Հա

Քաղաքական

12/03/2019 - 09:20

ԵԱՀԿ Մինսկի խմբի յայտարարութիւնը Փաշինեան-Ալիեւ հնարաւոր հանդիպումից առաջ խաղի կանոնների յստակեցում էր

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ակնկալւող հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 9-ին տարածած յայտարարութեամբ փորձ են արել ամրարգել թէ՛ բանակցութիւնների անցկացման ձեւը, թէ՛ բովանդակութիւնը։ 

ԱՆՆԱ ՄԿՐՏՉԵԱՆ

 

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ակնկալւող հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 9-ին տարածած յայտարարութեամբ փորձ են արել ամրարգել թէ՛ բանակցութիւնների անցկացման ձեւը, թէ՛ բովանդակութիւնը։ Նման ծաւալուն յայտարարութեան տարածումը, որտեղ խօսւում է բանակցային ձեւաչափի, կարգաւորման սկզբունքների ու տարրերի, բանակցութիւններին զուգորդող վստահութիւնն ամրապնդող մեխանիզմների մասին, նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքոյ երկու առաջնորդների առաջին հանդիպումից առաջ խաղաքարտերի եւ խաղի կանոնների յստակեցման անհրաժեշտութիւն է ծագել։

Թէպետ նման յայտարարութիւնը կարող է ենթադրել, որ ինչ որ առումով այդ հանդիպումը վտանգւած է։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութիւնն արձագանքել է համանախագահների յայտարարութեանը՝ փաստերի ընտրողաբար ներկայացմամբ կամ այլ կերպ ասած՝ դասական «Cherry picking»-ով, երբ յայտարարութիւնից առանձնացւում են միայն իրենց ձեռնտու մասերը։

Ադրբեջանի ԱԳՆ խօսնակը մեկնաբանել է, որ յայտարարութիւնը ազդանշան էր՝ ուղղւած Հայաստանին «եւ մենք դա ողջունում ենք», ապա շարունակում՝ «փորձերը ներգրաւելու մեր երկրի գրաւեալ տարածքների վրայ ստեղծւած այսպէս կոչւած ռեժիմին եւ ձեւաչափի փոփոխութիւն անընդունելի են»։

Նախ պէտք է յստակեցնել, որ յայտարարութիւնն ուղղւած է բոլոր կողմերին՝ այդ թւում՝ Ադրբեջանին, եւ նրանում ներկայացւած կարգաւորման տեսլականում որեւէ նորութիւն չկայ։ Այո՛, Հայաստանի իշխանութիւնները վերջերս հանդէս են գալիս բանակցութիւններում Լեռնային Ղարաբաղի ուղիղ ներգրաւման օգտին, որը, գոնէ հայկական կողմի ընկալմամբ, չի նշանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ ընթացող բանակցային ձեւաչափի փոփոխութիւն։ Հայաստանը մշտապէս հանդէս է եկել այդ ֆորմատի օգտին, ի տարբերութիւն Ադրբեջանի, որ պատեհ ու անպատեհ առիթներով փորձում է հարցի քննարկումը տեղափոխել միջազգային այլ հարթակներ։

Բնականաբար, միամտութիւն կը լինէր կարծել, որ Ադրբեջանը միանգամից կընդունի բանակցային ձեւաչափի համալրման, աւելի ճիշտ վերականգման Հայաստանի այս առաջարկը։ Հասկանալի է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու հարցով հետաքրքրւած այլ դերակատարներն աւելի շուտ հանդէս կը գան անվտանգ իներցիայի, քան թէ նորամուծութիւնների օգտին, որին հակառակւում է կողմերից մէկը։ Այս տեսակէտից ձեւաչափի հետ կապւած՝ համանախագահների ընդհանրացւած այս կոչը կարելի է հասկանալ ակնարկ ուղղւած հայկական կողմին, բայց նաեւ Ադրբեջանին, ով մշտապէս փորձել է խարխլել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունէութիւնը։

Համանախագահները կոչ են անում նաեւ «զերծ մնալ յայտարարութիւններից ու գործողութիւններից, որոնք «նախապէս վճռում են ապագայ բանակցութիւնների արդիւնքը»։

