Հա

Քաղաքական

06/02/2019 - 08:40

1994. Ծաղկած խրամատներ

Խրամատում եմ: Շուտով նոր տարի է: Որոշեցի, որ պէտք է սկսեմ գրի առնել յուշերս՝ 1994 թ. յունւարի մէկից սկսած: Ափսոս, որ չհասցրեցի մինչ այդ գրառումներ անել. մինչեւ 1994-ն էլ գրելու շատ բան կար, այնքա՜ն շատ: Բայց, ոչինչ, դրանք էլ մնացել են սրտիս էջերում: Այն, ինչ որ պիտի սկսեմ շարադրել, դարձեալ սրտիցս է բխում, բայց այս անգամ պիտի կիսւեմ, զրուցեմ օրագրիս հետ: 1994-ը պիտի լաւ տարի լինի, այն պիտի անմոռանալի տարի լինի բոլորիս համար. ես հաւատում եմ 1994-ին:

«Հազիւ վեց տարեկան տղան հօր հետ քայլելիս հարցնում է.

Պա՛պեթէ բոլորը մեռնում ենախր ինչու՞ ենք ծնւել

1994 թԱրցախ»

Եւ ահա ձեռքիս է ազատամարտիկի օրագիրը: Նա ինձանից մեծ է 18 տարով, բայց ես նրան ընկեր եմ համարում, որովհետեւ ազնիւ մարդիկ այսօր շատ քիչ են, իսկ այդ քչերի հետ ես աշխատում եմ ընկերութիւն անել: Նրա երիտասարդութիւնը, ինչպէս եւ շատերինը, «ծաղկել է» խրամատներում, բայց նրա համար այդ տարիները ոչ թէ կորցրած, այլ գտած տարիներ են: Հարցնում եմ՝ ինչո՞ւ, ասում է՝ երեւի բառապաշարս չհերիքի պատասխանել, այդ տարիները պէտք է պարզապէս ապրել, զգալ

Եւ ահա թերթում եմ ինձ վստահւած օրագիրը, որում հասցրել է գրառել միայն 1994 թւականի որոշ իրադարձութիւններ: Խունացած թղթի հոտ եմ առնում օրագրից եւ մտածում՝ սա էլ է երեւի պատերազմի հոտը: Նա, ասես մտքերս կարդալով, վերցնում է տետրը եւ մի լաւ հոտ քաշում, յետոյ ասում է՝ կը յաջողւի՞ մի բան խմբագրելԻսկ խունացած տետրից լայն բացած աչքով ինձ է նայում պատերազմը: Արդեօք որեւէ մէկը կարո՞ղ է պատերազմը խմբագրել, ուղղել, շտկելայդ հարցից Ձմեռ պապի կախարդական փայտիկին նորից հաւատալու ցանկութիւն եմ ունենում եւ ափսոսում եմ, որ շուտ եմ մեծացելԱխր, պատերազմ էր, այն տարիներին Ձմեռ պապն էլ էր յոգնել պատերազմիցԲայց ամենաշատը այդ տարիներին էին 1-ից 100 տարեկան երեխաները հաւատում Ձմեռ պապին, թեւ նա չէր հասցնում երազանքներ իրականացնել

Ես կը փորձեմ առանձին պատմութիւնների տեսքով ներկայացնել ազատամարտիկի յուշագրութիւնը, չէ որ պատերազմը այդպէս էլ չլքեց մեզ, չսովորեց հրաժեշտի լեզուն եւ հիմա էլ ամէն օր անցնում է մեր կողքով, մե՛րթ թաքնւում է, մե՛րթ դուրս է գալիս, թափառում, ընկնում փողոցները, գո՞ւցէ ծիծաղում մեր հաւատի վրայ… Բայց մեր կամքը կը յաղթի ու մեր հոգու խրամատներում կը ծաղկեն մանուշակները… Իսկ դու, ընթերցող, կարդայ այս յուշերը եւ երբեք մի մոռացիր, որ ինչ-որ տեղ դեռեւս ապրում են հրաշքները

