Հա

Քաղաքական

05/03/2019 - 12:00

«Ղարաբաղեան կարգաւորումը ոչ թէ մէկ այլ մի քանի պայմանագրերի ստորագրում է նախատեսում». Վորլիք

Ղարաբաղեան կարգաւորումը ոչ թէ մէկ այլ մի քանի պայմանագրերի ստորագրում է նախատեսում: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տւած հարցազրոյցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջէյմզ Վորլիքը:

«alikonline.ir» - Ղարաբաղեան կարգաւորումը ոչ թէ մէկ այլ մի քանի պայմանագրերի ստորագրում է նախատեսում: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տւած հարցազրոյցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջէյմզ Վորլիքը: Գրում է «News.am»-ը:

Խօսենք «Լաւրովի ծրագրի» մասին, որը, համաձայն որոշ փորձագէտների, այժմ սեղանի վրայ է: Որո՞նք են այդ ծրագրի էլեմենտները եւ ընդհանրապէս այն ինչպէ՞ս յայտնւեց:

Ես կը նախընտրէի չօգտագործել «Լաւրովի ծրագիր» անւանումը, քանի որ այն ժամանակ, երբ համանախագահը ես էի, մենք աշխատում էինք արտգործնախարար Լաւրովի հետ եւ քննարկում դրա բաղադրիչ մասերը մշակման ընթացքում: Արտգործնախարար Լաւրովը հասկանում է այս հակամարտութիւնը: Մենք չենք խօսում պարզապէս այն գաղափարների մասին, որոնք նախկինում առաջարկւել էին որպէս այսպէս կոչւած հիմնարար սկզբունքներ, չնայած որ դրանք շարունակում են մնալ ցանկացած կարգաւորման բաղադրիչները:

Խօսքն այն մասին է, որ մենք մշակել ենք, գոնէ երբ ես էի համանախագահ, մի շարք բաղադրիչներ, պայմանագրեր - յոգնակի տեսքով, որոնք պէտք է կը նքւէին ներգրաււած կողմերի միջեւ: Խօսքը պարզապէս սեղանի շուրջը նստելու եւ մէկ փաստաթուղթ ստորագրելու մասին չէ, այլ համապարփակ մօտեցման մասին, որը կը նախատեսէր բոլոր կողմերի շահերը:

Յոյս ունեմ, հէնց սա կարող է լինել բանակցային սեղանի վրայ, երբ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանդիպեն: Նրանք չեն կարգաւորելու բոլոր հարցերը մէկ հանդիպման ընթացքում, սակայն, դա է ուղղութիւնը, որով անհրաժեշտ է շարժւել:

Պէտք է ասեմ, որ այս խնդիրը շարունակում է մնալ մի հարց, որում Ռուսաստանը, Միացեալ Նահանգները եւ Ֆրանսիան շարունակում են սերտօրէն միասին աշխատել՝ յանուն խաղաղութեան ընդհանուր շահի: Նոյնիսկ այսօր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ շատ թունաւոր յարաբերութիւնների պայմաններում, որոնք ազդում են յարաբերութիւնների բազմաթիւ ոլորտների վրայ, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցում մենք շարունակում ենք աշխատել սերտօրէն եւ արդիւնաւէտ:

Ու թէեւ ես այլեւս համանախագահութեան գործընթացի մասնակից չեմ, նոյնիսկ որպէս կողմնակի դիտորդ կարելի է տեսնել, որ սա մի ոլորտ է, որտեղ մենք ընդհանուր նպատակներ ունենք: Ուստի, յոյս ունեմ, որ արտգործնախարար Լաւրովը կը շարունակի ակտիւ դեր խաղալ, ինչպէս նաեւ ամերիկեան եւ ֆրանսիական կողմերը: Յոյս ունեմ, որ մենք կը շարունակենք ջանքերը եւ բեկում կարձանագրենք:

Տեսէք, այս հակամարտութիւնը չափից աւելի երկար է շարունակւում: Այն չի դառնալու աւելի թեթեւ եւ խաղաղութեան համար այսօրւանից աւելի լաւ ժամանակ չի լինելու: Ինչո՞ւ առաջ չշարժւել հիմա: Երկու տարի անց, կամ երեք, հինգ, տասը տարի անց այն միայն աւելի է բարդանալու եւ բախման ռիսկը աւելանալու է:

Այժմ մենք ունենք շփման գծում համեմատաբար հանդարտ մի շրջան, երկրների առաջնորդները կարծես թէ պատրաստ են առաջ շարժւել այս գործընթացում: Ե՞րբ է լինելու աւելի լաւ ժամանակ: Այժմ իրական ժամանակն է դրա համար: Իրականում, հէնց Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները պէտք է սեփական առաջնորդներին ստիպեն այս գործընթացը կարգաւորել: Արդեօ՞ք դուք ցանկանում էք, որ հայերի եւս մէկ սերունդ ապրի այս ամպի տակ: Անշուշտ՝ ոչ:

Նոյնն էլ Ադրբեջանում. Արդեօ՞ք դուք կարծում էք, որ Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է այս խնդիրը փոխանցել եւս մէկ սերնդի: Անշուշտ՝ ոչ: Այս շարունակւող մահւան դէպքերը շփման գծում, շարունակւող հակամարտութեան տնտեսական հետեւանքները: Իմ կոչը կը լինի ոչ թէ պարզապէս առաջնորդներին այլ երկու երկրների ժողովուրդներին. Այժմ ժամանակն է կարգաւորելու այս հարցը եւ կարգաւորման ուրւագծերը յայտնի են եւ սեղանի վրայ են: Դրանք կարող են քննարկւել եւ առաջ քաշւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։