Հա

Քաղաքական

04/03/2019 - 14:20

Հայերն ու իրանցիները կառուցում են նոր խաղաղութիւն, կամ ինչի՞ է հասել Փաշինեանը Թեհրանում

Փորձագէտները եւ քաղաքական գործիչներն ակտիւօրէն քննարկում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Իրան կատարած այցի արդիւնքները։ Հնչում են բանակցութիւնների արդիւնքների ինչպէս յոռետեսական գնահատականներ, այնպէս էլ հայ-իրանական աւելի լայն միութիւն ձեւաւորելու յոյսեր։

«alikonline.ir» - Փորձագէտները եւ քաղաքական գործիչներն ակտիւօրէն քննարկում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Իրան կատարած այցի արդիւնքները։ Հնչում են բանակցութիւնների արդիւնքների ինչպէս յոռետեսական գնահատականներ, այնպէս էլ հայ-իրանական աւելի լայն միութիւն ձեւաւորելու յոյսեր։

Թեհրանում Փաշինեան-Ռոհանի բանակցութիւնների ընթացքում հնչած նախաձեռնութիւնների իրագործումն առաջին հերթին պահանջում է քաղաքական պայմանաւորւածութււն։ Նման կարծիք յայտնեց քաղաքագէտ Սերգէյ Շաքարեանցը «Sputnik» Արմենիային տւած հարցազրոյցում։

Փետրւարի 27-28-ը Հայաստանի պատւիրակութիւնը՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, պաշտօնական այց կատարեց Թեհրան՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի անձնական հրաւէրով։

«Փաշինեանի իրանյան այցի մասին հեռուն գնացող հետեւութիւններ անելու համար պէտք է հիմք լինի։ Տւեալ դէպքում հիմքը փոխըմբռնման մասին ստորագրւած երկու յուշագրերն են։ Ուրիշ, աւելի լուրջ պայմանաւորւածութիւններ՝ արձանագրւած թղթի վրայ, մենք չունենք։ Այս ֆոնին ես չեմ կարող ասել, թէ ինչպիսին կը լինեն համագործակցութեան զարգացման քայլերը էներգետիկայի կամ հաղորդակցութիւնների ոլորտում»,- նշեց փորձագէտը։

Շաքարեանցը քննադատեց Փաշինեանի յայտարարութիւնը (որը նա արել է Իրանի նախագահի հետ բանակցութիւններից յետոյ) այն մասին, որ հայկական կողմի համար կարեւոր գործօն է իրանական գազի գինը։ Դիւանագիտական լեզւով թարգմանած՝ դա նշանակում է, որ հայկական կողմը ձգտում է իրանական գազի առաւելագոյն ցածր գնի, ինչը, իհարկէ, քիչ գրաւիչ է պաշտօնական Թեհրանի համար։

«Պէտք է հաշւի առնել, որ Իրանը հետեւողականօրէն եւ հաստատակամօրէն պաշտպանում է իր շահերը։ Նրանց գազի ցածր գնով շահագրգռելը լաւագոյն մտայղացումը չէր մեր կողմից»,- կարծում է փորձագէտը։

Շաքարեանցի կարծիքով՝ պէտք է սպասել երկու երկրների համապատասխան օղակների միջեւ աշխատանքների արդիւնքներին։ Որպէս կանոն, հիմնական աշխատանքը տարւում է արդէն այցերից յետոյ։

«Իրանին պէտք չեն ինչ-որ խոստումներ, ոսկէ սարեր։ Նրան պէտք է, որպէսզի տարածքը, որով նա արտահանելու է իր բնական գազը, վերահսկւի յուսալի խաղացողների եւ ուժերի կողմից։ Համարո՞ւմ է Իրանը արդեօք Հայաստանը նման տարածք, չեմ կարող ասել։ Ես հակւած եմ այն մտքին, որ Հայաստանում եւ Վրաստանում իշխանութիւնը ղեկավարում են ոչ իրանամէտ ուժերը»,- յայտարարեց նա։

Փորձագէտը կարծում է, որ Հայաստանը գազի կամ դրա տարանցման հարցում ինչ-որ առաւելութիւններ ստանալու իրական շանս չունի առանց որոշակի պահանջներ կատարելու, որոնք Թեհրանը, հաւանաբար, առաջադրել է բանակցութիւնների ընթացքում։

Հակադիր կարծիքին է ազգային անվտանգութեան հարցերով ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական Աշոտ Մանուչարեանը, որը կարծում է, որ Փաշինեանի այցը պէտք է դիտարկել ոչ միայն տնտեսական համագործակցութեան տեսանկիւնից, այլ նաեւ աւելի լայն, խորը իմաստով։

«Փաշինեանի այցը Հայաստանի եւ Իրանի քաղաքակրթական մերձութեան արձանագրումն է։ Եւ էներգետիկ նախաձեռնութիւնների իրագործումը կը լինի այդ գլոբալ հայ-իրանական ոչ պաշտօնական միութեան օղակներից մէկը»,- ասաց Մանուչարեանը «Sputnik» Արմենիային տւած հարցազրոյցում։

Նրա խօսքով՝ հայ-իրանական երկխօսութիւնը երկու քաղաքակրթութիւնների, երկու կրօնների երկխօսութիւն է։ Այդ երկրներին հնարաւորութիւն է տրւել օգնել մնացածին դուրս գալ տարածաշրջանային քաոսից։ Հայ-իրանական յարաբերութիւնները քրիստոնէութեան եւ իսլամի «հանդիպման վայրն» են։ Բոլորը փորձում են հրահրել պատերազմ, իսկ հայերն ու իրանցիները կառուցում են «նոր խաղաղութիւն»։

Քաղաքական գործիչը համոզւած է, որ երկու երկրներում կան խնդիրներ եւ ճգնաժամեր, որոնցով համակւած է տարածաշրջանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։