Հա

Քաղաքական

05/01/2019 - 09:40

Ղարաբաղեան հակամարտութիւն, աշխարհի «ջոջերի» հետ յարաբերութիւններ. մարտահրաւէրներ 2019

Նախորդ տարի Հայաստանում իշխանափոխութիւն եղաւ, սակայն արտաքին խաղացողների համար շատ բան դեռ անյայտ է մնում։

Դեռ տարին չսկսւած Հայաստանի առաջ արտաքին քաղաքական մի շարք մարտահրաւէրներ են ծառացել։ Դրանցից են դեռեւս չկարգաւորւած ղարաբաղեան հակամարտութիւնը, ոչ այդքան հարթ յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, Բրիւսէլի ու Վաշինգտոնի հետ յարաբերութիւնների անորոշութիւնը։

«alikonline.ir» - Նախորդ տարի Հայաստանում իշխանափոխութիւն եղաւ, սակայն արտաքին խաղացողների համար շատ բան դեռ անյայտ է մնում։

Դեռ տարին չսկսւած Հայաստանի առաջ արտաքին քաղաքական մի շարք մարտահրաւէրներ են ծառացել։ Դրանցից են դեռեւս չկարգաւորւած ղարաբաղեան հակամարտութիւնը, ոչ այդքան հարթ յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, Բրիւսէլի ու Վաշինգտոնի հետ յարաբերութիւնների անորոշութիւնը։

Տարածաշրջանում ու աշխարհում հիմնական խաղացողների հետ Հայաստանի յարաբերութիւնների մասին է «Sputnik» Արմենիան խօսել է փորձագէտների հետ`պարզելու համար, թէ ինչ քայլեր պէտք է ձեռնարկենք մեր դիրքերն ամրապնդելու համար։

 

Ղարաբաղեան հակամարտութիւն

Չնայած մեծ տարածում ունեցող այն թեզին, որ արտաքին քաղաքականութիւնը ներքինի շարունակութիւնն է, քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանի կարծիքով, Հայաստանի նման երկրներում ամէն ինչ հակառակն է։

Հայաստանի արտաքին քաղաքականութեան գլխաւոր նպատակը անվտանգութեան ապահովումն է, Հայաստանի օգտին ղարաբաղեան հակամարտութեան լուծումն ու հանրապետութեան սոցիալտնտեսական զարգացման աջակցութիւնը։

Քաղտեխնոլոգն առանձնայատուկ կարեւորում է վերջին գործօնը, քանի որ երկրի հզօրութեան աւելացումն, անկասկած, ազդում է ղարաբաղեան հիմնախնդիրը բարենպաստ լուծելու հայկական կողմի կարողութիւնների վրայ։

«Շատ հարցեր լուծւած կը լինէին, եթէ անցած երեսուն տարիների ընթացքում կարողանայինք ապահովել երկրի տնտեսական հզօրութիւնը»,- նշում է Յակոբեանը։

Քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանն, իր հերթին, խօսելով ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման մասին, ասում է, որ անհրաժեշտ է բանակցութիւններում «վերականգնել խախտւած բալանսը» ։

«Մենք բանակցային գործընթացի շրջանակում շատ վտանգաւոր դրութեան մէջ ենք յայտնւել»,- կարծում է Բոզոյեանը։

Նրա խօսքով՝ բանակցային գործընթացին զուգահեռ պէտք էր ստեղծել զսպիչ մեխանիզմներ, որոնց մասին խօսւել էր Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնեւի հանդիպումների ընթացքում։ Նա համարում է, որ պահանջներից Հայաստանի հրաժարւելը (յղում անելով Դուշանբէի պայմանաւորւածութիւններին) պարզապէս «նւէր» է Բաքւին։

Քաղաքագէտին անհանգստացնում է նաեւ այն, որ երբ Ադրբեջանը յայտարարեց, որ հանարքւէի անցկացման մասին կէտը, որը նշւած էր Մադրիդեան սկզբունքներում, բանակցութիւնների սեղանին այլեւս չկայ, դրան պատասխանն եղաւ ոչ թէ Հայաստանից, այլ Ստեփանակերտից։

Քաղաքագէտն անխուսափելի է համարում փոխզիջումները, որոնց արդիւնքում կը հաստատւի խաղաղութիւն։ Բոզոյեանը վստահ է՝ ռեւանշի փորձ չի լինի։

Տարածաշրջանային հարցերի փորձագէտ Կարէն Վերանեանը դրական է համարում Հայաստանի իշխանութիւնների յայտարարութիւններն այն մասին, որ անհրաժեշտ է Ստեփանակերտին ներառել բանակցային գործընթաց։

