Հա

Քաղաքական

13/03/2019 - 10:40

«Առաջիկայում սպասւող Փաշինեան-Ալիեւ հանդիպմանը Հայաստանը կառուցողական ու գործնական է տրամադրւած». ՀՀ ԱԳՆ

Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգութեան հիմնական երաշխաւորը, ու շարունակելու է պահպանել իր պարտաւորութիւններն ու աշխատել խաղաղութեան համար:

«alikonline.ir» - Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգութեան հիմնական երաշխաւորը, ու շարունակելու է պահպանել իր պարտաւորութիւններն ու աշխատել խաղաղութեան համար: Այս մասին, «Aysor.am»-ի փոխանցմամբ, Ստեփանակերտում լրագրողների հետ զրոյցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը՝ պատասխանելով այն հարցին, թէ ինչպէս է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յայտարարութիւնը։

«Մենք առաջ ենք բերել հարց, որը վերաբերում է լիակատար արդիւնաւէտ աշխատանքին: Մենք բացատրել ենք՝ ինչ է նշանակում Արցախի մասնակցութիւնը եւ դրա կարեւորութիւնը՝ արդիւնաւէտ աշխատելու համար։ Վստահ եմ՝ վարչապետի ելոյթը լսել էք, այնտեղ եւս շատ յստակ արտայայտւած է նոյն միտքը, որ որեւէ նախապայման Հայաստանի կողմից երբեւէ չի եղել։ Հայաստանն աշխատելու է խաղաղութեան համար: Այս բոլոր հարցերի մասին մենք բազմիցս խօսել ենք, ԱԳՆ-ի յայտարարութիւն է եղել այդ առումով: Այսօրւայ հանդիպումը նոյնպէս միտւած էր նրան, որ մենք շարունակում ենք սերտ աշխատել Արցախի իշխանութիւնների հետ»,– ասաց Զոհրաբ Մնացականեանը։

Ինչ վերաբերում է առաջիկայում սպասւող Փաշինեան-Ալիեւ հանդիպմանը, Մնացականեանն ասաց, որ Հայաստանը կառուցողական ու գործնական է տրամադրւած:

Նշենք, որ մարտի 12-ին Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի համանախագահութեամբ կայացել է Հայաստանի եւ Արցախի Անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստ, որի օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգաւորման գործընթացում ներկայ իրավիճակի համատեղ գնահատմանը եւ համակարգւած գործողութիւնների ուրւագծմանը։ Նիստը տեւել է աւելի քան 7 ժամ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։