Հա

Քաղաքական

25/02/2019 - 14:20

Աւետիք Իշխանեան. «Մեծ մասամբ ժողովուրդը շատ մակերեսային է ընկալում Թումանեանին, եթէ խորութեամբ ընկալէր, մենք իսկապէս փոխւած կը լինէինք»

Թումանեանի ստեղծագործութիւնները մի հսկայական ուղենիշ կարող էին լինել հայ ժողովրդի համար, բայց, ցաւոք, մենք չգիտակցեցինք նրա դերը: «Մեդիալաբի» հետ զրոյցում նման դիտարկում է անում իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը՝ հայ մեծ գրող Յովհաննէս Թումանեանի 150-ամեակի առթիւ զուգահեռներ անցկացնելով Թումանեանի ստեղծագործութիւնների ու մեր օրերի միջեւ:

«alikonline.ir» - Թումանեանի ստեղծագործութիւնները մի հսկայական ուղենիշ կարող էին լինել հայ ժողովրդի համար, բայց, ցաւոք, մենք չգիտակցեցինք նրա դերը: «Մեդիալաբի» հետ զրոյցում նման դիտարկում է անում իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը՝ հայ մեծ գրող Յովհաննէս Թումանեանի 150-ամեակի առթիւ զուգահեռներ անցկացնելով Թումանեանի ստեղծագործութիւնների ու մեր օրերի միջեւ:

«Հայ ժողովուրդը նրան շատ բարձր է գնահատում, բայց ժողովուրդը մեծ մասամբ շատ մակերեսային է ընկալում Թումանեանին: Եթէ խորութեամբ ընկալէր, մենք իսկապէս փոխւած կը լինէինք: Թումանեանը այն առաքեալն էր, ով տւեց այն ուղենիշները, որ մենք պէտք է փոխւէինք: Ինչպէս Ֆրանսիայի համար եղել են լուսաւորիչները՝ Վոլտերը, Ռուսսոն, միւսները, նոյն դերը Թումանեանը կարող էր մեզ համար կատարել, բայց մենք չգիտակցեցինք Թումանեանի այդ փիլիսոփայութիւնը»,- ասում է Իշխանեանը:

Նրա խօսքով՝ Թումանեանի հիմնական ուղերձը, որը այսօր չի իրականացւել, պայմանականօրէն կոչւում է այսօր շատ մոդայիկ դարձած «անցումային արդարատութիւն»:

«Դառնացած ժողովուրդ» յօդւածում Թումանեանը գրում է, որ մենք ներսից ենք փչացած, պէտք է խոստովանենք մեր փչացածութիւնը եւ պէտք է աշխարհի առաջ փոխւենք: «Արդեօք սրա անունը չի՞ կարելի դնել հէնց իրական անցումային արդարադատութիւն, ներքին փոփոխութիւն:

Մենք պէտք է փոխւենք, եւ ինչպէս այդ նոյն յօդւածում է նկարագրում Թումանեանը, նախանձ ու չար չլինենք իրար նկատմամբ: Երբ նկարագրում է, թէ ինչպէս կարող են երկու գիւղացի հարեւաններ լինեն, մէկի բերքը մի քիչ լաւը լինի, միւսինը՝ վատ, յարաբերութիւններ փչանան, մեր օրերի մասին է:

Եւ քաղաքական, եւ հասարակական մեր կեանքում արդեօք աւելի շատ չեն՞ գերիշխում այդ չարութիւնը, նախանձը, ինչը Թումանեանը գրել էր»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանեանը:

Նրա խօսքով՝ չենք կարող ասել, թէ այսօրւայ իշխանութիւնների համար չի գործում Թումանեանի ասած ագահութիւնը:

«Չեմ կարծում դա անցեալում լինի, որովհետեւ գնահատական տալ կարելի է որոշ ժամանակ անց: Իսկ արդէն նախանշանները կան, որ առանձնապէս մեծ փոփոխութիւներ չկան: Չեմ ուզում շատ քաղաքականացնել այս օրը, բայց յամենայն դէպս ես ահագութիւնը փոխելու նշաններ չեմ տեսնում: Պարգեւավճարների եւ այլ խնդիրների մասին շատ կարելի է խօսել»,- ասաց նա:

Յաջորդ խնդիրը, ըստ իրաւապաշտպանի, վերաբերում է մամուլին:

«Թող ինձ ներեն լրատւամիջոցները, բայց նրա յօդւածներից մէկը՝«Կեղտոտ մամուլ» վերնագրով, կարծես մեր օրերի մասին լինի: Այն մասին է, թէ ոնց է մեր մամուլը ոչ թէ քննադատութիւն ներկայացնում, այլ միայն հայհոյում, սեւացնում, քծնում: Յաճախ տարբեր անուններով են գրում՝ թաքնւելով այլ անունների տակ: Զարմանալի է, ուղղակի ոնց որ այսօր գրւած լինի»,- ասում է նա:

Յաջորդը, ըստ Իշխանեանի, «Զինւորագրւել» յօդւածն է, որը վերաբերում է կուսակցութիւններին:

«Ուղղակի զարմանում ես, որ կարծես թէ այսօր գրւած լինի յօդւածը, թէ ոնց են մտնում այս կամ այն կուսակցութիւնների մէջ, եւ ամէն մէկը խօսում է ժողովրդի անունից: Ժողովուրդն այս է ուզում, այն է ուզում, կարծես թէ նրանք գիտեն, թէ ժողովուրդն ի՛նչ է ուզում:

Եւ ամենակարեւորը, որը վերջերս մէջբերեցի, ասում է՝ մեծ գաղափարները շատ կարեւոր են, բայց մարդ պէտք է մեծ գլուխ ունենայ, որ այդ գաղափարները տեղաւորի: Իսկ մարդիկ ոչ թէ գաղափարն են մտցնում գլխի մէջ, այլ գլուխը՝ գաղափարի մէջ»,- ասաց նա:

Հոգեւորականութեան մասին Թումանեանի գրածները եւս, ըստ Իշխանեանի, այսօր արդիական են:

«Մեր հոգեւականութիւնը, բացի ընչաքաղցութիւնից եւ իր փողից այլ բանի մասին չի մտածում: Մի հասարակ օրինակ բերեմ՝ «Գութանի երգը», երբ մենք մանկուց կարդում էինք, ինձ թւում էր, թէ դա հեքիաթ է՝ եսիմ որ օրերի մասին գրւած: Բայց այսօր էլի այժմէական է: Մի քառատող մէջբերեմ.

Պարտքատէրը գանգատ գնաց,
Քեոխւեն կըգայ, կըծեծի,
Տէրտէրն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանայ, կանիծի:

Ըստ Իշխանեանի՝ «Գութանի երգը» ներկայացնում է նոյն գիւղացուն՝ վարկերի բեռի տակ կքած: Այդ քեոխվաները այսօր էլ ծծում են նրանց: Ամէն մի գիւղում գոյութիւն ունի եկեղեցի, որն առանց այն էլ հարստահարւած գիւղացիներից իր հերթին իր բաժինն է տանում: Իսկ ով փողը չտայ, կանիծեն:

«Եթէ նրա պոեմներն ենք նայում՝ «Անիծած հարսը», «Մարոն», յիշեցնում են մեր այսօրւայ ընտանեկան բռնութեան բանավէճերը, կանանց ու փոքրամասնութիւնների իրաւունքների մասին, կարծես առանձնապէս բան չի փոխւել: Ճիշտ է, 9 տարեկանում չեն ամուսնացնում աղջիկներին, բայց վերաբերմունքը, այսպէս կոչւած, աւանդական ընտանիքի նկատմամբ նոյնն է: Եւ ես պատկերացնում եմ՝ այսօր Թումանեանի վրայ նոյնպէս կը յարձակւէին՝ նրան մեղադրելով դրամաշնորհներ ստանալու մէջ»,- ասում է Իշխանեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։