Հա

Քաղաքական

11/05/2019 - 11:00

Երրորդ կողմի դատարանը

Շուտով սկսւելու են յետյեղափոխական առաջին դատավարութիւնները։ Պետութիւնը մտնելու է երկարատեւ դատավարութեան փուլ՝ հասարակական ընդգծւող անտարբերութեան ֆոնին։ Այս պրոցեսի կողմերը յստակ են՝ ՀՔԾ, դատախազութիւն եւ երկրի քաղաքական իշխանութիւն մի կողմում եւ մեղադրեալներ՝ միւսում։ Առաջին երեքը պնդելու են իրենց տեսակէտը, մեղադրեալները պաշտպանւելու են լաւ փաստաբաններով եւ այլ օրինական միջոցներով։ Փնտրւում է նաեւ դատաւոր։

Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Շուտով սկսւելու են յետյեղափոխական առաջին դատավարութիւնները։ Պետութիւնը մտնելու է երկարատեւ դատավարութեան փուլ՝ հասարակական ընդգծւող անտարբերութեան ֆոնին։ Այս պրոցեսի կողմերը յստակ են՝ ՀՔԾ, դատախազութիւն եւ երկրի քաղաքական իշխանութիւն մի կողմում եւ մեղադրեալներ՝ միւսում։ Առաջին երեքը պնդելու են իրենց տեսակէտը, մեղադրեալները պաշտպանւելու են լաւ փաստաբաններով եւ այլ օրինական միջոցներով։ Փնտրւում է նաեւ դատաւոր։ Եւ նրանց զանգւածային ինքնաբացարկները յուշում են, կամ աւելի ճիշտ աղաղակում են, որ ինչ-որ շատ կարեւոր բան ակնյայտօրէն սխալ է։ Ի վերջոյ, իհարկէ, կը գտնւի մէկը՝ պետութեան կողմից նշանակւած մի դատաւոր, որը վերջում կամ ընթացքում կը կայացնի վճիռներ՝ կախւած երկրում առկայ իրավիճակից։ Բայց այս սցենարով նստւածք է մնալու՝ ծանր նստւածք, որն ունենալու է էական հետեւանքներ։

Եթէ վերանանք իրաւական բառապաշարից, ապա սա համակարգաստեղծ դատավարութիւն է. այսինքն՝ սրա սխալը՝ սխալ ընթացքը եւ սխալ վճիռները, ունենալու են համակարգային ազդեցութիւն։ Հետեւաբար՝ մենք ամէն ինչ պէտք է անենք՝ սխալից խուսափելու համար։

Ինչ է նշանակում «սխալ»

Սխալի ձեւակերպման մէջ չեն մտնում ո՛չ «հանրային պահանջ» ձեւակերպումը, ո՛չ զգացմունքային ֆոնը, ո՛չ սոցցանցային մթնոլորտը եւ ոչ էլ այն, որ այդ նոյն դատախազը ժամանակին պահանջում էր Ն. Փաշինեանին ձերբակալել, կամ այդ դատական համակարգը ժամանակին դատել է Փաշինեանին ու նրա համախոհներին։ Սրանք արդէն դետալներ են, ո՛չ աւելին։

Ամենավտանգաւոր սխալը կը լինի այն, որ դատավարութիւնն ընթանայ հանրային անտարբերութեան պայմաններում։ Եթէ հանրութիւնը չլինի արդարի, իսկութեան, իրականութեան պահանջատէրը, ապա սա ընդամենը դառնալու է այլ դատավարութիւնների միջանկեալ օղակ, երբ հետագայում տարբեր ժամանակներում նոյն գործով դատելու են տարբեր մեղադրեալների։

Ի վերջոյ, մենք՝ հանրութիւնը, ցանկանո՞ւմ ենք իմանալ իրականութիւնը։ Մենք դնո՞ւմ ենք նման պահանջ՝ իմանալ իրականութիւնը, ստանալ մի խումբ հարցերի պատասխանները։ Ինքներս մեզ համար, ոչ թէ՝ ինչ-որ մէկին հաշւետու լինելու։

