Հա

Քաղաքական

09/01/2019 - 10:50

Նիկոլ Փաշինեանը փակեց Մանէ Թանդիլեանի ճանապարհը

Բարի լոյս ու բարի օր բոլորին, սկսւեց 2019-ի աշխատանքային շաբաթը: Եւ ինչպէս վայել է յեղափոխութիւն արած երկրի` յեղափոխութիւն արած վարչապետին` Նիկոլ Փաշինեանը գրեց «Facebook»-ի իր էջում. «Շնորհաւորում եմ բոլորիս՝ տարւայ առաջին աշխատանքային օրւայ կապակցութեամբ: Մեր բոլոր խնդիրներին կայ միայն մէկ լուծում, բացառիկ լուծում եւ այդ լուծումը կոչւում է աշխատանք: Կեցցէ՛ աշխատանքը: Ի գործ»:

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄԵԱՆ

 

Գրառումը թեմատիկ էր ու ուղղւած չէր նրանց, որ աշխատանք չունեն կամ այսօր-վաղը կորցնելու են կառավարութեան կառուցւածքային փոփոխութիւնների, ԵԱՏՄ-ին անդամկացութեան հետեւանքով գնաճի պատճառով: Պարզապէս` կեցցէ աշխատանքը, ունէք, թէ չունէք: Ի՞նչ է, չէ՞ք կարող ապրիորի կիսել վարչապետի աշխատելու հրճւանքը: Կիսէք, էլի, ինչ է եղել, կիսէք, եթէ չէք կարողանում բազմապատկել: Իսկ ընդհանրապէս այսօր Նիկոլ Փաշինեանից ամենադժգոհը պիտի լինի Էդմոն Մարուքեանը: «Ելք»-ի նախկին գործընկերը չի գնահատում Էդմոն Մարուքեանի տիտանական աշխատանքը, նոյնիսկ տօնական օրերին քաղաքական թեմաներով արձագանքները ու առաջնորդւում է իր ցանկութիւններով, թէկուզ այդ ցանկութիւնները տրամաբանական ու օրինական են, բայց չեն բխում Էդմոն Մարուքեանի ցանկութիւններից: Օրինակ` երէկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան նիստ է եղել, որին, չգիտես ինչու մասնակցել է խմբակցութեան չանդամ Նիկոլ Փաշինեանը, հաւանաբար նա յետոյ էլ շարունակելու է Լիլիթ Մակունցի գործը անել: Նստից յետոյ Նիկոլ Փաշինեանը լրագրողներին ասել է, որ կառավարութեան կազմը չեն քննարկել, իսկ ընդդիմութիւնից ԱԺ փոխնախագահի ընտրութեան հարցին ի պատասխան ասել է. «Ինձ թւում է սկզբունք պէտք է գործի, որ այն խմբակցութիւնը, որը աւելի շատ ձայներ է ստացել ժողովրդի կողմից, պէտք է նրա ներկայացուցիչն էլ լինի փոխնախագահի պաշտօնում»:

Այսինքն` ՔՊ-ն կունենայ ԱԺ նախագահ ու երկու փոխնախագահներ, իսկ երրորդ փոխնախագահը կը լինի ԲՀԿ-ից: Յետոյ ի՞նչ, որ ԼՀԿ-ն դեռ անցեալ տարի էր բարձրաձայնել Մանէ Թանդիլեանի թեկնածութիւնը, իսկ ԲՀԿ-ն պարտիզանի պէս լռում է, որովհետեւ Գագիկ Ծառուկեանը չի ասել` ու՞մ է տեսնում Աժ փոխնախագահ: Գագիկ Ծառուկեանը ընդհանրապէս ամանորին Հայաստանում էլ չէր` ի տարբերութիւն Էդմոն Մարուքեանի: Փաստացի` 2019-ի աշխատանքային առաջին իսկ օրից Նիկոլ Փաշինեանը փակեց Էդմոն Մարուքեանի` Մանէ Թանդիլեանին ԱԺ փոխնախագահ տեսնելու ցանկութեան ճանապարհը: Թէպետ ԱԺ ապագայ փոխնախագահ Ալէն Սիմոնեանը «Ազատութեան» ուղիղ եթերում ասում էր, որ սիրով կը քւէարկի Մանէ Թանդիլեանի օգտին:

