Հա

Քաղաքական

11/05/2019 - 11:20

Հայկականութեան նոր ճարտարապետութիւն կերտելու մասին

Հայկական ազգային օրակարգի առաջնային խնդիրներից մէկը շարունակում է մնալ Սփիւռքի կամ աւելի ճիշտ կը լինի ասել՝ համահայկականութեան նոր, համարձակ ու արդիւնաւէտ ճարտարապետութեան հարցը։ Հայաստան-Սփիւռք գործակցութեան ընկալումների ու տարւող քաղաքականութեան, օրակարգերի ձեւաւորման ու առաջմղման այն մոդելը, որն ունենք այսօր, ձեւաւորւել է նախորդ դարում եւ ոչ ամբողջութեամբ է համարժէք ժամանակի պահանջներին։ Իսկ եթէ անկեղծ, այն այսօր արդիւնաւէտութեան տեսանելի ճգնաժամ է ապրում։

Տեսակէտների փոխանակման, բազմակողմանի քննարկման եւ կարծիքների բիւրեղացման համար Կանադայի ՀՅԴ ԿԿ «Հորիզոն» պաշտօնաթերթը հրատարակել է Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում եւ Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետութեան նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի հեղինակային յօդւածը:

 

«Հայկական ազգային օրակարգի առաջնային խնդիրներից մէկը շարունակում է մնալ Սփիւռքի կամ աւելի ճիշտ կը լինի ասել՝ համահայկականութեան նոր, համարձակ ու արդիւնաւէտ ճարտարապետութեան հարցը։ Հայաստան-Սփիւռք գործակցութեան ընկալումների ու տարւող քաղաքականութեան, օրակարգերի ձեւաւորման ու առաջմղման այն մոդելը, որն ունենք այսօր, ձեւաւորւել է նախորդ դարում եւ ոչ ամբողջութեամբ է համարժէք ժամանակի պահանջներին։ Իսկ եթէ անկեղծ, այն այսօր արդիւնաւէտութեան տեսանելի ճգնաժամ է ապրում։ Իներցիայի թելադրանքով մենք շարունակում ենք հիմնականում անել այն, ինչ տասնամեակներ շարունակ արել ենք եւ՛ Հայաստանում, եւ՛ Սփիւռքում, մինչդեռ էապէս փոխւել է աշխարհը, դրա զարգացման ռիթմը, ալգորիթմները, բացի այդ կենսական փոփոխութիւնների է ենթարկւել հայկական աշխարհը, միջավայրը, առաջնահերթութիւնները, ինչպէս նաեւ հայկական պետականութեան` որպէս հայութեան քաղաքական ամենակարեւոր նախագծի պոտենցիալը, դերն ու կարիքները։

Մեզ անհրաժեշտ է համարձակ հայացք՝ հիմքում ունենալով վստահութիւնը սեփական ուժերի հանդէպ եւ ժամանակի տւած հնարաւորութիւնների ու մարտահրաւէրների գերճշգրիտ ընկալումը։ Մենք կարիք ունենք գիտակցելու, որ արդի ցանցային աշխարհի ռիթմը եւ ժամանակը կարող են մեր օգտին աշխատել, եթէ կարողանանք ռեսուրսներն արդիւնաւէտ օգտագործել։ Միայն թէ չուշանանք։ Աշխարհի հայկականութեանը պէտք է նոր երազանք, նոր թռիչք, նոր ճարտարապետութիւն, ընկալումների ու գործողութիւնների նոր բանաձեւ։

Անհեռանկարային է նման մասշտաբային բեկումն ակնկալել «ներքեւից». անզէն աչքով էլ տեսանելի է՝ առանձին վերցրած անգամ ամենայաջողւած նախաձեռնութիւնները, հայեցակարգերը, գաղափարներն ու փորձերը, լինեն Հայաստանում թէ Սփիւռքում, շարունակում են մնալ սոսկ յաջողութեան ու ներշնչանքի եզակի կղզեակներ, որոնք, ժամանակի բերած փորձութիւններից հնանալով ու մաշւելով` այդպէս էլ չեն դառնում համազգային բանաձեւ, չեն գործարկում հայկականութեան «յարատեւութեան շարժիչը»։ Ակնյայտ է, որ նման խիզախ ճարտարապետութեան նախաձեռնողի ու համակարգողի դերում պէտք է հանդէս գայ Հայաստանի Հանրապետութիւնը՝ որպէս համայն հայութեան քաղաքական խարիսխ, պետականութիւն, որ կոչւած է բացեիբաց սպասարկելու ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաեւ իր հայրենակիցների շահերը՝ անկախ իրենց բնակութեան վայրից։

Միայն նոր, խիզախ ճարտարապետութիւնը հնարաւորութիւն կը տայ շրջանցել միմեանցից ունեցած սպասումների ու հիասթափութեան պարբերական ալիքների հետեւանքով չբարձրաձայնւող այն որոշակի շփոթը, որը տեւական ժամանակ է թեւածում է Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում։ Միշտ չէ, որ մենք Հայաստանում համակարգւած գիտենք, թէ կոնկրետ ինչ ենք ակնկալում Սփիւռքից, բայցեւ յաճախ մեղադրում ենք ողջ Սփիւռքին կամ առանձին վերցրած նրա այս կամ այն յայտնի ներկայացուցչին՝ ինչ-որ մի իրավիճակում ինչ-որ մի բան չանելու, մեր յոյսերը չարդարացնելու համար։ Նոյնկերպ, Սփիւռքը համակարգւած չգիտի, թէ առաջնահերթութիւնների ինչ աղիւսակ ու ինչ ակնկալիքներ ունի մեր պետականութիւնը, եւ ինչ բանաձի շուրջ ու ինչպէս է հնարաւոր համադրել ջանքերը։ Միւս կողմից, Սփիւռքն` իր առանձին շերտերով, ունի իր յստակ ակնկալիքները Հայաստանից, որոնց մասին միշտ չէ, որ բարձրաձայնւում է։

