Հա

Քաղաքական

17/03/2019 - 11:10

Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»

ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանը՝ Արցախում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստում, իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Ա. Գրիգորեանը՝ Հանրային հեռուստատեսութեան եթերում, պետական ամենաբարձր մակարդակով յայտարարեցին, որ հայկական կողմը մեծապէս կարեւորում է ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելը։

 (Փաշինեան-Գրիգորեան զոյգի մի գործելաոճի մասին)

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանը՝ Արցախում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստում, իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Ա. Գրիգորեանը՝ Հանրային հեռուստատեսութեան եթերում, պետական ամենաբարձր մակարդակով յայտարարեցին, որ հայկական կողմը մեծապէս կարեւորում է ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելը։ Հետաքրքրական էր նաեւ նշեալ յայտարարութիւնների այն մասը, որ ադրբեջանական հանրութեանը խաղաղութեան նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ՀՀ իշխանութիւնների մասնակցութեամբ պէտք է տեղի ունենայ: Աւելին՝ ըստ ՀՀ վարչապետի յայտարարութեան, չնայած Ադրբեջանի նախագահի ոչ համարժէք արձագանքներին, ՀՀ-ն պատրաստ է շարունակել երկխօսութիւնը Ադրբեջանի խաղաղասէր ժողովրդի հետ։ Իր հերթին՝ ԱԽ քարտուղար Ա. Գրիգորեանը, Հանրային հ/տ-ն եթերում ամենայն վստահութեամբ յայտարարեց. «Առաջին հերթին մենք համոզւած ենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատրաստ է խաղաղութեան, եւ Ադրբեջանի ժողովրդի հետ պէտք է շարունակենք երկխօսութիւնը, մտածենք էն ձեւաչափերը, որով հնարաւոր է երկխօսութիւն եւ տանենք էդ երկխօսութիւնը, որոհետեւ այդ ժողովուրդը պատրաստ է խաղաղութեան։ Մենք տեսնում ենք, որ հնարաւորութիւն կայ ժողովրդի հետ երկխօսելու»։

Փաստենք, որ ինչպէս ՀՀ-ում, այնպէս էլ շահագրգիռ մի շարք երկրներում, կան գիտահետազօտական եւ տեղեկատւական-վերլուծական կենտրոններ, քարոզչական բնոյթի յատուկ ծրագրեր եւ այլն (հասկանալի պատճառներով չենք կարող բացել շատ փակագծեր), որոնք արդէն մի քանի տասնամեակ է, ինչ հիմնարար, համակարգւած եւ հայեցակէտային դիրքերից «խօսում են» «ադրբեջանական» յորջորջւող ժողովրդի տարբեր հատւածների, այն է՝ թալիշների, թաթերի, լեզգիների եւ այլ էթնոսների ներկայացուցիչների հետ։ Էթնիկ հանրոյթներ, որոնք տասնամյակներ ի վեր տառապում են ադրբեջանականացման-թիւրքացման մեքենայի անիւների տակ, իսկ յաճախ՝ արցախեան ռազմաճակատում օգտագործւում որպէս թնդանոթի միս։ Պարզորոշ է այդ «յատուկ երկխօսութեան» եւ՛ բնոյթը, եւ՛ նպատակը։ Այսինքն՝ Ադրբեջանի ժողովրդին խաղաղութեան նախապատրաստելը, այն է՝ իրական այն գործընթացը, որը բերելու է ռեալ արդիւնքներ եւ ապահովելու է երկարատեւ կայունութիւն այդ հողի վրայ՝ վաղուց արդէն մեկնարկել է, եւ դրա մեկնարկը տւել են եւ՛ ՀՀ վերոնշեալ շրջանակները, եւ՛ վերջիններիս հետ սերտօրէն համագործակցող այլ լրջագոյն կենտրոններ։ Այստեղ ինչքան էլ վարչապետն ու ԱԽ քարտուղարը փորձեն տպաւորութիւն ՙկերտել՚, թէ իրենք հանդէս են գալիս ադրբեջանի ժողովրդի հետ առանձին երկխօսութեան աննախադէպ նախաձեռնութեամբ, տեղեակ մարդկանց մօտ դա առնւազն տարօրինակ է հնչում։

