Հա

Քաղաքական

12/01/2019 - 14:30

Ժամանակը շատ քիչ է, կամ ինչո՞ւ պէտք է Հայաստանի նոր իշխանութիւնը խօսքից անցնի գործի

Սահմանը, որը յետյեղափոխական հռետորաբանութիւնը եւ էյֆորիկ տրամադրութիւնները բաժանեց այն ժամանակից, երբ պէտք է պետութեան կառավարման հետ կապւած կոնկրետ աշխատանք սկսել, խորհրդանշօրէն անցաւ Նոր տարւայ տօնով։ Ըստ ամենայնի, 2019 թւականը պէտք է գործերի եւ ոչ թէ կարգախօսների տարի լինի։ 

«alikonline.ir» - Սահմանը, որը յետյեղափոխական հռետորաբանութիւնը եւ էյֆորիկ տրամադրութիւնները բաժանեց այն ժամանակից, երբ պէտք է պետութեան կառավարման հետ կապւած կոնկրետ աշխատանք սկսել, խորհրդանշօրէն անցաւ Նոր տարւայ տօնով։ Ըստ ամենայնի, 2019 թւականը պէտք է գործերի եւ ոչ թէ կարգախօսների տարի լինի։ Այս մասին գրում է «Sputnik» Արմեիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրութիւնը դարձաւ այն ուղենիշը, որը պահանջում էր էյֆորիայով եւ խոստումնալից կարգախօսներով յեղափոխական տրամադրութիւններից սահուն, բայց բնական փութկոտութեամբ անցում կատարել շռայլօրէն տրւած խոստումների կատարմանն ուղղւած կոնկրետ գործերի։ Ընդ որում, պէտք է սկսել հիմքից` քաղաքական համակարգ եւ ժողովրդավարական ինստիտուտներ կառուցելուց։ Իսկ հասարակութիւնը շատ հարցերում պատրաստ չէ հեշտուհանգիստ ընկալել ժողովրդավարական գաղափարները։

Այս մասին այսօր հրաւիրւած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագէտ, Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարեանը։

«Հայաստանում չկան զարգացած, կայացած քաղաքական կուսակցութիւններ։ Կուսակցական համակարգը հիմա աւերակների մէջ է, երկրում չկան նորմալ գործող ժողովրդավարական ինստիտուտներ։ Արդար եւ թափանցիկ ընտրութիւնները քաղաքական եւ կուսակցական համակարգի ստեղծման առաջին քայլն են։ Այլ հարց է` կի կարողանա՞յ արդեօք նոր վերնախաւը լուծել այդ խնդիրը»,- ասաց Իսկանդարեանը։

Ասածի մէջ ճշմարտութիւն կայ։ Քաղաքական մի ապաստանից միւսը մշտապէս դեգերող եւ այնպիսի հարուստ պատմութիւն ունեցող կուսակցութիւնը, ինչպիսին ՀՅԴ-ն է, այդպէս էլ լիակշիռ եւ կայուն քաղաքական միաւոր չդարձաւ։ Այդ դէպքում ի՞նչ խօսենք ՀՀԿ-ի մասին, որն աւելի շուտ էլիտար ակումբ էր, եւ որից մինչեւ այսօր շարունակում են հեռանալ կուսակցականները։

Վերջին հանգամանքը, ի դէպ, կարող է օգտակար լինել ՀՀԿ-ի համար, չէ՞ որ հեռանում են նրանք, որոնց համար կուսակցութեանն անդամակցելը անհրաժեշտ էր որոշակի շահադիտական նպատակներից ելնելով։ Չգիտեմ` արդեօք հանրապետականները հիմա իրենց շարքերը վերցնելու խնդրանքով դիմումներ ունեն, թէ ոչ, բայց եթէ ունեն, ապա խնդրողներին երեւի պիտի անմիջապէս ընդունեն. ցանկացած նոր կուսակցական այսօր թարմ արիւն է, որն անհրաժեշտ է մաքրման ու վերածնւելու համար։ «Կատարսիս» բառը գուցէ պաթետիկ հնչի, բայց հէնց դա է պէտք, եթէ, իհարկէ, ՀՀԿ-ն ուզում է փոքր-ինչ նշանակալի ուժ մնալ քաղաքական դաշտում։

