Հա

Քաղաքական

11/03/2019 - 14:10

Քաղաքագէտ. «Իմ զգացողութեամբ, պատերազմի նախապատրաստական աշխատանքների վերջին փուլերի ականատեսն ենք լինում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի յայտարարութիւնից յետոյ երկու հիմնական կարծիքներ էին հնչում։ Առաւել շատ էին նրանք, ովքեր ասում էին, որ հայկական դիւանագիտութիւնը պարտւել է, համանախագահների յայտարարութիւնը խիստ մտահոգիչ է հայկական կողմի համար։ Մյուս մասը պնդում է՝ ոչինչ էլ չի փոխւել, մտահոգւելու հարկ չկայ։

«alikonline.ir» - ԵԱՀԿ Մինսկի խմբի յայտարարութիւնից յետոյ երկու հիմնական կարծիքներ էին հնչում։ Առաւել շատ էին նրանք, ովքեր ասում էին, որ հայկական դիւանագիտութիւնը պարտւել է, համանախագահների յայտարարութիւնը խիստ մտահոգիչ է հայկական կողմի համար։ Մյուս մասը պնդում է՝ ոչինչ էլ չի փոխւել, մտահոգւելու հարկ չկայ։

Միջնորդների յայտարարութեան, դրան հետեւած հայկական կողմի արձագանգների, հնարաւոր պատճառների ու հետեւանքների մասին «Panorama.am»-ը զրուցել է քաղաքագէտ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարեանի հետ։

 

- Պարոն Մելիք-ՇահնազարեանՄինսկի խմբի յայտարարութիւնից յետոյ շատ մտահոգութիւններ հնչեցին։ Չափազանցւած չե՞ն դրանք, քանի որ շատերը պնդում են՝ ոչինչ էլ չի փոխւել։

- Բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են՝ ոչինչ չի փոխւել, նրանք որեւէ պատկերացում չունեն բանակցային գործընթացի եւ վերջին տարիների զարգացումների վերաբերեալ։ Ակնյայտ է մի բան. ապրիլեան պատերազմից յետոյ իրավիճակ էր փոխւել, եւ Ադրբեջանը կրում էր այդ պատերազմի քաղաքական ողջ պատասխանատւութիւնը։ Հիմա ըստ էութեան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են պրոցեսը սկսել այն կէտից, որտեղ մեղմ ասած, Ադրբեջանի վրայ նման պատասխանատւութիւն չկար դրած։ Նրանք պրոցեսը յետ են տանում մի քանի տարի, հասցնում մի կէտի, որը շտկելու համար հայկական դիւանագիտութիւնը վեց տարի աշխատանք է տարել, եւ որը փոխելու համար ստիպւած ենք եղել նաեւ ադրբեջանական ագրեսիային դիմակայել։ Հիմա այս ամէնը մի կողմ դնելով՝ համանախագահները փորձում են նրան ազատել պատասխանատւութիւնից, հասկանալի է, որ դրա հետեւանքները Ադրբեջանի համար առնւազն աւելի ագրեսիւ գործելու հնարաւորութիւնն են։ Այլ կերպ ասած, ստեղծւել է մի իրավիճակ, երբ միջնորդներն ու Ադրբեջանը փորձում են հայկական կողմին քաղաքական լուծումներ պարտադրել։

 

- Ի՞նչի հետեւանք էր նման յայտարարութիւնը։ Չէ՞ որ վարչապետը յայտարարում էր, հայկական կողմը պարտադրելու է, որ Արցախն էլ դառնայ բանակցային կողմ։

