Հա

Քաղաքական

10/03/2019 - 13:50

«Պէտք է դադարել թոզ փչել մարդկանց աչքերին եւ սկսել երկիրը պատրաստել պատերազմի». Ա. Չալաբեանը՝ ԵԱՀԿ ՄԽ յայտարարութեան մասին

Երէկ Մինսկի խմբի համանախագահները յայտարարութիւն են տարածել, որում եւս մէկ անգամ ընդգծւում են Մադրիդեան սկզբունքների հիման վրայ Արցախեան հակամարտութեան կարգաւորման անհրաժեշտութիւնը։ Թէեւ յայտարարութիւնը ուղղւած է բոլոր կողմերին, ըստ էութեան այն աւելի շատ միակողմանի ուղերձ է հայկական կողմին, քանի որ արդէն հիմա ակնյայտ է, որ Մադրիդեան սկզբունքները չեն կարող լինել հակամարտութեան կարգաւորման իրական հիմք, եւ յանգեցնելու են հայկական կողմի համար միակողմանի զիջումների, եւ ի վերջոյ, Արցախում հայկական պետականութեան կորստի։

«alikonline.ir» - Երէկ Մինսկի խմբի համանախագահները յայտարարութիւն են տարածել, որում եւս մէկ անգամ ընդգծւում են Մադրիդեան սկզբունքների հիման վրայ Արցախեան հակամարտութեան կարգաւորման անհրաժեշտութիւնը։ Թէեւ յայտարարութիւնը ուղղւած է բոլոր կողմերին, ըստ էութեան այն աւելի շատ միակողմանի ուղերձ է հայկական կողմին, քանի որ արդէն հիմա ակնյայտ է, որ Մադրիդեան սկզբունքները չեն կարող լինել հակամարտութեան կարգաւորման իրական հիմք, եւ յանգեցնելու են հայկական կողմի համար միակողմանի զիջումների, եւ ի վերջոյ, Արցախում հայկական պետականութեան կորստի։

Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր եւ խորհրդի անդամ Աւետիք Չալաբեանը:

«Այս սկզբունքները ձեւակերպւել են 2007-09 թ., եւ արտայայտել են այն ժամանակւայ պատկերացումները հակամարտութեան կարգաւորման «փոխզիջումային» մեխանիզմի վերաբերեալ, նրանք ի սկզբանէ ենթադրում են տարածքային միակողմանի զիջումներ Ադրբեջանին, եւ Արցախի վերջնական կարգավիճակի անորոշ ժամանակով հետաձգում եւ որոշում հանրաքւէի միջոցով, որի վրայ կարող են ազդել նաեւ վերադարձող ադրբեջանցի վերաբնակիչները։ Ակնյայտ է, որ այս տարբերակը կամ կը բերի ոչ միայն անիմաստ տարածքային կորուստների, այլեւ նոր պատերազմի՝ արդէն մեր համար անբարենպաստ դիրքերում, եւ կամ էլ Արցախի վերադարձի Ադրբեջանի կազմ, արտաքին ուժային ճնշման տակ իրականացւած հանրաքւէի միջոցով։

Հայկական նոր իշխանութիւնը այս սկզբունքները ժառանգութիւն է ստացել նախորդ իշխանութիւնից, որը հրաշալի հասկանում էր, որ դրանք շարադրւած են ի նպաստ Ադրբեջանի, եւ որ դրանց հիման վրայ հնարաւոր չի Արցախեան հարցի հայանպաստ կարգաւորում։ Չկարողանալով փոխել այս սկզբունքները, եւ հանդէս գալով տարեց տարի թուլացող դիրքերից, նախորդ իշխանութիւնը գերադասում էր ժամանակ ձգել, սպասելով հրաշքի։ Երբ պարզ դարձաւ, որ իրենց ձեռքով հրաշք չի լինելու, նախորդները իշխանութիւնը յանձնեցին նորերին, միաժամանակ ժառանգութիւն թողելով նրանց Մադրիդեան սկզբունքները։

Հայաստանեան նոր իշխանութիւնը կանգնած է այսօր բարդ երկընտրանքի առաջ։ Ակնյայտ է, որ այս սկզբունքների հիման վրայ կնքած ցանկացած համաձայնագիր չի ընդունւելու հայութեան ճնշող մեծամասնութեան կողմից, եւ բերելու այն կնքող իշխանութեան անկման, եւ դա շատ լաւ են հասկանում նոր իշխանութեան առանցքային անդամները, որոնք սկսել են վերջին շաբաթներին կոշտացնել իրենց հռետորաբանութիւնը։ Միւս կողմից, բանակցութիւններից հրաժարումը այսօր Ադրբեջանին հնարաւորութիւն կը տայ սանձազերծել նոր պատերազմ, այս անգամ արդէն միջնորդ երկրների լուռ թողտւութեամբ, եւ մեզ համար անկանխատեսելի արդիւնքներով։

Լուծումը այսօր միարժէք չէ։ Պէտք է մասնակցել բանակցութիւններին, հընթացս փորձելով ազդել կարգաւորման սկզբունքների վրայ, եւ հիմնաւորելով միջնորդ կողմերին այդ սկզբունքների հիման վրա լուծման անհնարինութիւնը։ Միեւնոյն ժամանակ, նոյն միջնորդ կողմերի հետ պէտք է վերականգնել երկկողմանի յարաբերութիւնները, որոնք զգալիօրէն տուժել են վերջին մէկ տարւայ ընթացքում, դա նոր իշխանութեան մեծագոյն ձախողումն է։ Եւ վերջապէս, պէտք է դադարել թոզ փչել մարդկանց աչքերին, եւ սկսել երկիրը եւ ամբողջ հայութիւնը պատրաստել պատերազմի։ Հակառակորդը պէտք է համոզւած լինի, որ մենք ազգովի պատրաստ են կռւի, եւ որ իր կողմից ցանկացած ռազմական արկածախնդրութիւն կը բերի իր իսկ համար հսկայական կորուստների՝ այդ դէպքում շանս կայ, որ մենք հիմա կը խուսափենք այդ պատերազմից, եւ ի վերջոյ, գուցէ բազում տարիներ յետոյ միայն, կը ստանանք այն խաղաղութիւնը, որին արժանի է յաղթանակած ազգը»,- գրառման մէջ նշում է Չալաբեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։