Հա

Քաղաքական

30/04/2019 - 10:50

«Հայաստանը կրճատում է սպառազինութեան՝ Ադրբեջանի հետ ունեցած տարբերութիւնը». Յարութիւնով

Ադրբեջանի պաշտպանական ծախսերը նախկինի նման ահռելի են մնում, բայց իրավիճակն ակնյայտօրէն այն չէ, ինչ եղել է մի քանի տարի առաջ։

«alikonline.ir» - Ադրբեջանի պաշտպանական ծախսերը նախկինի նման ահռելի են մնում, բայց իրավիճակն ակնյայտօրէն այն չէ, ինչ եղել է մի քանի տարի առաջ։

Հայաստանն աստիճանաբար կրճատում է սպառազինութիւն եւ ռազմական տեխնիկա գնելու առումով Ադրբեջանի հետ ունեցած տարբերութիւնը, եւ այդ գործընթացն առաջիկայ տարիներին կը շարունակւի։ «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ռազմական փորձագէտ Դաւիթ Յարութիւնովը` մեկնաբանելով Աշխարհի խնդիրների հետազօտութեան Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկոյցը:

Կենտրոնի տւեալներով` 2018 թ.-ին Հայաստանի ռազմական ծախսերն անցած տարւայ համեմատ աճել են 33 տոկոսով` կազմելով 609 միլիոն դոլար։ Հայաստանը յայտնւել է ռազմական ծախսերի աճի բարձր տեմպերով թոփ 15 երկրների շարքում։

Ինչպէս կարծում է Յարութիւնովը, Ադրբեջանի պաշտպանական ծախսերը նախկինի նման ահռելի են, բայց իրավիճակն ակնյայտօրէն այն չէ, ինչ եղել է մի քանի տարի առաջ։ 2010 թ.-ից սկսած` Ադրբեջանն ինտենսիւօրէն սպառազինւել է` գնելով ռազմական տեխնիկայի նոր տեսակներ։ Եւ մի պահ հաւասարակշռութիւնը խախտւել էր յօգուտ Բաքւի։ Սակայն նաւթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանի հնարաւորութիւնները զգալիօրէն նւազել են։

«Ազգային արժոյթի` մանաթի արժեզրկման շնորհիւ իրավիճակը կտրուկ փոխւել է։ Ռազմականացման մասշտաբներն արդէն այն չեն։ Իր հերթին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը 2016 թ.-ի ապրիլեան պատերազմից յետոյ անհրաժեշտ հետեւութիւններ է արել եւ սկսել ակտիւօրէն արդիականացնել ու համալրել զինանոցը։ Բացի այդ, ռազմական շինարարութեան շատ ասպեկտներ հասկանալի պատճառներով չեն բարձրաձայնւում»,- ասաց Յարութիւնովը։

Նա ուշադրութիւն դարձրեց, որ վերջին շրջանում Հայաստանը հիմնականում գնում է բարդ, տեխնոլոգիական համակարգեր, որոնք, որպէս կանոն, թանկ արժեն։

Կայ եւս մի ոչ պակաս կարեւոր հանգամանք. Երեւանը հիմնականում զէնք է գնում Ռուսաստանից, ընդ որում` ներքին գներով, ի տարբերութիւն Ադրբեջանի, որը սպառազինութիւններ է ստանում համաշխարհային գներով։

Այդ փաստը նոյնպէս արտացոլւում է ռազմական ծախսերի վիճակագրութեան վրայ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ծախսերին, ապա միջոցների զգալի մասը տրամադրւում է Կասպիական նաւատորմին, որն աշխարհագրական պատճառներով նոյնիսկ տեսականօրէն չի կարող սպառնալիք համարւել Հայաստանի համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։