Հա

Քաղաքական

04/02/2019 - 13:50

Սփիւռքի հարցերով ինստիտուցիոնալ կառոյցի գոյութիւնը համազգային նշանակութիւն ունի

Սփիւռքի նախարարութիւնը փակելու որոշումը ոչ միանշանակ է ընկալւում Հայաստանում եւ Սփիւռքի տարբեր համայնքներում: ՀՀ Սփիւռքի նախարարութեան հայրենադարձութեան բաժնի պետ, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Յովհաննէս Ալեքսանեանը, ի թիւս այլոց, նոյնպէս իր մտահոգութիւններն ու առաջարկներն է ներկայացրել «Yerkir.am»-ի հետ զրոյցում:

«alikonline.ir» - Սփիւռքի նախարարութիւնը փակելու որոշումը ոչ միանշանակ է ընկալւում Հայաստանում եւ Սփիւռքի տարբեր համայնքներում: ՀՀ Սփիւռքի նախարարութեան հայրենադարձութեան բաժնի պետ, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Յովհաննէս Ալեքսանեանը, ի թիւս այլոց, նոյնպէս իր մտահոգութիւններն ու առաջարկներն է ներկայացրել «Yerkir.am»-ի հետ զրոյցում:

 

Ինչպէ՞ս էք գնահատում Հայաստան-Սփիւռք գործակցութեան ներկան եւ հեռանկարները, Սփիւռքի նախարարութեան փոխարէն ՀՀ վարչապետի աշխատակազմում Սփիւռքի հարցերով դեսպան ունենալու նոր մօտեցումը:

- Հայաստան-Սփիւռք գործակցութիւնը փաստացի 100 տարւայ պատմութիւն ունի, թէեւ Սփիւռքի ձեւաւորման մասին, որպէս այդպիսին, կարող ենք խօսել` սկսած 1920-1930-ական թւականներից: Հայաստանի Առաջին Հանրապետութեան կառավարութիւնների տարբեր մինիստրութիւնների կազմում գործել են համապատասխան բաժիններ, որոնք զբաղւել են գաղթօջախների, տարբեր տարածաշրջաններում ապաստան գտած հայ գաղթականութեան, ներգաղթի կազմակերպման հարցերով: Խորհրդային իշխանութեան տարիներին աւելի համակարգւած, սակայն հսկողութեան ներքոյ, ոչ լիարժէք օրակարգով ու բովանդակութեամբ յաջորդաբար գործել են մի շարք կառոյցներ՝ ՀՕԿ-ը, Արտասահմանեան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերութիւնը եւ Սփիւռքահայութեան հետ մշակութային կապերի կոմիտէն: Բացի այդ` գործել են Ներգաղթի կոմիտէ, տարբեր յանձնաժողովներ, որոնք նախապատրաստել եւ իրականացրել են շուրջ 200 հազար սփիւռքահայերի հայրենադարձութիւնը Խորհրդային Հայաստան: Հայաստանի անկախութեան վերականգնումից յետոյ ՀՀ ԱԳՆ կազմում գործել են Սփիւռքի վարչութիւնը, Գործադիր քարտուղարութիւնը, Պետական կոմիտէն, իսկ արդէն 2008 թ. ձեւաւորւել է Սփիւռքի նախարարութիւնը: Ինչպէս տեսնում ենք, պայմանաւորւած Սփիւռքի խնդիրներով, Հայրենիք-Սփիւռք կապերով մշտապէս գործել են համապատասխան կառոյցներ, որոնք տարբեր փուլերում լուծել են տարբեր խնդիրներ, սակայն Սփիւռքի կարեւորութիւնն ու Հայաստանի կեանքում նրա աճող դերակատարութիւնն, ի վերջոյ, յանգեցրել են առանձին պետական լիազօր մարմին ունենալու անհրաժեշտութեանը:

Սփիւռքի հարցերով ինստիտուցիոնալ կառոյցի գոյութիւնը համազգային նշանակութիւն ունի: ՀՀ կառավարութեան կառուցւածքի փոփոխութեան մասին օրէնքի նախագծի երեւան գալուց յետոյ ՀՀ վարչապետի աշխատակազմում Սփիւռքի հարցերով դեսպան եւ գրասենեակ ունենալու տարբերակը ինքնատիպ, օրիգինալ լուծում է, սակայն մինչեւ նրանց լիազօրութիւնների, քաղաքականութիւն մշակելու եւ իրականացնելու, գործառոյթների վերաբերեալ ամբողջական պատկերացումը, գնահատել հնարաւորութիւնները դժւար է: Սփիւռքը զգայուն օրգանիզմ է, արագ արձագանքում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին, ունի մեծ ուշադրութեան ու անխափան գործակցութեան կարիք: Այդ առումներով Հայաստան-Սփիւռք օրակարգը մշտապէս թարմացման ու համալրման կարիք ունի: Ժամանակակից աշխարհը շատ արագ է փոխւում, ուստի ներկայ պայմաններում անհրաժեշտ է.

