Հա

Քաղաքական

12/03/2019 - 10:10

Արցախի ԱԳՆ. «Ցաւալի է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնութիւն չեն ցուցաբերում եռակողմ բանակցային ձեւաչափի վերականգնման համար»

 

Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցութիւնների եռակողմ ձեւաչափի վերականգնման հարցը իւրայատուկ լակմուսի թուղթ է, որը ցոյց է տալիս ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում իրական առաջընթացի պատրաստակամութեան աստիճանը:

«alikonline.ir» - Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցութիւնների եռակողմ ձեւաչափի վերականգնման հարցը իւրայատուկ լակմուսի թուղթ է, որը ցոյց է տալիս ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում իրական առաջընթացի պատրաստակամութեան աստիճանը:

Այս մասին «Արմէնպրեսի» հարցին ի պատասխան յայտնել է Արցախի Հանրապետութեան ԱԳՆ տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ Արտակ Ներսիսեանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ շաբաթ օրն արւած յայտարարութեանը:

Ներսիսեանը յաւելել է, որ բանակցային ամենաարդիւնաւէտ ձեւաչափի վերականգնմանը հակազդելը հնարաւոր է մեկնաբանել որպէս հակւածութիւն՝ պահպանել ստատուս քւոն:

«Ցաւալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնութիւն չեն ցուցաբերում եռակողմ բանակցային ձեւաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագոյն մարմնի որոշմանը»,- նշել է ԱՀ ԱԳՆ ներկայացուցիչը:

Յիշեցնենք, որ ըստ ԵԱՀԿ ՄԽ-ի՝ մարտի 9-ին արւած յայտարարութեան՝ ԼՂ խնդրի արդար ու տեւական կարգաւորումը պէտք է հիմնւած լինի Հելսինկեան եզրափակիչ ակտի սկզբունքների վրայ: Ըստ համանախագահների՝ հակամարտութեան կարգաւորումը պէտք է հաշւի առնի 2009-2012 թթ. համանախագահող երկրների նախագահների առաջարկած յաւելեալ տարրերը, որոնք ենթադրում են ԼՂ-ն շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ, անվտանգութեան եւ ինքնակառավարման երաշխիքներ ապահովող միջանկեալ  կարգավիճակ ԼՂ-ի համար, ՀՀ-նն եւ ԼՂ-ն կապող միջանցք, իրաւական տեսանկիւնից կամքի պարտադիր դրսեւորման միջոցով ԼՂ վերջնական իրաւական կարգավիճակի ապագայ յստակեցում, բոլոր ներքին տեղահանւած անձանց ու փախստականների՝ բնակութեան նախկին վայրեր վերադառնալու իրաւունք, խաղաղապահ գործողութիւն ներառող միջազգային անվտանգութեան երաշխիքներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։