- Ինձ թւում է, որ վարչապետն իր մօտեցումները յայտարարելուց շտապել է։ Ըստ էութեան, վարչապետ նշանակւելուց յետոյ սկսել է խօսել հարցի մասին առանց հասկանալու մինչ այդ ընթացած բանակցային գործընթացի տրամաբանութիւնը, որովհետեւ երբ յայտարարում է, որ Արցախը պէտք է լինի բանակցութիւնների կողմ, վարչապետը պէտք է իմանայ, որ այդ կէտն այսպէս, թէ այնպէս ներառւած էր օրակարգում, թէ միջնորդները, թէ հայկական կողմը մշտապէս պնդում էին, որ Արցախն ինչ-որ պահից սկսած մասնակցելու է բանակցութիւններին։ Մինչդեռ վարչապետ Փաշինեանը Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանաւորւածութիւնները փոխարինեց վերելակային պայմանաւորւածութիւններով, սկսեց ըստ էութեան, միջազգային հանրութեան աջակցութիւնը ստանալու համար հակասական գործողութիւններ իրականացնել Ռուսաստանի, Արեւմուտքի հետ յարաբերութիւններում, ամէն մէկի մօտ ասում էր այն, ինչ ականջահաճոյ է այդ կողմին։

Հետեւողական չլինելով նաեւ Ադրբեջանին պարտադրելու հարցում, որպէսզի կատարի Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանաւորւածութիւնները, ըստ էութեան ստեղծեց մի իրավիճակ, որտեղ Բաքուն հնարաւորութիւն ստացաւ դուրս գալ այդ պայմանաւորւածութիւնների կապանքներից, նաեւ որոշակի պայմանաւորւածութիւններ կարողացաւ ձեռք բերել միջնորդների հետ՝ հիմնականում յենւելով այն փաստի վրայ, որ Փաշինեանը փորձում է բանակցել միայն Հայաստանի Հանրապետութեան անունից ու ոչ Արցախի։ Ալիեւի վարչակազմին հեշտ յաջողւեց անհնար դարձնել այն ծրագիրը, որը փորձում էր իրականացնել Փաշինեանը։

Դրանից յետոյ արդէն փոքր յաղթանակներ ունենալով, նրանք փորձում են արագացնել պրոցեսը՝ հասկանալով, որ Փաշինեանը կամ պէտք է յետ կանգնի իր խօսքերից, նրանք նաեւ հաշւարկել են Փաշինեանի հոգեկերտւածքը, որ նա այդպիսի բաներ, որպէս կանոն չի անում, սեփական հեղինակութիւնը յաճախ աւելի բարձր է դասում, քան պետական շահը, կամ պէտք է յետ կանգնի բանակցութիւններից։ Երկրոդ տարբերակի դէպքում թէ միջնորդները, թէ Ադրբեջանը մեղքը կը բարդեն հայկական կողմի վրայ։ Այս առումով փակուղային իրավիճակ են ստեղծել, այս դէպքում շատ կարեւոր է, որ Փաշինեանն առաջնորդւի պետական շահերով։

 

- Համանախագահների յայտարարութեանը հետեւեց Հայաստանի ԱԳ նախարարութեան մեկնաբանութիւնը, որտեղ նշւում էր, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում միջադէպերի կանխարգելման մեխանիզմների եւ փոխվստահութեան ամրապնդման միջոցառումների ներդրման վերաբերեալ ամրագրումները շարունակում են մնալ առարկայական։

- Գիտէ՞ք, ԱԳ նախարարութեան յայտարարութիւնը պէտք է ուղղւած լինէր հէնց Մինսկի խմբի համանախագահներին եւ ոչ թէ ադրբեջանական կողմին, որովհետեւ համանախագահներն իրավիճակ են փոխղում, մենք կորցնում ենք մի շարք ձեռքբերումներ, որ ունեցել ենք վերջին տարիների ընթացքում։ ԱԳՆ-ն իր յայտարարութեան մէջ ընդամենը սեփական մեղադրանքներն է հնչեցնում Ադրբեջանի հասցէին՝ խուսափելով անգամ մէկ բառով անդրադառնալ համանախագահների այդ ոչ հայանպաստ մօտեցումներին եւ դիրքորոշումներին։ Սա արդէն բաւականին քննադատելի փաստ է։ Կարծում եմ, որ այդ յայտարարութիւնը ԱԳ նախարարութեան կողմից տարածւել է բացառապէս մէկ նպատակով, այն է՝ շեղել հասարակութեան ուշադրութիւնը համանախագահների յայտարարութիւնից։ Այսինքն, թեմաներն իրար խառնել, դրանով փորձել չէզոքացնել այն բացասական հետեւանքները, որ կարող են առաջանել հասարակական կարծիքում։ Իսկապէս, անբովանդակ, անատամ յայտարարութիւն էր։ Ցաւօք սրտի, նախարարութեան արձագանգին հետեւեց վարչապետի մամուլի խօսնակի գնահատականները, որտեղ նա սովորական ու բնական որակեց Մինսկի խմբի յայտարարութիւնը։ Սա առաւել եւս անհասկանալի մօտեցում է։ Ի՞նչն է սովորական։ Կարծում եմ, այդ հարցին խելամիտ պատասխան Հայաստանում որեւէ մէկը չի կարող տալ, բացի վարչապետի մամուլի խօսնակից։ Իսկապէս անհասկանալի է, թէ ի՞նչ խնդիր է փորձում լուծել նման յայտարարութեամբ հայկական կողմը։