 

«Երնեկ թէ այս Նոր տարին…»

1993 թդեկտեմբերի 27

Խրամատում եմ: Շուտով նոր տարի է: Որոշեցի, որ պէտք է սկսեմ գրի առնել յուշերս՝ 1994 թ. յունւարի մէկից սկսած: Ափսոս, որ չհասցրեցի մինչ այդ գրառումներ անել. մինչեւ 1994-ն էլ գրելու շատ բան կար, այնքա՜ն շատ: Բայց, ոչինչ, դրանք էլ մնացել են սրտիս էջերում: Այն, ինչ որ պիտի սկսեմ շարադրել, դարձեալ սրտիցս է բխում, բայց այս անգամ պիտի կիսւեմ, զրուցեմ օրագրիս հետ: 1994-ը պիտի լաւ տարի լինի, այն պիտի անմոռանալի տարի լինի բոլորիս համար. ես հաւատում եմ 1994-ին:

1993թդեկտեմբերի 31-1994 թյունւարի 1

Նոր տարին եկաւ զէնքերի կրակոցների հետ: Երկինքը կարմրեց: Կրակում էինք թէ՛ մենք, թէ՛ թշնամին: Թէ՛ մենք, թէ՛ իրենք այդպէս էինք ուրախանում Նոր տարւայ գալուստով: Մի բան գիտեմ՝ կրակելիս մենք մտածում էինք խաղաղ Նոր տարւայ մասին, իրենք՝ չգիտեմ: Ախր, ո՞ր մի զինւորը չի սիրում խաղաղութիւնը…

Կրակելուց յետոյ մտանք «բլինդաժ»: Ինչ-որ ձեւով պէտք է նշենք Ամանորը, բայց ինչպէ՞ս: Եղած-չեղածը տղերքը իրար կողքի հաւաքեցին, իսկ եղած-չեղածը 2 չոր հաց էր եւ մի քանի սոխ: Հա՛, մոռացայ, նաեւ՝ աղ: Եթէ դուք երբեւէ աղով ու սոխով հաց չէք կերել, ապա դժւար թէ հիմա պատկերացնէք, թէ դա ինչքան համով բան է. խորհուրդ կը տամ փորձել, համ էլ՝ օգտակար է առողջութեանը: Տղաները հերթով մօտեցան, մի կտոր հաց կտրեցին, սոխը քսեցին հացին, մի քիչ աղ ցանեցին ու կերան: Ոմանք դժգոհ էին աշխարհից, կեանքից, հրամանատարութիւնից, ոմանք լուռ ուտում էին: Ես գիտեմ, մի օր այսօրը քաղցրութեամբ ենք յիշելու, հաստատ գիտեմ: Մտածեցի ինքս ինձ ու կուլ տւեցի սոխով թաթախւած չորահացը:

Յետոյ տիրեց լռութիւն: Ամէն մէկը երեւի մտքով տուն գնաց, տաքացաւ տան վառարանի կողքին, տնեցիների հետ սեղան նստեց, բաժակ բարձրացրեց: Երեւի թէ ասաց՝ երնեկ, թէ այս Նոր տարին…

Առաւօտը բացւելուն պէս տրակտորի ձայն լսւեց: Պարզւեց՝ տրակտորով մեզ համար շտաբից դեսից-դենից ուղարկել էին՝ միս, կարտոֆիլ, հաց, գինի: Մեր համագիւղացի Արթուրն էլ մի շիշ օղի էր բերել /դէ՜, մեր համագիւղացիները մի քիչ խմիչքին մօտ մարդիկ են…/