Սրանք շատ կարեւոր կիրառական հարցեր են, որովհետեւ պետութեան այսօրւայ անորոշութիւնների պայմաններում այդ հարցերի պատասխանները ձեւաւորելու են խիստ որոշակի ռիսկեր։

ՀՔԾ-ի եւ դատախազութեան համար որքան փոքր լինի հանրային ուշադրութիւնը, այնքան մեծ է կոմֆորտը, եւ այնքան հեշտ կանեն այն, ինչը իրենցից ակնկալւում է։

Հասարակական արբիտրի գաղափարը այսօր ծայրայեղ անհրաժեշտութիւն է։ Եթէ չենք ուզում անընդհատ ապրել անցեալում, չենք ուզում լինել նախորդ տասնամեակների եւ նոր սխալների գերին, ուրեմն պէտք է ձեւաւորենք «երրորդ կողմի» դատարանը։ Մի համակարգ, որն ինքնաբացարկ չի ուզի եւ չի կարող տալ։ Դա հասարակութիւնն է, մենք բոլորս, ովքեր երկրի առաջընթացը տեսնում են ապագայում, եւ ոչ երբեք՝ անցեալում։ Ոչ անտարբերների հանրութիւնը ամենակարեւոր դատարանն է։ Սա այն դատարանն է, որի նպատակը ոչ թէ դատավճիռն է, այլ՝ իրականութիւնը։ Իրականութիւնն իմանալու պահանջը։ Հասկանանք իրականութիւնը, որ կարողանանք շարժւել առաջ։ Ոչ թէ զմռսել այն հերթական դատավճռով, որը նորից կը յետաձգի հարցի լուծումը ու մեզ կը պահի անցեալում։

Արդէն պարզ է, որ այս դատավարութիւնները հեշտ ընթացք չեն ունենալու։ Եթէ 8-9 ամիս առաջ ՀՔԾ պետը յեղափոխական զգացմունքների ֆոնին վիկիլիքսի ու Սիլւայի ասածները «ծախում» էր հասարակութեան վրայ, ապա այսօր շատ բան է փոխւել։ Չկայ թէ՛ մթնոլորտը, թէ՛ հակումը՝ հալած իւղի տեղ ընդունելու ամէն ասւած։

Հանրային լուրջ եւ օբիեկտիւ մոնիտորինգը միակ պայմանն է, որը թոյլ կը տայ դուրս գալ տարբեր շրջանակների եւ անհատների անձնական պատկերացումներից։

Քաղաքացիական կառոյցների եւ հանրութեան ուշադրութիւնը միակ պայմանն է, որով հնարաւոր կը լինի խուսափել աւելի վատ սցենարներից։

Գուցէ այս դատավարութեան փուլով պէտք է դառնալ աւելի լուրջ հասարակութիւն եւ աւելի լուրջ վերնախաւ ու հասկանալ, որ քրէական գործի 76 հատորը չէ՛ մեր ընդհանուր պատմութեան նկարագրութիւնը։ Այդ հատորներում չկան «ինչո՞ւ այդպէս եղաւ, եւ ի՞նչ անել, որ այլեւս այդպէս չլինի» հարցերի պատասխանները։

Եւ այդ մէկ դատաւորը դո՛ւ ես

Մենք ուզո՞ւմ ենք իմանալ իրականութիւնը։ Մարտի 1-ի հետ կապւած տասնեակ հարցերի պատասխանները պէտք է համոզիչ լինեն՝ քաղաքացու եւ քաղաքացու հասարակութեան համար։ Որովհետեւ պատասխանները նրա՛ համար են, ուրիշ ոչ մէկի։ Թեման կը փակւի ու չի մնայ որպէս ներքին չարութեան եւ թշնամանքի աղբիւր, միայն այն դէպքում, երբ քաղաքացին ու հասարակութիւնը ստանան պատասխաններ։ Բայց՝ հիմնաւոր ու փաստարկւած պատասխաններ, եւ ոչ՝ մանիպուլեատիւ, զգացմունքային։ Զգացմունքներն ունեն թուլանալու, վերափոխւելու յատկութիւն։

