Հա

Քաղաքական

04/03/2019 - 12:50

Ներդրումները գաղափարական կամ բարոյական, հայրենասիրական մղումներով չեն խթանւի. անհրաժեշտ են վստահելի դրոյթներ

«Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

«alikonline.ir» - «Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

 

- Պարոն Գանտահարեան, իրանահայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Փաշինեանը խօսեց համազգային օրակարգի մասին։ Ինչպէ՞ս էք գնահատում, ինչպէ՞ս էք պատկերացնում այն։ 

- Կարծում եմ՝ ճիշտ բանաձեւում տւեց վարչապետը։ Համահայկական շատ խնդիրներ ունենք, որոնք թէ՛ ՀՀ-ին, թէ՛Արցախին եւ թէ՛ Սփիւռքին են վերաբերում։ Իսկ համազգային խնդիրները Համահայկական ներկայացւածութեան ձեւաչափով պէտք է քննարկել։ Հետեւաբար հերթական անգամ ընդգծւում է նոր կառուցակարգի հրամայականը։

 

- Վարչապետը խօսում է նաեւ տնտեսական յեղափոխութեան մասին։ Ինչպէ՞ս էք պատկերացնում տնտեսական յեղափոխութեանը ձեր մասնակցութիւնը։ 

- Ես ընկալում եմ առաջադրանքը իբրեւ մեր երկրի թռիչքաձեւ զարգացման հրամայական, որի կատարողականութիւնը այս դէպքում սերտօրէն առնչւում է, եթէ ոչ՝ պայմանաւորւում Սփիւռքով։ Զարգացումը բազմաւեկտոր պիտի լինի տարբեր ոլորտների՝ կրթութիւնից մինչեւ ներդրումային եւ տնտեսական։ Այստեղ եւս ինքզինք զգալի է դարձնում համահայկական թէկուզ այս հանգրւանին խորհրդատւական բնոյթի կառոյցը։ Ազգի յամրանքի մեծամասնութիւնը Սփիւռքում է, որի թէ՛ մասնագիտական եւ թէ՛ տնտեսական ներուժը առանց յապաղելու պէտք է ուղղորդել ՀՀ-ի թռիչքաձեւ զարգացմանը։ Սփիւռքի համայնքները պէտք է ստանձնեն կամրջի հանգամանք ՀՀ-ի եւ իրենց ապրած երկրների միջպետական համագործակցութեան ծաւալման ուղղութեամբ։

 

- Սփիւռքը որքանո՞վ է հետաքրքրւած Հայաստանում ներդրումներ իրականացնելով, որքանո՞վ է դաշտը ներդրումների համար նպաստաւոր համարում։ 

- Կարծում եմ՝ ներդրումները գաղափարական կամ բարոյական, հայրենասիրական մղումներով չեն խթանւի։ Այստեղ անհրաժեշտ են իրաւական պետութիւն, ներդրումային վստահելի դրոյթներ, հակամենաշնորհային պաշտպանւածութիւն եւ շահութաբեր տիրոյթների հեռանկարայնութիւն։

 

- Սփիւռքի նախարարութիւն այլեւս չենք ունենայ, փոխարէնը Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմը կունենայ Սփիւռքի գծով յատուկ յանձնարարութիւնների դեսպան։ Ինչպէ՞ս էք գնահատում։

- Ես կողմ էի, որ գործեր առանձին գերատեսչութիւն։ Սկզբունքային առումով կողմ եմ, որ Սփիւռքի հետ առնչւած վերակառուցակարգման եւ վերաիմաստաւորման առաջադրանքները ձեւակերպւեն սփիւռքեան մարդուժի մասնակցութեամբ։ Քննարկումները լինեն համատեղ։

Հիմա որոշումը կայ գրասենեակի։ Գրասենեակի եւ յանձնակատարի գործառոյթների կամ ծրագրերի մշակման գործընթացին, կարծում եմ, սփիւռքեան մարդուժը տարբեր ոլորտներում անհրաժեշտ է, որ ներգրաււի։

 

- Սփիւռքի մարդուժի՝ այդ գործընթացին մասնակից դարձնելն ինչպէ՞ս էք պատկերացնում։ 

- Սփիւռքի նախարարութիւնում տարբեր ոլորտներում աշխատող մարդուժի անւանացանկերի կամ մարդկային պաշարների տւեալներ կան։ Աշխատել են նաեւ իւրաքանչիւր ոլորտի աշխատանքները համակարգող խորհուրդներ։ Սա՝ մասնագիտկան առումով։ Իհարկէ, կառուցակարգային առումով կան Սփիւռքում գործող աւանդական կառոյցներ, որոնց ներկայացուցիչները մասնակցում էին համահայկական օրակարգերի յատկացւած խորհրդակցութիւններին։ Անցած ճանապարհի ձեռք բերած փորձը պէտք է նկատի ունենալ վերածրագրաւորումներ մշակելու ընթացքում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։