Հա

Քաղաքական

06/02/2019 - 14:35

Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ

Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ 

«alikonline.ir» - Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

«Aeronautics Defense Systems Ltd» (ADS) իսրայէլական ընկերութիւնը կրկին կարող է անօդաչու թռչող սարքեր տրամադրել Ադրբեջանին։ Ինչպէս հաղորդում է «The Times of Israel»-ը, Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը չեղարկել է արգելքը, որը սահմանւած էր ընկերութեան վրայ «Orbiter 1K» անօդաչու-կամիկաձեների վաճառքի համար։

2017 թ.-ին Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ձեռք բերելով նոր անօդաչու թռչող սարքեր, խնդրել էին «ADS» աշխատակիցներին ցուցադրել դրոնների հնարաւորութիւնները։ Դրա համար օպերատորներին առաջարկել էին հարւածել Արցախի հայկական դիրքերին։ Իսրայէլական օպերատորները հրաժարւել էին կատարել խնդրանքը, սակայն ընկերութեան մենեջերները, հաւանաբար վախենալով շահաւէտ պայմանագրի ձախողումից, իրենք էին լիցքաւորել դրոնները եւ թիրախաւորել հայկական դիրքերը։ Դրանից յետոյ Իսրայէլի ՊՆ-ն կասեցրել էր ընկերութեան երեք ղեկավարների արտահանման արտօնագրերը։ Ու հիմա պարզւում է, որ կասեցումը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց, այլ ոչ թէ ընկերութեանը։

Իսրայէլի ՊՆ որոշումը, իհարկէ, տհաճ է Հայաստանի համար։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանը երեքշաբթի ճեպազրոյցում յայտնել է, որ Հայաստանը բարձրացնում է իսրայէլական ընկերութեան կողմից Ադրբեջան դրոնների առաքումը վերսկսելու հարցը ինչպէս երկկողմանի, այնպէս էլ բազմակողմանի ձեւաչափում։

Ճիշտ խօսքեր են, եւ իհարկէ անհրաժեշտ է բարձրացնել հարցը։ Սակայն հարց է ծագում, թէ դա ինչ արդիւնք կունենայ. Իսրայէլը կարող է թոյլ տալ իրեն համարել, որ ոչ ոք չի կարող իրեն թելադրել, Թել Աւիւն այդպէս էլ պահում է իրեն միջազգային ասպարէզում։ Իսկ այն հանգամանքը, որ նման որոշումը վատ է համաձայնեցւած միջազգային յարաբերութիւններում ընդունւած քաղաքավարութեան կանոնների հետ, կարեւոր չէ։ Այդ ե՞րբ է քաղաքականութիւնը, այն էլ իսրայէլական, կախւած եղել սենտիմենտներից...

Բացի այդ, ինչպէս նշւում է նոյն «The Times of Israel»-ի յօդւածում, նման որոշումը հակասում է իսրայէլական օրէնսդրութեանը։ Ամենայն հաւանականութեամբ, դա ցոյց է տալիս իսրայէլական որոշման ցուցադրականութիւնը` ի պատասխան Հայաստանի որոշ գործողութիւնների, որոնք առաջացրել են Թել Աւիւի դժգոհութիւնը։

Հարկ չկայ գուշակել, թէ ինչն է դարձել իսրայէլական բարկութեան պատճառը։ «ADS»-ի վերաբերեալ համաներման մասին որոշումն ընդունւել է անմիջապէս այն բանից յետոյ, երբ յայտնի է դարձել փետրւարի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի` Իրան կատարելիք այցի մասին։ Թեհրանի հետ ցանկացած կապեր անթոյլատրելի են, կարծում են Իսրայէլում, եւ դրանք ակնթարթային պատասխանի են արժանանում։

Եւ Թել Աւիւին բոլորովին չի հետաքրքրում, որ Հայաստանի ու Իրանի բազմադարեայ, բարիդրացիական յարաբերութիւնները միայն վերջին տարիների ձեռքբերումը չեն, որ ԻԻՀ-ում բազմահազարանոց հայ սփիւռքն իրեն հիանալի է զգում, որ, վերջապէս, երկու կողմերից սեղմւած Հայաստանը չի կարող իրեն թոյլ տալ փչացնել յարաբերութիւններն ազդեցիկ հարեւաների հետ։ Ընդհանրապէս, Հայաստանն ինչո՞ւ պէտք է փչացնի դրանք։

Միգուցէ Թել Աւիւում յոյս են ունեցել, որ վերջին ամիսներին Հայաստանի արտաքին քաղաքականութիւնում տեղի ունեցող խառնաշփոթի հետեւանքով Երեւանը կը վերանայի՞ Իրանի հետ յարաբերութիւնները։ Հնարաւոր է։ Սակայն Երեւանն իր համար ընդունելի չի համարել Թեհրանի դէմ Թել Աւիւի հետ ընկերութիւն անելը, եւ դա սպասելի էր։

Նոյն Իսրայէլում կան ուրիշ ընկերութիւններ, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր` լաւ եւ տարբեր, եւ ամէն դէպքում Ադրբեջանը չէր մնայ առանց իսրայէլական դրոնների, իսկ «ADS»-ի աշխարհի միակ ընկերութիւնը չէ։ Այնպէս որ այդ առումով մեզ համար տարբերութիւն չկայ։

Հայաստանի եւ Իսրայէլի յարաբերութիւնները հազիւ են նշմարւում, իսկ եթէ իրերը կոչենք իրենց անուններով, ապա դրանք գրեթէ բացակայում են։

Միաժամանակ փաստ չէ, որ եթէ Երեւանը բաւարարի Թել Աւիւի որոշ սպասումներ, այդ յարաբերութիւնները կը բարելաււեն։ Իսրայէլն ուղղակի կընդունի դա որպէս սովորական բան, եւ ամէն ինչ կը մնայ նոյնը` որպէս լրացուցիչ փաստարկ հաշւի առնելով Թուրքիայի հետ հրեական պետութեան մտերմութիւնը։

Այդ երկրների միջեւ տարաձայնութիւնները, որոնք երբեմն ուղեկցւում են դիտաւորեալ բարձրագոչ փոխադարձ մեղադրանքներով, կարելի է բնութագրել հին ասացւածքով այն մասին, որ սիրեցեալները միայն զւարճանալու համար են վիճում։

Բայց հարցը պէտք է դնել թէ՛ երկկողմ ձեւաչափով, թէ՛ միջազգային։ Այնպէս չէ, որ դա ինչ-որ բանի կը յանգեցնի, բայց այս դէպքում ուսերը թոթւելը եւ լռելն աւելի վատ է, քան արտայայտւելը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։