Հա

Քաղաքական

20/04/2019 - 08:50

«Տարբեր մարդիկ, դրսից ֆինանսաւորւելով, հնարաւորութիւն ունեն ազատ ու անարգել հասարակութեան ներսում զգօնութիւնը թուլացնելու»

Այսօր Հայաստանի իշխանութեան որոշ ներկայացուցիչներ երբեմն այնպիսի յայտարարութիւններ են անում, որ տպաւորութիւն է, թէ մոռացել են, որ պատերազմի վերսկսման վտանգն ամէն վայրկեան կախւած է մեր գլխավերեւում։ Արցախեան բանակցութիւնների, արտգործնախարարների վերջին հանդիպման շուրջ զրուցում ենք ադրբեջանագէտ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԿՈՎԱՅԻ հետ։

«alikonline.ir» - Այսօր Հայաստանի իշխանութեան որոշ ներկայացուցիչներ երբեմն այնպիսի յայտարարութիւններ են անում, որ տպաւորութիւն է, թէ մոռացել են, որ պատերազմի վերսկսման վտանգն ամէն վայրկեան կախւած է մեր գլխավերեւում։ Արցախեան բանակցութիւնների, արտգործնախարարների վերջին հանդիպման շուրջ զրուցում ենք ադրբեջանագէտ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԿՈՎԱՅԻ հետ։

 

- Այսօր փորձագիտական շրջանակում կարծիք կայ, որ նոր իշխանութիւնը բանակցութիւններ վարելու համար անգամ բազային գիտելիքներ չունի, համակարծի՞ք էք։

- Վարչապետն էլ անձամբ ընդունում է այդ փաստը։ Ալիեւի հետ հանդիպումից առաջ եւ յետոյ ասել է, որ ունի բացեր, լիարժէք ծանօթ չէ գործընթացին, դեռ բանակցութիւնների մէջ չի մտնում, որովհետեւ հակամարտութեանը փուլ առ փուլ պիտի ծանօթանայ։ Այսինքն, ինստիտուցիոնալ յիշողութեան պակասն իսկապէս կայ, ինչը չի հերքում անգամ իշխանութիւնը։

 

- Նորմա՞լ է, որ այդ ծանօթացումը լինում է Ալիեւի միջոցով։

- Կարծում եմ, այստեղ խօսքն աւելի շատ Ադրբեջանի դիրքորոշման մասին էր։ Փաշինեանը փաստում է, որ նոյն հարցի շուրջ բացարձակ իրարամերժ կարծիքներ կան։

 

- Քաղաքական դաշտում կայ այսպիսի քննարկում, թէ ինչու Նիկոլ Փաշինեանը բանակցութիւնների պատմութեան մասին չի խօսում նախորդ նախագահների հետ, եթէ ցանկանում է պատկերն աւելի ամբողջական ունենալ։ Դրա կարիքը կա՞յ։

- Ցանկալի է, որ բոլոր երեք նախագահների հետ էլ խօսի։ Ինստիտուցիոնալ յիշողութիւնը կարեւոր բան է, բանակցային ամէն մի փուլ իր տրամաբանութիւնն ու պատմութիւնն է ունեցել։ Երեք փուլերն էլ տարբեր են եղել՝ եւ աշխարհաքաղաքական մթնոլորտի, եւ Ադրբեջանի մօտեցումների առումով։ Տպաւորութիւն չլինի, թէ Ադրբեջանում 25 տարի մոնոլիտ մի գիծ է եղել, հայրը բանակցելու այլ ոճ ունէր, տղան՝ այլ։ Բոլոր նրբութիւններին ծանօթ լինելու համար ցանկալի է, որ այդ ամէնի մասին Փաշինեանին ասէին մարդիկ, որոնք ներսից գիտեն ամէն ինչ։ Իսկ այդ մասին գիտեն միայն բանակցողները։ Այլ հարց է, թէ որքան է ներկայ իշխանութիւնն այդ տեղեկութեան կարիքը զգում։ Եթէ չեն զրուցել, ուրեմն համարում են, որ դրա կարիքը չկայ։

