Հա

Քաղաքական

05/01/2019 - 12:00

Ո՞րն է Արցախի հարցի արդարացի լուծումը

Աւելի քան 30 տարի է անցել Արցախեան շարժումից։ Պատահակա՞ն էր արդեօք 1988 թ․ Արցախի հարցի «պայթիւնը»։ Իհարկէ՝ ոչ։ Արցախի հարցը ժամանակակից եզրոյթով ասած՝ «սառեցւած հակամարտութիւն» էր դեռեւս 1921 թւականից։ Յիշում եմ իմ ողջ պատանեկութեան, երիտասարդութեան տարիներին, քաղաքական, ազգային տարբեր զրոյցներ, որոնց ժամանակ անհնար էր շրջանցել Արցախի հարցը։ 

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Աւելի քան 30 տարի է անցել Արցախեան շարժումից։ Պատահակա՞ն էր արդեօք 1988 թ․ Արցախի հարցի «պայթիւնը»։ Իհարկէ՝ ոչ։ Արցախի հարցը ժամանակակից եզրոյթով ասած՝ «սառեցւած հակամարտութիւն» էր դեռեւս 1921 թւականից։ Յիշում եմ իմ ողջ պատանեկութեան, երիտասարդութեան տարիներին, քաղաքական, ազգային տարբեր զրոյցներ, որոնց ժամանակ անհնար էր շրջանցել Արցախի հարցը։ Իհարկէ, արծարծւում էին կորսւած Արեւմտեան Հայաստանի, Նախիջեւանի հարցերը նոյնպէս, բայց Արցախի հարցում մեծ յոյսեր կային, որ վերջապէս ԽՍՀՄ ղեկավարութիւնը կը շտկի 1921թ․ Ստալինի գործած «սխալը»։ Կարծեմ 1980 թւականին էր, երբ փիլիսոփայութեան մինիմումի քննութեան համար Սուրէն Աւետիսեանի դասախօսութիւնների ունկնդիր էի։ Բացի հիմնական առարկայից, Սուրէն Աւետիսեանն անդրադառնում էր նաեւ տարբեր ազգային խնդիրներին։ Մէկ անգամ էլ մեր յորդորով, շեղւելով հիմնական թեմայից, խօսեց Արցախի հարցի իր պատկերացումների մասին։ Փորձեմ համարեայ բառացի ներկայացնել նրա խօսքերը. «Ի՞նչ էք ուզում։ Ուզում էք, որ Արցախը միանայ Հայաստանի՞ն։ Իսկ որտեղից է՞ք դիտարկում այդ հարցի կարգաւորումը։ Երեւանի՞ց։ Եկէք հարցը դիտարկենք Մոսկւայից։ Եթէ Մոսկւայից էք դիտարկում, ապա ո՞րն է Հայաստանը, ո՞րն է Ադրբեջանը, ո՞րն է Արցախը։ Բոլորն էլ իմն են, ինչ նշանակութիւն ունի, թէ որը որի կազմում է։․․․Եկէք երկրորդ անգամ նայենք Մոսկւայից․ հարցը միայն Արցախը չէ։ Բազմաթիւ նման խնդիրներ կան․ երկու Օսեթիաներ՝ Վրաստանի եւ ՌՍՖՍՀ-ի կազմերում, Կենտրոնական Ասիայում պատմական, տաջիկական եւ տաջիկներով բնակեցւած հողերը միացւած են Ուզբեկստանին, իսկ ուզբեկներով բնակեցւածները՝ Կիրգիզիային, լեհական հողերը Ուկրայինային, գերմանականը ՝ Լեհաստանին եւ այսպէս շարունակ։ Այնպէս որ, սիրելիներս, միայն Արցախի հարցը չէ։․․․Եկէք երրորդ անգամ նայէնք Մոսկվայից․ գիտէք, հիանալի է, որ այդ բոլոր խնդիրները գոյութիւն ունեն»։

