Հա

Քաղաքական

18/03/2019 - 09:40

Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան

Երեւանում կարծում են, որ Ստեփանակերտի մասնակցութիւնը բանակցութիւններին ժամանակի խնդիր է, իսկ Ադրբեջանի դիմադրութիւնը իր բացատրութիւնն ունի:

«alikonline.ir» - Երեւանում կարծում են, որ Ստեփանակերտի մասնակցութիւնը բանակցութիւններին ժամանակի խնդիր է, իսկ Ադրբեջանի դիմադրութիւնը իր բացատրութիւնն ունի:

Բանակցութիւնների սեղանի շուրջ Արցախի վերադարձը վերջին շրջանում հակամարտութեան կարգաւորման համատեքստում ամենաքննարկւող թեմաներից մէկն է դարձել։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիան:

Պաշտօնական Երեւանի հռետորաբանութիւնից դատելով` հայկական կողմը լրջօրէն որոշել է բանակցութիւնների տրամաբանութեան եւ ձեւաչափի մէջ որակական փոփոխութիւններ մտցնել։ Իսկ Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի Անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստը, որն իր էութեամբ աննախադէպ էր, միայն սրեց ինտրիգը։

Սակայն իր դիրքորոշումներից չի ընկրկում նաեւ Ադրբեջանը, որը ծայրայեղ բացասական է ընկալում բանակցութիւններին Արցախի մասնակցութեան մասին ցանկացած դիտարկում։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանի կարծիքով` բանակցութիւններին Ստեփանակերտի մասնակցութիւնը ժամանակի հարց է, իսկ Ադրբեջանի դիմադրութիւնն իր բացատրութիւնն ունի։

Փորձագէտն ընդգծեց, որ Արցախը այսպէս, թէ այնպէս մասնակցում է բանակցային գործընթացին։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կատարած այցի ժամանակ, որպէս կանոն, այցելում են նաեւ Ստեփանակերտ, որտեղ հանդիպում են Արցախի ղեկավարութեան հետ։

«Սակայն վաղ թէ ուշ Արցախի ներկայացուցիչները պէտք է անմիջական մասնակցութիւն ունենան բանակցային գործընթացին։ Պարզ է, որ այդ գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում։ Կարծում եմ, Արցախը կը վերադառնայ այն պահին, երբ առանց բացառութեան բոլոր կողմերը, մասնաւորապէս, Բաքուն, կը հասկանան, որ հակամարտութիւնը լուծել է պէտք»,- «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ասաց Պօղոսեանը։

Որքան կը ձգձգւի «հասկանալու» գործընթացը դժւար է ասել։ Ինչպէս նշեց Պօղոսեանը, եթէ որեւէ մէկն այդ հակամարտութիւնն ուզում է անվերջ ձգել, թող ձգի։

«Հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի դիտարկում խնդրի խաղաղ լուծումը։ Բաքւում հիմա աւելի հակւած են ռազմական սցենարը քննարկելուն։ Երբ Ադրբեջանը հասկանայ, որ դա հնարաւոր չէ եւ որեւէ օգուտ չի բերի, նրանք կհամաձայնեն բանակցութիւնների սեղանի շուրջ Արցախի վերադարձին»,- համոզւած է մեր զրուցակիցը։

Խօսելով Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստի մասին, Պօղոսեանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Արցախի նախագահ Բակօ Սահակեանի ելոյթների հիմնական ուղերձը դարձաւ Երեւանի եւ Ստեփանակերտի շահերի միասնականութիւնը։

«Հայաստանի եւ Արցախի ղեկավարութիւնը նոյն լեզւով է խօսում, եւ դա շատ կարեւոր է այս պահին։ Իսկ այն ամէնը, ինչ քննարկւել է փակ դռների հետեւում, դժւար է մեկնաբանել, մինչեւ չտեսնենք արդիւնքները»,- աւելացրեց փորձագէտը։

Յիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Արցախի նախագահ Բակօ Սահակեանի նախագահութեամբ Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստը տեղի է ունեցել Ստեփանակերտում մարտի 12-ին։

Օրակարգի հիմնական թեման բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակի գնահատումն էր, ինչպէս նաեւ համակարգւած գործողութիւնների որոշումը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։