 

- Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ բանակցութիւնները սկսել է ոչ թէ Սերժ Սարգսեանի թողած կէտից, այլ սեփական կէտից։ Ի՞նչ է սա նշանակում, մոռացւո՞ւմ են նախկին բոլոր պայմանաւորւածութիւնները։

- Սա ինչ-որ շրջանում կարող է աշխատել, բայց պէտք է հասկանալ նաեւ, որ ադրբեջանցիները բնաւ յիմար չեն։ Ալիեւը յիմար չէ, այն պահից, երբ հասկանայ, որ իրավիճակն իր վերահասկողութեան տակից դուրս է գալիս, իր դիրքորոշումն աւելի արմատական է դարձնելու, ճնշումներն աւելի մեծացնելու է։ Այդպէս եղաւ Վիեննայի վերջին հանդիպումից առաջ եւ յետոյ, ռազմական հռետորաբանութեան աճ եւ սահմանին սադրանքներ։ Ինժեներական աշխատանքներին թափ հաղորդեցին, սահմանին զոհը փորձեցին մեզ վերագրել, այսինքն Ալիեւն իր դիրքորոշմամբ յստակ ցոյց է տալիս, որ փոխհամաձայնութիւնների պատրաստ չէ։ Որքան էլ հայկական կողմը խօսում է խաղաղութեան ճանապարհ հարթելու մասին, Ադրբեջանում ոչինչ չի փոխւել։ Արտգործնախարարները վերջին հանդիպման ժամանակ փորձեցին լաւատեսական մօտեցումներ համաձայնեցնել, սակայն դրանք դեռ պէտք է կարողանալ իրագործել։ Ամենաբարդն իմպլիմենտացիան է։ Լրագրողների խումբ Ադրբեջան ուղարկելը մի բան է, որի կազմակերպումն ամենահեշտն է, այլ բան, թէ դա որքան կը նպաստի խաղաղութեան գործընթացին։

 

- Ենթադրենք, ԶԼՄ-ների ներկայացուցիչները գնացին Ադրբեջան, ի՞նչ է նրանց մատուցւելու։

- Դուք կը տեսնեք այն, ինչ ձեզ թոյլ կը տան տեսնել։ Ըստ երեւոյթին, կը տանեն հայկական եկեղեցի, որն առանց խաչի է, փախւած ու արդէն գրապահոց է դարձել, կասեն՝ տեսէք, հայկական մշակոյթը չենք քանդել։ Հաւանաբար կը հարցնէք, եթէ խօսում էք 30-հազարանոց հայկական համայնքի մասին, ինչո՞ւ այդ հայերը հնարաւորութիւն չունեն գալու եկեղեցի։ Եթէ ասում էք, թէ հանդուրժող էք, ձեզ մօտ հայերի իրավունքները պաշտպանւած են, ինչո՞ւ չեն կարող մկրտւել, ինչո՞ւ չունեն հոգեւոր առաջնորդ եւ ի վերջոյ, ինչո՞ւ նրանց իրաւունքները պաշտպանւած չեն։ Այս հարցերից յետոյ պոռթկալու է ողջ հայատեացութիւնը։ Ցանկացած տրամաբանական, անյարմար հարց, երբ իրենց քարոզչական սահմաններից դուրս է, անվերահսկելի հայատյացութեան առիթ է դառնում։ Բնականաբար այնտեղ 30 հազար հայ չկայ, եւ երբ այսպիսի պարզ հարցեր ես դնում նրանց առաջ, քո առջեւ բացւում է Ադրբեջանի իրական քաղաքականութիւնը։ Այդ այցի շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչները հաւանաբար կը հանդիպեն նաեւ պետական պաշտօնեաների հետ, որոնք մէկ մարդու պէս նոյն թեզերն են առաջ տանելու՝ նոյն անգիր արած արտայայտութիւններով, որոնք 25 տարւայ ընթացքում շատ քիչ փոփոխութեան են ենթարկւել։ Ընդդիմութեան հետ ձեզ հանդիպել, շփւել չեն թողնի, եթէ անգամ մի քանիսի հետ էլ հանդիպէք, նրանք կը լինեն գրպանային ընդդիմադիրներ։ Առաւելագոյնը Բաքւի գեղեցիկ վայրերը կը տեսնէք, բայց այդ երկրի իրական քաղաքականութեան մասին, որպէս լրագրող, ոչինչ չէք կարող ներկայացնել։

