Հա

Քաղաքական

04/05/2019 - 11:50

Քա­ղա­քա­գէտ. «Այն­քան սխալ են գոր­ծել, որ չես էլ կա­րող յստակ դե­ղա­տոմս գրել ու ասել՝ այս­պէս պէտք է սկսել»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքագէտ Սերգէյ Շաքարեանցն այս փուլում երկու մարտահրաւէր է առանձնացնում՝ մէկը կապելով հասարակութեան, միւսն էլ Արցախի խնդրի հետ:

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքագէտ Սերգէյ Շաքարեանցն այս փուլում երկու մարտահրաւէր է առանձնացնում՝ մէկը կապելով հասարակութեան, միւսն էլ Արցախի խնդրի հետ:

Մինչ մարտահրաւէրներին անցնելը, գնահատելով վերջին մէկ տարւայ գործընթացները, նա նկատում է. «Ցաւօք, խնդիրները չեն պակասել: Եթէ մէկ տարւայ կտրւածքով դիտարկենք, ապա բազում լրացուցիչ խնդիրներ ենք ստացել: Առաջնահերթը, որը պէտք է յաղթահարւի, հասարակութեան փաստացի պառակտումն է: Իշխանափոխութիւններից յետոյ, որպէս կանոն, ընտրութիւններին մասնակցութեան թիւը շատ աւելի մեծ է լինում: Այդուհանդերձ, դեկտեմբերին տեսանք, որ հասարակութեան մեծամասնութիւնը չի ցանկացել մասնակցել ընտրութիւններին: Այսինքն, այդ մեծամասնութիւնն ապակողմնորոշւած էր մնացել: Սա նշանակում է, որ յաղթող ուժը վայելում է միայն 38-40 տոկոս ընտրողների վստահութիւնը»:

Նա յաւելեց, որ սա ամենավտանգաւոր հանգամանքներից մէկն է, որը պէտք է լուծւի. «Իսկ թէ ինչպէ՞ս՝ չեմ կարող ասել, որովհետեւ արդէն այնքան սխալ են գործել, որ դժւար է կանխագուշակել, թէ նոր եւ գիտակցւած աշխատանքը որտեղից պէտք է վերսկսել: Այնքան սխալ են գործել, որ չես էլ կարող յստակ դեղատոմս գրել ու ասել՝ այսպէս պէտք է սկսել»:

Ս. Շաքարեանցը շեշտեց, որ երկրորդ հարցն Արցախի հիմնախնդրի փակուղին է:

«Երբ մարդը սկսում է դժւար կատարւելիք խոստումներ տալ ու յետոյ յետ կանգնել այդ խոստումներից, ստեղծւում է տպաւորութիւն, որ նա չի տիրապետում իրադարձութիւնների իրական շարադրւածքի պատկերին, չի պատկերացնում նաեւ գործի բարդութիւնը: Մենք մեր իսկ ձեռքով ենք փակուղի ստեղծում: Եթէ մարդը յետամուտ է իր այն յայտարարութեանը, որ լիազօրւած չէ ներկայացնել Արցախի ընտրողների, Արցախի քաղաքացիների շահերն ու պահանջները, ապա պէտք է յետամուտ լինի ու չշարունակի բանակցել Ադրբեջանի հետ: Սա տրամաբանութիւն է, որի հիմքում այսօրւայ ղեկավարութեան յայտարարութիւններն են: Բայց եթէ, այնուամենայնիւ, շարունակում եք բանակցել ադրբեջանական կողմի հետ, ապա դուք մեղադրւում էք խաբեբայութեան մէջ, ինչը եւս լրացուցիչ պառակտում է առաջացնում»,- ասաց մեր զրուցակիցը:

Քաղաքագէտի խօսքով, եթէ վերոնշեալ երկու խնդիրները կարողանանք իմի բերել ներքին մակարդակով, ապա մնացած բոլոր մարտահրաւէրներն աւելի ցածր նշանակութիւն կը ստանան:

«Բայց քանի որ պառակտւած ենք եւ գլխաւոր հարցերում մէկ ընդհանուր գիծ չունենք, մնացած հարցերում եւ նոյն խաչմերուկում անշարժ կանգնած ենք մնալու: Իսկ այդ վիճակում մեքենայի տակ ընկնելու վտանգը միշտ է առկայ: «Խաչմերուկային» իրավիճակներում արագ անցնել է պէտք՝ անշարժ մնալը վտանգաւոր է: Բոլորն ասում են՝ սպասէ՛ք, մի տարի է անցել, ժամանակ տւէ՛ք: Այդ «խաչմերուկում» ժամանակ տալ հնարաւոր չէ, խաչմերուկները պէտք է «վազելով» անցնել: Ժամանակ չկայ, վաղը կամ միւս օրը որեւէ «տրանսպորտային միջոց» խփելու է մեզ: Այդ խաչմերուկում դու չորս կողմից վտանգի տակ ես: Անկախ մեր ներքին հարցերից, այնուամենայնիւ, աշխարհը տեղում չի կանգնում: Մենք տեսնում ենք, թէ ինչպէս են սաստկանում ԱՄՆ-Իրան, ռուսամերիկեան, ռուս-չինական յարաբերութիւնները: Իսկ մենք անգամ չենք մասնակցում, օրինակ, Չինաստանում կայացած միջազգային համաժողովին, բայց փոխարէնն այստեղ «Քաղաքացու օրն» էինք նշում: Բայց ինչ-որ բան ունէ՞ք, որ «Քաղաքացու օր» էք նշում: Դուք արդէն հրաժարւե՞լ էք «լեւոնական», թէկուզեւ Սերժ Սարգսեանի օրոք փոփոխւած Սահմանադրութիւնից: Քաղաքացու օրն այն փաստաթղթի օրն է, որտեղ գրանցւած են քաղաքացու հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները: Նորմալ երկրներում այն Սահմանադրութիւնն է: Մենք հրաժարւե՞լ ենք Սահմանադրութեան օրւանից, թէ՞ նման ամսաթիւ, այդուհանդերձ, դեռ կայ մեր օրացոյցում: Մեզ մօտ այնքան խառն իրավիճակ է: Մենք սկզբից պէտք է ներքին մարտահրաէրներից ձերբազատւենք, որպէսզի ազգային ու հաւաքական ուժով մտածենք՝ ինչպէս լուծել միւս մարտահրաւէրը»,- նշեց Ս. Շաքարեանցը:

Նա կարեւորեց ծրագրերի առկայութեան անհրաժեշտութիւնը:

«Եթէ, օրինակ, ամերիկա-իրանական ռազմական գործողութիւն սկսւի, ծրագիր ունե՞նք, թէ ինչպէս ենք արձագանքելու: Նման շատ հարցեր կան: Բայց ընդհանուր տպաւորութիւնն այն է, որ մարդիկ առանց ծրագրի են գործում, թէպետ առաջին մարդը չեմ, որ խօսում եմ այդ մասին: Այս թիմը նորմալ ծրագիր չունի ո՛չ տնտեսութեան, ո՛չ ներքաղաքական եւ ո՛չ էլ միւս ոլորտների համար: Եթէ մենք, որպէս հասարակութիւն, չենք յաղթահարում Արցախի հարցի փակուղին եւ ներքին պառակտումը, մնացած մարտահրաւէրների շուրջ ծրագրեր կազմելու մասին մտածելն անգամ ծիծաղելի է: Ես չեմ կարծում, որ առանց այդ երկու մարտահրաւէրների լուծման հնարաւոր կը լինի միւս հարցերի առումով մշակել ու առաջարկել համընդհանուր ազգային ծրագիր»,- եզրափակեց քաղաքագէտը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։