Հա

Քաղաքական

12/03/2019 - 10:50

Քաղաքագէտ. «ԵԱՀԿ ՄԽ յայտարարութիւնը Ադրբեջանի սպասումներին համահունչ էր»

Հայաստանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւնը բուռն արձագանք առաջացրեց։ Բազմաթիւ դիտորդների կարծիքով` միջնորդների արտայայտութիւնները Բաքւի շահերից են բխում։

«alikonline.ir» - Հայաստանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւնը բուռն արձագանք առաջացրեց։ Բազմաթիւ դիտորդների կարծիքով` միջնորդների արտայայտութիւնները Բաքւի շահերից են բխում։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւնն աջակցութիւն էր` բանակցային գործընթացում որեւէ նորամուծութիւն մտցնելը կանխելու Ադրբեջանի ձգտմանը։

«Sputnik» Արմենիային տւած հարցազրոյցում նման կարծիք յայտնեց քաղաքագէտ Մանուէլ Սարգսեանը։

Նա ուշադրութիւն դարձրեց յայտարարութեան մէջ առկայ այն կէտին, որտեղ միջնորդները նշում են առանց միւս կողմի համաձայնութեան բանակցային ձեւաչափում միակողմանի փոփոխութիւններ պահանջելու անթոյլատրելիութիւնը։

Յայտնի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պաշտօնը ստանձնելու առաջին իսկ օրերից յայտարարում է բանակցութիւններում Արցախ անմիջական մասնակցութեան անհրաժեշտութեան մասին։ Այս դիրքորոշման հետ, անկասկած, համաձայն չէ Ադրբեջանը։ Եւ երբ համանախագահները խօսում են ձեւաչափը փոխելու համար կոնսենսուսի անհրաժեշտութեան մասին, նրանք չեն կարող չհասկանալ, որ այդ կոնսենսուսն այժմ կարծես ֆանտաստիկայի պէս բան է։

Հետեւաբար, Սարգսեանի կարծիքով, յայտարարութիւնը գրեթէ համապատասխանում է Ադրբեջանի շահերին։

«Բաքւի խնդիրը բանակցութիւններում իրավիճակի պահպանումն է, այն իրավիճակի, որը կար մինչեւ 2016 թւականի ապրիլեան պատերազմը։ Բանակցութիւնների ցանկացած որակական փոփոխութիւն Ադրբեջանին ձեռնտու չէ։ Իսկ Արցախին բանակցութիւնների սեղան վերադարձնելը, ինչի մասին պնդում է Երեւանը, դա հէնց այդ որակական փոփոխութիւնն է։ Սակայն պէտք է ասեմ, որ ներկայիս ձեւաչափի պահպանումն աստիճանաբար կը դժւարանայ։ Սրանով է պայմանաւորւած միջնորդների` իրենց եւ կարգաւորման  սկզբունքները յիշեցնելու փորձը»,- ասում է Սարգսեանը։

Նման պայմաններում Նիկոլ Փաշինեանը ճիշտ մարտավարութիւն է ընտրել, կարծում է փորձագէտը։ ՀՀ վարչապետը յայտարարում է, որ խօսելու է բացառապէս Հայաստանի անունից եւ այն թեմաների շուրջ, որոնք Հայաստանի հետ են առնչւում եւ նրա պատասխանատւութեան ոլորտում են։

Իսկ այն ամէնը, ինչ վերաբերում է Արցախին, պէտք է անմիջապէս նրա հետ քննարկւի։ Նման բանաձեւը ամբողջապէս արդարացնում է ինքն իրեն։

«Նախագահները կարող են անվերջ հանդիպել։ Սակայն միջնորդների առաջարկած սկզբունքներն առնչւում են Ադրբեջանի եւ Արցախի հետ։ Այդ իրականութիւնից կտրւելն անհնար է։ Ո՛չ տարածքների հարցը, ո՛չ փախստականների վերադարձի խնդիրը Հայաստանի պատասխանատւութեան շրջանակների հետ որեւէ կապ չունեն։ Այդ հարցերը պէտք է անմիջականօրէն Արցախի հետ քննարկեն»,- աւելացրեց Սարգսեանը։

Ընդ որում` պէտք չէ կարծել, որ Հայաստանի ղեկավարութիւնն այդպիսով միջազգային հանրութեան ճնշման տակ վնասում է Արցախին։ Արցախը ճանաչւած չէ, հետեաւբար, նրա վրայ ճնշում գործադրել չեն կարող, համոզւած է Սարգսեանը։

Յիշեցնենք, որ համանախագահներն իրենց յայտարարութեան մէջ կոչ էին արել զերծ մնալ յայտարարութիւններից եւ գործողութիւններից, որոնք կարող են էապէս փոխել հակամարտութեան գօտում իրավիճակը։ Նրանց կարծիքով` միակողմանի փոփոխութիւններ պահանջել չի կարելի բանակցային ձևաչափում, առանց միւս կողմի համաձայնութեան, կամ պատրաստակամութիւն յայտնել մարտական գործողութիւնների վերսկսման համար։  Ինչպէս նաեւ արդար եւ ամուր կարգաւորումը պէտք է ներառի տարրեր, որոնք 2009-2012 թւականներին առաջարկւել են համանախագահող երկրների ղեկավարների կողմից։ Դրանց թւում նշւում է Արցախի շուրջ գտնւող տարածքների վերադարձ Ադրբեջանի ենթակայութեան տակ, Արցախի ժամանակաւոր կարգավիճակ, որը անվտանգութեան եւ ինքնավարութեան երաշխիքներ է ապահովում։

Ենթադրւում է, որ Արցախի հետ Հայաստանը միացնող միջանցքի առկայութիւն, ԼՂՀ վերջնական իրաւական կարգավիճակի որոշում` իրաւաբանօրէն պարտադրող կամարտայայտման միջոցով, ներքին տեղահանւածների և փախստականների` իրենց տները վերադառնալու իրաւունք, խաղաղապահ գործողութիւններ նախատեսող անվտանգութեան միջազգային երաշխիքներ։

Միջնորդների յայտարարութիւնը զգալի ռեզոնանս է առաջացրել Հայաստանի քաղաքական և փորձագիտական շրջաններում։ Խորհրդարանական խմբակցութիւնները երկուշաբթի գրեթէ  միաձայն յայտարարել էին, որ առանց Ստեփանակերտի անհնար է հասնել արցախեան հակամարտութեան կարգաւորման։ Երկուշաբթի օրը յայտնի դարձաւ նաեւ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը աշխատանքային այցով Ստեփանակերտ է այցելել` մասնակցելու Անվտանգութեան Ազգային  խորհրդի արտահերթ նիստին։ Վերջին անգամ կառավարութեան ղեկավարը Արցախ էր այցելել 2018 թւականի նոյեմբերին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։