Հա

Քաղաքական

13/03/2019 - 08:30

Հայաստանի նախագահին հեռու են պահում Արցախի հարցով բանակցութիւններից

Տարբեր տեղեկութիւնների համաձայն, վարչապետին այդքան էլ դուր չի գալիս նախագահի դերի բարձրացումը։

«alikonline.ir» - Տարբեր տեղեկութիւնների համաձայն, վարչապետին այդքան էլ դուր չի գալիս նախագահի դերի բարձրացումը։

Հայաստանի ղեկավարութիւնը փորձում է Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանին հեռու պահել Արցախի հարցով բանակցային գործընթացից, «Sputnik» Արմենիային ասաց քաղաքական տեխնոլոգ Արմէն Բադալեանը։

Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանը չի մասնակցել երէկ՝ մարտի 12-ին Արցախում կայացած ՀՀ եւ ԼՂՀ Ազգային անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստին։ Նախագահի մամուլի ծառայութիւնում չեն թաքցրել, որ նա նիստին մասնակցելու հրաւէր է ստացել մարտի 11-ի ուշ երեկոյեան եւ «տեխնիկական պատճառներով» չի կարողացել մասնակցել։

«Եթէ նայենք ձեւաչափին, ապա երկու կողմերից եղել են, օրինակ, Հայաստանի վարչապետը եւ Արցախի նախագահը, անվտանգութեան խորհուրդների քարտուղարները, ԱԳՆ ղեկավարները։ Այդ ձեւաչափում միւս կողմից նախագահին հաւասարազօր պաշտօնեայ չկայ»,- ասաց Բադալեանը` նշելով, որ դա միակ պատճառը չէ։

Երկրորդ. սահմանադրութեան համաձայն, նախագահն ակտիւ դիւանագիտութիւն վարելու լիազօրութիւններ չունի։ Նա կարող է մասնակցել տարբեր միջազգային միջոցառումների, հանդիպել տարբեր քաղաքական գործիչների հետ։ Բայց նա, ամէն դէպքում, աւելի շատ ձեւական դեր ունի, նա լիազօրութիւններ չունի ակտիւ դիւանագիտութեան համար։

Երրորդ. քաղտեխնոլոգի խօսքով՝ Սարգսեանին յատուկ չափազանց ուշ են հրաւիրել։ Նրան այն ժամանակ են հրաւիրել, երբ հրաւէրն արդէն չէր կարող ընդունւել։

Ըստ Բադալեանի` ուշ ուղարկւած հրաւէրի պարագայում թիւրիմացութեան մասին խօսք լինել չի կարող։ Նրան կարող էին պաշտօնապէս հրաւիրել, նրան կարող էր զանգահարել նաեւ Փաշինեանը։ Իսկ վարչապետի օգնականները կարող էին նրան յիշեցնել, եթէ յանկարծ Փաշինեանը մոռանար այդ մասին։

«Տարբեր տեղեկութիւնների համաձայն, վարչապետին այդքան դուր չի գալիս նախագահի դերի մեծացումը։ Հէնց այդ պատճառով նա դէմ է պետական կառավարման համակարգում նախագահի դերի մեծացմանը։ Վարչապետը մի քանի անգամ նշել է, որ եթէ լինի լիազօրութիւնների վերաբաշխում, ապա այն կը լինի կառավարութեան եւ խորհրդարանի միջեւ, այլ ոչ թէ նախագահի»,- նշեց Բադալեանը։

Փաշինեանը փորձում է պահպանել նախագահի խորհրդանշական լիազօրութիւնները` չցանկանալով, որպէսզի դրանք «թէկուզ մի միլիմետրով» աւելանան։

Բադալեանի խօսքով, եթէ նախագահը մասնակցէր այդ կարեւորագոյն միջոցառմանը, ապա Սարգսեանի կարգավիճակն աւելի շատ կը բարձրանար։

«Ենթադրում եմ, որ դա կարող էր դուր չգալ իշխող ուժին։ Նշւած պատճառներից ելնելով` նախագահին փորձում են հեռու պահել գործընթացից»,- ասաց Բադալեանը։

Ընդ որում` հրաւիրել են Հայաստանի խորհրդարանի խօսնակին, որը, Բադալեանի խօսքով, Փաշինեանի հաւատարիմ «զինակիցն» է, իսկ Սարգսեանը` ոչ։

Քաղտեխնոլոգը չի կարծում, որ ներկայ իշխանութիւնները Սարգսեանին ընդունում են որպէս նախորդ իշխանութիւնների ներկայացուցիչ։

«Նա չի ասոցացւում, այլ դիտարկւում է որպէս առանձին կերպար` բաւական բարձր հեղինակութեամբ։ Այսօր յաճախ է նշւում, որ վարչապետի վարկանիշը շատ բարձր է։ Բայց, եթէ սոցիոլոգիական ուսումնասիրութիւններ անցկացւի, ապա դժւար է կանխատեսել, թէ արդիւնքում ում վարկանիշն աւելի բարձր կը լինի»,- ասաց Բադալեանը։

Նրա խօսքով` բացառւած չէ, որ Սարգսեանի վարկանիշն աւելի բարձր է։

Մարտի 12-ին Ստեփանակերտում կայացել է Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Արցախի նախագահ Բակօ Սահակեանի նախագահութեամբ։ Օրակարգի հիմնական թեման եղել է բանակցային գործընթացի ներկայ իրավիճակը գնահատելը, ինչպէս նաեւ համակարգւած գործողութիւնները որոշելը։

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան Լիբանանի մէջ
    Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան Լիբանանի մէջ

    16 մարտ 2019-ին սկսաւ Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեանի Լիբանան այցելութիւնը: Պետական նախարարին կ՛ընկերակցի Արցախի Շահումեան շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսեան:

  • Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ
    Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ

    «Factor.am»-ի հարցազրոյցը Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։