 

- Այսպիսի այցերը, փաստօրէն, ժողովուրդներին խաղաղութեան չեն պատրաստի։

- Եթէ չունենաք հնարաւորութիւն ազատ հանդիպելու այն մարդկանց, որոնց հետ կը ցանկանայիք խօսել, այդ այցի արդիւնաւէտութիւնը զրօ կը լինի։ Համանախագահների համար ցուցադրական ակցիաներ կը լինեն, թէ տեսէք՝ մենք ինչ-որ ջանքեր ենք գործադրում։ Այս այցերը միանշանակ արդիւնաւէտ չեն լինելու։ Օրինակ, «Թուրանի» խմբագիրը վերջերս եկաւ Հայաստան, ստացաւ արտգործնախարարութեան թոյլտւութիւնը, գնաց զզւելի յօդւած գրեց, թէ Հայաստանում ինչքան թշւառ, սոված ու վատ մթնոլորտ է։ Եթէ իրենց լրագրողների խումբը պիտի գայ ու յետոյ գնայ նման յօդւածներ գրի, չեմ պատկերացնում, թէ այդ ամէնը ինչպէս է նպաստելու խաղաղութեանը։ Եթէ իրենք գալիս են իրենց բարդոյթներն այստեղ բաւարարելու համար, յետոյ գնան իրենց հանրութեանը կերակրեն քարոզչական հերթական ստով, այցի իմաստը ո՞րն է։ Հասարակութիւնները միմեանց հետ ազնիւ խօսելու պատրաստ չեն, իսկ առհասարակ Ադրբեջանում ընդդիմադիր մամուլը շատ ծանր վիճակում է։ Այստեղ գալու են միայն իշխանական ու համապատասխան հրահանգաւորում ստացած լրագրողները։

 

- Արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի ունեցաւ Մոսկւայում։ Վերջին շրջանում Ռուսաստանը բաւականին ակտիւ է հակամարտութեան հարցում, կարելի՞ է ասել, որ նրա վերահսկողութեան տակ է անցել գործընթացը։

- Չեմ կարծում, քանի որ նախավերջին հանդիպումն էլ Վիեննայում էր, աւելի վաղ՝ Դաւոսում։ Արցախեան հիմնախնդիրն այն քիչ հարցերից է, որ համանախագահ երկրների միջեւ կայ փոխհամաձայնութիւն, որ պէտք է հարցը լուծել առանց ռազմական գործողութեան։ Պատերազմն այս պահին համանախագահող ոչ մի երկրի ձեռնտու չէ։ Այստեղ հարցն այն է, թե որ երկիրն է կարողանում արդիւնաւէտ մոդերացիա անել։ Եթէ Ռուսաստանը կարողացել է ստեղծել այն մթնոլորտը, որ ռազմագերիների ընտանիքները կարողանան փոխայցեր կազմակերպել, ինչը եւս բաւական բարդ է, շատ լաւ։ Մի բան է այդ այցերը կազմակերպելը, մէկ այլ բան երկու դիւերսանտներին հետ ստանալը կամ նրանց ընտանիքների այցը Շուշի, որտեղ դատապարտւած են։ Հայաստանն արդեօք իրաւասու՞ է պաշտօնական Ստեփանակերտի փոխարէն որոշումներ կայացնելու՝ այդ ընտանիքները գա՞ն, թէ՞ չգան։ Ստեփանակերտը, որպէս բարի կամքի դրսեւորում, կարող է թոյլ տալ, բայց այդ դէպքում Արցախը պէտք է լինի գործընթացի մասնակից։ Ադրբեջանի համապատասխան մարմիները պէտք է դիմեն Արցախին, որպէսզի այդպիսի թոյլտւութիւն ստանան։ Մենք Ադրբեջանում ունենք ռազմագերիներ եւ պատանդ վերցրած ու դատւած ՀՀ քաղաքացի, ո՞ր ընտանիքին են թոյլտւութիւն տալու։ Բաւական մշուշոտ ու ընդհանուր ձեւակերպումներ են տւել։ Արտգործնախարարների հանդիպման յաջորդ պայմանաւորածութիւնը վերաբերում է գիւղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ չկրակելուն։ Սակայն մենք ունենք դէպքեր, երբ Ադրբեջանը չի պահել այդ պայմանաւորւածութիւնը եւ կրակել է։ Ապրիլեան պատերազմի ժամանակ բացայայտւեց նաեւ, որ Ադրբեջանն իր հրետանին պահում է բնակելի վայրերին մօտ, ինչը խստիւ արգելւած է։ Ընդհանուր առմամբ այս պայմանաւորւածութիւնները շատ լաւն են, եթէ իհարկէ, դրանք իրագործւեն, ինչը խիստ կասկածելի է։ Ադրբեջանը պայմանաւորւածութիւնները չի պահում։

