Հա

Քաղաքական

13/03/2019 - 08:35

Արթուր Խաչատրեան. «Նախարարութիւնները պէտք է միաւորել` ըստ գործառոյթների նմանութեան»

Գիւղատնտեսութեան նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանին հետաքրքրում է` ինչու են գործադիրի անդամները որոշել միացնել գիւղատնտեսութեան եւ էկոնոմիկայի, այլ ոչ, օրինակ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութիւնները:

«alikonline.ir» - Գիւղատնտեսութեան նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանին հետաքրքրում է` ինչու են գործադիրի անդամները որոշել միացնել գիւղատնտեսութեան եւ էկոնոմիկայի, այլ ոչ, օրինակ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութիւնները: Ասում է`այդ որոշման հիմնաւորումը ոչ մի տեղ չի տեսել. տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

«Հայաստանը գիւղատնտեսական երկիր է, ՀՆԱ-ի 15 տոկոսը գիւղատնտեսութիւնից է առաջանում, եւ եթէ դրան գումարենք նաեւ գիւղատնտեսական վերամշակումը, ՀՆԱ-ի քառորդն է կազմում: Այսինքն` ուզենք, թէ չուզենք, Հայաստանը որոշ ժամանակ դեռ ագրարային է լինելու: Իսկ որպէսզի Հայաստանը դադարի կոչւել ագրարային երկիր, պէտք է ոչ թէ գիւղատնտեսութիւնը «սպանենք», այլ տնտեսութեան միւս ճյուղերը համաչափ զարգացնենք: Ես հասկանում եմ, որ ինտելեկտուալ է պոստինդուստրիալ յեղափոխութեան մասին խօսելը`  առաջ քաշելով թւային տեխնիկական եւ կենսաբանական միաւորման թեզը, բայց դրան հասնելու համար երկար ճանապարհ ունենք անցնելու: Այսօր մեր երկում կէս միլիոն մարդ գիւղատնտեսութեամբ է զբաղւում, եւ մեր նպատակը, գիւղօգտագործողներին աջակցելով, ագրարային արդիւնաբերութիւնը հնարաւորինս արդիւնաւէտ դարձնելն է: Եթէ նայենք բիւջէ-գիւղատնտեսական ՀՆԱ յարաբերակցութիւնը, ապա կը տեսնենք, որ այն երեք անգամ աւելի քիչ է, քան Ադրբեջանում, Վրաստանում կամ Ռուսաստանում: Իսկ մենք ռուսական շուկայում մրցում ենք ադրբեջանական ու վրացական շուկաների հետ»,- ասում է նախկին նախարարը:

Նա շեշտում է, որ փոխանակ մտածենք, թէ ինչպէս աւելի շատ օգնենք մեր գիւղացիներին, ինչպէս աւելի արդիւնաւէտ աշխատենք, ուղղակի որոշել ենք միաւորել, ու վերջ: Միաւորման համար, վստահեցնում է Խաչատրեանը, հիմք պէտք է լինի գործառոյթների նմանութիւնը: «Նախ` պէտք է ապահովել իւրաքանչիւր գերատեսչութեան արդիւնաւէտութիւնը, յետոյ հասկանալ` պէտք է միաւորե՞լ, թէ՞ ոչ: Բացի այդ` ո՞րն է միաւորման հիմքը: Եթէ մենք ունենք երկու կամ երեք ոչ արդիւնաւէտ գերատեսչութիւն, ու դրանք միաւորում ենք, ապա դրանից այդ գերատեսչութիւննների արդիւնաւէտութիւնը չի բարձրանայ, անարդիւնաւէտների գումարն արդիւնաւէտութիւն չի դառնում: Նախապէս պէտք էր հասկանալ` ինչն է այդ գերատեսչութիւնների անարդիւնաւէտ աշխատանքի պատճառը, ապա նոր մտածել արդիւնաւէտութեան բարձրացման մասին»,- ասում է Խաչատրեանը:

Նա ասում է, որ Վրաստանում, օրինակ, գիւղատնտեսութեան նախարարութիւնը միաւորւած է բնապահպանութեան նախարարութեան հետ. նրանք հետեւել են եւրոպական օրինակին, ինչը հիմնական երեք նպատակ ունի` բարձրացնել պարենային ապահովութիւնը, գիւղատնտեսութեամբ զբաղւողների եկամտաբերութիւնը, պահպանել կենսակերպը եւ ապահովել գիւղատնտեսութեան կայունութիւնը: «Ի՞նչ է նշանակում` գիւղատնտեսութեան կայունութիւն, այսինքն` հողը ոռոգելու համար գետների հերը չանիծել, կամ` անասուններին արածեցնելու համար անտառները չհատել: Այդ տրամաբանութիւնից դրդւած` մարդիկ միաւորում են գիւղատնտեսութիւնն ու բնապահպանութիւնը: Մեզ մօտ տրամաբանական այդ յենքը չեմ տեսել»,- բացատրում է ոլորտի մասնագէտը:

Լրագրողների դիտարկմանը, թէ նախարարութիւնների միաւորումը գործադիրի անդամները բացատրում են բիւջէում ֆինանսների բացակայութեամբ, Խաչատրեանն արձագանքում է` եթէ բիւջեում փող չկայ, պէտք է ծախսերի արդիւնաւէտութեան հաշւարկ լինէր, թէ կրճատելով ինչքան ենք խնայում ու այդ գումարն ուր ենք ուղղում:

Անդրադառնալով կառավարութեան կազմից 10 հազար եւ աւելի կրճատւող մարդկանց ճակատագրին` Խաչատրեանը մտահոգութիւն է յայտնում. «Ի՞նչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը, վերապատրաստման դասընթացնե՞ր են անցկացնելու, որ անցնեն այլ աշխատանքի, թէ՞ տոմս են առնելու, ասեն՝ վե'ր կաց, գնա' Չուկտոկա, մեզ մի' խանգարի: Անորոշութեան շղարշին խիստ դէմ ենք: Շեշտը ոչ թէ գործիքի, այլ նպատակի վրայ պէտք է դրւի, բայց այդ նպատակը ես չեմ տեսնում: Օրինակ` ինչպէ՞ս են պատկերացնում, որ մի մարդ պէտք է գլխաւորի սպորտը, երիտասարդութիւնը, մշակոյթը, կրթութիւնը, նա պէտք է առնւազն Նապոլէոնին հաւասար մէկը լինի: Ի վերջոյ, մենք խօսում  ենք մարդկային ճակատագրերի մասին, ոչ թէ սնդիկի գնդիկների, որոնք գլորում-միացնում են իրար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։