Հա

Քաղաքական

14/01/2019 - 14:20

Այն, ինչ կարելի է ԱՄՆ-ին ու Եւրոպային, չի կարելի Հայաստանին. երկակի ստանդարտներ

Պատկերացումը, թէ ինչ է ժողովրդավարութիւնը թոյլ տալիս, իսկ ինչը, մերժում հայ հասարակութեան շրջանում, հիմնականում, դեռ չի ձեւաւորւել։ Որպէս ամենաթողութեան քարտ-բլանշ «ժողովրդավարական գործընթացների» վերաբերեալ բացարձակ սխալ ընկալումը քիչ ընդհանրութիւն ունի այն պայմանների հետ, որում ապրում են «արեւմտեան ժողովրդավար» պետութիւն կոչւող երկրները։ 

«alikonline.ir» - Պատկերացումը, թէ ինչ է ժողովրդավարութիւնը թոյլ տալիս, իսկ ինչը, մերժում հայ հասարակութեան շրջանում, հիմնականում, դեռ չի ձեւաւորւել։ Որպէս ամենաթողութեան քարտ-բլանշ «ժողովրդավարական գործընթացների» վերաբերեալ բացարձակ սխալ ընկալումը քիչ ընդհանրութիւն ունի այն պայմանների հետ, որում ապրում են «արեւմտեան ժողովրդավար» պետութիւն կոչւող երկրները։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Հայաստանում հանրահաւաքների, փողոցային ցոյցերի միջոցով խնդիրներ լուծելու փորձերն արդէն վաղուց սովորական են դարձել։ Երեւանի երթեւեկութիւնը կարող է կաթւածահար լինել շաբաթներով, օրինակ, երբ բողոքում են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դէմ կամ «թաւշեայ յեղափոխութիւն» է տեղի ունենում։ Զինւած խումբը կարող է յարձակւել ոստիկանութեան գնդի վրայ, եւ դարձեալ շաբաթներով այնտեղ բանակցութիւններ կընթանան, իսկ յետագայում այդ խմբի անդամներին ազատ կարձակեն համաներմամբ կամ խափանման միջոցը փոխելով...

Մեզ համար նման երկարատեւ բողոքի ցոյցերը նորմալ երեւոյթ են դարձել։ Հայաստանի իշխանութիւնները միշտ էլ ցուցարարներին աւելին են թոյլ տւել այն ամէնից, ինչը վայրկենապէս կը կանխւէր այդ ցուցարարներից շատերի կողմից այդքան սիրւած արեւմտեան երկրներում։ Ձեռքիս տակ ընկաւ յայտնի լրագրող Վիկտոր Մարախովսկու յօդւածը. ամբողջութեամբ այն կարելի է ընթերցել` անցնելով հետեւեալ յղումով, իսկ այստեղ միայն մի փոքր հատւած մէջբերեմ։

«Շատերը տարակուսանքի մէջ են արտերկրից ստացւող տեղեկութիւնների պատճառով։ Ֆրանսիայի վարչապետը խոստացել է խստացնել անօրինական հանրահաւաքներին մասնակցելու պատիժը, եւ հանրութիւնն իմացաւ, որ Ֆրանսիայում «Դեղին բաճկոններ»-ի բողոքի ցոյցերի ժամանակ շուրջ 6 հազար մարդ է կալանաւորւել, իսկ աւելի քան 1000-ը` դատապարտւել։ Իմացաւ նաեւ, որ չհամաձայնեցրած բողոքի ցոյց կազմակերպելու համար ֆրանսիացուն առաջին անգամ կէս տարւայ ազատազրկում է սպառնում եւ 7.5 հազար եւրոյի տուգանք, իսկ կրկնւելու դէպքում` 1 տարի ազատազրկում եւ տուգանք 15 հազար եւրոյի չափով (ընդ որում, Ֆրանսիայում միջին աշխատավարձը 2.25 հազար եւրո է)։

Գրեթէ բոլոր առաջադէմ ժողովրդավարական երկրներում «մայդանների» վերաբերեալ օրէնսդրութիւնն արագ եւ դաժան գործողութիւններ է նախատեսում։ Պարզապէս այն պատճառով, որ նորմալ արեւմտեան ժողովրդավարութիւնը կառուցւած է վերնախաւի շահերի հաւասարակշռութեան վրայ, վերնախաւ, որոնցից իւրաքանչիւրը հասարակութեան մի մասի վստահութեան փաթեթն ունի (միեւնոյն ժամանակ ոչ ոք նրա վերահսկիչ փաթեթը չունի)։

Խաղի նման կանոնների դէպքում բռնութեան պատրաստ զանգւածներ փողոց դուրս բերելն ահաւոր յանցագործութիւն եւ կոնւենցիայի խախտում է։ Այդ իսկ պատճառով բոլոր նրանց, ովքեր հակւած են դրան, աչքի տակ են առնում վաղ փուլում եւ բաւական արագ դուրս անում ոչ միայն քաղաքական գործընթացներից, այլեւ ընդհանրապէս լիարժէք կեանքից իջեցնում հասարակութեան յատակը»,- գրում է Մարախովսկին։

