Հա

Քաղաքական

07/01/2019 - 14:20

Ոսկանեան. «Տարին բարդ էր Իրանի համար, բայց Հայաստանի համար ուրւագծւում են լաւ հեռանկարներ»

Հայաստանի համար կարեւոր է, որ իրանական կողմը նախկինի պէս դիտարկում է Երեւանը որպէս կարեւոր օղակ Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման շղթայում։

«alikonline.ir» - Հայաստանի համար կարեւոր է, որ իրանական կողմը նախկինի պէս դիտարկում է Երեւանը որպէս կարեւոր օղակ Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման շղթայում։

Անցած տարին ստիպում է յետ հայեացք նետել, թէ ինչպէս են զարգացել Հայաստանի յարաբերութիւնները տարածաշրջանում կարեւոր խաղացողի եւ ուղղակի բարի դրացի Իրանի հետ։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Պաշտօնական մամուլի հաղորդագրութիւնների ծեծւած արտայայտութիւնները չկրկնելու ցանկութեամբ հանդերձ պէտք է նշենք, որ երկու երկրների համագործակցութիւնն իրականում ահռելի ներուժ ունի։ Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանի օգնութեամբ փորձենք պարզել, թէ որքանով է այդ ներուժն օգտագործւել ընթացիկ տարում, ինչի են յանգել կողմերը եւ ինչ կարելի է ակնկալել նոր տարում։

Իրանագէտը կարծում է, որ ընդհանուր առմամբ Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ մի շարք օբիեկտիւ պատճառներով որոշակի դադար կայ Իրանի հետ յարաբերութիւններում։ Հայաստանում ձեւաւորւել է նոր իշխանութիւն, բացի այդ Իրանում խնդիր կայ հասկանալու հիւսիսային հարեւանի մօտ տեղի ունեցած փոփոխութիւնները։

Բայց իրավիճակը շուտով յաջողւել է շտկել, ինչի մասին վկայում է վարչապետ Նիկոլ Փաշինեանի բաւական ջերմ հանդիպումն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ՝ Նիւ Եօրքում կայացած ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի շրջանակում։

«Հանդիպման ընթացքում շօշափւել են, իմ կարծիքով, համագործակցութեան առանցքային ուղղութիւններ։ Հայաստանի համար կարեւոր է եղել այն, որ իրանական կողմը նախկինի նման դիտարկում է մեզ որպէս կարեւոր օղակ Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման մէջ։  Իրանի այդ ուղերձը լուրջ աշխարհաքաղաքական նշանակութիւն ունի Երեւան համար Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմանների ֆոնին»,- ասաց Ոսկանեանը։

Անցնող տարին նշանաւորւեց ԱՄՆ-ի կողմից Իրանի վրայ պատժամիջոցային ճնշումներով։ ԻԻՀ-ի դէմ պատժամիջոցներ սահմանելու հետեւանքները կարող են զգալ նաեւ Թեհրանի տնտեսական գործընկերները։ Այդ պայմաններում Հայաստանի ղեկավարութիւնը արեւմտեան գործընկերներին բազմիցս հասկացրել է, որ պատժամիջոցների պատճառով չի վերանայի  հարեւանի հետ յարաբերութիւնները։

Ոսկանեանն այս կապակցութեամբ կարծում է, որ Հայաստանի համար ուրւագծւում են իրանական կողմի հետ տնտեսական փոխազդեցութեան հետաքրքիր հեռանկարներ։ Հայկական ղեկավարութեան այդքան կառուցողական հռետորաբանութիւնը պէտք է վերափոխւի պրակտիկ գործողութիւնների։

«Կարծում եմ, որ նոր տարում պէտք է նոր խթան հաղորդել աւելի վաղ սկսւած ծրագրերի իրագործմանը։ Ինչպէս արդէն նշեցի, դրանք հաղորդակցութիւններ են, Պարսից ծոցը Հայաստանի տարածքով Սեւ ծովի հետ կապելու հնարաւորութիւնը եւ, իհարկէ, էներգետիկան։ Մասնաւորապէս, Հայաստան-Իրան էլեկտրամալուխների երրորդ գծի շինարարութիւնը թոյլ կը տայ մեզ բազմապատկել իրանական գազի առաքումները Հայաստան։ Պէտք է երկրորդ շունչ տալ նաեւ Արաքս գետի վրայ ՀԷԿ շինարարութեան նախագծին։ Բոլոր այդ նախագծերով պէտք է լրջօրէն զբաղւել, առաւել եւս, որ Իրանը պատրաստ է աշխատել դրանց վրայ»,- յաւելեց փորձագէտը։

Ապագայում կողմերը պէտք է ակտիւացնեն հայ-իրանական սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գօտու վրայ համատեղ աշխատանքը։

Քաղաքական ասպարէզում Թեհրանի համար լուրջ ուղերձ կը դառնայ Հայաստանի վարչապետի այցը ԻԻՀ։ 2018 թ.-ի մայիսին Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ նոր վարչապետն առաջին պաշտօնական այցը կատարել էր Վրաստան։ Ոսկանեանը ենթադրում է, որ լիովին տրամաբանական կը լինի, եթէ այս անգամ նոյնանման այց կատարւի Իրան։

Յիշեցնենք, որ Հայաստանի եւ Իրանի ապրանքաշրջանառութիւնը կազմում է ՀՀ արտաքին առեւտրի 4-5 տոկոսը։ 2017 թ.-ին այն կազմել է 263 միլիոն դոլար։ Հայաստանից արտահանումը կազմել է 30.5 միլիոն դոլար։ Սակայն մեծամասամբ այն կազմւած է էլեկտրոէներգիայից (մօտ 25 միլիոն դոլար) եւ ոչխարի մսից (մօտ 2.7 միլիոն դոլար)։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։