Հա

Քաղաքական

11/05/2019 - 14:10

Մերձաւոր Արեւելք. հայկական գործօնը դարձեալ շահարկւում է

Ականատես ենք լինում Մերձաւոր Արեւելքում հայկական գործօնի շահարկումների հերթական փուլին։ Պէտք է նշել, որ այդ միտումը դրսեւորւեց քաղաքական ու տեղեկատվական-քարոզչական դաշտում։ Այսպէս` օրերս տեղեկութիւն տարածւեց, թէ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում հայկական զօրախումբ է ստեղծւել: Յայտնի է, որ Սիրիայի ժողովրդական ուժերը, որոնք գտնւում են քրդերի գլխաւորութեան ներքոյ, վայելում են Վաշինգտոնի աջակցութիւնը։ Յայտնի է, որ այդ ուժերի կազմը բազմազգ է, քրդերից բացի, այնտեղ կռւում են արաբներ, ասորիներ եւ այլ ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ։

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

 

Ականատես ենք լինում Մերձաւոր Արեւելքում հայկական գործօնի շահարկումների հերթական փուլին։ Պէտք է նշել, որ այդ միտումը դրսեւորւեց քաղաքական ու տեղեկատվական-քարոզչական դաշտում։ Այսպէս` օրերս տեղեկութիւն տարածւեց, թէ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում հայկական զօրախումբ է ստեղծւել: Յայտնի է, որ Սիրիայի ժողովրդական ուժերը, որոնք գտնւում են քրդերի գլխաւորութեան ներքոյ, վայելում են Վաշինգտոնի աջակցութիւնը։ Յայտնի է, որ այդ ուժերի կազմը բազմազգ է, քրդերից բացի, այնտեղ կռւում են արաբներ, ասորիներ եւ այլ ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ։

Հարցի առնչութեամբ տեղեկատւութիւն էր «արտանետւում», որ հայկական զորախումբը ձեւաւորւել է այն ուժերի կազմում, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի ու այդ երկրի կառավարական ուժերի դէմ, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականութեանը։ Ինչպէսեւ սպասւում էր, ապատեղեկատւութեան այդ միջադէպը շատ արագ արձագանգ գտաւ թուրքական ու ադրբեջանական մեդիա ու փորձագիտական դաշտում։ Այդ նիւթերի կոնտենտից կարելի է ասել, որ դրանով թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում էր Սիրիայում թիրախաւորել հայկական գործօնը ոչ միայն ծայրայեղական իսլամական խմբաւորումների, այլեւ արդէն Սիրիայի իշխանութիւնների կողմից։ Այս գործելաոճն ունի հեռահար նպատակներ՝ ռիսկի տակ դնել տեղի հայկական համայնքի անվտանգութիւնն առհասարակ։ Ի դէպ, Սիրիայում թուրք-ադրբեջանական տանդեմը քարոզչական-տեղեկատւական եւ այլ ուղղութիւններով ակտիւ հակահայկական աշխատանքներ է իրականացրել սիրիական ճգնաժամի ամբողջ ընթացքում, սակայն, ըստ էութեան, լուրջ յաջողութիւններ չեն արձանագրել։

Ինչեւէ, նշենք, որ իրականում, Սիրիայի ժողովրդավարական ուժերը գլխաւորապէս պայքար են մղում Սիրիայի իսլամական ծայրայեղական խմբաւորումների, առաջին հերթին` ԴԱԷՇ խմբաւորման դէմ։ Իհարկէ, քրդական այդ ուժերը քաղաքական բնոյթի անհամաձայնութիւններ ունեն Սիրիայի իշխանութիւնների հետ, սակայն, խոշոր հաշւով, կողմերն ունեն կոնսենսուս երկրում հակաահաբեկչական գործողութիւններում համատեղ ճամբարում պայքարելու հարցում։

