Հա

Քաղաքական

23/02/2019 - 09:40

Հայրենիքին ծառայելն առաքելութիւն է. ՀՀ նախագահը հիւրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը փետրւարի 22-ին  հիւրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք, Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին:

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը փետրւարի 22-ին  հիւրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք, Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին:

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, ողջունելով հոգեւոր պետերին՝ նախագահ Սարգսեանը նշել է. «Մեր եկեղեցին բազմաթիւ խնդիրներ, բազմաթիւ ծրագրեր ունի, հսկայական անելիք, եւ այդ անելիքները շատ են թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում, եւ թէ՛ Արցախում»:

ՀՀ նախագահը պատրաստակամութիւն է յայտնել քննարկել, թէ ինչով կարող է որպէս Հայաստանի Հանրապետութեան նախագահ, որպէս հայ հաւատացեալ, աջակցել ու օժանդակել Հայաստանեաց առաքելական սուրբ եկեղեցու գործունէութեանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խօսքում ասել է. «Պարոն նախագահ, ուրախ եմ, որ այսօր Արամ Ա Վեհափառի հետ այցելեցինք Ձեր օջախ: Արամ կաթողիկոսը եռօրեայ այցով Հայաստանում է, եւ այս օրերին միասնաբար եկեղեցուն յուզող բազում հարցեր, խնդիրներ ու ծրագրեր քննարկեցինք:

Մենք յստակ, վճռական կերպով հաստատեցինք, որ պէտք է շարունակենք պատմական առաքելութիւնը մեր եկեղեցու, մեր ժողովրդի կեանքում՝ զօրավիգ լինելով մեր հայրենի պետութեանը, նպաստելով, որ մեր երկիրը շարունակի ապահով, անվտանգ առաջընթացի մէջ իր բարօր կեանքը: Այս իմաստով, անշուշտ, աշխարհասփիւռ եկեղեցու մեր հանգամանքը պէտք է կարողանանք օգտագործել՝ մեր ժողովրդին համախմբելու հայրենիքի շուրջը: Հայրենիքն այն հիմնական արժէքն է, որի համար մեր ժողովուրդը դարերի ընթացքում յանձն է առել գնալ նահատակության:

Հայոց պետութիւնը, հայոց պետականութիւնը մեր պատմութեան մեծագոյն ձեռքբերումն են, եւ մենք այսօր պատասխանատւութիւն ունենք՝ այդ պետականութիւնն ամուր, անվտանգ պահելու եւ այդ պետականութեան համար մեր ժողովրդի բոլոր կարողութիւններն ու հնարաւորութիւնները համադրելու, որպէսզի անվտանգ կարողանայ մեր երկիրն առաջ գնալ, շէնանալ, զօրանալ եւ ապահովել մեր ժողովրդի բարօր կեանքը:

Բոլոր առիթներով մենք բարձրաձայնում ենք, որ մեր եկեղեցու հոգեփրկչական առաքելութեան հետ միասին նոյնքան կարեւորութեամբ մեր եկեղեցին իրականացնում է հայապահպանութեան, ազգապահպանութեան եւ պետականաշինման առաքելութիւնը: Պետութեան ամրացումը, հզօրացումը, բարգաւաճումը, պայծառացումը մեր եկեղեցու գերագոյն առաքելութիւններից է:

Աստւած թող օրհնի Ձեզ, քաջառողջութիւն ենք մաղթում, արգասաբեր գործունէութիւն մեր երկրի ու ժողովրդի բարօրութեան եւ առաջընթացի համար»: 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսն իր խօսքում մասնաւորապէս ասել է.

«Ջերմ սիրով ողջունում եմ եւս մէկ անգամ՝ որպէս Հայաստանի Հանրապետութեան արժանընտիր նախագահ: 

Մեզնից իւրաքանչիւրն անելիք ունի: Ասելիքները գալիս եւ գնում են, բայց անելիքները մնում են : Որպէս եկեղեցի, որպէս կառավարութիւն, խորհրդարան, նախագահ, վարչապետ մեզնից իւրաքանչիւրն իր պատասխանատւութեան շրջանակում անելիքներ ունի, եւ մենք կոչւած ենք այդ անելիքները կատարելու բարձրագոյն աստիճանի պատասխանատւութեամբ, գիտակցութեամբ, յանձնառութեամբ:

Եկեղեցի-պետութիւն գործակցութիւնը մեր պատմութիւնից ժառանգւած իրողութիւն է, չենք կարող այլապէս մտածել՝ ոչ եկեղեցին, ոչ էլ պետութիւնը, որովհետեւ եկեղեցին կառոյց չէ, վայր չէ, մեր ժողովուրդն է, առաքելութիւնն է: Մեր ժողովրդի ծառայութեամբ լցւած մեր հոգեւոր հայրերը մէկ նպատակ ունեն՝  ժողովրդի կեանքը պայծառակերպել հոգեւոր, բարոյական արժէքներով: Ազգը, հայրենիքը արժէքներով է հզօրանում:

Ճիշտ է, այսօրւայ աշխարհում, ինչպէս Դուք յաճախ նշում էք Ձեր խօսքում, տեխնոլոգիան շատ կարեւոր է, սակայն այդ տեխնոլոգիան մենք պէտք է օգտագործենք մեր արժէքների հարստացման, կենսագործման համար: Հետեւաբար, այս հանդիպումները բոլորիս համար առիթներ են եւս մէկ անգամ տեսնելու մեր ժողովրդի՝ հայրենիքի ներսում դիմագրաւած դժւարութիւնները, մարտահրաւէրները եւ միասնաբար աշխատել ու տեսնել, թէ ինչ կարող ենք անել մենք հայրենիքի հզօրացման համար:

Հետեւաբար, ես այս առիթով Ձեզ եմ ներկայացնում իմ ջերմ մաղթանքը. Աստւած Ձեզ յաջողութիւն թող պարգեւի Ձեր առաքելութեան մէջ: Հայրենիքին ծառայելն առաքելութիւն է, կոչում է, եւ մենք բոլորս միասնաբար լծւած ենք զանազան շեշտադրումներով, մօտեցումներով նոյն առաքելութեանը, նոյն նպատակասլաց աշխատանքին»:

Շնորհակալութիւն յայտնելով՝ նախագահ Արմէն Սարգսեանն ասել է. «Համաձայն եմ, որ հայրենիքին ծառայելն առաքելութիւն է: Ինչպիսին էլ լինեն այդ առաքելութեան գործիքները՝ քաղաքական, տնտեսական, գիտական կամ նոր տեխնոլոգիաների, եթէ այդ բոլորի հետեւում հաւատ եւ բարոյականութիւն չկայ, ապա այդ գործիքները դրական նպատակի փոխարէն բացասականին կը ծառայեն: Հետեւաբար, ամէն ինչից վեր մնում են նւիրւածութիւնը, հաւատն ու մարդու բարոյական արժէքները, իսկ հայ մարդու դէպքում՝ նաեւ մեր ազգային արժէքները: Այնպէս որ, բոլոր գործիքներն՝ այո, բայց, իհարկէ, առանցքը եւ արժէքը հաւատքի, բարոյականութեան եւ հոգեւոր ազգային արժէքների մէջ են»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։