Հա

Քաղաքական

03/03/2019 - 10:30

«Ղարաբաղի վերաբերեալ բանակցութիւնը կը լինի նորացւած Մադրիդեան սկզբունքների շուրջ»․ Մարկեդոնով

Բանակցութիւնների վերաբերեալ առասպելներից մէկն այն մասին է, որ ղարաբաղեան հակամարտութիւնն արագ կարգաւորելու հնարաւորութիւն կայ։

Ղարաբաղեան հակամարտութեան լուծման վերաբերեալ բանակցութիւնները կը լինեն Մադրիդեան սկզբունքների շուրջ, նոր բան չկայ։

«alikonline.ir» - Բանակցութիւնների վերաբերեալ առասպելներից մէկն այն մասին է, որ ղարաբաղեան հակամարտութիւնն արագ կարգաւորելու հնարաւորութիւն կայ։

Ղարաբաղեան հակամարտութեան լուծման վերաբերեալ բանակցութիւնները կը լինեն Մադրիդեան սկզբունքների շուրջ, նոր բան չկայ։ «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում այս մասին ասաց ՌՊՀՀ արտասահմանեան տարածաշրջանային ուսումնասիրութիւնների եւ արտաքին քաղաքականութեան ամբիոնի դոցենտ Սերգէյ Մարկեդոնովը։

Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայանալիք հանդիպման ժամանակ քննարկւելու է բանակցութիւնների ձեւաչափը։

«Փոխգործողութեան որոնումն ընթացքի մէջ է, չի աւարտւել։ Քանի որ եթէ նայենք յայտարարութիւնների դինամիկային, ապա ղարաբաղեան թեմայով Փաշինեանի առաջին յայտարարութիւնները վերաբերում էին բուն Ղարաբաղին ներգրաւելուն։ Թէեւ նախարարութիւնների մակարդակով երկխօսութիւնը շարունակւում է»,- ասաց Մարկեդոնովը։ 

Իսկ եթէ խօսենք հանդիպումների ինտենսիւութեան մասին, ապա դրանք բաւականին յաճախ էին լինում։ Յետոյ, փորձագէտի խօսքով, թեման ասես «հեռացաւ», յետոյ նորից ի յայտ եկաւ, երբ հայ հասարակութիւնը սկսեց քննարկել պատրաստւող ինչ-որ որոշման հնարաւորութիւնը։

Ըստ Մարկեդոնովի` բանակցութիւնների մասին խօսելիս պէտք է մի քանի միֆ հաշւի առնել, որոնցից մէկն էլ այն է, թէ վերջնական որոշում է պատրաստւվում։

«Եթէ 20 տարի է` այդ որոշումը չկայ, ո՞վ ասաց, որ մէկ հանդիպման ընթացքում հակամարտութիւնը լուծւելու է։ Ինչպէ՞ս դա կարող է լինել։ Դրա համար նախադրեալներ չկան»,- ասաց Մարկեդոնովը։

Նրա կարծիքով` ակնյայտ է, որ պաշտօնական քննարկման (ոչ թէ ոտքի վրայ) ինչ-որ գաղափար է պէտք։ «Իսկ գաղափարների հետ խնդիրներ կան», հասարակութիւններ պատրաստ չեն այդպիսի փոխզիջումների։

Սկզբում առաջնորդները, նրա խօսքով, պէտք է «իրենք իրենցով» հանդիպեն, իսկ յետոյ օրակարգը կը լինի նորացւած Մադրիդեան սկզբունքների շուրջ։

«Ոչ մի նոր բան չկայ»,- ասաց Մարկեդոնովը։

Նա կարծում է, որ պէտք է հասարակութիւններին խաղաղութեան պատրաստել, բայց հնարաւոր չէ դա անել մէկ ամսւայ ընթացքում։

«Այս պահին միջադէպերի քանակի նւազեցման մարտավարական խնդիր է լուծւում։ Եթէ յաջողւի 2-3 տարի դրանց թիւը նւազեցնել, այդ ժամանակ բովանդակալից բանակցութիւնների հարց կը լինի»,- ասաց Մարկեդոնովը։

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի` մարտի 1-ին տարածած յայտարարութեան մէջ նշւում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնել են առաջիկայում հանդիպում անցկացնել։

Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հիմնական սկզբունքները, որոնք յայտնի են «Մադրիդեան սկզբունքներ» անւանումով, Հայաստանին եւ Ադրբեջանին էին ներկայացրել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարները եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Իսպանիայի մայրաքաղաքում 2007 թւականի նոյեմբերին։

Մադրիդեան սկզբունքների հիմնական կէտերն են` հայկական կողմի վերահսկողութեան տակ գտնւող Արցախի շուրջ ընկած տարածքի վերադարձը Ադրբեջանի վերահսկողութեան տակ, Արցախին միջանկեալ կարգավիճակ տալը, շրջանի ինքնավարութեան եւ անվտանգութեան երաշխիքների ապահովումը, Հայաստանի եւ Արցախի միջեւ միջանցքի բացումը, հետագայում ԼՂ վերջնական իրաւական կարգավիճակի որոշում` բնակչութեան իրաւաբանօրէն պարտադիր կամարտայայտման հիման վրայ, իրենց նախկին բնակութեան վայր փախստականների վերադարձի իրաւունքների ապահովում, անվտանգութեան միջազգային երաշխիքները, այդ թւում խաղաղութեան պահպանման գործողութիւնները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։