Փաստենք նաեւ, որ ՀՀ ներկայիս իշխանութիւնները տոտալ անտարբերութիւն են ցուցաբերում նշեալ շրջանակների այս խիստ կարեւոր գործունէութեան նկատմամբ, եւ այս հողի վրայ վերջիններիս միջեւ բացակայում է որեւէ շփում, քննարկում կամ տարրական շփում։ Եւ այս պայմաններում եւ՛ զարմանալի է վարչապետ - ԱԽ քարտուղար տանդեմի նման յայտարարութիւնները, եւ՛ արդէն ինչ-որ տեղ զարմանալի չէ։ Արդէն պարզորոշ է, որ ՀՀ նոր իշխանութիւնները գնում են ոչ թէ հայ քաղաքակրթութիւնը երկրի երեսից բնաջնջել ցանկացող ադրբեջանական փոքրիկ կայսրութիւնը ներսից թուլացնելու, մասնատելու, այնտեղ բնակւող կովկասեան եւ արիական ժողովուրդների հետ «երկխօսելու» միջոցով տեղում ազատագրական շարժումներ արթնացնելու, ներկայիս ադրբեջանականացւող միջավայրում Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամութիւնը վայելող թալիշական, թաթական, լեզգիական, ուդիական եւ այլ քաղաքակրթական շերտեր կայացնելու կարեւորագոյն ճանապարհով, այլ շօշափելի ոչինչ չտւող, դատարկ յայտարարութիւններով լրատւական դաշտը լցնելու եւ միջազգային քիմքին հաճելի պաթոսային տրամադրութիւններ ստեղծելու ուղիով`առանց հասկանալու, որ Ադրբեջան կոչւած արհեստական եւ որպէս բիզնես պրոեկտ ստեղծւած միաւորը կայ եւ մշտապէս լինելու է սպառնալիք հայ ժողովրդի համար, եւ որ մենք պարտաւոր ու պարտադրւած ենք օժանդակելու այդ տարածքում արդէն հազարամեակներ ապրող ժողովուրդներին՝ ստեղծելու իրենց պետականութիւնները։ Բանական հայի համար դժւար է պատկերացնել, թէ, որեւէ ձեւով չօգտագործելով ադրբեջանում ապրող եւ տառապող բազմաթիւ ժողովուրդների ներուժը, ինչպէ՞ս պէտք է երկխօսել Ադրբեջանի ժողովրդի հետ, աւելին՝ հասնել խաղաղութեան հաստատման. այդ ի՞նչ մոգական ուժերի են տիրապետում ՀՀ իշխանութիւնները, որոնց մասին հանրութիւնը չգիտի կամ, այդ ո՞ր գաղտնի տեղեկատւութեան մէջ է արձանագրւած, որ «Ադրբեջանի ժողովուրդը» խիստ խաղաղասէր է։

Իրականում, ինչպէս նշեցինք վերեւում, ամէն ինչ այնքան էլ զարմանալի չէ, ինչպէս կարելի է ենթադրել առաջին հայացքից, սա՝ մի կողմից, եւ միւս կողմից՝ եւ Փաշինեանը, ե՛ւ Գրիգորեանը բնաւ յիմար չեն, որ անէն նման, առաջին հայացքից գոնէ ՀՀ-ում կամ Արցախում ապրող իւրաքանչիւր քաղաքացու ծիծաղը շարժող յայտարարութիւններ։ Իրականում ամէն ինչ աւելի խորն է, քան կարելի է ենթադրել, իսկ շան գլուխը՝ բոլորովին այլ տեղ։ Նախքան մեկնաբանութիւնը կը ցանկանայինք մի դրւագ ներկայացնել մերօրեայ կեանքից։ Օրերս մեր բնակարան էին այցելել «Եհովայի վկաներ» կոչւած աղանդի քարոզիչ երկու սիրունատես կանայք։ Մի քանի րոպէ լսելուց յետոյ վերջիններիս ուղիղ հարց տւեցի. «Դուք մերժում էք զէնքի գործածումը եւ մեզ էլ քարոզում էք նոյնը անել, այդ դէպքում ինչպէ՞ս են պաշտպանելու ձեզ մեր զինւորները կամ տղամարդիկ, երբ հարեւան թշնամի ադրբեջանցիները մտնեն մեր երկիր եւ ձեզ բռնաբարեն»։ Պատասխանը սա էր. «Գիտէք, մենք նոյնը քարոզում ենք նաեւ Ադրբեջանում, եւ երբ բոլորը մեզ լսեն, ապա ոչ մի յարձակում չի լինի»։

Գաղտնիք չէ, որ ադրբեջանի ժողովրդի խաղաղասէր ինելու մէջ անչափ վստահ եւ այդ նույն ժողովրդի հետ երկխօսելու եւ խաղաղութեան նախապատրաստելու գործին լծւած ՀՀ նոր իշխանութիւնները մեծապէս վայելում են ինչպէս աղանդաւորական շրջանակների, այնպէս էլ իրենց գործառոյթներով դրանց մօտ գտնւող միջազգային տարաբնոյթ, հիմնականում՝ վատահամբաւ կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ դրանցից ֆինանսապէս եւ գաղափարապէս սնւող տեղական մի շարք արբանեակների յարգանքն ու վստահութիւնը։ Ահա այստեղ պէտք է իրականում փնտրել այս յայտարարութիւնների հիմքերը, գործելաոճ, որը համահունչ է եւ հար ու նման նշեալ շրջանակների վարքագծին, աւելին՝ իր մէջ կրում է այդ ողջ փիլիսոփայութիւնը։ Եւ այս գործելաոճը նոր չէ, եւ ցոյց է տալիս իր ականջները. արժէ հիշել ոչ վաղ անցեալում ոչ անյայտ տիկնոջ՝ զէնքերից կանանց զարդեր պատրաստելու մասին ծիծաղելի ու մանկամիտ քարոզչական բնոյթի արտայայտութիւնները, եւ իշխանական շրջանակներում ազդեցիկ դիրքեր ունեցող բազմաթիւ շրջանակների նմանաբնոյթ տրամադրութիւնները։

Թէ ինչ է տալու ՀՀ-ին եւ Արցախին Փաշինեան-Գրիգորեան զոյգի՝ այս հողի վրայ դրսեւորւող նման վարքագիծը՝ դժւար չէ կանխորոշել. միջազգային ունկնդրին հաճելի պահեր, իսկ հայ ժողովրդին եւ մեր երկրին՝ ռազմաստրատեգիական եւ անվտանգութեան իմաստով՝ առայժմ ոչինչ, իսկ մօտ ապագայում՝ բազմաթիւ վտանգներ եւ սպառնալիքներ, որոնց անդրադարձը այլ քննարկման նիւթ է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։