Եւ իհարկէ, ԽՍՀՄ-ի թուլացումը բերեց այդ որոշ հարցերի ապասառեցմանը, այդ թւում եւ Արցախի հարցի։ Չեմ ուզում քննարկման թեմա դարձնել՝ Արցախեան շարժումը հրահրւած էր արդեօք Կենտրոնի որոշակի շրջանակների կողմից, թէ՞ ոչ։ Կարծում եմ սկզբնական շրջանում՝ այո, քանի որ հնարաւոր չէր նոյն Արցախում ստորագրութիւններ հաւաքել Հայաստանին միանալու պահանջով, առանց ԽՍՀՄ ամենատես եւ ամենազօր ՊԱԿ-ի (KGB-ԽՄԲ.) առնւազն յատուկ «չնկատելու» պարագայում։ Չեմ ուզում նաեւ քննարկման թեմա դարձնել, թէ ինչ կը լինէր, եթէ Արցախեան շարժումը չլինէր։ Այստեղ, կախւած Արցախի հիմնահարցի նկատմամբ վերաբերմունքից, ենթադրութիւնների վրայ կարելի է կառուցել ամենաերջանիկ Հայաստանից մինչեւ Հայաստանի կործանման սցենարներ։ Ես կարծում եմ, որ հնարաւոր չէր խուսափել Արցախի հիմնահարցից, թէկուզ ընդունենք, որ այն ի սկզբանէ որոգայթ էր, Հայաստանին կախւածութեան մէջ պահելու համար։ Ինչեւէ Արցախեան շարժումը, որը սկսւեց «Լենին-Պարտիա-Գորբաչով», շարունակւեց «պայքար-պայքար մինչ վերջ» վանկարկումներով, 1989 թ․ դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ Արցախը Հայաստանի ԽՍՀ-ին միաւորելու որոշմամբ (որն ի դէպ ամրագրւեց 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունւած ՀՀ Անկախութեան հռչակագրով․ «․․․հիմնւելով 1989 թւականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ․․․»), 1991 թ․ սեպտեմբերի 10-ին Արցախի անկախութեան հռչակմամբ, նոյն թւականի դեկտեմբերի 10-ին Արցախի անկախութեան հանրաքւէով, յետոյ պատերազմ եւ վերջապէս աւարտւեց 1994 թ․ մայիսի 5-ին հրադադարով։ Արդիւնքում կորսւած դաշտային Ղարաբաղ՝ մի կողմից, միւս կողմից՝ ազատագրւած Արցախ՝ շրջակայ, նոյնպէս ազատագրւած տարածքներով։ Թւում էր, թէ գրանցւած յաջողութիւնը քայլ առ քայլ կամրապնդւի, մի կողմից տնտեսական եւ ռազմական զարգացումներով, միւս կողմից՝ ժողովրդագրական աճով՝ ընդհանուր Հայաստանում (Հայաստանի Հանրապետութիւն եւ Արցախի Հանրապետութիւն)։ Սակայն փոխանակ այս ուղղութեամբ մտածելու, հէնց սկզբից, կարծես չհաւատալով ռազմական յաջողութիւններին եւ սեփական ուժերին, ՀՀ տարբեր իշխանութիւնների, քաղաքական, հասարակական գործիչների կողմից սկսւեց եւ այժմ էլ կարծես շարունակւում է Արցախի հարցի, այսպէս կոչւած, «խաղաղ կարգաւորման» մասին մտավարժանքները։ Կարծում եմ այս հարցում հիմնական դեր ունեցան երկու հոգեբանական գործօններ։ Առաջինը, ինչպէս նշեցի հոգեբանօրէն յաջողութեանը պատրաստ չլինելն էր եւ ներքին, սարսափին հասնող «ակնածանքը», այսպէս կոչւած, միջազգային հանրութեան նկատմամբ։ Այս կղերա-խորհրդային մտածողութիւնը, որ ի վերջոյ «միջազգային հանրութիւնը» մեզ կը ստիպի յանձնել Արցախը, որ մենք թոյլ ենք եւ «լաւ ապրելու» համար պէտք է զիջումների գնանք, դարերով ներարկւել է։

Ամէն ինչ սկսւեց, թերեւս 1991 թ․ ՀՀ ԳԽ-ի փակ նիստից, որտեղ արցախեան ալիքի վրայ իշխանութեան եկած, դեռեւս ՀՀ ԳԽ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը պատգամաւորներին փորձում էր համոզել, որ Արցախը պէտք է մնայ Ադրբեջանի կազմում։ Դրան հետեւեց 1992 թ․ «Կոմսոմոլսկայա Պրաւդա»-ի հարցազրոյցը․

«Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետութեան կարգավիճակը լիովին կը բաւարարէր բոլոր կողմերին, քանի որ այդ դէպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականութիւնը պահպանւում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխաւորւած կենսագործունէութիւն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»:  Յետոյ 1997 թ․ «Պատերազմ թէ՞ խաղաղութիւն» յօդւածը եւ այսպէս շարունակ։ Շատ ուռա-հայրենասէրներ Լեւոն Տէր-Պետրոսեանին պիտակաւորում են «դաւաճան», «ծախւած» եւ այլ ածականներով։ Կտրականապէս համաձայն չեմ։ Լեւոն Տեէր-Պետրոսեանը տիպիկ հայ պահպանողական մտածողութեան կրողներից է։ ԽՍՀՄ տարիներին, ինչպէս հայրենասէր մտաւորական, նա անկեղծօրէն մտածում էր Արցախը ՀԽՍՀ-ին միաւորելու մասին, իհարկէ Մոսկւայի միջոցով։ Ստացւելու դէպքում, հաւանաբար մտածում էր, որ իր անունը կը մնայ հայոց պատմութեան մէջ։ Իսկ արդէն անկախ Հայաստանում մի կողմից իշխանութեան գայթակղութիւնը, այն պահելու ցանկութիւնը, փառասիրութիւնն ու «միջազգային հանրութեան» եւ նրա պահանջների նկատմամբ երկիւղածութիւնը, միւս կողմից աւանդական անվստահութիւնը սեփական ուժերի նկատմամբ, բերեցին արցախեան հարցում պարտւողական տրամադրութիւններին, որոնք էլ ամրագրւեցին միջազգային փաստաթղթերում եւ Մինսկի խմբի փաթեթային կամ փուլային առաջարկութիւններում (նկատի ունեմ հայկական կողմից միակողմանի զիջումները եւ նախկին ԼՂՀ-ի ապագայի մասին մշուշոտ ձեւակերպումները)։ Եւ «միջազգային հանրութիւնը», եւ գերտէրութիւնները, եւ անգամ դաշնակիցները ճնշում են զիջումների պատրաստ կողմին։

Երկրորդ պատճառն ըստ իս, էլի հայկական աւանդական «գոյատեւման», այն է՝ «լաւ ապրելու» հոգեբանութիւնն է (Սերգօ ջան, լաւ չես ապրելու)։ Եւ այդ «լաւ ապրելու», նոյնն է թէ «որտեղ հաց՝ այնտեղ կաց» հոգեբանութիւնն էր նաեւ, որ այս տարիների ընթացքում փոխանակ տնտեսութիւնն ու զինւած ուժերը զարգացնելու, մի կողմից թալանւեց ԽՍՀՄ-ից ժառանգած հարստութիւնը, եւ երկիրը թաղւեց կոռուպցիայի մէջ, որի արդիւնքում էլ առաջնագիծը պաշտպանւում էր պահածօների ժանգոտւած, թիթեղեայ բանկաներով եւ 80-ականների զէնքերով, միւս կողմից՝ արտագաղթ: Յիշում եմ տարիներ առաջ Բելգիայում հանդիպեցի մի խումբ փախստականների հետ։ Զրուցում էինք, թէ ինչո՞ւ են եկել, սկսեցին հայհոյել ե՛ւ Հայաստանը (երկիր չի), ե՛ւ իշխանութիւններին (յանցագործներ), ե՛ւ Արցախը (խի՞ պիտի էրեխուս բերնից կտրեն, տանեն Ղարաբաղ): Էլ չեմ խօսում այս տարիների ընթացքում բանակում տիրող բարքերի մասին, երեկւայ եւ այսօրւայ պաշտօնեաների եւ նրանց սիրասուն զաւակների տարբեր պատճառաբանութիւններով զինւորական ծառայութիւնից խուսափելու մասին։