Իհարկէ, հեղինակը գրում է ռուսական լսարանի համար, սակայն այս ամէնը հիանալի կիրառելի է նաեւ հայկական հողի վրայ։ Մեզնից ո՞վ է երկարատեւ զանգւածային բողոքի ակցիաներ կազմակերպողների նկատմամբ երբեւէ լսել լուրջ միջոցներ կիրառելու մասին, թէկուզ զուտ վարչարարական։ Բայց չէ՞ որ վախենալու է նոյնիսկ մտածելը, թէ ինչ տեղի կունենար Ֆրանսիայում, եթէ այնտեղ զինւած մարդիկ գրաւէին ոստիկանական գունդը, որտեղ կայ զէնք, առաւել եւս իրաւապահ մարմինների ներկայացուցիչներից մէկը զոհւէր` իր պարտականութիւնների կատարման ժամանակ։ Հազիւ թէ չափազանցութիւն լինի ենթադրելը, որ կա՛մ յարձակւողները մի քանի ժամ անց կը յանձնւէին ինքնակամ, կա՛մ ամբողջ տարածքը հրանետերով այրւած կը լինէր, հաւանաբար պատանդների հետ միասին, դէ շէնքը պաշարած ահաբեկիչների մասին խօսք լինել չի կարող։

Կամ պատկերացնենք, որ Նիւ Եօրքում շաբաթներով փակւած են կենտրոնական փողոցներն ու պողոտաները։ Աւելի ճիշտ դա անհնար է պատկերացնել, քանի որ ոչ թէ մէկ շաբաթ, այլ նոյնիսկ 24 ժամ դրանք փակ չէին մնայ, եւ իշխանութիւնների արձագանգն աւելի խիստ կը լինէր, քան կարելի է պատկերացնել Երեւանում։

Հայրենական իշխանութիւնները մեզ սովորեցրել են, որ բողոքել կարելի է ուզածի չափ երկար եւ ուզածի պէս, նոյնիսկ ամենաանհեթեթ առիթով։ Եւ հիմքեր կան կարծելու, որ բողոքի ցոյցերը, որոնք դրանց շարքային եւ միամիտ մասնակիցները «ժողովրդական» են համարում, վաղուց արդէն յարմարեցւել են որպէս իշխանութեան (ցանկացած իշխանութեան` ե՛ւ հեռացած, ե՛ւ եկած, ե՛ւ նրանց, ովքեր դեռ նախագծում են) ձեռքի գործիք։ Ամենածայրայեղ դէպքում բողոքի ցոյցերը թոյլ կը տան «ժողովրդական զանգւածներին» պարպել բարկութիւնը, չէ՞ որ դա էլ արդիւնք է։

Ահա այդպէս, օրինակ, տեղի է ունենում փողոցների փակում ընդդէմ, ասենք, Մանուէլ Գրիգորեանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշման։ Ցուցարարները դատարանը մի ատեան են համարում, որն իրենց ենթակայութեան տակ է գտնւում, որը պարտաւոր է ենթարկւել իրենց, իսկ իրենք իրենց իրաւասու են համարում փակել օդանաւակայան տանող ճանապարհը` սպառնալով կաթւածահար անել արդէն ոչ թէ մայրաքաղաքը, այլ երկիրը։

Թոյլ կը տամ ինձ եւս մէկ անգամ անդրադառնալ Մարախովսկու յօդւածին։ Ամենատարբեր տեղեկութեան անվերջանալի հոսքում գտնւելով, ասում է նա, մարդն իր համար ինքնատիպ ֆիլտրեր է «աճեցնում», որոնք թոյլ են տալիս ներս թողել միայն այն տեղեկութիւնը, որը նա  համարում է անհրաժեշտ եւ օգտակար։ Սա, հաւանաբար, փրկում է խելագարւելուց, սակայն անխուսափելիօրէն անհատի մօտ աշխարհի աղաւաղւած պատկեր է ստացւում, ճկւած սեփական պատկերացումների կողմ, որտեղ նա իրեն առաւելագոյնս յարմարաւէտ է զգում։

Այսպիսով` ամբողջ զտւած ու մաղւած տեղեկութիւնը «լինում է միակողմանի, ծառայում պատրանքների ամրապնդմանն ու դրանց վրայ յենւելուն։ Իսկ շատերի համար ընդունելի պատրանքը ծայրայեղ պահի կարող է կոլեկտիւ զառանցանքի վերածւել, եւ այդժամ հասարակութեանը նախանձել չի լինի»։ Սա Մարախովսկու տեսութիւնն է, իսկ մենք վերապրեցինք այն գործնականում բոլորովին վերջերս։

Այնպէս որ մարդը բղաւելու եւ բողոքելու ազատութիւն, օրինակ, Հայաստանում աւելի շատ ունի, քան որեւէ մէկի կողմից իդէալականացւող Եւրոպայում եւ Հիւսիսային Ամերիկայում։ Այս հարցում մենք այդ ժողովրդավար երկրներից հարիւր միաւոր առաջ ենք։

Սակայն յանուն արդարութեան պէտք է նշել, որ այն, ինչ թոյլատրւած է Իւպիտերին, թոյլատրւած չէ «հասարակ մարդկանց»։ Ցոյցը դաժանօրէն ցրելը, գուցէ նաեւ զոհերով, նորմալ է արեւմտեան երկրների համար, որեւէ մէկը երբեք նրանց դրա համար չի մեղադրի։ Միայն փորձիր այնտեղ փակել Հիթրոու օդանաւակայան տանող ճանապարհը։ Իսկ նման ցոյցը մեզ մօտ ցրելու դէպքում, անմիջապէս նոյն Արեւմուտքից կը ժամանեն արտիստներ եւ ռոքերներ, մարդու իրաւունքների պաշտպաններ, միջազգային կազմակերպութիւններ, իսկ համապատասխան ԶԼՄ-ները մեծ աղմուկ կը բարձրացնեն։

Եւ դա նորմալ է, քանի որ արդէն վաղուց է նորմալ դարձել կրկնակի կամ եռակի ստանդարտների կիրառումը ե՛ւ միջպետական, ե՛ւ միջանձնային յարաբերութիւններում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։