Հա

Քաղաքական

07/02/2019 - 09:15

Ի՞նչ հարցեր են քննարկւել Սերժ Սարգսեանի հետ. Վիտալի Բալասանեանն անդրադարձել է Սամուէլ Բաբայեանի յայտարարութեանը

Փետրւարի 5-ին Արցախի Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Սամուէլ Բաբայեանը հարցազրոյցի ժամանակ մեղադրել է Արցախի ներայիս իշխանութիւններին տարածքային զիջումների մասին ՀՀ պաշտօնաթող նախագահ Սերժ Սարգսեանի առաջարկներին ընդդիմացած չլինելու մէջ։

«alikonline.ir» - Փետրւարի 5-ին Արցախի Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Սամուէլ Բաբայեանը հարցազրոյցի ժամանակ մեղադրել է Արցախի ներայիս իշխանութիւններին տարածքային զիջումների մասին ՀՀ պաշտօնաթող նախագահ Սերժ Սարգսեանի առաջարկներին ընդդիմացած չլինելու մէջ։

Այս մասին պարզաբանում ստանալու նպատակով «Արցախպրես»-ը մեկնաբանութիւն է խնդրել Արցախի անվտանգութեան խորհրդի քարտուղար, Վիտալի Բալասանեանից։

«Սերժ Սարգսեանի հետ 2016 թ․ ապրիլեան կռիւներից յետոյ ունեցել ենք երկու հիմնական հանդիպում․ մէկը՝ ապրիլի վերջին, միւսը՝ յուլիսի 16-ին՝ Թուրքիայում յեղաշրջման փորձից մէկ օր յետոյ եւ Երեւանում ՊՊԾ գնդի եւ յարակից տարածքի գրաւումից մէկ օր առաջ։ Առաջին հանդիպմանը մասնակցում էին զոյգ նախագահները եւ Արցախի խորհրդարանական խմբակցութիւնները, իսկ երկրորդը հրաւիրեալների աւելի ընդլայնւած կազմ ունէր․ ներկայ էին նաեւ շարժման եւ պատերազմի վետերանները, այդ թւում՝ առաջին ջոկատապետ Արկադի Կարապետեանը՝ «Դաշնակ Ագոն»»։

Մեր այն հարցին, թէ ինչ է քննարկւել հանդիպումների ժամանակ, եւ արդեօք պաշտօնաթող նախագահ Սերժ Սարգսեանի կողմից եղել են ճնշումներ արցախեան կողմին զիջումների մղելու համար, անվտանգութեան խորհրդի քարտուղարը պատասխանել է․ «Այդ հանդիպումների միակ օրակարգային հարցն այն էր, թէ ինչպէս ենք մենք՝ արցախեան վերնախաւս, պատկերացնում հարցի լուծումը եւ Արցախի անվտանգութեան յետագայ ամրացման հարցը։ Այս թեմայի շուրջ էլ ծաւալւել է ազատ քննարկում։ Որեւէ պարտադրանք, այն էլ՝ զիջումների մասով, չի եղել։ Մենք յստակ նշել ենք, որ Արցախի կարգավիճակի ու անվտանգութեան մասով որեւէ բացասական փոփոխութիւն մերժելի է մեզ համար։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսեանին, որն այդ ժամանակ ակտիւօրէն ներգրաււած էր ադրբեջանական կողմի հետ բանակցային հանդիպումներում, ապա վերջինս, մեզ ականջալուր, շատ պարզ կերպով ամփոփման է եկել, որ «անկախ ամէն ինչից՝ մենք պէտք է պատրաստ լինենք պատերազմի»»։

Վիտալի Բալասանեանի խօսքերով՝ այդ հանդիպումների ժամանակ համապատասխան հետեւութիւններ են արւել նաեւ 2016 թ․ ապրիլեան կռիւների ժամանակ վերհանւած սխալներից․ «Սերժ Սարգսեանը խոստացել է, որ շտկւելու են ապրիլեանի ժամանակ երեւան եկած բացթողունմերը, եւ պէտք է նշեմ, որ այդ խոստումը կատարւել է ինչպէս սպառազինութեան մատակարարման, այնպէս էլ ինժեներաշինարարական աշխատանքների մասով»,- եզրափակել է Վ․ Բալասանեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։