Հա

Քաղաքական

17/03/2019 - 10:30

Արցախի հարցում հրաժարւում ենք արկածախնդրութիւնից․ Հայաստանը փոխում է մարտավարութիւնը

Մադրիդեան սկզբունքները չեն արտացոլում հայկական կողմի շահերը, դրանք ընդունելով եւ «յոյսը դնելով» Ադրբեջանի վրայ՝ Հայաստանի նախկին ղեկավարութիւնը չափազանց մեծ ռիսկի է գնացել։

«alikonline.ir» - Մադրիդեան սկզբունքները չեն արտացոլում հայկական կողմի շահերը, դրանք ընդունելով եւ «յոյսը դնելով» Ադրբեջանի վրայ՝ Հայաստանի նախկին ղեկավարութիւնը չափազանց մեծ ռիսկի է գնացել։

Հայաստանի իշխանութիւնը հեռացել է նախկին ղեկավարութեան ռիսկային քաղաքականութիւնից, որը համաձայնել էր ղարաբաղեան հակամարտութիւնը կարգաւորել Մադրիդեան սկզբունքների շրջանակում՝ յոյս ունենալով, որ Ադրբեջանը կը հրաժարւի դրանցից։ Այդ մասին «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգէն Յակոբեանը։

«Ապրիլեան պատերազմը ցոյց տւեց, որ այսպէս կոչւած Մադրիդեան սկզբունքները չաշխատող փաստաթուղթ են։ Թէկուզ այն պատճառով, որ հայկական կողմի շահերը արտացոլւած չեն դրանում։ Եթէ դիտարկենք գլոբալ առումով, ապա ո՛չ Երեւանը, ո՛չ Ստեփանակերտը չեն պատրաստւում ինչ-որ տարածքներ զիջել։ Ադրբեջանն էլ կարծես մտադիր չէ զիջումների գնալ կարգավիճակի հարցում»,- նշեց Յակոբեանը։

Մօտ 12 տարի գոյութիւն ունեցող փաստաթուղթը կողմերին ոչ մի սանտիմետր չի մօտեցրել։ Նրա խօսքով՝ կարելի է անընդհատ խօսել Մադրիդեան սկզբունքների մասին եւ սահմանին պարբերաբար միջադէպեր եւ «մինի պատերազմներ» ստանալ։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ սկզբունքներն այդ տեսքով հակամարտութեան կողմերից ոչ մէկին լուրջ հեռանկարներ չեն տալիս հակամարտութեան խաղաղ կարգաւորման համար։

ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից այդ սկզբունքների յիշատակումը միայն արձանագրում է այն, որ բանակցութիւնների սեղանին այլ փաստաթղթեր չկան։ ԵԱՀԿ յայտարարութիւնում հրապարակւած կէտերը վաղուց յայտնի են, դա նորութիւն չէ։

«Համանախագահները միայն արձանագրել են, որ այլ փաստաթուղթ չկայ, եւ չկայ բանակցութիւնների ձեւաչափը փոխելու օրակարգ։ Այսինքն նպատակայարմարութիւն չեն տեսնում»,- ասաց Յակոբեանը։

Հետաքրքիր է, որ այդ սկզբունքներն անընդունելի են հայկական կողմերի համար, եւ մեծ հարց է՝ ընդունելի են արդեօք Ադրբեջանի համար (մասնաւորապէս, միջանկեալ կարգավիճակը)։ Ինչպէս ցոյց է տւել փորձը, հենց Ադրբեջանն էր դէմ դրան։

Յակոբեանը նշեց, որ Հայաստանի ոչ մի ղեկավար չի գնայ միակողմանի զիջումների՝ հասկանալով, որ դա անխուսափելի պատերազմի կը յանգեցնի։ Աւելին, տեղի կունենայ նոր յեղափոխութիւն, որը գահընկեց կանի այն ղեկավարին, որն այդ մասին կը յայտարարի։

Քաղտեխոնոլոգը չբացառեց, որ եթէ Հայաստանը պնդի Արցախի մասնակցութիւնը, ապա որպէս ձեւական զիջում կառաջարկւի Արցախի այսպէս կոչւած ադրբեջանական համայնքի մասնակցութիւնը։

Յակոբեանը կարծում է, որ նոր իշխանութիւնները փոխել են մարտավարութիւնը։ Եթէ նախկինում Հայաստանի ղեկավարութիւնը յոյսը դրել էր նրա վրայ, որ Ադրբեջանը կը հրաժարւի համանախագահների առաջարկներից, ապա նոր իշխանութիւնը շեշտը չի դնում Մադրիդեան սկզբունքների կէտերի վրայ։

«Նրանք շեշտը դնում են ձեւաչափը փոխելու վրայ։ Այն հանգամանքով, որ ցանկանում են ներգրաւել Ստեփանակերտին, Հայաստանի իշխանութիւնները ցոյց են տալիս, որ իրենց համաձայնութիւնը բաւարար չէ, միայն դա ոչինչ չի փոխում։ Հէնց այդ պատճառով էլ պնդում են, որ պէտք է պայմանաւորւածութիւն ձեռք բերել երկրորդ հայկական կողմի հետ, ինչպէս դա եղել է 1994 թ.-ին եւ 1995 թ.-ին», - ասաց Յակոբեանը։

Լեռնային Ղարաբաղը բազմիցս յայտարարել է, որ պատրաստ չէ տարածքային զիջումների։

Նրա կարծիքով՝ նախորդ իշխանութիւնները մեծ ռիսկի են գնացել՝ համաձայնելով առաջարկւած փաստաթղթին, յոյսը դնելով Ադրբեջանի չհամաձայնելու վրայ։ Որոշ դէպքերում դա նման է եղել արկածախնդրութեան։ Օրինակ` Կազանում Ադրբեջանը քիչ է մնացել ստորագրի համաձայնագիրը։

«2016 թ.-ից յետոյ ինչ-որ փուլ է եկել, երբ պարզւել է, որ Ադրբեջանի իշխանութիւնները կարող են համաձայնել։ Առաւել եւս, որ նրանց վրայ արտաքին ճնշում է գործադրւել։ Կարծում եմ՝ դրանով էլ պայմանաւորւած է այն, որ Հայաստանում տեղի ունեցած «թաւշեայ յեղափոխութիւնը» «թաւշեայ էր, ոչ բռնի, ժողովրդական» եւ ոչ թէ ուրիշ», - ասաց Յակոբեանը։

Մարտի 15-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, խորհրդարանում պատասխանելով այն հարցին, թէ ընթանում են արդեօք բանակցութիւնները Մադրիդեան սկզբունքների շրջանակում, յայտարարել է, որ Երեւանը նոր մօտեցումներ ունի ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի շրջանակում։

Աւելի վաղ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլեանը Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլաւ Լայչակի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ժամանակն է ղարաբաղեան կարգաւորման շրջանակում հրաժարւել հնացած սկզբունքներից։

Յիշեցնենք` մարտի 12-ին Ստեփանակերտում կայացել է Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Արցախի նախագահ Բակօ Սահակեանի նախագահութեամբ։ Օրակարգի հիմնական թեման եղել է բանակցային գործընթացի ներկայ իրավիճակը գնահատելը, ինչպէս նաեւ համակարգւած գործողութիւնների պլան մշակելը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։