 

- Ձեր կարծիքով, ո՞րն է նման յայտարարութիւնների պատճառը, գուցէ դեռ կա՞ն չբացւած փակագծեր։

- Անպատասխանատու իշխանութեան մօտեցումներն են պատճառը։ Երբ մենք հետեւում ենք մամուլի հրապարակումներին կամ իշխանամերձ գործիչների մեկնաբանութիւններին, ասում են՝ դա այն է, ինչի շուրջ ժամանակին բանակցել են Ռոբերտ Քոչարեանը, Սերժ Սարգսեանը։ Սա մեղքը նախկին իշխանութիւնների վրայ բարդելու փորձ է։ Չեմ էլ անդրադառնում այն հարցին, որ եղել է նման փաստաթուղթ, բայց նախկին իշխանութիւնները չեն գնացել դրա ստորագրմանը, այլ տարիներ շարունակ աշխատանքի շնորհիւ փոխել են դրոյթները, եւ հիմա ըստ էութեան, վերջին տարիների ձեռքբերումները կորցնելու համար պատասխանատւութիւնը փորձում են թողնել նախկինների վրայ։ Սա ընդամնեը պատասխանատւութիւնից փախչելու փորձ է։

 

- Յայտարարութիւնից յետոյ շատերը ահազանգեցին պատերազմի վերսկսկման վտանգի մասին։ Կա՞յ ռէալ վտանգ։

- Կարծում եմ, որ կայ, եւ աւելի քան ռէալ է այդ վտանգը։ Ադրբեջանական կողմն իհարկէ չի պատրաստւում եւ մշտապէս բաց յայտարարում է, որ իրենք չեն սահմանափակւելու որոշ տարածքներ ստանալով, իրենք պայքարում են ողջ Արցախի համար։ Հիմա այս խնդիրը որ լուծւում է Ալիեւի վարչակազմի կողմից, պատերազմի քաղաքական հիմքերի նախապատրաստումն է։ Յաջորդ քայլով նրանք ցոյց կը տան, որ Հայաստանը հրաժարւում է բանակցութիւններից, ըստ էութեան, իրենց որեւէ մէկը չի մեղադրի պատերազմ սկսկելու համար, քանի որ հակառակ կողմը հրաժարւում է բանակցութիւններից։ Ահա այս տրամաբանութիւնն են փորձում գործարկել, ինչը շատ վտանգաւոր է։

Իսկ առաւել վտանգաւոր է այն, որ իմ զգացողութեամբ, իհարկէ փաստեր չունեմ, երեւում է այս գործընթացների տրամաբանութիւնից, ինտենսիւութիւնից, բովանդակութիւնից, որ պատերազմի քաղաքական պայմանաւորւածութիւն կամ որոշում արդէն կայ, եւ ըստ էութեան նախապատրաստական աշխատանքների վերջին փուլերի ականատեսն ենք լինում։

Եթէ պաշտօնական Երեւանը շատ կտրուկ եւ յստակ լուծումներ այս պահին չգտնի, ցաւօք սրտի, դա իսկապէս անխուսափելի կը լինի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։