Ինչեւէ, 1998 թ․ իշխանափոխութիւնից յետոյ սկսւեցին նոր բանակցութիւններ՝ է՛լ անհասկանալի «ընդհանուր պետութեան», է՛լ մշուշապատ «մադրիդեան սկզբունքների» շուրջ եւ այլն։ 2008 թ․ էլ «նորացւած մադրիդեան սկզբունքներ», այնուհետեւ նախագահ Սերժ Սարգսեանի կողմից վերադարձ Լեւոն Տէր-Պետրոսեանի թեզերին, նկատի ունեմ Կիսելեովին տւած հարցազրոյցը․ («Մենք պատրաստ էինք յանձնելու 7 շրջանները»): Մինչ մենք հոյսներս դրել էինք «միջազգային հանրութեան» եւ «ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ լուծումն այլընտրանք չունի» ոչինչ չասող բանաձեւի վրայ, ողջ հրադադարն Ադրբեջանն օգտագործեց սպառազինւելու համար, որի արդիւնքն էր 2016 թ․ ապրիլեան պատերազմը։ Ապրիլեան պատերազմը մի կողմից ցոյց տւեց, որ դեռեւս մենք պատրաստ ենք դիմագրաւելու ժամանակակից զէնքերով զինւած հակառակորդին, միւս կողմից բացայայտեց մեր, թերեւս շատերին յայտնի, բայց չբարձրաձայնւող թոյլ կողմերը։

Ի դէպ, այս տարիների ընթացքում բացի իշխանութիւններից, Հայաստանի տարբեր տրամաչափի քաղաքական, հասարակական գործիչներ Արցախի հարցում ունեցել են ոչինչ չասող, անորոշ, ընդհանուր, հռչակագրային, պատասխանատւութիւնից խուսափող տեսակէտներ․ «Արցախի հարցի արդարացի լուծում», «հայանպաստ լուծում», «փոխզիջումային լուծում», «Արցախի հարցի լուծում, բացառապէս Մինսկի խմբի առաջարկների շրջանակներում», «Արցախի վերադարձ բանակցութիւնների սեղանին», «Արցախի հարցը պէտք է լուծեն արցախցիները»  եւ այլն։ Ի դէպ, վերջին ձեւակերպումը բաւականին տարածւած է։ Այդպէս արտայայտւողներին միշտ ուզում եմ հարցնել․ «Իսկ Սիւնիքի, Լոռւա հարցերն էլ սիւնեցիների՞ եւ լոռեցիների՞ գործն է»։ Գիտակցո՞ւմ են արդեօք «զիջումների» կամ «փոխզիջումների» պատրաստ մեր պետական, քաղաքական, հասարակական գործիչները, որ այսպէս կոչւած «բարի կամքով» կամ «միջազգային հանրութեան» ճնշման տակ ցանկացած զիջում, բերելու է զիջումների շղթայական ռէակցիայի, ընհուպ մինչեւ Ալիեւի յայտարարած Երեւանի։ Ցանկացած, թէկուզ փոքր զիջման դէպքում, զիջող կողմն արդէն հոգեբանօրէն պարտւած է, դիմադրողականութիւնն ընկած եւ յետագայ զիջումները կամաւոր կանի, թէ պատերազմով, արդէն տեխնիկայի հարց է։ Կամ գիտակցո՞ւմ են արդեօք, որ «միջազգային հանրութիւն» որպէս այդպիսի կուռ կառոյց գոյութիւն չունի։ Միջազգային հանրութիւնը լի է հակասութիւններով, միմեանց նկատմամբ թշնամանքով, եւ եթէ որեւէ հարցով նա համաձայնութեան է գալիս, օրինակ այսպէս կոչւած Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան, նշանակում է այն արդիւնք է հայկական ապաշնորհ, ողորմելի դիւանագիտութեան։ Իսկ թէ ինչպիսի «խաղարարար» նախաձեռնութիւններ են ունեցել տարբեր հասարակական գործիչներ, սկսած Գէորգի Վանեանով, որոնք խաղաղասիրութիւն ասելով՝ պատկերացրել են քծնանք եւ զիջում, զիջում մինչեւ վերջ։ Այն դէպքում, որ որեւէ ադրբեջանցի քաղաքական, հասարակական, նաեւ վտարանդի գործիչ երբեւէ չի արտայայտւել Արցախի անկախութեան օգտին։ Յետոյ էլ ասում ենք, թէ աշխարհը մեր դէմ է։