Տեղեկատւութեան համաձայն՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում ձեւաւորւած հայկական զորախումբն իր պայքարը տանելու է առաջին հերթին Սիրիայում թուրքական ռազմական ներկայութեան եւ, առհասարակ, թուրքական գործօնի ազդեցութեան զսպման ուղղութեամբ։ Հայկական զօրախմբի ղեկավարներից մէկը՝ Մասիս Մութանեանը, հարցազրոյցում մասնաւորապէս նշել է. «Մենք կը շարունակենք մեր նահատակների ճամփան»։

Յատկանշական է նաեւ այն, որ թուրքական, ադրբեջանական մեդիա-փորձագիտական դիսկուրսում արհեստականօրէն ուռճացւում էր նոր ձեւաւորւած հայկական զորախմբի նշանակութիւնը, ինչպէս եւ թւաքանակը։ Իրականում, զօրախմբի կազմը մեծ չէ, այն կազմւած է ընդամենը շուրջ 5 տասնեակ զինւորից:

Պէտք է նշել, որ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում հայկական զօրախմբի ձեւաւորման վերաբերեալ տեղեկատւութիւնը, ամենայն հաւանականութեամբ ու գլխաւորապէս՝ ոչ միտումնաւոր նպատակներով, սխալ մեկնաբանւեց նաեւ հայկական մեդիա տիրոյթում։ Այն հիմնականում լուսաբանւեց այն տեսանկիւնից, թէ հայկական զօրախումբը ձեւաւորւել է հակակառավարական ճամբարում։ Ասել է թէ` թէեւ ոչ միտումնաւոր, սակայն հերթական ջրաբաժինը լցւեց թուրք-ադրբեջանական ջրաղացին։ Աւելին` թուրք-ադրբեջանական քարոզչութեան այս տրամաբանութիւնը կարող էր նաեւ տարածւել Սիրիայում խաղաղապահ առաքելութիւն իրականացնող հայկական զօրախմբի գործունէութեան ուղղութեամբ։

Հայկական փորձագիտական դաշտում տեսակէտեր հնչեցին այն մասին, թէ հայկական զօրախմբի ձեւաւորման հարցի ուռճացման, ապատեղեկատւութեան տարածման հետեւում կանգնած են գլխաւորապէս քրդական ուժերը։ Մեր գնահատմամբ` դա այնքան էլ իրատեսական չէ։

Ինչեւէ, շարունակելով թեման, նշենք, որ օրերս լուրեր տարածւեցին, որ Սիրիայում քրդերի դէմ թուրքական զինւած ուժերի հերթական գործողութիւնների ժամանակ բախումներ են տեղի ունեցել վերջիններիս ու տեղի հայերի միջեւ։ Կարծում ենք, որ սա նոյնպէս թուրքական կողմի հերթական ապատեղեկատւութիւնն էր, որի նպատակն էր ներքաշել ու թիրախաւորել հայկական գործօնը սիրիական ռազմական գործողութիւններում։ Իհարկէ, Սիրիայի հայութիւնն այս կամ այն կերպ ներգրաււած է երկրի ծայրայեղական ԴԱԷՇ-ի դէմ պայքարում՝ տարբեր ուժերի շարքերում։ Առաւել եւս` հայութիւնը չի կարող անտարբեր լինել, երբ թուրքական զինուժը թիրախաւորում է հայերով բնակեցւած թաղամասերն ու բնակավայրերը։ Սակայն խնդիրն այն է, որ փորձ է կատարւում հայկական գործօնն ուռճացնել, դարձնել տարածաշրջանում քաղաքական շահարկումների առարկայ։

Հայկական գործօնը շահարկւում էր նաեւ մէկ այլ ուղղութեամբ. մամուլում անդրադարձներ եղան այն մասին, որ այս տարւայ ապրիլի սկզբին Լիբանանում Սաուդական Արաբիայի դեսպանն այցելեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարան, Հայոց Ցեղասպանութեան մատուռում յարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանութեան նահատակների յիշատակին: Արձանագրենք, որ Սաուդական Արաբիայի նման նախաձեռնութիւնը խորհրդանշական է` մի երկրի, որն այդպէս էլ չի ճանաչել ՀՀ անկախութիւնը։ Սակայն, ըստ էութեան, դատապարտելի է, երբ հայերի դէմ իրականացւած Ցեղասպանութեան ճանաչման հարցը դառնում է միջազգային յարաբերութիւնների քաղաքական գործիք։ Խնդիրն այն է, որ Սաուդական Արաբիայի նախաձեռնութիւնը տեղաւորւում է միմիայն այդ երկրի ու Թուրքիայի միջեւ քաղաքական հակասութիւնների տրամաբանութեան ներքոյ եւ թերեւս ոչ աւելին։

