Հա

Քաղաքական

07/03/2019 - 12:10

«Հայատեացութիւնը դարձել է ադրբեջանական ինքնութեան անբաժանելի մասը». Աշոտ Ղուլեանի ելոյթը Եւրոպական խորհրդարանում կայացած համաժողովին

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը մարտի 6-ին Եւրոպական խորհրդարանում մասնակցել է «Հայատեացութիւն. Պատմական եւ արդի դրսեւորումները» խորագրով համաժողովին, որը կազմակերպւել է Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի եւ Թուֆենկեան հիմնադրամի ջանքերով, Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Էլենի Թեոխարուսի աջակցութեամբ:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը մարտի 6-ին Եւրոպական խորհրդարանում մասնակցել է «Հայատեացութիւն. Պատմական եւ արդի դրսեւորումները» խորագրով համաժողովին, որը կազմակերպւել է Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի եւ Թուֆենկեան հիմնադրամի ջանքերով, Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր Էլենի Թեոխարուսի աջակցութեամբ:

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի լրատւութեան եւ հանրութեան հետ կապերի բաժնից, խորհրդարանի ղեկավարը ողջոյնի խօսքով դիմել է համաժողովի մասնակիցներին՝ յատուկ ընդգծելով նման կարևոր միջոցառման կազմակերպումը Եւրոպական խորհրդարանի շէնքում՝ որպէս մի կառոյց, որը ոչ միայն եւրոպական ընտանիքում ապրող ժողովուրդների, այլեւ ամբողջ աշխարհի համար ժողովրդավարութեան օրինականութեան եւ համերաշխութեան առաջամարտիկներից է:

Իր խօսքում Աշոտ Ղուլեանն անդրադարձել է այլատեացութեան՝ որպէս ժամանակակից աշխարհում մարդկութեանը սպառնացող ամենամեծ մարտահրաւէրներից մէկի դէմ համատեղ պայքարելու անհրաժեշտութեանը եւ շեշտել, որ այս ուղղութեամբ յաջողութեան կարելի է հասնել, եթէ բոլորի կողմից ընկալելի լինի այն գիտակցումը, որ այլատեացութեամբ թունաւորւած հանրութիւնը երբեք եւ ոչ մի պարագայում չի կարող հասարակական եւ համամարդկային արժէք ստեղծել:

Այնուհետեւ, խօսելով Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացւող հայատեացութեան քաղաքականութեան մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ երեւոյթը հարեւան երկրում նոր չէ, աւելին՝ տարիների ընթացքում այն դարձել է ադրբեջանական ինքնութեան անբաժանելի մասը, իսկ չկարգաւորւած հակամարտութեան պայմաններում,  Ադրբեջանի իշխանութիւնների կողմից օգտագործւում է որպէս սեփական ժողովրդին մոլորեցնելու եւ Արցախի մասին թիւր տեղեկութիւններ տարածելու գործիք: Խորհրդարանի ղեկավարը խորհուրդ է տւել արտասահմանեան գործընկերներին այցելել Արցախ եւ տեղում ծանօթանալ իրավիճակին:

Ամփոփելով խօսքը՝ Աշոտ Ղուլեանը համոզմունք է յայտնել, որ նման ձեւաչափով կազմակերպւած ցանկացած միջոցառում օգնում է բացայայտելու համամարդկային զարգացմանը խոչընդոտող երեւոյթների էութիւնը եւ համատեղ ջանքերով փնտրելու ու գտնելու ելքեր՝ բարդ իրավիճակներից:

Համաժողովին մասնակցել են՝ Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինէ Ալեքսանեանը, ԱՀ մարդու իրաւունքների պաշտպան Արտակ Բեգլարեանը, փորձագիտական եւ այլ ոլորտների մի շարք ներկայացուցիչներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։