Հա

Քաղաքական

05/02/2019 - 15:00

Վարդան Ոսկանեան. «Իրանի հետ յարաբերութիւններում, տնտեսական կապերից բացի, կարեւոր են քաղաքական յայտարարութիւնները»

Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ արտաքին յարաբերութիւնների ոլորտում նկատւել է որոշակի դադար, ու դա վերաբերում է նաեւ Հայաստան-Իրան յարաբերութիւններին, դա պէտք է լրացւի, որովհետեւ ՀՀ-Իրան յարաբերութիւնների օրակարգը չափազանց հարուստ է ու բազմազան: 

«alikonline.ir» - Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ արտաքին յարաբերութիւնների ոլորտում նկատւել է որոշակի դադար, ու դա վերաբերում է նաեւ Հայաստան-Իրան յարաբերութիւններին, դա պէտք է լրացւի, որովհետեւ ՀՀ-Իրան յարաբերութիւնների օրակարգը չափազանց հարուստ է ու բազմազան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի առաջիկայ հանդիպմանը, ասաց իրանագէտ Վարդան Ոսկանյանը` ընդգծելով, որ իշխանութիւնները գալիս ու գնում են, բայց պետութիւնների բարեկամութիւնը յաւերժ է: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

«Ուզում եմ անդրադառնալ հայ-իրանական որոշ ծրագրերի, որոնք մեր երկիրը կարող են դարձնել բոլորովին այլ մակարդակի: Այդ ծրագրերից առաջինը Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքն է ու այդ միջանցքին Հայաստանի մաս կազմելու հանգամանքը: Իրանական կողմից նման ազդակ եղել է նաեւ Փաշինեան-Ռոհանի հանդիպման ընթացքում, երբ իրանական կողմը նախագահի շուրթերով ուղերձ յղեց Հայաստանին` մեր երկիրն այդ միջանցքի կարեւորագոյն բաղադրիչ տեսնելով: Պէտք է դինամիկ իրավիճակներում կողմնորոշւելու ունակութիւններ ունենանք եւ կենտրոնանանք կենսական շահերի տեսանկիւնից կարեւոր ու իրականանալի ծրագրերի վրայ: Իսկ դրանցից առաջինն իրականացնելու համար ընդամենը պէտք է արագ ու որակեալ կառուցել Հիւսիս-հարաւ աւտոմայրուղին: Դա մեր պետութեանը ոչ միայն տնտեսական զարգացում ունենալու, այլեւ նոր տարածաշրջանում նոր հարթութեան մէջ յայտնւելու հնարաւորութիւն կը տայ»,- ասաց իրանագէտը` աւելացնելով, որ Ադրբեջանի կողմից տարւող մեկուսացման քաղաքականութիւն պայմաններում նմանատիպ ծրագրերի իրագործմամբ պէտք է կարողանանք Հայաստանը դուրս բերել հնարաւոր շրջափակումից:

Ոսկանեանը շեշտեց, թէ առնւազն զարմանալի է` ինչու հայկական կողմը որոշակի քայլեր չի ձեռնարկում (կամ գուցէ ձեռնարկում է, բայց դրա մասին յայտարարութիւններ չկան)` միանալու Եւրոմիութեան երկրների կողմից Իրանի հանդէպ յայտարարւած պատժամիջոցները շրջանցող փաստաթղթին:

«Հայաստանից Բոլթոնի արած յայտարարութիւնը մարտահրաւէր էր հայ-իրանական յարաբերութիւններին, որովհետեւ մեր պետութեան տարածքից քննադատւում էր հարեւան պետութիւնը, որի հետ մենք բաւական բարձր մակարդակի յարաբերութիւն ունենք: Նրա յայտարարութիւնում մէկ այլ կարեւոր հանգամանք կայ` Հայաստան-Իրան սահմանի` իբր խնդրահարոյց լինելու հանգամանքն է: Հայաստան-Իրան սահմանը աշխարհի հնագոյն սահմաններից է: Այսօրւայ Մերձաւոր Արեւելքում չենք գտնի 2500-ամեայ կայուն ու անվտանգ սահման: Այս իմաստով կարծում եմ, որ այդպիսի յայտարարութիւններին մենք պէտք է յստակ արձագանգենք, որովհետեւ այդ սահմանը չի կարող լինել խնդրահարոյց երբեւիցէ ու որեւէ պարագայում»,- ասաց իրանագէտը:

«Yerkir.am»-ի հարցին` ստացւում է, որ Իրանի հետ յարաբերութիւններում` քաղաքական յայտարարութիւնների մակարդակում, իշխանութիւնները թերանում են, նա նախ պատասխանեց, որ Իրանի դէմ պատժամիջոցների գործադրման փուլում նոյնիսկ Ադրբեջանը, որը թէեւ ծածուկ, բայց, ըստ էութեան, հակաիրանական գոյացութիւն է, բարոյական հարթութեան մէջ որոշակի ուղերձներ յղեց առ Իրան, թէ իրենք չեն մասնակցելու այդ պատժամիջոցներին, ապա յաւելեց. «Մեր կողմից նման ուղերձներ չեղան, բայց քաղաքականութեան մէջ մեր ծրագրումը պէտք է լինի շատ աւելի մտածւած, շատ աւելի խելամիտ, եւ պարզապէս զուտ ուղերձը կարող է մեծ դերակատարում ունենալ Հայաստան-Իրան յարաբերութիւնների համատեքստում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։