Հա

Քաղաքական

10/01/2019 - 11:40

Յեղաշրջման նոր փուլ

Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին յաջորդել էր աննախադէպ քաղաքական ամայութիւն: Գրեթէ մէկ ամիս դադարած քաղաքական կեանքը կենդանութեան նշաններ ցոյց տւեց ԱՄՆ սենատի որոշումից յետոյ միայն՝ երբ Լինն Թրէյսին ՀՀ-ում դեսպան նշանակւեց: Թաւշեայ իշխանափոխութեան փուլի առաջադրանքները հեւիհեւ ու օրէնքների անտեսմամբ կատարած վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատարն անգործութեան վիճակից դուրս գալու, մանդատներ բաշխելու երկար սպասւած հրահանգը տալու եւ իւրայինների յուզումները փարատելու շանս ստացաւ:

ԱՐԹՈՒՐ ՄԽԻԹԱՐԵԱՆ

 

Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին յաջորդել էր աննախադէպ քաղաքական ամայութիւն: Գրեթէ մէկ ամիս դադարած քաղաքական կեանքը կենդանութեան նշաններ ցոյց տւեց ԱՄՆ սենատի որոշումից յետոյ միայն՝ երբ Լինն Թրէյսին ՀՀ-ում դեսպան նշանակւեց: Թաւշեայ իշխանափոխութեան փուլի առաջադրանքները հեւիհեւ ու օրէնքների անտեսմամբ կատարած վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատարն անգործութեան վիճակից դուրս գալու, մանդատներ բաշխելու երկար սպասւած հրահանգը տալու եւ իւրայինների յուզումները փարատելու շանս ստացաւ:

Իհարկէ, թաւշեայ առաջնորդի նոր կուրատորն իր հովանաւորեալին է ուղարկել նաեւ առաջիկայ 6 ամիսների գործունէութեան պլանը, որի իրագործմանը թաւշեայ պառլամենտն ու կառավարութիւնը կը լծւեն անհրաժեշտ կոնսուլտացիներից յետոյ միայն: Որոշ բարձրաստիճան ՔՊ-ականներ ակնկալում են տեւական գործուղումներ՝ արագացւած թրէյնինգներ անցնելու համար: Նրանք չեն բացառում նաեւ իրենց առաջնորդի հանդիպումը հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման «բացառիկ» մասնագէտ եւ տարծաշրջանային «համակարգող» Բրենդ Շեֆֆէրի հետ, ով հիմա նաեւ դասաւանդում է Ադրբեջանի դիւանագիտական ակադեմիայում:

Այս առումով բացառիկ է լինելու նաեւ ԱՄՆ պետքարտուղարութեան Միջին ու Մերձաւոր Ասիայի եւ Ռուսաստանի հարցերով նախկին աւագ խորհրդական, ՌԴ-ում, Թուրքմենստանում, Ղազախստանում, Աֆղանստանում փոխդեսպանի հարուստ փորձ կուտակած Լինն Թրէյսիի դերակատարութիւնը Հայաստանում: Պետդեպի «հերոսութեան համար» եւ ԱՄՆ մի շարք բարձրագոյն պարգեւներ ստացած դեսպանն արդէն յայտարարել է, որ աջակցելու է իր թաւշեայ հովանաւորեալին՝ «իր խաղաղ» իշխանափոխութեան ծրագիրը մինչեւ վերջ իրագործելու հարցերում, նաեւ շեշտել է, որ «մեծ աշխատանք կայ՝ ձեռքբերումներն ամրապնդելու համար»:

Վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատարը նոր կուրատորը մասամբ բացայայտել է իր դեսպանական առաքելութեան նպատակը. «Կառուցել անկախ, ժողովրդավար, բարգաւաճ Հայաստան, որն իր հարեւանների հետ կապրի խաղաղութեան մէջ է եւ իր գործընկերներին ազատօրէն ընտրելու հարցում կը լինի ինքնիշխան»: Յայտնի է նաեւ, որ տիկին Թրէյսին «սիրում» է ակտիւ շրջագայել երկրի մարզերում, միջամտել բոլոր տեսակի ու մակարդակի ընտրութիւններին, սերտօրէն ու հետեւողականօրէն «գործակցել» քաղաքագէտների, վերլուծաբանների, փորձագէտների, բիզնեսմենների, հասարակական կազմակերպութիւնների, քաղաքացիական ակտիւիստների, ուսանողների, փոխանակման ծրագրերի մասնակիցների ու կամաւորականների, ամէն տեսակի փոքրամասնութիւնների հետ, սակայն կտրականապէս չի «սիրում» ազատ մամուլը եւ իր բոլոր հանդիպումներն ու միջոցառումներն անցկացնում է միայն լրագրողների բացակայութեան պայմաններում։