Յ.Գ.- Համատարած գնաճի պայմաններում ի՞նչ կայ գազի գնից: Վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը չգիտի` սպառողները մինչեւ երբ գազի դիմաց կը վճարեն գործող սակագնով: «Իմ քայլը» խմբակցութեան 3 ժամ տեւած նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում նա վստահեցրեց, որ գազի գնի բարձրացումը չի կարող պայմանաւորւել Հայաստանի ներքաղաքական իրավիճակով. «Մենք բանակցութիւնները շարունակում ենք, որպէսզի երկարաժամկէտ լուծումների գանք, եւ, իհարկէ, մենք չենք կարող գազի գնի հարցը դիտարկել այդ կոնտեքստում եւ շարունակելու ենք բանակցութիւնները եւ դիրքորոշում ենք արտայայտելու եւ ամէն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար»: Հետաքրքիր է` ինչպէ՞ս, եթէ դեկտեմբերի 31-ին յայտարարւեց, որ 1000 խորանարդ մետրի դիմաց վճարւող 150 դոլարի փոխարէն յունւարի 1-ից Հայաստանը վճարելու է 165 դոլար: Ճիշտ է` նոյն օրը Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ տեսանելի ապագայում սպառողների համար գազի սակագինը չի բարձրանայ, բայց նա չգիտի` տեսանելի ապագան որքա՞ն կը տեւի ու ինչպէ՞ս կաւարտւի: Ուրեմն մնում է ասել.«Կեցցէ աշխատանքը»:

«Irates.am»

Յարակից լուրեր

  • Ժուռնալիստների միութիւնը դատապարտում է Նիկոլ Փաշինեանի գրառումը
    Ժուռնալիստների միութիւնը դատապարտում է Նիկոլ Փաշինեանի գրառումը

    Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը դատապարտում է պետութեան բարձրագոյն պաշտօնը զբաղեցնող գործչի կողմից ազատ մամուլի դէմ ուղղւած այս քայլը: 

  • Հանրապետութեան նախագահը շնորհաւորական ուերձ է յղել Նիկոլ Փաշինեանին
    Հանրապետութեան նախագահը շնորհաւորական ուերձ է յղել Նիկոլ Փաշինեանին

    ՀՀ վարչապետի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին շնորհաւորական ուղերձ է յղել Նիկոլ Փաշինեանին:

  • Նիկոլ Փաշինեանը նշանակւել է ՀՀ վարչապետ
    Նիկոլ Փաշինեանը նշանակւել է ՀՀ վարչապետ

    ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինեանին ՀՀ վարչապետի պաշտօնում նշանակելու մասին:

  • Յեղաշրջման նոր փուլ
    Յեղաշրջման նոր փուլ

    Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին յաջորդել էր աննախադէպ քաղաքական ամայութիւն: Գրեթէ մէկ ամիս դադարած քաղաքական կեանքը կենդանութեան նշաններ ցոյց տւեց ԱՄՆ սենատի որոշումից յետոյ միայն՝ երբ Լինն Թրէյսին ՀՀ-ում դեսպան նշանակւեց: Թաւշեայ իշխանափոխութեան փուլի առաջադրանքները հեւիհեւ ու օրէնքների անտեսմամբ կատարած վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատարն անգործութեան վիճակից դուրս գալու, մանդատներ բաշխելու երկար սպասւած հրահանգը տալու եւ իւրայինների յուզումները փարատելու շանս ստացաւ:

  • Փաշինեանն այժմ էլ կաշխատի որպէս աղբահաւաք՝ Սանիտեկի փոխարէն
    Փաշինեանն այժմ էլ կաշխատի որպէս աղբահաւաք՝ Սանիտեկի փոխարէն

    ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը յունւարի 8-ին երեկոյեան այցելել էր Երեւանի քաղաքապետարան: Քաղաքապետ Հայկ Մարութեանը յետոյ լրագրողներին ասաց, որ Փաշինեանը եկել էր աւագանու «Իմ քայլը» խմբակցութեան նիստին մասնակցելու համար: Թէ ինչ հարցեր են քննարկւել եւ ինչ օրակարգով, այդպէս էլ յայտնի չեղաւ, որովհետեւ նիստը գաղտնի էր: Այնուամենայնիւ, դժվար չէ կռահելը, որ խօսքը մայրաքաղաքում կուտակւած խնդիրների մասով է ու յատկապէս՝ աղբահանութեան։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։