրւագ է եղել ու ոչինչ աւելին։ Մեր ռազմավարական գործընկեր երկրի առաջնորդը, որը սերտ յարաբերութիւններ է հաստատել իր թուրք գործընկերոջ հետ, քանի՞ անգամ է քննարկել Հայաստանի ապաշրջափակման հարցը։ 

Այժմ, երբ ամբողջութեամբ վերանայւում է դիւանագիտական ծառայութեան սկզբունքները, հարթակը տրամադրելով բացառապէս կադրային դիւանագէտներին, ես ուզում եմ յուսալ, որ պետական համակարգը շատ աւելի լաւ կը զգայ, թէ ինչ է տեղի ունենում այս կամ այն երկրի քաղաքական կեանքում եւ այդ ամէնը համադրելով՝ կը կարողանայ նոր, առաւել ճկուն ու հեռատես մօտեցումներ մշակել։ Նոր դեսպանները, յատկապէս Եւրոպական երկրներում նշանակւած, կարող են առաւել համակարգւած կերպով բացայայտել ու ներկայացնել այն անդառնալի վնասը, որը Թուրքիան հասցրել է ու շարունակում է հասցնել Հայաստանին։ Հայաստանին պահելով շրջափակման մէջ, հրաժարւելով դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել, եւ այդ ամէնը մատուցելով, որպէս Արցախեան հակամարտութեան հետ ուղղակիօէն կապ ունեցող գործընթաց՝ Թուրքիան կարողացել է մարսել ու միջազգայինի կազմակերպութիւնների կողմից արժանանալ նւազագոյն քննադատութեան։ Իսկ դրա պատճառները պէտք է մեր քաղաքական յետագծի մէջ փնտրել։ Մէկ այլ խնդիր էր Հայաստանի վարչապետի հետեւեալ յայտարարութիւնը «Հայաստանը հաւատարիմ է մնում Ցեղասպանութեան միջազգային ճանաչման պահանջին, քանի որ այն ոչ թէ հայ-թուրքական, այլ ցեղասպանութիւնների ճանաչման միջազգային սկզբունքի կարգավւորման առարկայ է»: Կարելի է նկատել շեշտադրման որոշակի փոփոխութիւն եւ նմանութիւն 1990-ական թւականներին Հայաստանի պաշտօնական դիրքորոշման հետ։ Իրականում, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման թիրախը Թուրքիան է, նրա իշխանութիւնները եւ թուրքական հասարակութիւնը, հետեւաբար, այն առաջին հերթին հայ-թուրքական յարաբերութիւնների տիրոյթում է։

 

- Պարոն Տէր-Մատթէոսեան, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանն իր պաշտօնավարման ժամկէտի աւարտին յայտարարեց, որ աւարտին է հասցնում իր նախաձեռնած «ֆուտբոլային դիւանագիտութիւնը» եւ առ ոչինչ է ճանաչում հայ-թուրքական արձանագրութիւնները: Դրանից յետոյ խօսակցութիւններ կային այն մասին, որ յարաբերութիւնների կարգաւորումը նոր «սպիտակ թղթի» վրայ պէտք է սկսել: Դուք նման թղթի անհրաժեշտութիւն տեսնո՞ւմ էք, ինչպէ՞ս պէտք է այդ թղթի վրայ հայկական շահը ներկայացւի:

- Նախ արձանագրենք, որ մարտի 1-ից յետոյ, երբ Հայաստանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրութիւնները, պաշտօնական Անկարան այդպէս էլ չարձագանքեց այդ քայլին։ Նրանք այդ փաստաթղթին այդպէս էլ լուրջ չվերաբերեցին, անգամ Էրդողանը եւ նրա քաղաքական թիմի ներկայացուցիչներն անցած տարիների ընթացքում Հայաստանին այնպիսի պահանջներ էին ներկայացնում, որոնց Հայաստանն արդէն համաձայնութիւն էր տւել արձանագրութիւններում։ Հաւատացէք, բաւական անհեթեթ իրավիճակ էր ու հիմա էլ պակաս անհեթեթ չէ։ Իսկ ապագայ փաստաթղթի մասով կասեմ այն, ինչը մշտապէս ասել եմ վերջին տասը տարւայ ընթացքում. Հայաստանին եւ Թուրքիային հարկաւոր է նախեւառաջ հաստատել դիւանագիտական յարաբերութիւնները, կարգաւորել երկկողմ յարաբերութիւնները։ Ոչ մի պարագայում չկրկնել 2009 թ. արձանագրութիւններում տեղ գտած հիմնական բացթողումը՝ կարգաւորման եւ հաշտեցման գործընթացների մէկտեղումը։ Արձանագրութիւնները ստորագրելուց յետոյ Հայաստանը փորձեց հետեւել pacta sunt servanda (պայմանագրերը պէտք է պահպանւեն) սկզբունքին, իսկ Թուրքիան շատ արագ դէ ֆակտօ առ ոչինչ յայտարարեց դրանք։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։