Հա

Քաղաքական

16/04/2019 - 10:25

«Արցախը պատրաստ է թոյլատրել ձերբակալւած ադրբեջանցիների հարազատների տեսակցութիւնը, եթէ Ադրբեջանը կատարի փոխադարձ քայլը». Դաւիթ Բաբայեան

Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը գնահատում է բաւարար: Նա նկատում է՝ քննարկել եւ պայմանաւորւածութիւն են ձեռք բերել նաեւ տարիներ առաջ Արցախի կողմից առաջարկւած հարցերի շուրջ:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը գնահատում է բաւարար: Նա նկատում է՝ քննարկել եւ պայմանաւորւածութիւն են ձեռք բերել նաեւ տարիներ առաջ Արցախի կողմից առաջարկւած հարցերի շուրջ: Բաբայեանն «Արմէնպրես»-ի հետ զրոյցում խօսեց արտգործնախարարների հանդիպման մասին:

«Հանդիպումը գնահատում եմ բաւարար: Մենք միշտ նշել ենք, որ նման հանդիպումը արժեւորում ենք տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան պահպանման եւ բանակցութեան գործընթացի շարունակականութեան ապահովման տեսանկիւնից: Այս հանդիպման պայմանաւորւածութիւնները շատ հետաքրքիր էին: Մի շարք գաղափարներ պաշտօնական Ստեփանակերտը տարիներ շարունակ բարձրաձայնել է: Մօտ 11 տարի առաջ պաշտօնական Ստեփանակերտը փաթեթ է ներկայացրել համանախագահներին կայունութեան պահպանման տեսանկիւնից՝ որպէս կարեւոր միջոցառումներ: Դրանք բարձր են գնահատւել համանախագահների կողմից, սակայն Ադրբեջանի կողմից քայլեր չեն կատարւել: Եւ շատ հետաքրքիր է ու շատ լաւ է, որ հիմա այս կոնկրետ գաղափարը մտել է համանախագահների առաջարկի մէջ»,- ասաց Բաբայեանը:

Նա նշեց, որ փաթեթը ենթադրում էր, որ դիպուկահարները պէտք է յետ քաշւէին, տօն օրերին զերծ մնային զինադադարի ռեժիմի խախտումից, նաեւ առաջարկել էին մարդասիրական ոլորտում մի շարք քայլեր ձեռնարկել: Մասնաւորապէս, առաջարկել էին բերքահաւաքի ժամանակ զերծ մնալ զինադադարի ռեժիմի խախտումից, քանի որ ադրբեջանական կողմը բերքահաւաքի ժամանակ կրակ էր բացում Արցախի դաշտերի ուղղութեամբ, հրդեհների պատճառ դառնում:

Անդրադառնալով փոխադարձութեան հիման վրայ կողմերի տարածքում կալանքի մէջ գտնւող անձանց հարազատների տեսակցութեան թոյլտւութեան պայմանաւորւածութեանը՝ Բաբայեանը նշեց, որ Արցախը պատրաստ է, սակայն միայն եթէ Ադրբեջանը կատարի փոխադարձ քայլը:

«Արցախի տարածքում կայ ձերբակալւած ընդամենը 2 ադրբեջանցի, երկուսն էլ ահաբեկիչներ եւ յանցագործներ են: Նրանք այն յանցաւոր խմբի անդամներն են, ովքեր մի քանի տարի առաջ ներթափանցել են Արցախի տարածք, կատարել են սպանութիուններ, բռնութիւններ: Սակայն այդ մարդիկ հնարաւորութիւն ունեն շփւելու իրենց բարեկամների հետ: Պարբերաբար, ինչպէս կարգն է, նրանք սկայպով կամ այլ կերպ հաղորդակցւում են իրենց բարեկամների հետ: Եւ եթէ Ադրբեջանը չխոչընդոտի, ու մեր հայրենակիցները հնարաւորութիւն ունենան գնալ ու տեսնել իրենց հարազատներին, Արցախը պատրաստ է թոյլատրել: Եթէ փոխադարձ է, Արցախը պատրաստ է: Մենք թաքցնելու, վախենալու բան չունենք: Սա ցոյց  է տալիս մեր ուժը, մեր քաղաքակրթութիւնը»,- ասաց Բաբայեանը:

Նա նշեց՝ այն, որ Արցախը պատրաստ է նման քայլի, չի նշանակում, թէ որեւէ ձեւով վերանայում է իր մօտեցումը եւ չի նշանակում, թէ կասկածի տակ է դնում իր անվտանգութիւնն ու ապագան:

Մոսկւայում ապրիլի 15-ին Ռուսաստանի նախաձեռնութեամբ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականեանի, Էլմար Մամեդեարովի եւ Սերգէյ Լաւրովի աշխատանքային հանդիպումը, որին նաեւ մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրու Շոֆէրը (ԱՄՆ), ինչպէս նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։