Հա

Քաղաքական

04/03/2019 - 13:00

Եւ դո՞ւ, Ռուբէն․․․

Ընկերներիս մօտ միշտ պաշտպանել եմ Ռուբէն Հախվերդեանին՝ անկախ նրա արտայայտած, մեղմ ասած, ոչ այնքան «իմաստուն» գռեհկաբանութիւններից։ Միշտ ասել եմ, որ նրա նկատմամբ պէտք է լինել ներողամիտ՝ հաշւի առնելով նրա տաղանդը եւ նրա ստեղծած իսկապէս քաղաքային, կոլորիտային երաժշտական մշակոյթը։ Միշտ նրան համարել եմ հայկական Վլադիմիր Վիսոցկի, Ժակ Բրէլ եւ կարող եմ նրան անվերջ լսել։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Ընկերներիս մօտ միշտ պաշտպանել եմ Ռուբէն Հախվերդեանին՝ անկախ նրա արտայայտած, մեղմ ասած, ոչ այնքան «իմաստուն» գռեհկաբանութիւններից։ Միշտ ասել եմ, որ նրա նկատմամբ պէտք է լինել ներողամիտ՝ հաշւի առնելով նրա տաղանդը եւ նրա ստեղծած իսկապէս քաղաքային, կոլորիտային երաժշտական մշակոյթը։ Միշտ նրան համարել եմ հայկական Վլադիմիր Վիսոցկի, Ժակ Բրէլ եւ կարող եմ նրան անվերջ լսել։

․․․ Եւ յանկարծ լսեցի Ռուբէն Հախվերդեանի հարցազրոյցը հայ լրագրութեան «գերաստղ» Համլետ Ղուշչեանի հետ։

Էլի, կարելի էր նոյն «ներողամտութեամբ» վերաբերւել նրա բառապաշարին (լածիրակ, լակոտ, ԼՏՊ, թիւրիմացութիւն, Սեռժիկ, ռուսական գործակալներ, բեղլու, կնանիք, լափել, արա, կնոջդ հետ յաճախ պիտի յարաբերւես, վիժւածքներ, աբորտացուներ, դեպուտանքներ, վեցանոցներ, հետոյքն էին լիզում, հետոյքը կը մտնեն…)։ Ամենահետաքրքրականն այն է, որ այդ նոյն Համլետ Ղուշչեանը ժամանակակից եզրոյթով ասած «դուխ» է առնում ու սկսում իր հերթին «դամ» պահել Ռուբէնին (տականքներ, սարսափելի ժամանակահատւած, բուլկի Արամ, նախկին յանցաւոր ռեժիմի պարագլուխներ…): Բայց, իհարկէ, հաղորդման գլուխգործոցը սոյն Ղուշչեանի «անկեղծ խոստովանութիւնն» էր, որ ինքն անցած «յանցաւոր ռեժիմից» հալածւել եւ ստիպւած հեռացել է Մոսկւա (յիշեցի անորսալի Ջոյին), իրեն համեմատում է Ռուբէնի «Լաւագոյն տղերքը հեռանում են» երգի հերոսների հետ։ Իհարկէ, Ղուշչեանի «ինտելեկտն» ունի իր հոտառութիւնը։ Եթէ Ռուբէն Հախվերդեանը հայհոյում է Հայաստանի անկախութեան շուրջ 30 տարիները, ապա Համլետ Ղուշչեանը, դրանից սարսափելով եւ զգալով այսօրւայ պատւերը, հայհոյում է միայն անցած 20 տարիները։

Այս հարցազրոյցը չէի լսի կամ բնաւ չէի անդրադառնայ, եթէ համացանցում չկարդայի խօսքեր, որոնք վերագրւում էին Ռուբէն Հախվերդեանին եւ որոնց չէի ուզում հաւատալ։

Բայց․․․ ահա Ռուբէն Հախվերդեանի մտքի գոհարները․

«․․․ Թուրքական յատկութիւն ա (քծնանքը) ուժեղի ձեռքը համբուրի, թոյլին սպանի, որը վառ կերպով արտայայտւեց Ռոբերտի ու Սերժիկի, որովհետեւ իրանք, ի վերջոյ, ադրբեջանցիներ են, ադրբեջանական մթնոլորտում են մեծացել։ Էդ ազդեցութիւնը մինչեւ մաքրւի, եւս 50 տարի պիտի անցնի, տխմար դերասանուհի կայ ընդէ, արա, վաբշէ մաքրւէք ստեղից, վեկալէք գնացէք ձեր մշակոյթով, ձեր նամազներով, ձեր մուղամներով (վերջին բառը յուշում է «դուխով» Համլետը) Ղարաբաղից, էս թուրքական երաժշտութիւնը էկաւ ու արմատակալեց Սպիտակցի Հայկօ, Թաթուլ, Թաթա ու հազար ու մի զիբիլ․․․»։

Չգիտես` ի՞նչ պատասխանես, այն, որ քծնանքը որեւէ ուղիղ կապ չունի արցախցիների հետ, որ ադրբեջանական երաժշտութիւն լսում էին ողջ Խորհրդային Հայաստանում։ Այն, որ նոյն Խորհրդային Հայաստանում նոյնպես ծաղկում էր ռաբիսը, բայց, ի տարբերութիւն այսօրւայ, ստեղծւում էին նաեւ բարձրակարգ էստրադային երգեր (իսկ որ այսօր չեն ստեղծւում, հաստատ արցախցիները չեն մեղաւոր): Արդեօք Ռուբէն Հախվերդեանը հոգու խորքում չի՞ նախանձում նոյնպէս բոլորի կողմից սիրւած Թաթային, նաեւ Թաթայի՝ գուցէ աւելի մեծ հոնորարների համար։ Բայց սրանք հեչ։ Ես զարմանում եմ Ռուբէն Հախվերդեանի՝ արցախցիների հանդէպ ֆաշիզմի հասնող ատելութեան վրայ։ Չէի պատկերացնում, որ լիւմպենական պարզունակութիւնը, այն է՝ Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի նկատմամբ ատելութիւնը տարածւում է արցախցիների նկատմամբ, յատուկ է նաեւ Ռուբէն Հախվերդեանին։ Հետաքրքիր է, հայ ժողովրդի այդ ո՞ր հատւածն այդքան տարիներ կը դիմանար ադրբեջանական ճնշումներին։ Եւ հիմա իրենց հայրենակիցներն ասում են՝ թողէք, գնացէք։ Հարիւր հազարաւորների սիրելի Ռուբէն Հախվերդեանի այս խօսքերը աւելի վտանգաւոր են, քան տարբեր երկրների, միջազգային կազմակերպութիւնների` մեր շահերից չբխող յայտարարութիւններն ու բանաձեւերը Արցախի հարցի վերաբերեալ եւ շատ աւելի վտանգաւոր, քան ալիեւեան սպառնալիքներն ու ադրբեջանական զէնքերը։

Ես սխալւել եմ։ Ռուբեն Հախվերդեանն, իհարկէ, տաղանդաւոր երգահան, բանաստեղծ, երգիչ է։ Բայց, միեւնոյն ժամանակ, պարզունակ մտածողութեան տէր, չար եւ նախանձ անձնաւորութիւն։ Եւ երբեք՝ Վլադիմիր Վիսոցկի կամ Ժակ Բրէլ։

․․․ Իսկ Համլետ Ղուշչեանը հէնց նրա կողմից երգւած «լաւագույն տղերքից» է։

«Hetq.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։