Տեղեկատւական յեղափոխութեան ու տեխնոլոգիական գերակայութեան, ցանցային գերիշխանութեան մեր ժամանակներում Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է ստանձնի հայկական աշխարհի հանգոյցի՝ հաբի, կենտրոնակայանի առաքելութիւնը։ Որպէս գլոբալ ազգի քաղաքական մեգանախագիծ` Հայաստանի Հանրապետութիւնը կարող է եւ պէտք է դառնայ աշխարհում առաջին գլոբալ պետութիւնը, առաջին ցանցային պետութիւնը, առաջին առցանց պետութիւնը, երբ հայկական ինքնութիւն ունեցող իւրաքանչիւր մարդու համար, զգացմունքային հարթութիւնից դուրս ու դրանից էլ բարձր, Հայաստանը կը լինի իրենը՝ անկախ իր բնակութեան վայրից, իսկ ժամանակի թելադրած ընթացիկ միգրացիոն տեղաշարժերը չեն խաթարի համաշխարհային այդ ցանցում իր ներգրաււածութեանը, դերակատարութեանն ու ազգային հարացոյցին։

Հայկականութեան նոր ճարտարապետութիւնը պէտք է ենթադրի մեր հայրենակիցներին հիւրընկալած երկրներում հայութեան դիրքերի համակարգւած ուժեղացում՝ Հայաստանի Հանրապետութեան տեսանելի ու ոչ տեսանելի մասնակցութեամբ. ազգային դիմագիծը պահելով հանդերձ՝ այդ հասարակութիւններին մեր հայրենակիցների առաւելագոյն ինտեգրում (որեւէ կերպ բացառելով գետտոյացման վտանգը), նրա տնտեսական ու քաղաքական դիրքերի կազմակերպւած առաջմղում։ Երազանքից կիրառական քաղաքական հարթութիւն է պէտք տեղափոխել մեր հայրենակիցների՝ իրենց բնակութեան վայրերում իշխանութեան ձեւաւորմանը մասնակցելու, իրենց ունեցած տնտեսական-քաղաքական դերն ամրապնդելու, իրենց մասնագիտացման ոլորտներում առաջ գնալուն սատարելը։ Տւեալ երկրի հայ համայնքի շահերի առաջմղման թեզերն ու առաջարկութիւններն այլեւս պէտք է բարձր մակարդակի միջպետական հանդիպումների, միջպետական երկկողմ յարաբերութիւնների օրակարգերի մշտական ու պարտադիր մաս կազմեն։

Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է դառնայ ու պէտք է ընկալւի որպէս անվտանգութեան աներկբայ եւ երկաթեայ երաշխաւոր աշխարհի ցանկացած երկրում ապրող մեր հայրենակցի համար, նրա կողքին լինի բոլոր իրավիճակներում։ Աշխարհի ցանկացած երկրում ապրող եւ հայկականութեան գլոբալ ցանցում ներգրաււած մեր իւրաքանչիւր հայրենակից պէտք է վստահ լինի, որ Հայաստանի Հանրապետութիւնը իր ունեցած խնայողութիւնները պահելու ու անձեռնմխելիութիւնը երաշխաւորելու լաւագոյն վայրն է. մեր պետականութիւնը պէտք է դառնայ հայկական կապիտալի անվտանգութեան ամենաարդիւնաւէտ երաշխաւորը։ Նա պէտք է վստահ լինի, որ Հայաստանի Հանրապետութիւնը ոչ մի պարագայում, կեանքի ոչ մի իրավիճակում այլ պետութիւնների ու նրանց արդարադատութեան առաջ անպաշտպան չի թողնում իր հայրենակիցներին։ Մեր պետականութիւնը աշխարհասփիւռ հայութեան համար պէտք է դադարի ընկալւել իբրեւ անշօշափելի, լոկ միայն հոգեւոր հայրենիք։ Այն հայկականութեան համար պէտք է վերածւի ուժի, հպարտութեան ու անվտանգութեան կիրառական աղբիւրի։ Որեւէ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է հաշւի առնի գլոբալ ազգի օրակարգն ու նրա հաւաքական շահը։

Հայկականութեան հաւաքական ուժը պէտք է դառնայ Հայաստանի Հանրապետութեան առաջընթացի, բարեկեցութեան ու արդիականացման առաջնային աղբիւրը։ Ապագայի նման հարացոյցը պէտք է պատասխաններ փնտրի ու գտնի նաեւ Մայր Հայրենիքում առկայ կենսական հարցերից մէկի՝ ժողովրդագրական խնդիրների լուծմանը։ Հայրենադարձութեան ու Մայր Հայրենիքում հայահաւաքի գաղափարը պէտք է ձեռք ձեռքի տւած քայլի աշխարհի տարբեր երկրներում հայութեան դիրքերի ու կարողութիւնների բազմապատկման ռազմավարութեան հետ: Ու սա հնարաւոր է»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։