Հա

Քաղաքական

09/01/2019 - 14:30

Երբ յեղափոխութիւնը «խժռում է իր զաւակներին»

Մինչդեռ Հայաստանի հասարակութեան զգալի հատւածը լողում է յետյեղափոխական էյֆորիայի մէջ եւ դեռ դուրս չի եկել ամանորեայ եռուզեռից, Հայաստանի ու հայութեան շուրջ գործընթացներ են տեղի ունենում, որոնք անհրաժեշտ ուշադրութեան չեն արժանանում, կամ այդ իրադարձութիւնների մասին տեղեկութիւններն այնպէս են մատուցւում, որ մնացած տեղեկատւական հոսքերը կը լանեն այդ՝ առանցքային նշանակութիւն ունեցող տեղեկութիւնները, եւ մարդիկ շարունակեն իրենց անհոգ ապրելակերպը:

Նինա Մարգարեան

 

Մինչդեռ Հայաստանի հասարակութեան զգալի հատւածը լողում է յետյեղափոխական էյֆորիայի մէջ եւ դեռ դուրս չի եկել ամանորեայ եռուզեռից, Հայաստանի ու հայութեան շուրջ գործընթացներ են տեղի ունենում, որոնք անհրաժեշտ ուշադրութեան չեն արժանանում, կամ այդ իրադարձութիւնների մասին տեղեկութիւններն այնպէս են մատուցւում, որ մնացած տեղեկատւական հոսքերը կը լանեն այդ՝ առանցքային նշանակութիւն ունեցող տեղեկութիւնները, եւ մարդիկ շարունակեն իրենց անհոգ ապրելակերպը:

Այդպէս ստացւեց, երբ Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնը, որն իրականում, թէեւ այն փորձում են ներկայացնել որպէս «դատարկ», լուրջ լիազօրութիւնների եւ հնարաւորութիւնների աղբիւր էր: Յետոյ անլուրջ մթնոլորտ փորձեցին ստեղծել Ադրբեջանի յայտարարութեան շուրջ, երբ Էլմար Մամեդեարովը ոգեւորւած յայտարարեց, որ Հայաստանի հետ վերջապէս «լեզու գտաւ», եւ 2019 թւականին հնարաւոր է՝ արցախեան հիմնախնդիրը լուծում ստանայ: Յետոյ «ապատեղեկատւութեան» սոուսի տակ փորձեցին ներկայացնել գազի գնի հնարաւոր թանկացման մասին տեղեկութիւնները, եւ միայն ամանորեայ նախաշեմին պարզ դարձաւ, որ դա բոլորովին էլ ապատեղեկատւութիւն չէ, այլ դաժան իրականութիւն է: Իսկ վերջերս էլ պարզ դարձաւ, որ Ղազախստանում, որտեղ բնակւում է մօտ 25 հազար հայ, հակահայկական տրամադրութիւններ են (այս թեմայի շուրջ, ի դէպ, Հայաստանում արդէն հնչում են «հայերի տեղը Հայաստանում է, ոչ մէկը նրանց չի խնդրել գնան այնտեղ ապրեն, մենք հո դրա համար չպիտի տուժենք» եւ նմանատիպ տեսակէտներ, որոնք երկրից դուրս մեծ հայ համայնք ունեցող հասարակութեան համար բաւականին անհեռատես են եւ անգամ վտանգաւոր, քանի որ այդ՝ պատմութեան հեգնանքի պատճառով ձեւաւորւած համայնքը ոչ միայն լուրջ ֆինանսական պոտենցիալ է հէնց Հայաստանի համար, իսկ Հայաստանն ինքը դեռ չի կարող համապատասխան պայմաններ ստեղծել, որ մեր հայրենադարձ հայրենակիցները կարողանան մարդավայել պայմաններում ապրել սեփական երկրում, այլ նաեւ այն պատճառով, որ այսօրւայ գլոբալիզացւող, ինտեգրման հոսքերով տարւած աշխարհում նման յայտարարութիւնները պարզապէս չեն աշխատում): Դէ, իսկ մե՞նք: Մենք էլ «ինքնիշխանութիւն» բառը (անգամ ոչ հասկացութիւնը) դարձրինք ինքնանպատակ՝ աշխատելով չնկատել այն շիլան, որը եփւում է Հայաստանի շուրջ եւ երկրի համար կարող է «ֆուա-գրա»-ի գին ունենալ, խորհուրդ ենք տալիս աշխարհին յարմարւել հայաստանեան նոր իրողութեան հետ: Եւ նեղանում, որ աշխարհն էլ չի յարմարւում ու իր տեսակէտն ունի:

Չի յարմարւում, քանի որ յեղափոխութիւնը որպէս երեւոյթ բացասական է դիտարկւում բոլոր, այդ թւում նաեւ առաջատար ժողովրդավար երկրների ղեկավարների կողմից: Բանն այն է, որ յեղափոխութեամբ իշխանութեան փոփոխումը արժէզրկում է ընտրութիւնների ընթացակարգը եւ ինստիտուտն առհասարակ: Փողոցի միջոցով իշխանափոխութիւնն առաւել բացասական է գնահատւում յետխորհրդային երկրների մեծ մասում, որտեղ ֆորմալ առումով հռչակւած է ժողովրդավարական ռեժիմ, սակայն փաստացի իշխանութեան եկած քաղաքական էլիտան դրսեւորում է աւտորիտար կառավարման պահւածք, իսկ հասարակութեան մէջ բաւականին մեծ կշիռ ունի բողոքական զանգւածը: Բացի այդ, նշւած երկրների ղեկավարները բաւականին լուրջ մակարդակի հասցրած անձնական յարաբերութիւններ ունեն: Բնականաբար, երբ այդ փակ «ակումբում» յայտնւում է մէկը, ով, պատկերաւոր ասած, եկել է «դրսից» ու փորձում է խաղի իր կանոնները թելադրել, դա չի կարող դիմադրութիւն չառաջացնել: Եւ տւեալ պարագայում հարց է առաջանում. իշխանափոխութիւն ապրած երկիրն ունի՞ կամ արդէն ստեղծե՞լ է բաւականաչափ ռեսուրսներ, որոնք հնարաւորութիւն կը տան «խաղի սեփական կանոնները» թելադրել յեղափոխութիւնից ընդամենը հաշւած ամիսներ անց, կարո՞ղ է ազատ ընտրութիւն կատարել այդ կամ այն պետութեան կամ պետութիւնների դաշինքի հետ համագործակցութեան մոդելի առումով: Իհարկէ, հայրենասիրական պաթոսը դրդում է ասել՝ «այո՛, մենք հպարտ երկրի հպարտ քաղաքացիներ ենք, մենք ենք մեր երկրի եւ ճակատագրի տէրը եւ կանենք այն, ինչ ուզում ենք»: Իսկ եթէ ռացիոնալ մտածե՞նք:

Խնդիրը նրանում է, որ յեղափոխութեան ալիքի վրայ եկած իշխանութիւնն՝ ի դեմս Նիկոլ Փաշինեանի, ամբողջովին տեղաւորւում է ցուցադրական քաղաքական ոճի առաջնորդութեան տեսութեան մէջ: Նման ոճին բնորոշ է սէրն արտաքին էֆեկտների եւ ցուցամոլութեան, բոլորին հաճոյանալու հանդէպ: Նման առաջնորդի գործողութիւնները պայմանաւորւած են հասարակութեան սէրն իր հանդէպ պահպանելու ձգտումով: Նշւած ոճի պարագայում ծրագրւած քաղաքական գծի իրականացումը դառնում է անհնարին քաղաքական վարքագծի մոտիւացիայի փոփոխման պատճառով: Կողմնորոշումը դէպի խթաններ ստեղծելը, որի հիմքում ընկած է ամէն գնով զանգւածների կողմից հաւանութեանն արժանանալը, քաղաքական ճանաչում ձեռք բերելը ստիպում են առաջնորդին զոհաբերել ոչ միայն հասարակութեան եւ պետութեան շահերն, այլ նաեւ սեփական քաղաքական համոզմունքները: Ցուցադրական ոճի առաջնորդները շատ արդիւնաւէտ են գործում շրջադարձային պահերին, երբ հասարակութեան մէջ բարձր է դժգոհութեան եւ յուսահատութեան մակարդակը, եւ երբ անհրաժեշտ է իրենց յետեւից տանել զանգւածներին, սակայն նրանց էներգիան, այսպէս ասած, չի հերիքում երկարատեւ, ռազմավարական ծրագրեր մշակելու եւ իրականացնելու համար:

Դա է պատճառը, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները դեռ համակարգային լուծումներ չեն ստանում, իսկ ՀՀ արտաքին քաղաքականութեան ոլորտում դեռ չկայ յստակ տեսլական. ուր ենք գնում եւ ինչ անում, ձեռնարկւած քայլերն էլ բաւականին իրավիճակային, իմպուլսիւ բնոյթ են կրում:

Սակայն պէտք չէ մոռանալ, որ արդի աշխարհում, որտեղ գրեթէ բոլոր պետութիւններն իրար հետ կապւած են տարբեր տեսակի ինտեգրացիոն կապերով, արտաքին քաղաքականութեան մէջ ցանկացած քայլ կամ իրադարձութիւն ուղիղ ազդեցութիւն է թողնում երկրի ներքին կեանքի վրայ: Այս պնդումն առաւել արդիական է Հայաստանի համար, որը, ինչքան էլ ասենք, որ անկախ, հպարտ քաղաքացիների պետութիւն է, համեմատաբար սահմանափակ ռեսուրսներ ունի (այս համատեքստում խօսքը ոչ միայն նիւթական ռեսուրսների մասին է) եւ ստիպւած է (անկախ այն հանգամանքից՝ ուզում ենք մենք դա, թէ ոչ, կամ ինչ նախընտրութիւններ ունենք) հաշւի առնել միջազգային ասպարէզում տեղի ունեցող գործընթացները: Եւ պէտք է փաստել նաեւ, որ իշխանութեան ներքին լեգիտիմութիւնը չի կարող լիարժէք, ինքնաբաւ ռեսուրս հանդիսանալ երկրի կառավարումն արդիւնաւէտ իրականացնելու համար՝ առանց հաշւի առնելու այլ երկրների դերերն ու դիրքորոշումները:

Իսկ սահմանափակ ռեսուրսների պարագայում «բոլոր ձւերը մէկ զամբիւղի մէջ դնելը» եւ միակողմանի արտաքին քաղաքականութիւն վարելն անհեռատեսական է ու յղի փակուղու մէջ յայտնւելու վտանգով: Խօսքը տւեալ պարագայում, բնականաբար, Հայաստանի արտաքին քաղաքականութեան մասին է: Դա, իհարկէ, բոլորովին չի նշանակում, որ պէտք չէ բարձրացնել մեր գործընկերներ համարւող պետութիւնների հետ յարաբերութիւններում առաջացած խնդիրները, բայց դա պէտք է անել ոչ թէ իրար յետեւից կամուրջներ այրելով, այլ բանակցային սեղանի շուրջ, եւ ոչ թէ իրավիճակային ոճով, այլ մշակւած ծրագրի հիման վրայ: Իսկ հրապարակւած գաղտնալսւած հեռախօսային զրոյցները, ինչպէս նաեւ որոշ երկրների ղեկավարների յայտարարութիւնները իմպուլսիւութեան ապացոյցներ են, ինչը Հայաստանի համար յղի է անկանխատեսելի բացասական հետեւանքներով:

«Յեղափոխութիւնը խժռում է իր զաւակներին»: Սա դասական, աշխատող ասացւածք է, որի մասին մոռանալը շատերի համար թանկ գին ունեցաւ: Յետյեղափոխական էյֆորիան կարող է տեւել մի քանի ամիս, մի քանի տարի: Բայց յետոյ կուտակւած խնդիրները բացում են մարդկանց աչքերը, եւ նրանք մնում են իրենց եւ պետութեան խնդիրների հետ դէմ առ դէմ: Բայց այդ ժամանակ արդէն ուշ է լինելու որեւէ բան ձեռնարկել, քանի որ գտնւելու են նրանք, ովքեր արդէն ձեռնարկել են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։