Համարենք՝ այն, ինչ վերը շարադրեցի, նախաբանն էր։ Այժմ ինձ հետաքրքրում է, թէ ի՞նչ է մտածում Արցախի հարցի մասին անձամբ Նիկոլ Փաշինեանը։ Եթէ ժամանակագրօրէն դիտարկենք նրա տեսակէտները, ապա դրանք անընդհատ փոփոխւել են․ Լեւոն Տէր-Պետրոսեանի գաղափարական դաշնակից լինելուց (2007 թ. Նիկոլ Փաշինեանի կողմից ստեղծւած «Այլընտրանք» դաշինքի գաղափարական հիմքում ՀՀ Սահմանադրութիւնն ու Լեւոն Տէր-Պետրոսեանի «Պատերազմ թէ՞ խաղաղութիւն» ծրագրային յօդւածն էին- 2008 թ․ Նիկոլ Փաշինեանը հանդիսանում էր, թերեւս Լեւոն Տէր-Պետրոսեանի ամենաթունդ կողմնակիցը) մինչ 2016 թ․ յուլիսի հանրահաւաքում Սասնայ ծռերին  աջակցող ելոյթը, ուր անողոք քննադատութեան է ենթարկում Լեւոն Տէր-Պետրոսեանին Արցախի հարցում զիջումների համար։

Ինչպէս այս ելոյթից յետոյ, այնպէս էլ յեղափոխութեան օրերին Նիկոլ Փաշինեանի Արցախի հարցում կոշտ դիրքորոշումից անկեղծ ոգեւորւած էի։ Եթէ սրան աւելացնենք նաեւ յեղափոխութեան օրերի երիտասարդութեան անկեղծ ոգւորութիւնն ու համարձակութիւնը, ես մտածում էի, որ սա հիանալի հնարաւորութիւն է ստեղծում Արցախի հարցում «ռէսթարթ» անելու եւ հանրութեան ոգեւորութիւնն ուղղելու նաեւ այդ ուղղութեամբ։ Սակայն յետագայ զարգացումներն ինձ համար շատ հարցեր են առաջացրել։ Նախ մտահոգիչ էր (ներեցէք բառի համար) օգոստոսի 17-ի Նիկոլ Փաշինեանի ելոյթի Արցախի մասին հատւածը, մօտաւորապէս․ «Արցախի հարցը այստեղ, ժողովրդով պէտք է որոշենք»։ Անհասկանալի ձեւակերպում։ Նախ արդեօ՞ք հրապարակում հաւաքւածները ողջ ժողովուրդն են, երկրորդ՝ արդեօ՞ք ժողովուրդը դեռեւս 1988 թ․, նաեւ Արցախն ու Հայաստանը 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշումով, եւ վերջապէս Արցախն իր 1991 թ․ անկախութեան հանրաքւէով չի որոշել։ Յաջորդ մտահոգութիւնը, չզարմանաք, Դուշանբէում Փաշինեան-Ալիեւ վերելակային պայմանաւորւածութիւնն էր, որի արդիւնքում, իսկապէս առաջնագծում համեմատական անդորր է։ Այդ ինչպէ՞ս եղաւ, որ տարբեր բարձր մակարդակի բանակցութիւնների արդիւնքում ձեռք բերւած հրադադարի պայմանաւորւածութիւններն Ադրբեջանն անվերջ խախտում էր, յանկարծ․․․ Յետոյ ՔՊ ականաւոր գործիչ, երկրապահ Սասուն Միքայէլեանի յայտնի ելոյթը, մօտաւորապէս․ «․․Այս յաղթանակն աւելի կարեւոր էր, քան արցախեանը»։ Յետոյ Մնացականեան-Մամեդեարով բանակցութիւնների արդիւնքներով Մնացականեանի յայտարարութիւնը, էլի մօտաւորապէս․ «Քննարկեցինք ամենակարեւորը՝ մարդկանց անվտանգութեան հարցը»։ Յետոյ նոյն Մամեդեարովի գրառումն, էլի մօտաւորապէս․ «Յուսով ենք շուտով համաձայնութեան հասնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լայն ինքնավարութիւն շնորհելու շուրջ»։ Սրան հետեւեց ՔՊ անդամ Արարատ Միրզոյեանի «յուժկու անդրադարձը», մօտաւորապէս․ «Իսկ արցախցիներին հարցրե՞լ էք»։ Անհանգստացած եմ նաեւ, ինչպէս 2008 թ․, այնպէս էլ այսօր, առայժմ սոցցանցերում նկատւող հակաարցախեան (նկատի ունեմ արցախցիների դէմ) հռետորաբանութիւնից։