Այս համապատկերում միանգամայն ակնկալելի էր ու տրամաբանական, որ պատգամաւորական մանդատներ ստացած ու դեսպանատանից ուղղորդւող «ազատ խմբագիրները» միահամուռ անտեսեցին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազօտական համալսարանի հիմնադիր, գեներալ լէյտենանտ Հայկ Քոթանջեանի բոթը՝ Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփիւռ հայութեան ազգային անվտանգութեան շահերից բխող ռազմավարական հետազօտութիւնները դադարեցնելու մասին: Փոխարէնը՝ բոլոր հնարաւոր ձեւերով տարածեցին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ մայոր Տաւարածեանի արդարացումը. «ներկայումս համալսարանը չի զբաղւում կիրառելիութեան հեռանկար չունեցող, իրագործելիութեան առումով մշուշոտ… հետազօտութիւնների ու ծրագրերի իրականացմամբ,… նոր անցում է կատարել առաջնահերթ շահերի մշակմանն ու գիտավերլուծական փորձաքննութեանը»:

Դէ իսկ գրոսմայստերներ Լեւոն Արոնեանի եւ Գաբրիէլ Սարգսեանի հիմնադրած շախմատի դպրոցին տրամադրւող ֆինանսական աջակցութիւնը պետականօրէն դադարեցնելու որոշումը գալիս է փաստելու, որ թաւշեայ իշխանութիւնները մեր երկրում բոլո՛ր ուղեղային կենտրոնները փակելու, ապա նաեւ՝ ժողովրդին մտածելն արգելելու ուղղակի առաջադրանք ունեն եւ այն քայլ առ քայլ իրագործում են՝ նոյն ժողովրդի հանդուրժող լռութեան պայմաններում: Մինչդեռ պատգամաւորական մանդատներ ստացած ու դեսպանատանից ուղղորդւող նոյն այդ «ազատ խմբագիրները» նոյնքան միահամուռ ու վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատարի հրահանգով, բայց առանց ժողովրդին հարցնելու, հիմքեր են ստեղծում՝ մեր երկրի աշխարհաքաղաքական վեկտորը տրամագծօրէն փոխելու համար:

​Մասնաւորապէս. արդեն ծրագրւած է՝ արտահերթ ԱԺ-ում ստեղծել նոր հակասահմանադրական մարմին՝ արտակարգ յանձնաժողով, որը պէտք է դադարեցնի թաւշեայ առաջնորդին տհաճ ու նրա իշխանութիւնը սահմանափակող բոլոր օրէնքների ու նոյնիսկ Սահմանադրութեան գործունէութիւնը: Այս մարմինը նախորդ փուլին բնորոշ հապշտապութեամբ քննելու է վերանկախացումից յետոյ կնքւած բոլոր այն միջազգային պայմանագրերի, կատարւած արտաքին ու ներքին գործարքների օրինականութիւնը, որոնք կը մատնանշի վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատարի նոր կուրատորը, իսկ որոնք կարող են խոչընդոտել աշխարհաքաղաքական վեկտորի արագ փոփոխութեանը՝ ուղղակիօրէն դադարեցնելու կամ չեղարկելու են:

​Իհարկէ. վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատարին առաջադրւած աշխարհաքաղաքական «նոր» պլանը շատ աւելի բազմաբովանդակ է ու աննախադէպ յստակ ուղղաւածութիւն ունի, որին դեռ հանգամանօրէն կանդրադառնանք: Մինչդեռ. «յուսահատ ջանք» պայմանական անւանում ստացած այս պլանն ունի մի մեծ թերութիւն: Այն անհրաժեշտ է իրագործել մինչեւ առաջիկայ ամառ՝ մինչեւ նոր արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ: Դատելով նորակազմ ԱԺ-ի ներուժային հնարաւորութիւններից՝ մէկ նստաշրջանում նման խնդիր վարչապետի դիլետանտական թիմը չի կարող լուծել, սակայն ամէն ինչ փչացնել՝ կը յանցնեն: Սա էլ հէնց՝ ծրագրի մինիմում նպատակն է:

«politik.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։