«Յոյս կայ, որ 2019 թւականին ՀՀ իշխանութիւնն աւելի արդիւնաւէտ կը գործի, ու հայկական կողմի շահերից դրական առաջխաղացումներ կը լինեն»,- ասաց Վերանեանը։

 

Ռուսաստան

Վիգէն Յակոբեանը կարծում է, որ ՀՀ նոր իշխանութիւնը շատ անելիք ունի արտաքին քաղաքականութեան գրեթէ բոլոր ուղղութիւններով։ Հասկանալի է, որ համաշխարհային աշխարհաքաղաքական կենտրոններն այդ հարցում բացառութիւն չեն։ Նրա կարծիքով՝ մի շարք հարցեր կան ԵԱՏՄ շրջանակում։

«Ես միշտ ասել եմ, որ երկրների միջեւ ռազմավարական խնդիրներ չկան, կան միջանձնային յարաբերութիւնների հարցեր։ Մենք ամէն օր տեսնում ու համոզւում ենք, որ այդ հարցերի անտեսումը կարող է լուրջ խնդիրների յանգեցնել ինչպէս տնտեսական, այնպէս էլ ռազմատեխնիկական համագործակցութեան բնագաւառում»,- կարծում է Յակոբեանը։

Երւանդ Բոզոյեանը նշում է, որ պէտք չէ մոռանալ նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իրանի ու Վրաստանի սերտ յարաբերութիւնների մասին։ Քաղաքագէտին մտահոգում է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ որոշ երկրների հետ աւելի լաւ յարաբերութիւնների մէջ է, քան Հայաստանը։

«ՀԱՊԿ–ում միակ երկիրը, որի հետ յարաբերութիւններն աւելի բարձր մակարդակի վրայ են, Ռուսաստանն է»,- նշում է Բոզոյեանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի շահերից չի բխում Ռուսաստանի հետ յարաբերութիւնների վատացումը։

«Թաւշեայ յեղափոխութիւնից» յետոյ Հայաստանի արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւնները պահպանւել են, սակայն Կարէն Վերանեանի կարծիքով, շեշտադրումներն են փոխւել։ Չնայած որոշ բացասական գնահատականներին, նա կարծում է, որ կառուցողականութիւնն ու արդիւնաւէտութիւնն այդ ոլորտում աւելացել է։

«Հայ-ռուսական յարաբերութիւնները շատ կարեւոր են Երեւանի համար ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ միջազգային քաղաքական հարթակում։ Այդ առումով երկկողմանի յարաբերութիւնների խնդիրները` ՀԱՊԿ-ի, Ադրբեջանին զէնք մատակարարելու, հնարաւորինս չեն նկատւել»,- կարծում է Վերանեանը։

Չնայած նախորդ իշխանութիւնների յայտարարութիւններին, այդ խնդիրները չեն լուծւել։ Հիմա դա անելու հնարաւորութիւն կայ, դա բոլոր երկրների շահերից է բխում։

 

Եւրոմիութիւն

Վիգէն Յակոբեանի կարծիքով՝ անհրաժեշտ է գործնականում իրագործել Հայաստան-ԵՄ համապարփակ ու ընդլայնւած համագործակցութեան մասին համաձայնագիրը։ Հայկական կողմի գործողութիւնների յստակ ժամանակացոյց կայ, որի փոխարէն ԵՄ-ն խոստացել է որոշ աջակցութիւն ցուցաբերել։

«Հիմա իրավիճակը սառեցւած է։ Յամենայնդէպս, 2018 թւականին եւրոպական գործընկերները յստակ ցոյց տւեցին, որ միայն իշխանափոխութեան ու ժողովրդավարական կարգախօսներով Հայաստանին չի յաջողւի փոխել վերաբերմունքն իր հանդէպ»,- կարծում է քաղտեխնոլոգը։

Ըստ էութեան, բոլոր երկրները պայման են դնում`կամ յստակութիւն մտցնել արտաքին քաղաքականութեան մէջ, կամ այլ փաստարկներ ներկայացնել։ Փորձագէտի խօսքով՝ հիմա Եւրոպայում ոչ ոքի ժողովրդավարութեամբ չես զարմացնի, հիմա «պրագմատիզմի դար է»։

Կարէն Վերանեանն ու Երւանդ Բոզոյեանն իրենց հերթին յոյս ունեն, որ 2019 թւականին Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ կնքւած պայմանագիրը, վերջապէս, բովանդակութիւն կը ստանայ։

 