- Նախորդ իշխանութեան ներկայացուցիչները մշտապէս յիշեցնում են, թէ Փաշինեանի մեծ բացթողումն այն է, որ արդէն մոռացվել են 2016-ից յետոյ եղած Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի պայմանաւորւածութիւնները։ Սա վտանգաւո՞ր բացթողում է։ Ի դէպ, համանախագահների վերջին յայտարարութեան տեքստում էլ այս մասին չկար։

- Դրանք պայմանաւորւածութիւններ էին, որոնք պարտադրւել էր Ալիեւին՝ 2016-ին ապրիլեան պատերազմ հրահրելու պատճառով։ Դրանք Ադրբեջանի համար պատժամիջոցի պէս մի բան էին։ 2016-ին Ալիեւը եւս բացայայտ ասաց, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախութիւնը։ Ճնշումը շատ ուժեղ էր։ Հիմա նա իրեն շատ աւելի յարմարաւէտ է զգում, լաւատեսութիւն է յայտնում, շատ աւելի դրական տրամադրւածութիւն ունի բանակցային գործընթացի վերաբերեալ, այսինքն ճնշում առնւազն չկայ։ Չնայած իշխանութիւնները վստահեցնում են, թէ չեն մոռացւել այդ պայմանաւորւածութիւնները, բայց դրանք չեն արտացոլւում Մինսկի խմբի յայտարարութիւններում, ինչը փաստում է, որ Ադրբեջանը կարող է «պլստալ» դրանց տակից։

 

- Փաշինեանը մշտապէս յայտարարում է, թէ առանց օրակարգի է բանակցում Ալիեւի հետ, բայց արտգործնախարարների վերջին պայմանաւորւածութիւնները վկայում են՝ ինչ-որ օրակարգ, այնուամենայնիւ, կայ։ Որքա՞ն ժամանակ Հայաստանի իշխանութիւնը կարող է խուսափել յստակ օրակարգի ձեւակերպումից։

- Այնքան ժամանակ, մինչեւ հակառակորդը դա կարող է հանդուրժել։

 

- Որպէս փորձագէտի, Ձեզ համար պա՞րզ է, թէ այս իշխանութիւնը ինչ դիրքորոշում ունի Արցախի հարցում։

