Հա

Քաղաքական

10/01/2019 - 10:50

Վարդան Ոսկանեան. «Ցուցակն ակնյայտօրէն հիմնւած է բացայայտ կեղծիքի եւ ապատեղեկատւութեան վրայ»

Ինչպէս յայտնի է, համացանցում մի քանի օր է՝ հրապարակւել է ցուցակ,  որում տեղ գտած հայ մասնագէտները, իբրեւ, Հայաստանում զբաղւում են ռուսական քարոզչութեամբ։ 

«alikonline.ir» - Ինչպէս յայտնի է, համացանցում մի քանի օր է՝ հրապարակւել է ցուցակ,  որում տեղ գտած հայ մասնագէտները, իբրեւ, Հայաստանում զբաղւում են ռուսական քարոզչութեամբ։ Գրում է «Panorama.am»-ը:

«Anonymous» ցանցահէնային խմբի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ ռուսական քարոզչութեամբ զբաղւող հայ փորձագէտների թւում են Հայաստանում Ամերիկեան համալսարանի քաղաքական հետազօտութիւնների եւ միջազգային յարաբերութիւնների ամբիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր Վահրամ Տէր-Մատթէոսեանը, Վրաստանի հարցերով փորձագէտ Ջոննի Մելիքեանը, ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը, քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը, բլոգեր Տիգրան Քոչարեանը, Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշեանը, «Արմէնպրես» պետական լրատւական գործակալութեան տնօրէն Արամ Անանեանը եւ այլն։

«Panorama.am»-ի թղթակիցը հարցի շուրջ խօսեց իրանագէտ Վարդան Ոսկանեանի հետ, ում անունը եւս նշւած ցուցակում է, ով, մեկնաբանելով տեղեկութիւնը, նշեց, որ վերոնշեալ ցուցակը կազմողներին պէտք է համարել անլուրջ աշխատանք կատարած մարդիկ։

«Ցուցակը կոնկրետ իմ եւ միւս անձանց մասով ակնյայտօրէն հիմնւած է բացայայտ կեղծիքի եւ ապատեղեկատւութեան վրայ։ Չգիտեմ՝ ով է պատւիրատուն եւ ով է իրականացնողը, բայց կարծում եմ՝ պատւիրատուն շատ խելամիտ կը վարւէր, եթէ յետ պահանջեր իր վճարած գումարները, որովհետեւ նման ոչ պրոֆեսիոնալ եւ անգրագէտ աշխատանքի դիմաց վարձրատրութիւն ստանալն ուղղակի խաբէութիւն ու չարաշահում է»,- ասաց նա։

Իսկ թէ որքանո՞վ է իրեն ռուսամէտ գործիչ համարում, Վարդան Ոսկանեանը շեշտեց՝ ինքն իրեն համարում է ՀՀ քաղաքացի եւ առաջնորդւում է մի քանի սկզբունքներով։

«Դրանցից առաջինն իմ համոզմունքներն են, որոնք հիմնւած են բացառապէս մեր երկրին եւ պետութեանն իմ կարողութիւնների եւ հմտութիւնների չափով ծառայելու մտայնութեան վրայ։ Երկրորդ, ես համարում եմ, որ Հայաստանը մեր տարածաշրջանում պէտք է լինի գերտէրութիւն, եւ ինձնից կախւած ամէն ինչ անում եմ, որպէսզի մեր պետութիւնը լինի Հարաւային Կովկասի ամենահզօր երկիրը։ Այդ համատեքստում ակնյայտ է, որ Հայաստանը տարածաշրջանում ունի մի քանի դաշնակիցներ։

Այդ դաշնակիցներից մէկը, բնականաբար, Ռուսաստանն է, երկրորդը՝ Իրանը, մենք դաշնակիցներ ունենք նաեւ Մերձաւոր Արեւելքում պետականազուրկ ժողովուրդների շրջանում եւ ԵՄ երկրներում։ Հայաստանը պէտք է իր յարաբերութիւնները կառուցի բոլոր դաշնակիցների հետ համահունչ՝ նպատակ ունենալով դառնալու մեր տարածաշրջանի ամենահզօր պետութիւնը»,- ասաց իրանագէտը։

Վարդան Ոսկանեանից նաեւ հետաքրքրւեցինք՝ Հայաստանում ռուսամէտ քարոզչութիւն երբեւէ իրականացրե՞լ է։

Վերջինս հաւաստիացրեց, որ քարոզչութիւն առհասարակ չի իրականացնում, եւ այն, ինչի մասին ինքը խօսում է, հիմնւած է բացառապէս մասնագիտական գիտելիքների վրայ։

«Ես գրեթէ միշտ կարծիք եմ արտայայտում Հայաստան-Իրան յարաբերութիւնների եւ Հայաստանի դիրքի վերաբերեալ։ Ես ընդհանրապէս չեմ մեկնաբանում հայ-ռուսական յարաբերութիւնները, որովհետեւ այդ ոլորտում ինձ մասնագէտ չեմ համարում։ Որեւէ պատկերացում չունեմ, եւ ինձ հետաքրքիր էլ չէ՝ ով է ցուցակը կազմել ու պատւիրել»,- ամփոփեց իրանագէտը։

Նշենք, որ հայ մի շարք մասնագէտների անուններն ընդգրկող վերոնշեալ ցուցակն օգտատէրերի կողմից լուրջ չի ընդունւել, աւելին՝ կատակների տեղիք է տւել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։