Կրկին ապրիլի վերջին մամուլում լուրեր տարածւեցին, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆն ապրիլի 26-ին հանդիպել է Վաշինգտոնում Սաուդական Արաբիայի դեսպան` արքայադուստր Ռիմա բինթ Բանդար ալ Սաուդի հետ, եւ հանդիպման ընթացքում քննարկւել է նաեւ Ադամ Շիֆի՝ Օսմանեան կայսրութիւնում հայերի Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ բանաձեւը: Նշւում էր, որ Սաուդական Արաբիայի դեսպանը համաձայնել է աջակցել Կոնգրեսում այդ բանաձեւին: Իրականում, այս տեղեկութիւնն արժանահաւատ կարող էր թւալ, եթէ հաշւի առնենք Լիբանանում Սաուդական Արաբիայի դեսպանի այցը, ինչի մասին խօսւեց վերեւում։

Ի դէպ, այս հանդիպման ու արւած յայտարարութեան վերաբերեալ տեղեկատւութիւնը վերցւել էր Ադամ Շիֆի պաշտօնական կայքից, սակայն պարզւեց, որ տեղեկատւութիւնը կոնգրեսականի անունով ստեղծւած ֆէյք կայքէջից է։ Այստեղ կարեւոր հարցերից մէկն այն է, թէ, ի վերջոյ, ով եւ ինչ նպատակներով է ստեղծել այդ ֆէյք էջը։

Մեր գնահատմամբ` սա ապատեղեկատւութեան տարածման պարզ եղանակներից մէկն էր, երբ լուրը տարածւում, յետոյ` հերքւում է` թողնելով քարոզչական բաւական արդիւնաւէտ էֆեկտ։

Ի դէպ, շատ յաճախ հայկական մեդիա տիրոյթում ԱՄՆ հայկական լոբբիստական գործունէութեամբ զբաղւող կոնգրեսական խմբերը ներկայացւում են այն պրիզմայի ներքոյ, թէ դրանք զուտ հայամէտ գործունէութիւն են ծաւալում։ Իհարկէ, անհերքելի է ամերիկեան կոնգրեսական լոբբիստական խմբերի դերն ու նշանակութիւնը Հայաստանի ու հայութեան տարբեր հիմնախնդիրների կարգաւորման եւ մեր շահերի լոբբինգ անելու հարցերում։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, այդուհանդերձ, այդ լոբբիստական խմբերը տեղաւորւում են ԱՄՆ օրէնսդիր քաղաքականութեան տրամաբանութիւնում եւ խոշոր հաշւով կարեւորագույն գործիք են Վաշինգտոնի շահերն առաջ մղելու հարցում։

Հայերի դէմ իրականացւած ցեղասպանութեան հարցը քանիցս շահարկւել է մէկ այլ տարածաշրջանային երկրի՝ Իսրայէլի կողմից։ Ցեղասպանութեան ճանաչման հարցը մէկ անգամ չէ, որ յայտնւել է այդ պետութեան օրէնսդիր մարմնում, սակայն այդպէս էլ դրական որեւէ քայլ չի իրականացւել այդ ուղղութեամբ։ Բնաւ, այդ հարցում ակնկալիքներ չկան, քանի որ հարցը շահարկւում է Իսրայէլ-Թուրքիա լարւած յարաբերութիւնների համատեքստում՝ որպէս լծակ Անկարայի դէմ։ Կարծում ենք, որ Իսրայէլը կը ճանաչի հայերի դէմ իրականացւած ցեղասպանութիւնը թերեւս այն դէպքում, երբ ունենանք հայ-իսրայէլական քաղաքական յստակ օրակարգ։

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։