Հա

Քաղաքական

12/03/2019 - 09:30

Փորձագէտ. «Արցախի պաշտպանութեան բանակը պէտք է համապատասխան մարտական պատրաստութեան բերւի»

Ադրբեջանը չի փոխում իր մարտավարութիւնն ու ագրեսիւ կեցւածքը։ Մարտի 11-ին մեկնարկած զօրավարժութիւնն, ըստ ռազմական փորձագէտ Տարօն Յովհաննիսեանի, դրա վառ ապացոյցն է։

«alikonline.ir» - Ադրբեջանը չի փոխում իր մարտավարութիւնն ու ագրեսիւ կեցւածքը։ Մարտի 11-ին մեկնարկած զօրավարժութիւնն, ըստ ռազմական փորձագէտ Տարօն Յովհաննիսեանի, դրա վառ ապացոյցն է։

Նման լայնամասշտաբ զօրավարժութիւններն Ադրբեջանի համար աննախադէպ չեն։ «Sputnik» Արմենիայի՝ եթերում, մեկնաբանելով Ադրբեջանում մարտի 11-15-ն անցկացւող զօրավարժութիւնները, ասաց ռազմական փորձագէտ Տարօն Յովհաննիսեանը։

Նրա խօսքով, վերջին տարիներին Ադրբեջանն այս ու աւելի լայնածաւալ զօրավարժութիւններ յաճախակի է անցկացնում։

«Անցած տարի առնւազն նման 3 զօրավարժութիւն է իրականացրել, եւ երեքն էլ անձնակազմի յայտարարւած քանակով աւելի մեծ են եղել։ Այս զօրավարժութիւնը ներգրաււած զինտեխնիկայի առումով գրեթէ նոյնն է` չնայած անցած տարի եղել է աւիացիոն ուժերի մինչեւ 50 միաւորի ներգրաւում։ Այս տարի 20 միաւոր էր»,- ասաց Տարօն Յովհաննիսեանը։

Նրա խօսքով` այս զօրավարժութեան հիմնական առանձնայատկութիւնը դրա յարձակողական բնոյթն է, քանի որ նախկինում զօրավարժութիւնների սցենարները հակայարձակողական բնոյթ են կրել։

«Սա յայտարարւած յարձակողական սցենար է` պայմանական թշնամու դէմ։ Եւ հասկանալի է, որ այս դէպքում պայմանական թշնամին առաւելապէս հենց Արցախի պաշտպանական բանակն է։ Յայտարարել են, որ զօրավարժութիւնն աւարտւելու է պաշտպանութեան ճեղքմամբ, ինչպէս նաեւ հրթիռային հարւածներով ռազմական օբեկտները վնասազերծելու գործողութիւններով։ Ամենայն հաւանականութեամբ, կը ներգրաււեն նաեւ հեռահար հրթիռային համալիրներ, միգուցէ` «Պոլոնեզ» համակարգեր եւ «LORA» օպերատիւ-մարտավարական հրթիռային համալիրներ։ Բայց վերջիններիս մարտական կրակով դրւագներ կը խաղարկւեն, թէ ոչ, այնքան էլ պարզ չէ»,- ասաց փորձագէտը։

Սա, ըստ Յովհաննիսեանի, վկայում է, որ Ադրբեջանը չի փոխում իր մարտավարութիւնն ու ագրեսիւ կեցւածքը։

Փորձագէտի համոզմամբ, շփման գծում նման քանակով զինտեխնիկայի կուտակման պարագայում հայկական կողմն ու, մասնաւորապէս Արցախի պաշտպանութեան բանակը պէտք է համապատասխան մարտական պատրաստութեան բերւեն։

«Հաւանականութիւնը ցածր է, որ նման զօրավարժութիւնների ժամանակ ակնյայտ ռազմական ագրեսիայի կը գնան, քան այն դէպքերում, երբ դա նախապէս չի յայտարարւում։ Ինչպէս 2016-ի դէպքում, երբ հանկարծակիի են փորձում բերել»,- ասաց նա։

Ու թէեւ զօրավարժութեան ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի վրայ յարձակումը փորձագէտն անհաւանական է համարում, բայց ագրեսիւ հռետորաբանութիւնը, նրա համոզմամբ, վկայում է, որ Ադրբեջանը չի փոխել իր կեցւածքը, շարունակում է չկատարել միջազգային պարտաւորութիւնները` ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելու ուղղութեամբ։

Ինչպէս արդէն յայտարարւել է, մարտի 11- 15-ը Ադրբեջանի զինւած ուժերն իրականացնում են խոշորագոյն զօրավարժութիւններ, որոնց մասնակցելու է 10 հազար մարդուց բաղկացած անձնակազմ, մինչեւ 500 մարտական տանկեր եւ այլ զրահապատ տեխնիկա, 300 միաւոր տարբեր տրամաչափի ինքնագնաց եւ հրետանային միջոցներ, ականանետեր, հրթիռներ եւ ռեակտիւ համազարկային միջոցներ, բանակային աւիացիայի աւելի քան 20 միաւոր մարտական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:

ՀՀ պաշտպանութեան նախարարի խօսնակը յայտարարել էր, որ Ադրբեջանը զօրավարժութեան վերաբերեալ չի ծանուցել մասնակից երկրներին։ ԵԱՀԿ տեղեկատւական ցանցով զօրավարժութեան անցկացման մասին Արցախի Հանրապետութիւնը դեռեւս ծանուցում չի ստացել:

Հետեւաբար, հայկական կողմը ենթադրում է, որ զօրավարժութիւնը կազմակերպւել է Փաշինեան-Ալիեւ հանդիպման համատեքստում եւ ճնշման փորձ է, ի պատասխան հայկական կողմի այն յայտարարութիւնների, որ Հայաստանը ոչ մի տարածք չի չզիջելու Ադրբեջանին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։