  1. ՀՀ-Սփիւռք հաղորդակցութեան արդիւնաւէտ եւ երկարաժամկէտ հայեցակարգ՝ հաշւի առնելով մի կողմից Հայաստանի, միւս կողմից՝ Սփիւռքի կարողութիւններն ու հետաքրքրութիւնները,
  2. աշխարհասփիւռ հայութեան ակտիւ ներգրաււածութիւնը Սփիւռքում գործող համայնքային ու հասարակական կառոյցներում, կիրառել Սփիւռքի ինքնակազմակերպման արդիւնաւէտ մեխանիզմներ եւ այդ նպատակով համակարգել անհրաժեշտ ռեսուրսները,
  3. Սփիւռքի ներուժի առաւելագոյն համախմբումն ու ներգրաւումը Հայաստանի զարգացման եւ արդիականացման գործում՝ այդ վերջակէտին հասնելու համար Սփիւռքում՝ հայապահպանութեան, Հայաստանում՝ հայրենադարձութեան ու ինտեգրման ռազմավարութիւնների, ծրագրերի գործադրմամբ:

Վերոյիշեալ կէտերի արդիւնաւէտ իրականացման համար, նախ եւ առաջ, պէտք է արժեւորել ու գնահատել Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների 30-ամեայ՝ 1988-2018 թթ. փուլը, երբ, սկսած Արցախեան շարժումից եւ Սպիտակի աւերիչ երկրաշարժից, մի կողմ դրւեցին եղած բոլոր կապանքներն ու արգելքները, ունեցանք ձեռքբերումներ ու բացթողումներ, ոգեւորութեան ու հիասթափութեան առիթներ: Հարկ եմ համարում յատուկ շեշտել, որ դեռեւս լիովին գնահատւած չէ նաեւ Սփիւռքի նախարարութեան ունեցած կարեւոր դերակատարութիւնն ու կատարած աշխատանքն այս խնդիրների նախանշման ու լուծման ուղղութեամբ, իսկ ապագայի ծրագրերն ուղղակիօրէն յեւվելու են նախորդ տարիներին ունեցած փորձառութեան վրայ: Դա անխուսափելի է:

 

- Սփիւռքում առկայ ի՞նչ հիմնախնդիրներ կառանձնացնէիք այսօր:

- Այսօր Սփիւռքի առջեւ ծառացած են լրջագոյն հիմնախնդիրներ եւ մարտահրաւէրներ, որոնց լուծմանն իր անմիջական մասնակցութիւնը պէտք է ունենայ ինչպէս Հայաստանի Հանրապետութիւնը, այնպէս էլ  իւրաքանչիւր հայ: Օտար միջավայրի ուժեղ ներգործութիւնը մեծ խնդիրների է յանգեցնում, առկայ է ազգային ինքնութիւնից հեռացման վտանգ, տարածւած են խառնամուսնութիւնները, նահանջ կայ հոգեւոր-մշակութային ու ընտանեկան արժէքներից: Հայապահպանութեան ուղղութեամբ առաւել մեծ ուշադրութիւն եւ ջանքեր են պահանջւում: Սփիւռքի երիտասարդութիւնը բաւարար չափով ներգրաււած չէ համայնքային կեանքին, ազգային կառոյցները պահպանելու ու զարգացնելու խնդիր կայ: Այս խնդիրների լուծումը ռեսուրսներ, ժամանակ ու արհեստավարժութիւն է պահանջում: Սփիւռքեան տարբեր համայնքների ու կառոյցների նկատմամբ հայատեացութեան դրսեւորումները նոր թափ են հաւաքել, որի ակնառու դրսեւորումներից էին բոլորովին վերջերս՝ յունւար ամսին, Ղազախստանի Կարագանդա քաղաքում հրահրւած միջադէպը, Լոս-Անջելէսի հայկական դպրոցների նկատմամբ ոտնձգութիւնը, Վրաստանի հայութեան շուրջ ծաւալւած իրադարձութիւնները, որոնց թիկունքում արդէն բացայայտ երեւում են թուրք-ադրբեջանական շրջանակները: Միանշանակ է, որ թուրք-ադրբեջանական շրջանակների թիրախում նաև հայկական Սփիւռքն է, որի ներուժը, Հայաստանին թիկունք լինելու հանգամանքը նրանց  հանգիստ չի տալիս: Սփիւռքն իրաւամբ Հայաստանի շարունակութիւնն ու մրցակցային առաւելութիւնն է՝ պատրաստ իր մարդկային, մասնագիտական, նիւթական մեծ կարողութիւններով լուծելու Հայրենիքի առջեւ ծառացած խնդիրները: Հայաստանն իր հերթին պարտաւոր է հաղորդակից լինել Սփիւռքի կողմից բարձրացւող բոլոր խնդիրներին, լծւել դրանց լուծման գործին ու լսել նրա տեսակէտները համահայկական օրակարգի շուրջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։