Չենք կարող յարգարժան քաղաքագէտի հետ չհամաձայնել այն հարցում, որ ամուր եւ լիարժէք քաղաքական ու կուսակցական համակարգի ստեղծման առաջին քայլն արդար ընտրութիւնն է։ Բայց հարցն այն է, որ դեկտեմբերին կայացած ընտրութիւնը չէր կարող անարդար լինել. որեւէ խարդախութիւն անելու իմաստ չկար, քանի որ արդիւնքը կանխորոշւած էր։ Չէ՞ որ անհեթեթ կը լինէր նման պայմաններում, օրինակ, քւէաթերթիկներ կեղծել ու քւէատուփեր լցոնել։

Իսկ ահա յաջորդ ընտրութիւնը, երբ էլ կայանայ, իսկապէս ցոյց կը տայ ընտրական գործընթացների արդարութեան եւ թափանցիկութեան իրական աստիճանը։ Հաւանաբար միայն այդ ժամանակ հնարաւոր կը լինի հիմնաւորւած հետեւութիւններ անել այն մասին, թէ արդեօ՞ք Հայաստանում կայացել է քաղաքական համակարգը, թէ ոչ, եւ արդեօ՞ք այդ ժամանակ գործող (ապագայ) իշխանութիւնը չի սկսի, ինչպէս մեզ մօտ ընդունւած է, ամենամեղսաւոր մեթոդները կիրառել սեփական վերարտադրութիւնն ապահովելու նպատակով։

Այդ ամէնի համար շատ ժամանակ կը պահանջւի, իսկ ժամանակ չկայ։ Երկիրն այն վիճակում չէ` ո՛չ ներքաղաքական, ո՛չ սոցիալական, ո՛չ տնտեսական եւ նոյնիսկ ո՛չ աշխարհագրական առումով, որպէսզի իրեն շռայլութիւն թոյլ տայ դանդաղ եւ կշռադատւած քայլերով լուրջ պետութիւն կառուցել։ Ի վերջոյ, մենք Եւրոպայի կենտրոնում չենք, եւ մեր հարեւաններն էլ բարեսիրտ Շւէյցարիան ու Լիխտենշտէյնը չեն։

Անհաւանական թւով պարտականութիւնների պատճառով ծնւած մոլորւածութիւնը «վատ նախորդների» մասին անվերջանալի խօսակցութիւններով կոծկելու ցանկութիւն, իհարկէ, կայ։ Տօներից առաջ այս մասին խօսել էր պաշտպանութեան նախկին նախարար Վիգէն Սարգսեանը։

«Միշտ գայթակղիչ է ցանկացած ձախողման մէջ մեղադրել նախկիններին: Հեշտ է որեւէ հարցի պատասխանելիս յղում կատարել անցեալին: Բայց միակենտրոն իշխանութեան խաչը կրկնակի ծանր է: Եկել է լրջանալու եւ պատասխանատւութիւն ստանձնելու պահը: Որքան էլ հեշտ թւայ նախորդներին մեղադրելով եւ դրա շուրջ ցուցադրական միջոցներ ձեռնարկելով միաւոր վաստակելը, այն չի լուծելու երկրի զարգացման խնդիրը, ոչ էլ ձեւաւորելու է իշխանութեան նկատմամբ վստահութիւն հանրութեան ու միջազգային գործընկերների մօտ: Աւելին` պետութիւնը վերածելու է անկանխատեսելի անցեալ ու ապագայ ունեցող երկրի, որտեղ չեն շտապում ո՛չ լուրջ ներդրողը, ո՛չ պոտենցիալ հայրենադարձը»,- ասել է Վիգէն Սարգսեանը։

Սակայն ժամանակն ամէն դէպքում սուղ է, շատ սուղ։ Եւ բնական է, որ որոշ որոշումներ հապճեպ են ընդունւելու, յուզական ֆոնի տակ եւ առանց պատշաճ վերլուծութեան։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ որոշումները հնարաւոր լինի վերանայել, որպէսզի դրանք անուղղելի հետեւանքների չյանգեցնեն։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։