Սեղանը բացւեց առանց սփռոցի, բայց սեղան, ի՜նչ սեղան, իսկը տօնական սեղան: Գիշերւայ կիսասոված ստամոքսը մի լաւ ուրախացաւ: Բաժակ բարձրացրինք եւ շնորհաւորեցինք բոլորիս Նոր տարին: Դէ ի՞նչ պիտի ցանկանայինք, էլի խաղաղութիւն, բայց միայն յաղթանակի հետ միասին. այլ խաղաղութիւն չէինք ուզում: Յիշեցինք կորցրած ընկերներին, ցանկացանք, որ վերջին զոհը՝ Մերոն, վերջինը լինի. հերիք է, բոլ է… Վալերիկը մի տխուր երգ երգեց, որ տակնուվրայ արեց տղերքի սրտերը: Մեզ թւում էր՝ գինին էինք կուլ տալիս, բայց գինու հետ փորձում ու չէինք կարողանում կուլ տալ կորստի ցաւը: Գինու մէջ արցունք կար: Վալերիկը նկատեց բոլորի յուզմունքը ու միանգամից փոխեց երգը, սկսեց ուրախ մի երգ երգել ու ասաց, որ մենք էլ ձայնակցենք, ուրախ մտնենք Նոր տարի: Սկսեցինք երգել, նոյնիսկ պարեցինք: Մեզ թւում էր՝ պարելով էլ ենք յաղթում: Երբ պարում էինք, զգացի, որ դեռ ապրում ենք, որ դեռ կեանքը շարունակւում է, որ մենք բոլորս էլ սիրում ենք կեանքը…

Այսպէս դիմաւորեցինք 1994-ը, բայց չէինք մոռանում, որ խրամատում ենք, որ մի քանի քայլ այնկողմ թուրքն է, որ պատերազմ է, որ գուցէ մեզանից որեւէ մէկի համար սա վերջին Նոր տարին կը լինի, ո՞վ գիտէ…

Յետոյ հերթափոխութիւն եղաւ /համագիւղացիները, իրար հերթափոխելով, պահում էին դիրքը/:

Ես, Վալերիկը, Արտիկը, Դաւիթը, Արտուրիկը շատ մտերիմ ենք միշտ եղել, իսկ պատերազմը մեզ աւելի մտերմացրեց. դա է փաստում դիրքում ու մարտադաշտում ապրած մեր ամէն մի օրը:

Յունւարի 7-ի ուշ երեկոյեան հինգով եկանք գիւղ: Կաղարծին անչափ տխուր թւաց ինձ: Գիւղը տխուր դէմք ունէր, եւ դա պատահական չէր. ախր քառասուն օր առաջ Մերոն էր զոհւել:

Վալերիկի ծնւած օրն էր: Ես, Արտիկն ու Դաւիթը մտանք նրանց տուն, շնորհաւորեցինք, իսկ առաւօտեան 4-ով գնացինք Մերոյենց տուն. նրա զոհւելու քառասուն օրն էր լրանում: Ծննդեան օր ու մահւան քառասունք. ամէն բան հակասական է, ամէն բան առեղծւած է՝ թէ կեանքը, թէ մահը: Այսպէս էր ոչ միայն մեր գիւղում, այլ ամողջ Ղարաբաղում, բոլորի տներում. մի տեղ ծնունդ էր, մի տեղ՝սուգ, մահ, քառասունք, տարի… Մի ուրիշ տեղ էլ, այս ամէնին ի հեճուկս, հարսանիք էր, իսկական արցախեան հարսանիք, քեֆ: Կեանքը պիտի շարունակւէր, թէեւ մեր երիտասարդութիւնն անցնում էր խրամատներում, թէեւ ամէն մի ընկերոջ կորուստով մեր սրտերում մի նոր, անտակ խրամատ էր փորւում… Կեանքն ու մահը ապրում էին կողք կողքի…