- Հնարաւորինս ձգել ստատուս-քւոն մինչեւ վերադիրքաւորւելը։ Հիմա բաւական վտանգաւոր իրավիճակ է. մի կողմից Ադրբեջանին ձեռնտու չէ առաջնագծում սրացում, որովհետեւ իր ներքին հարցերն ունի լուծելու, միւս կողմից էլ Ալիեւն ունի դէմքը փրկելու խնդիր։ Երբ Ալիեւն ասում է, թէ անցել ենք բուն բանակցային օրակարգին, բովանդակային քննարկումներ ենք անում, ներքին սպառման համար քարոզչական ուղերձ է յղում, այսինքն ձեր կառավարութիւնը ձեզ համապատասխան տեղեկութիւն չի տալիս։ Չեմ կարծում, թէ բուն բովանդակային հարցերին են անցել, որովհետեւ համաձայնեցման փուլերը կարող են տարիներ տեւել։ Սա Ալիեւի միտումնավոր քարոզչութիւնն է։ Այս ամէնին զուգահեռ Հայաստանում անընդհատ խաղաղասիրութեան մասին խօսակցութիւններ են, որոնք զրոյական արձագանք ունեն Ադրբեջանում։ Ինձ աւելի շատ սա է անհանգստացնում, որովհետեւ մեզ մօտ պացիֆիզմի մոդայիկ ալիք են բարձրացնում այն մարդիկ, որոնք բացարձակապէս դրա իրաւասութիւնը չունեն, իրենք երբեւէ ծանօթ չեն եղել ոչ կոնֆլիկտի պատմութեանը, ոչ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին, ոչ նրանց տրամադրւածութեանը մեր հանդէպ (խօսքը ոչ միայն Ադրբեջանի իշխանութեան մասին է, ընդդիմութիւնը երբեմն աւելի արմատական հակահայկական դիրքորոշումներ ունի)։ Մարդիկ, որոնք ուզում են հաւատալ ռոմանտիկ, մանկամիտ բաների, որ ահա հիմա կը բարիշենք ու խաղաղ կապրենք, պիտի սթափ դատեն՝ չենք բարիշելու։ Սա պարզ է ցանկացած մասնագէտի, որը մի քիչ ճանաչում է ադրբեջանական հասարակութեանը։ Իսկ երբ խաղասիրութիւն քարոզողներն ասում են, որ դա պէտք է, ես, որպէս մասնագէտ, հարց ունեմ.՝ կարո՞ղ են ինձ բացատրել, թէ ինչպէս է դա հնարաւոր։ Միայն Հայաստանը խաղաղութեան նախապատրաստելով, ոչ մի բանի չէք հասնի, իսկ Ադրբեջանը խաղաղութեան նախապատրաստելու համար ձեզնից կը պահանջւեն տասնամեակներ, եթէ հէնց այս պահից սկսած այդ գործը ստանձնէք։

 

