Հա

Քաղաքական

14/04/2019 - 09:20

«Հայաստանի ու Ադրբեջանի բնակիչները բանակցութեանը զուգահեռ պէտք է սկսեն շփւել». քաղաքագէտ

Ղարաբաղեան հարցով միջնորդները պէտք է խթանեն ժողովուրդների միջեւ երկխօսութիւնը` նախեւառաջ ազդելով Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացւող պետական քաղաքականութեան վրայ։

«alikonline.ir» - Ղարաբաղեան հարցով միջնորդները պէտք է խթանեն ժողովուրդների միջեւ երկխօսութիւնը` նախեւառաջ ազդելով Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացւող պետական քաղաքականութեան վրայ։

Ղարաբաղեան հիմնահարցի շուրջ բանակցութիւններին զուգահեռ հայկական ու ադրբեջանական հասարակութիւնների միջեւ պէտք է երկխօսութիւն հաստատւի։ «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում այս կարծիքը յայտնեց քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը։

Բանակցութիւններում ամենակարեւոր ու դժւար հարցը, ըստ նրա, այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր յայտարարի գան, ինչը բաւականին դժւար է, քանի որ սկզբունքային հարցերում հակառակ դիրքորոշումներ ունեն։

«Հայաստանում երբեք չեն համաձայնի, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինի։ Միւս կողմից էլ՝ Ադրբեջանում չկայ այնպիսի դիրքորոշում, ըստ որի` Ղարաբաղը կարող է Ադրբեջանի կազմից դուրս լինել»,- ասաց Բոզոյեանը։

Քաղաքագէտի կարծիքով՝ այդ հարցը թոյլ չի տալիս, որ բանակցային գործընթացում որեւէ լուրջ առաջընթաց լինի։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների` Մոսկւայում կայանալիք հանդիպումը, քաղաքագէտի կարծիքով, որեւէ առաջընթաց չի տայ։ Նիկոլ Փաշինեանը դեռ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից առաջ ասել էր, որ իրենց շատ ժամանակ է հարկաւոր հարցն ուսումնասիրելու ու փորձ կուտակելու համար։

«Դա ակնարկ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ առաջիկայում պէտք չէ արագ լուծման սպասել»,- ասաց Բոզոյեանը։

Քաղաքագէտը կասկածում է, որ առաջիկայում կարող է որեւէ փոխզիջում լինել։ Պէտք է համակերպւել, որ նման հակամարտութիւն կայ, ընդ որում՝ ոչ միայն Արցախում, այլեւ ամբողջ աշխարհում։ Օրինակ` Քաշմիրը, Կիպրոսը։

Միաժամանակ նա կարեւորում է ղարաբաղեան բանակցութիւնների շարունակելի հարցը։ Բոզոյեանը համամիտ է Փաշինեանի հետ, որ բանակցութիւններին զուգահեռ պէտք է երկխօսութիւն սկսել հասարակութիւնների, տարբեր շերտերի, սովորական մարդկանց միջեւ։

«Այսօր ղարաբաղեան հակամարտութիւնն այն հազւադէպ հակամարտութիւններից է, որում մարդկային սովորական շփում չկայ։ Օրինակ` Կիպրոսում նման բան չկայ, նոյնը կարելի է ասել նաեւ արաբա-իսրայէլական հակամարտութեան մասին»,- նշեց քաղաքագէտը։

Քանի դեռ հենց հասարակութեան միջից դուրս չեն բերւել վախերը, միֆերն ու ատելութիւնը (մասնաւորապէս դա վերաբերում է Ադրբեջանին, որտեղ դա պետական մակարդակով է քարոզւում), անհնար է լուծման մասին խօսել։ Բաւական է միայն այն փաստը, որ հայկական ազգանուն ունեցողներին արգելում են մուտք գործել այդ երկիր։

Միջնորդները, նրա կարծիքով, պէտք է այդ հարցին ընդգծւած ուշադրութեամբ վերաբերւեն, առաջին հերթին, ազդէն պաշտօնական Բաքւի պետական քաղաքականութեան վրայ։

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Զոհրաբ Մնացականեանի ու Էլմար Մամեդեարովի հանդիպումը կայանալու է ապրիլի 15-ին Մոսկւայում։ Հանդիպման ընթացքում նախատեսւում է քննարկել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։