Երբեք չեմ հաւատացել դավւադրութիւնների տեսութիւններին եւ առայժմ ձեռնպահ եմ մնում չարագուշակութիւններ անելուց, սակայն ուզում եմ այս հարցերի վերաբերյեալ Նիկոլ Փաշինեանից յստակ պատասխաններ լսել։ Այլեւս չեմ ուզում լսել անորոշ, խուսափողական պատասխաններ․ «հասնել այնպիսի լուծման, որ բոլոր կողմերին բաւարարի», «Արցախի հարցն արցախցիները պէտք է որոշեն», «Արցախը պէտք է վերադառնայ բանակցութիւնների սեղանին», եւ երբեք՝ չարաբաստիկ «միջազգային խաղարարներ»։ Յստակ ասելով՝ նկատի ունեմ, արդեօ՞ք մինչեւ Արցախի անկախ, շեշտում եմ՝ Ադրբեջանից անկախ կարգավիճակի ճանաչումը, լինելո՞ւ են զիջումներ, թէ՞ ոչ։  Այո, ինքս նկարագրեցի, թէ կոնկրետ արցախեան հարցում ինչ ծանր ժառանգութիւն է մնացել։ Այո, այդ ամէնի համար մեղաւոր են նախկինները, բայց անձամբ Նիկոլ Փաշինեանը վերցրել է պատասխանատւութիւն եւ մեծ պատասխանատւութիւն հէնց Արցախի հարցում։ Եւվ որեւէ արդարացում, այն է՝ մեղքը գցել նախկինների վրայ, նրան չի ազատում պատասխանատւութիւնից։ Խաղաղասէր-ընդդիմախօսները կը հակաճառեն․ չէ՞ որ Ադրբեջանը ե՛ւ մարդկային ռեսուրսներով, ե՛ւ տնտեսապէս, ե՛ւ ռազմական առումով մեզ գերազանցում է։ Չէ՞ որ նրա թիկունքին են Թուրքիան եւ ողջ թուրքական աշխարհը եւ այլն։ Այդ նոյն փաստարկները բերւում էին նաեւ 80-90-ականներին։ Ճիշտ է, մենք վատնել ենք հրադադարի ընձեռած 24 տարիները, բայց համոզւած եմ, որ համախմբւելու եւ նպատակ դնելու դէպքում, այսօր էլ ուշ չի։

Վերջաբան․ Արցախի հարցը միայն պատմական արդարութեան վերականգնման հարց չէ, այն միայն արցախցիների կեանքի եւ ինքնորոշման իրաւունքի հարց չի։ Արցախի հարցը ողջ հայութեան, Հայաստանի ոչ միայն ապագայի, այլեւ արժանապատւութեան հարցն է։ Կարող են տարբեր միջազգային ատեաններում բանաձեւեր ընդունել Ադրբեջանի, այպէս կոչւած,  տարածքային ամբողջականութեան օգտին, Հայաստանին համարել ագրեսոր, զիջումների դիմաց ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, խոստանալ միլիարդաւոր դոլարների վարկեր, շնորհել Խաղաղութեան Նոբելեան մրցանակ։ Բայց․․․ բայց եթէ ողջ աշխարհի, այդ թւում «միջազգային հանրութեան», գերտէրութիւնների, մեր հակառակորդների կողմից մեր նկատմամբ որոշակի յարգանք կայ, այն, համոզւած եմ, պայմանաւորւած է միայն ու միայն արցախեան յաջողութիւններով։ Կը կորցնենք այդ յաջողութիւնները՝ կը կորցնենք ողջ Հայաստանը եւ «միջազգային հանրութեան» կողմից կարժանանանք միայն արհամարհանքի եւ խղճահարութեան։

Գիտակցո՞ւմ է արդեօք այս ամէնն Արցախեան շարժման ոգեւորութիւնը եւ պայքարը չտեսած, այսօրւայ առաջադէմ երիտասարդ իշխանութիւնը, թէ՞ համարում է, որ․․․

«hetq.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։