Հա

Քաղաքական

13/03/2019 - 12:40

Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ամրագրւած դրոյթները շարունակում են մնալ առարկայական. ՀՀ ԱԳ նախարար

Մարտի 12-13-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլաւ Լայչակը։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի հետ հանդիպումից յետոյ նրանք հանդէս եկան համատեղ մամուլի ասուլիսով:

«alikonline.ir» - Մարտի 12-13-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլաւ Լայչակը։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի հետ հանդիպումից յետոյ նրանք հանդէս եկան համատեղ մամուլի ասուլիսով: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

«Վերջին 3 տարում սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է տարածաշրջան: Սա կարեւոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ կազմակերպութեան` կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդիւնքում տարածաշրջանում փակւել են ԵԱՀԿ դաշտային առաքելութիւնները, եւ Հարաւային Կովկասում նւազագոյնի է հասցւել ԵԱՀԿ ներկայացւածութիւնը: Յատկանշական է նաեւ, որ սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է Հայաստան մեր երկրում տեղի ունեցած «թաւշեայ», ժողովրդավարական յեղափոխութիւնից եւ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, որոնք արժանացան միջազգային հանրութեան, այդ թւում՝ ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի ամենաբարձր գնահատականին»,- նշեց Զոհրաբ Մնացականեանը:

Նա նշեց, որ Հայաստանը յանձնառու է շարունակել փոխշահաւէտ համագործակցութիւնը միջազգային գործընկերների հետ՝ ուղղւած ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը եւ ձեռքբերումների ամրապնդմանը: 

«Հայաստանը պատրաստակամ է համագործակցել ԵԱՀԿ-ի սլովակեան նախագահութեան հետ բոլոր երեք հարթութիւններում կազմակերպութեան օրակարգային հրատապ հարցերի շուրջ երկխօսութիւնը խթանելու ուղղութեամբ: Հայաստանն աջակցում է կազմակերպութիւնում Սլովակիայի նախագահութեան առաջնահերթութիւններին հակամարտութիւնների հասցէագրման, անվտանգ ապագայի եւ տարբեր, բազմակողմ դիւանագիտութեան վերաբերեալ: Իր հարցազրոյցներից մէկում իմ գործընկերը նշել էր, որ ԵԱՀԿ-ն, իրապէս, տարածաշրջանում ապրող մարդկանց մասին է, մարդկանց, որոնք արժանի են խաղաղ եւ անվտանգ ապրելու հնարաւորութեան: Մենք լիովին կիսում ենք այս մօտեցումը, այն է՝ հակամարտութիւնների կարգաւորման համար անհրաժեշտ հիմք է դրանցից տուժած մարդկանց կարիքները, իրաւունքները եւ կամքը հաշւի առնելը: ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գօտիներ, որոնք շարունակում են անհասանելի մնալ մարդկանց իրաւունքներով զբաղւող միջազգային կառոյցների համար: Հիմնարար ազատութիւնները համընդհանուր են եւ տարածւում են բոլոր մարդկանց վրայ` առանց որեւէ բացառութեան: Այս սկզբունքը տարածւում է նաեւ ԼՂՀ-ի ժողովրդի վրայ: Այս առումով կը ցանկանայի յատուկ շեշտել քաղաքացիական հասարակութեան ակտիւ ներգրաււածութեան կարեւորութիւնը ԵԱՀԿ շրջանակներում իրականացւող համագործակցութեան հարցում: ՀՀ-ն մշտապէս կարեւորել է ԵԱՀԿ ամբողջ տարածքից, այդ թւում՝ հակամարտութեան գօտիներից քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների անարգել մասնակցութիւնը ԵԱՀԿ «մարդկային հարթութեան» միջոցառումներին: Բազմակողմ դիւանագիտութիւնը ԵԱՀԿ շրջանակներում կարեւոր նշանակութիւն ունի տարածաշրջանում անվտանգութեան եւ խաղաղութեան ամրապնդման համար: Այդ առումով կարեւորում ենք մասնակից պետութիւնների կողմից կառուցողական երկխօսութիւնը, ԵԱՀԿ լայն գործիքակազմի օգտագործման համար անհրաժեշտ կամքի ցուցաբերումը եւ այդ հարցում ԵԱՀԿ գործող նախագահութեան աջակցութիւնը»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա յաւելեց, որ տարածաշրջանում մարդկանց անվտանգ ապագայի ապահովման համար անհրաժեշտ է անվերապահօրէն եւ առանց քաղաքական նախապայմանների հաւատարիմ մնալ անվտանգութեան ու վստահութեան ամրապնդման միջոցառումներին եւ սովորական սպառազինութիւնների վերահսկման առկայ ռեժիմներին՝ բացառելով ապակայունացնող ռազմական շինարարութիւնը: «Ինչպէս նաեւ զերծ մնալ այնպիսի գործողութիւններից, որոնք խրախուսում են սպառազինութիւնների մրցավազքը»,- ընդգծեց Մնացականեանը՝ յիշեցնելով, որ Հայաստանը կողմ է ԼՂ հիմնահարցի բացառապէս խաղաղ կարգաւորմանը՝ հիմնւած միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների, մասնաւորապէս՝ ժողովուրդների իրաւունքների իրագործման վրայ:

«ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ կրկնեցի, որ ԼՂ հիմնահարցի կարգաւորման շրջանակում Արցախի անվտանգութեան ապահովումն ու կարգավիճակը ՀՀ-ի համար եղել եւ մնում են բացարձակ գերակայութիւններ: Կրկնեցի նաեւ այն մօտեցումը, որը վերաբերում է ԼՂՀ-ի որոշիչ ձայնին եւ ներգրաււածութեան ապահովմանը: ԼՂՀ հիմնախնդրի առանցքում ընկած են Արցախի ժողովրդի հիմնարար ազատութիւնները, մարդու իրաւունքները, սեփական հայրենիքում իր ճակատագիրն ազատ տնօրինելու անօտարելի իրաւունքը: Սա վերաբերում է Արցախի 150 հազար բնակչութեան ֆիզիկական եւ կենսական անվտանգութեանը, կեանքի իրաւունքին: Բազմիցս կրկնել ենք, որ հիմնախնդրի կարգաւորման խաղաղ եւ արդիւնաւէտ գործընթացի համար առանցքային նշանակութիւն ունի խաղաղութեան համար նպաստաւոր մթնոլորտի ձեւաւորումը, ռիսկերի նւազեցման եւ միջադէպերի կանխարգելման մեխանիզմների եւ վստահութեան ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպէս դա ամրագրւել է Դուշանբէում, իսկ աւելի վաղ` Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում: Այս դրոյթները շարունակում են մնալ առարկայական: Եւ այս օրերին Ադրբեջանի կողմից յարձակողական բնոյթի լայնածաւալ զօրավարժութիւնների անցկացումը, առանց համապատասխան ծանուցման եւ ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսւած միջազգային պարտաւորութիւնների պահանջների ոտնահարմամբ, չի նպաստում տարածաշրջանային անվտանգութեան եւ վստահութեան մթնոլորտի ամրապնդմանը»,- ամփոփեց ՀՀ ԱԳ նախարարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։