Սա առաջին հերթին ուղղւած է հէնց Ադրբեջանին, ով բազմիցս յայտարարել է, որ պատրաստ է ԼՂ-ին տրամադրել ամենաբարձր ինքնավարութիւն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում, այն էլ՝ ԼՂ շրջակայ եօթ տարածքներն անվերապահ վերադարձնելուց յետոյ։

Ադրբեջանի այս դիրքորոշումն հակասում է մարտի 9-ի համանախագահների յայտարարութեան այն հատվածին, որտեղ նշւում է կարգաւորման սկզբունքներն ու տարրերը, ընդգծւում որ դրանք «պէտք է համարւեն մէկ ամբողջութիւն: Այս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ անհնարին կը դարձնի հասնելը հաւասարակշռւած լուծման»: Այս մասին, իհարկէ, Ադրբեջանի ԱԳՆ խօսնակը լռում է՝ նշելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը չի կարող քննարկւել, կամայականօրէն մեկնաբանում է Հելսինկիի Եզրափակիչ ակտը եւ խօսում ադրբեջանական ու հայկական համայնքների կողմից ԼՂ կարգավիճակի որոշման մասին՝ Ադրբեջանի կազմում։ Հիմա ո՞վ է խօսում նախապայմանների լեզւով, բանակցութիւնները չսկսած՝ մատնանշում բանակցութիւնների միակ ելքը։ 

Արժանայիշատակ է նաեւ համանախագահների կոչը՝ «զերծ մնալ յայտարարութիւններից ու գործողութիւններից, որոնք ցոյց են տալիս պատրաստակամութիւն՝ վերսկսելու ռազմական գործողութիւնները»: Սրա ուղիղ ու միակ հասցէատէրն Ադրբեջանն է, ով այս օրերին լայնամասշտաբ յարձակողական զօրավարժանքներ է անցկացնում՝ առանց պատշաճ միջազգային ծանուցման։

Հայաստանի ԱԳ նախարարութեան յայտարարութիւնը կենտրոնացած է հէնց այն մտքի վրայ, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումն անթոյլատրելի ու դատապարտելի է։

«Հայաստանը բազմիցս յայտարարել է, որ չի ընդունում նման մօտեցումները, ինչպէս նաեւ զէնքի, փողի սպառնալիքի ներքոյ բանակցութիւնների պարտադրանքը»,- նշւում է Հայաստանի ԱԳՆ մեկնաբանութեան մէջ։

Նրանում կարեւորւում է նաեւ «խաղաղութեան մթնոլորտի ձեւաւորումը, ռիսկերի նւազեցման եւ միջադէպերի կանխարգելման մեխանիզմների եւ փոխվստահութեան ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպէս դա ամրագրւել է Դուշանբէի, իսկ մինչ այդ նաեւ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական»:

Այս ամէնից կարելի է եզրակացնել, որ անցած տարւայ ընթացքում կողմերի դիրքորոշումներում որեւէ էական փոփոխութիւն չի եղել։ Միակ դրական զարգացումը լարւածութեան թուլացումն է շփման գծում, որն իհարկէ կայուն չէ եւ կարող է ցանկացած պահի վերաճել ռազմական գործողութիւնների վերսկսման։

Հայաստանում նոր իշխանութեան ձեւաւորումը իր հետ բերել է նոր ու լրիւ տարբեր սպասումներ բոլորի մօտ՝ եւ՛ Ադրբեջանի, եւ՛ միջազգային հանրութեան, եւ՛ հայաստանեան հանրութեան մոտ։ Այժմ Հայաստանի գործող կառավարութեան համար մարտահրաւէր է արդիւնաւէտ կառավարել այդ ակնկալիքները՝ միաժամանակ խուսափելով դիրքորոշման անհարկի կարծրացումից, պարտւողական կեցւածք ունենալու պնդումներից, բանակցային գործընթացի կտրուկ խզման պատասխանատու լինելու մեղադրանքներից։

Աւանդական կանխատեսումներով՝ բանակցային գործընթացին առաջիկայում ճեղքում սպասելը քիչ հաւանական է, իսկ պատերազմական գործողութիւնների վերսկսման վտանգը՝ մշտական։ Եւ նման յայտարարութիւնների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մնում է գործընթացը պահել «ստատուս քւոյի արահետի» մէջ, ինչքան էլ որ ԵՄ որոշ պաշտօնեաներ պնդեն, որ այն անկայուն է։

«Panorama.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։