Միացեալ Նահանգներ

Վերանեանի կարծիքով՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ յարաբերութիւններում որոշակի ակնկալիքներ կան․ Հայաստանի յեղափոխութիւնը երկկողմանի յարաբերութիւնների համար նոր հնարաւորութիւններ է ստեղծել։ Մասնաւորապէս, հետաքրքիր են ԱՄՆ-ի յայտարարութիւնները Հայաստանի տնտեսութեան մէջ հնարաւոր ներդրումների վերաբերեալ։ Այդ պատճառով, քաղաքագէտի խօսքով, անհրաժեշտ է ակտիւ աշխատանք տանել այդ ուղղութեամբ։

Վիգէն Յակոբեանն այլ տեսակետ ունի։ Նրա կարծիքով՝ հայ-ամերիկեան յարաբերութիւնների համար ծանր տարի է լինելու։ Բանն այն է, որ մեծ հաշւով այդ ուղղութեամբ ոչ մի ակտիւութիւն չի զգացւել։

«Հարցն այն չէ, որ Հայաստանը պէտք է հետաքրքրի Միացեալ Նահանգներին, այլ այն է, որ Վաշինգտոնն ուզում է որոշակի պարզաբանումներ ստանալ «թաւշեայ յեղափոխութեան», դրա ակունքների ու դրդապատճառների վերաբերեալ»,- ասում է քաղտեխնոլոգը։ 

ԱՄՆ-ն յստակ ուղերձների է սպասում հնարաւոր ներդրումների վերաբերեալ։ Յակոբեանի կարծիքով՝ հարցեր կան (սկսած Ամուլսարից), որոնք բաւականին զգայուն են ամերիկացիների ու այն ֆինանսական շրջանների համար, որոնք կարող են գումար ներդրել Հայաստանի տնտեսութեան մէջ։

 

Իրան եւ Վրաստան

Յակոբեանը կարծում է նաեւ, որ Հայաստանի համար բաւականին դժւար է լինելու համատեղել համագործակցութիւնը ԱՄՆ-ի ու Իրանի հետ, ու այստեղ պէտք է ինչ-որ բալանսի հասնել։ Նախկինում ԱՄՆ-ն ըմբռնումով էի մօտենում  Երեւանի ու Թեհրանի համագործակցութեանը՝ հաշւի առնելով Հայաստանի բարդ դրութիւնը։

«Նոր իշխանութիւնը պէտք է բալանս պահի, որ Իրանի դէմ պատժամիջոցները չազդեն Թեհրանի ու Երեւանի յարաբերութիւնների հանդէպ լոյալութեան վրայ»,-  ասաց քաղտեխնոլոգը։

Կարէն Վերանեանը նոյնպէս վստահ է, որ ամերիկա-իրանական դիմակայութեան պայմաններում անհրաժեշտ է մանեւրեր անել, որպէսզի առաւելագոյն շահոյթով ու նւազագոյն քաղաքական ու տնտեսական կորուստներով դուրս գալ։

«Ես համաձայն չեմ, որ դժւար է հակասութիւնների վրայ խաղալ։ Շատ յաճախ դա նոր հնարաւորութիւններ է ստեղծում»,- նշեց Վերանեանը։

Ինչ վերաբերում է Վրաստանին, քաղաքագէտի կարծիքով, երկու պետութիւնների իշխանութիւնները երկկողմ յարաբերութիւնները չպէտք է պայմանաւորեն երրորդ երկրների հետ յարաբերութիւններով։

Բոզոյեանի կարծիքով՝ Իրանը Հայաստանի համար ռազմավարական նշանակութիւն ունի։ Բացի այդ, պաշտօնական Թեհրանն անհանգստացած է Ադրբեջանի հնարաւոր ուժեղացմամբ ու հետաքրքրւած է Երեւանի հետ հնարաւոր համագործակցութեան ամրացմամբ։

Նրա կարծիքով՝ երկու կողմից հնչող համագործակցութեան ամրապնդման մասին հայտարարութիւնները պետք է գործնական քայլերով ամրապնդվեն։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Բոզոյեանի խօսքով, թէեւ Հայաստանի  հեռ յարաբերութիւնները (ի տարբերութիւն Թուրքիայի ու Ադրբեջանի) ռազմավարական չեն, դրանք անպայման պէտք է զարգացնել ու ընդլայնել։

Վիգէն Յակոբեանը ամփոփում է, որ ընդհանուր առմամբ իշխանութեան  ու անձամբ Նիկոլ Փաշինեանի համար ամենակարեւոր հարցն է վստահեցնել աշխարհաքաղաքական կենտրոններին, որ Հայաստանը կանխատեսելի արտաքին քաղաքականութիւն է վարում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։