Ես հասցրի լողանալ. դա մեծ երանութիւն էր: Եղբորս՝ Լեովայենց տանն էի, երբ բեռնատար աւտոմեքենաների ձայն լսւեց: Ինձ հետ էին նաեւ Գարուշը, Արմէնը: Նրանք դուրս եկան, յետոյ եկան եւ ասացին, որ պարետայիններն են, հարկաւոր է զգոյշ լինել: Տղերքն ասացին, որ պէտք է պատսպարւել, իսկ ես ինքնավստահ դուրս եկայ, չգիտեմ ինչու՝ ուզում էի նրանց մօտիկից տեսնել: Հասա գիւղամէջ: Հէնց այդտեղ էլ ինձ շրջապատեցին, ինչ-որ մէկը բռնեց ձեռքս ու տարաւ դէպի աւտոբուսը, որ կանգնած էր գիւղամիջում: Իմ բոլոր բացատրութիւնները զուր էին: Աւտոբուսում տեսայ նաեւ մեր համագիւղացի Ռոբիկին ու Բենիկին: Ռոբիկը նոր էր դիրքից իջել, իսկ Բենիկը Երեւանից էր եկել իր հայրական տուն. Երեւանում էր բնակւում: Որոշ ժամանակ անց աւտոբուս մտան նաեւ մեր գիւղացի Ռազմիկը, մեր բարեկամ Կոլիան, յետոյ՝ գիւղապետը: Աւտոբուսում շնչելու օդ չկար, պարետայիններն անընդհատ ծխում էին: Մեզ տարան Մարտունու միլիցայութիւն: Այնտեղ տարբեր գիւղերից տղամարդիկ էին բերել: Մէկ օր պահեցին միլիցայութիւնում: Հարցաքննեցին, հասկացան, որ իզուր են մեզ բռնել-բերել: Պարետատան մեքենաներից մէկը Ստեփանակերտ պիտի գնար, որով էլ գիշերւայ երեքին գիւղ հասանք: Յաջորդ օրը մեկնեցինք գումարտակ, յետոյ՝ դիրքեր: Հէնց այդ ժամանակ է, որ գումարտակի հրամանատարութիւնը փոխւեց, ինչ-ինչ պատճառներով գումարտակի հրամանատար Դաւիթին եւ նրա տեղակալ Ժորիկին տեղափոխեցին ուրիշ գումարտակ, նրանց փոխարէն նշանակւեց միւրիշէնցի Արկադիան, իսկ տեղակալը Ալեոշան՝ Նորշէնից: Զինւորների մեծամասնութիւնը չէր սիրում փոփոխութիւններ, մի տեսակ ընկճւած էին: Սկսւեց նոր փուլ, նոր որոշումներ: Մարտերն էլ գնալով աւելի էին թէժանում, դիրքերն ամէն օր ռմբակոծվում էին, յարձակումներն աւելի յաճախակի ընթացք ստանում: Արդէն տան երես չէինք տեսնում, ամէն վայրկեան կռիւ էր: Մի օր, երբ համեմատաբար հանգիստ էր, ես ու մեր Արտուրիկը գիւղ գնացինք՝ տնեցիներին տեսակցելու: Այնպէս ստացւեց, որ մի քանի ժամ ուշացանք, ու երբ հասանք շտաբ՝ հրամանատար Արկադիան մեզ, որպէս պատիժ, հրամայեց ոտքով շարժւել դէպի դիրքերը եւ երեք հերթափոխ անընդմէջ մնալ դիրքերում: Արտուրիկը փորձեց վիճել, բայց Արկադիան յարգում էր նրան, ուստի չթողեց, որ վէճը շարունակւի, հրամայեց ու լուռ հեռացաւ:

Այդ օրերը ծանր օրեր էին: Ես հոգեպէս անբացատրելի վիճակում էի. չէի հասկանում, թէ ներսումս ինչ է կատարւում, ինձ թւում էր՝ աշխարհը շուռումուռ է գալիս ներսումս, ամէն բան վերանում է հոգուս մէջ, ես ամայանում եմ, ես անընդհատ փոշմանում էի իմ արած ինչ-որ բաների համար, իմ շրջապատում կային այնպիսի մարդիկ, որոնց հետ չէի ուզում շփւել, բայց… պատերազմ էր, իսկ պատերազմը հարցեր չէր տալիս, ցանկութիւններ չէր հարցնում, քմահաճոյքներդ բանի տեղ չէր դնում, այն միայն հրամայում էր կռւել… Գիշերը տագնապի ազդանշան եղաւ: Արագ վերցրինք զէնքերը եւ սկսեցինք ստուգել թէ դիրքերը, թէ ամբողջ գիւղը: Բարեբախտաբար, ոչինչ չկար: Յետոյ բոլոր տղաները վերադարձան շտաբ, իսկ ես ու Արտուրիկը մնացինք մեր դիրքում՝ 015-ում: Յաջորդ օրը Արթուրը վերադարձաւ զօրանոց, իսկ ես դիրքում մնացի 3 հերթափոխ անընդմէջ: Դրանից յետոյ եղաւ հետեւեալ փոփոխութիւնը. յայտնեցին, որ ստեղծւում է մի նոր վաշտ, որը պիտի կոչւի մոտոհրաձգային վաշտ, վաշտի անդամները դիրք չպէտք է գնային, վաշտը պիտի մասնակցէր միայն ու միայն ռազմական գործողութիւններին: Ինձ յայտնեցին, որ վաշտում ընդգրկւելու են 1971-1972 թթ. ծնւածները: Մեր գիւղից ես, Արտուրիկը, Վալերիկը, Արայիկը եւ Անդրիւշն էինք այդ տարիքին, բայց իրենց կամքով, Անդրիւշին ու Վալերիկին փոխարինելով, մեզ միացան Արտիկն ու Դաւիթը: Վերջինիս 18-ը նոր էր լրացել եւ նա երրորդ կարգի հաշմանդամ էր, բայց դա կարծես թէ այդպէս էլ պիտի լինէր, դա նրան յետ չպահեց մեզանից, որովհետեւ վաղուց էր մեզ հետ ընկերութիւն անում ու առանց մեզ չէր կարող: Այսպէս՝ 5 ընկերներ դարձեալ միասին էինք: Ես յանկարծ յիշեցի Լիզբոնի 5 տղաների պատմութիւնը, ովքեր համարձակօրէն նահատակւեցին յանուն Հայ Դատի: Ժպտալով ասացի.

- Դէ՛, Լիզբոնի 5 տղաներն ենք էլի /Լիզբոնի 5 տղաների մասին առաջին անգամ լսել էի 1992-ին՝ իրանահայ դաշնակցական գործիչ Կարէն Խանլարեանից/:

Տղերքը ծիծաղեցին, չնայած այդ միտքը նաեւ ոգեւորեց բոլորիս…

Այդ օրը մեր գիւղի տղերքը մեզ մի ուրիշ ձեւով ճանապարհեցին. նրանք յուզւած էին: Նրանք մեզ՝ հինգիս, միշտ խենթ էին անւանում, եւ տխուր էին, որ պէտք է առանձնանանք իրենցից: Մեզ տարան ճաշարան. այնտեղ մագնիտոֆոն կար, որ մեզ համար էին միացրել: Բոլորս պարեցինք. բոլորիս աչքերում նոյն բանն էր, որը չեմ կարող բառերով նկարագրել: Յատուկ վաշտ՝ միայն կռիւների համար. այս միտքը ե՛ւ ոգեւորում, ե՛ւ տխուր մտքեր էր առաջացնում, բայց մենք՝ հինգ ընկերներս, միասին էինք, ու դա մեզ թեւ էր տալիս, մենք մեզ ուժեղ էինք զգում, ու կարեւոր չէր, թէ յետոյ ինչ է լինելու. կարեւորը մեր ընկերութիւնն էր, որ մեզ հետ տարել էինք մարտադաշտ…

- Չերգե՞նք «Լիզբոնի 5 տղաների երգը»:

- Երգենք…

- Երանի՜ նրանց…

Շարունակելի

Օրագիրը խմբագրեց՝ Հերմինէ Աւագեանը

«Ապառաժ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։