Հիմա մի վիճակ է, երբ բոլորս՝ ՀՔԾ-ն, դատախազութիւնը, քաղաքական իշխանութիւնը, հասարակութիւնը, ուզում ենք փափուկ տեղաւորւել մէկ դատաւորի հետեւում՝ այն մեծ դժւարութեամբ, մի կերպ գտնւած դատաւորի։ Ամէն ինչ թողնել մէկ դատաւորի պատասխանատւութեանը։ Իրօ՞ք մտածում էք, թէ այդ մէկ դատաւորը կարող է սպառիչ պատասխան տալ մեր ընդհանուր պատմութեան հարցերին, թէ ի՛նչ կատարւեց մարտի 1-ին, ինչո՛ւ այդպէս եղաւ, ո՛ր պահին, եւ ինչպէ՛ս կարելի էր խուսափել, ո՛րս որքան պատասխանատւութիւն ունի, եւ շատ այլ հարցերի։ Հարցերի, որոնց պատասխանները 10 տարի մեր մէջ եփւել են, որոշակիացել, վերանայւել, կեղծւել, երբեմն ծախւել։

Ուզո՞ւմ ենք ստանալ պատասխաններ՝ դժւար, ոչ այնքան հաճելի, շոկային, բայց՝ կարեւոր։ Թէ՞ ուզում ենք մէկ դատաւորից լսել ինչ-որ վճռի տեքստ, որը ոչ մի հարցի պատասխան չի տալու եւ չի բացելու նոր էջը։ Մենք նման մի փուլ անցել ենք. նոյն դատախազները, նոյն քննիչները, նոյն դատաւորները մի ժամանակ բռնում ու դատում էին Ն. Փաշինեանին, հիմա՝ ուրիշներին։ Վաղը նոյն մարդիկ կանեն մէկ այլ բան։ Սա՞ է մեր ուզածը, թէ՞ ներքին հին չարութիւնը պարպելն ու առաջ գնալը։ Կամ՝ գոնէ առաջ գնալու ռեսուրսը հասկանալը։

Ինչպէ՞ս ապահովել փաստարկւած պատասխանների հնարաւորութիւնը։ Կարծում եմ այս պահին կայ երկու տարբերակ.

ա/ Իրականացնել դատավարութեան ամենօրեայ հանրային մոնիտորինգ։ Գործի ամէն դետալ պահել ուշադրութեան կենտրոնում։ Ինտենսիւ մոնիտորինգ՝ թոյլ չտալու համար մանիպուլյացիաներ որեւէ կողմից։ Քրէական գործը խոշորացոյցով նայել ու դատարանի համար ապահովել արդար վճիռներ կայացնելու դաշտը։

բ/ Պահանջել միջազգային յանձնաժողովի ստեղծում, միջազգային քննութիւն։ Մենք պէտք է ընդունենք, որ մարտի 1-ի պատմութեան մէջ կան հարցեր, որոնց մեր ներսի ռեսուրսներով եւ պատկերացումներով հնարաւոր չէ օբիեկտիւ պատասխանել, որովհետեւ չափից դուրս շատ են անձնաւորւած էմոցիաները, երկար տարիներով քաղաքական դիրքավորւածութիւնը, այդ թեմայի վրայ կառուցւած քաղաքական եւ այլ կենսագրութիւնները։ Մի խօսքով՝ բաներ, որոնք շատ բարդ է գիտակցաբար յաղթահարելը։ Այդ պատճառով է պէտք դրսի, օտարի օբիեկտիւ քննութիւն եւ գնահատական։

Մնացածը որոշման խնդիր է՝ աշխատել, ստանալ պատասխաններ, գնալ առա՞ջ, թէ՞ պատրաստւել անւի հերթական պտոյտին ու երկիրը թողնել անցեալում։

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։