- Ասել է՝ անիրատեսական գաղափարներ են առաջ քաշւում, բայց հանուն ինչի՞։

- Բացարձակ անիրատեսական են, սակայն գրաւիչ, որովհետեւ ոչ մէկը չի ուզում պատերազմ լինի։ Բայց պիտի իրատես լինել, տեսականօրէն անգամ անհնար է, ունենալով Ադրբեջանի պէս հակառակորդ, այս պահին հասնել խաղաղութեան։ Ինչ կը լինի 50 տարի յետոյ, ոչ ոք չի կարող ասել։ Բայց այս պահին նման քարոզն ինձ համար առնւազն անհասկանալի է։ Մտահոգիչ է խաղաղասիրութեան քարոզի սխալ ուղղութիւնը, անվերահսկելի գործընթաց է սկսւել։ Տարբեր մարդիկ, դրսից ֆինանսաւորւելով, հնարաւորութիւն ունեն անարգել ու ազատ հասարակութեան ներսում զգօնութիւնը թուլացնելու։ Սա մեծ խնդիր է, որովհետեւ այդ տրամադրութիւններն ազդում են նաեւ բանակի վրայ, Մեղրիի զօրամասի դէպքը դրա վառ օրինակն է։ Այսպիսի գործողութիւններին պիտի շատ խիստ արձագանքել։ Եթէ պատերազմական իրավիճակում գտնւող երկիր ես, զգոնութիւնը թուլացնելու շռայլութիւն չես կարող քեզ թոյլ տալ։ Պէտք է հասկանալ՝ հակառակորդը չի փոխւել, որքան էլ գրանտ ստացողներն ասեն, թէ Ադրբեջանի հասարակութիւնը մեզ չի ատում, այդպէս չէ։ Ատում է, որովհետեւ այդ մարդիկ հերոսացնում են հայ սպանողին, Սաֆարովի անունով են կոչում երեխաներին, ապրիլեան պատերազմի ժամանակ մեր զինւորների կտրած գլուխը գիւղերում պտտում էին ու սելֆիներ անում։ Այսինքն, ոչ թէ իշխանութիւնը, այլ հասարակութիւնն է քեզ ատում։ Ադրբեջանի իշխանութիւնը շատ աւելի պրագմատիկ է, իսկ հասարակութեան համար ամենեւին վատ բան չէ հայ սպանելը։ Այդքան տարի այդ ագրեսիայի, քարոզչութեան մէջ ապրելն ինչ-որ ժամանակ պէտք է պոռթկա։ Ի դէպ, եթէ մենք էական առաւելութիւն ենք համարում, որ բանակցութիւններում լեգիտիմութիւն ունեցող ղեկավար է մասնակցում, կարելի է միանշանակ պնդել, որ Ալիեւը, չնայած ներքին խնդիրներին, այս հարցում ունի իր երկրի բոլոր քաղաքական ուժերի, հանրութեան աջակցութիւնը, որովհետեւ նրանք միահամուռ նոյն կարծիքն են առաջ տանում։ Այնպէս չէ, որ մենք աւելի լեգիտիմ ղեկավար ենք ուղարկել բանակցելու, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

 

- Այսպիսի տրամադրութիւնների առկայութեան պայմաններում Հայաստանի իշխանութեան ո՞ր օրակարգն է ճիշտ։ Հիմա խօսքը միայն բանակցութիւններին Արցախի մասնակցելու մասին է։

- Դժւար է ասել։ Իսկ Արցախի մասնակցութիւնը բանակցութիւններին այս պահին դժւար է պատկերացնել, թէ ինչպէս է հնարաւոր։ Անշուշտ, շատ լաւ կը լինի, եթէ ստացւի, բայց պարզապէս չեմ պատկերացնում՝ ինչպէս։ Մի քանի տարի յետոյ գուցէ եւ լինի այդ հնարաւորութիւնը, այս պահին՝ ոչ։

 

- Ի՞նչ է փոխւելու մի քանի տարի յետոյ։

- Երբ աւարտւի տեխնիկական հարցերի քննարկումն ու անցնեն բուն բանակցութիւններին, դա հնարաւոր է։ Համանախագահները եւս անընդհատ ասում են, որ առանց Արցախի այդ փուլը չի լինելու։

 

- Հասկանալի է, որ նոր իշխանութիւնները ոչ մէկի խորհրդի կարիքը չունեն, բայց այդուհանդերձ, որպէս փորձագետ, բանակցութիւնների վերաբերեալ ի՞նչ խորհուրդ կը տաք նրանց։

- Պէտք է կենտրոնանալ հումանիտար միջոցառումների վրայ, աշխատել Արցախը ներգրաւել միջազգային կառոյցների աշխատանքում՝ սկսած մարդու իրաւունքների պաշտպանութիւնից մինչեւ ընտրական գործընթացներով զբաղւող կառոյցներ։ Արցախը ներառել մոնիտորինգային, միջազգային զեկոյցների, վարկանիշային ցուցակների մէջ։ Պարբերաբար դա «Freedom House»-ն է անում, միւսներն էլ դրա քաջութիւնը պէտք է ունենան։ Երբ դա սկսեն անել, շատ հետաքրքիր պատկեր կը ստանան։ Արցախն աւելի ժողովրդավար պետութիւն է, քան Ադրբեջանը, որը ստիպում է Արցախին իր կազմ վերադառնալ։ Սա լուրջ խաղաթուղթ կը լինի հայկական կողմի ձեռքում, ու եւս մէկ անգամ Ադրբեջանի քարոզչական միֆերը կը ջախջախւեն։

«Irates.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։