Հա

Քաղաքական

11/05/2019 - 09:50

Մէկ տարւայ կառավարում. վարչապետի ինքնագովազդի առիթով մի քանի հարցեր եւ պատասխաններ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը մայիսի 8-ին իր պաշտօնավարման մէկ տարւայ առիթով հրաւիրւած մամուլի ասուլիսում որպէս կառավարութեան ձեռքբերում ներկայացրեց. «Այս տարւայ առաջին եռամսեակում ամուսնութիւնների թիւը նախորդ տարւայ ցուցանիշը գերազանցել է 5 %-ով, ամուսնալուծութիւնները նւազել են 17 %-ով»։

ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը մայիսի 8-ին իր պաշտօնավարման մէկ տարւայ առիթով հրաւիրւած մամուլի ասուլիսում որպէս կառավարութեան ձեռքբերում ներկայացրեց. «Այս տարւայ առաջին եռամսեակում ամուսնութիւնների թիւը նախորդ տարւայ ցուցանիշը գերազանցել է 5 %-ով, ամուսնալուծութիւնները նւազել են 17 %-ով»։

Վարչապետը թւարկում էր կառավարութեան ձեռքբերումներն «ամփոփող 100 փաստը»` աւտոգազալցման կայաններում զուգարանների վերանորոգումներից մինչեւ անիմացիա ստեղծողներին հարկային արտօնութիւններ տալը եւ զինւորներին անդրավարտիքով ապահովելը, որ վարչապետը դատարանում վկայութիւն է տւել, եւ իր շարասիւնը կանգնել է լուսացոյցի կարմիրի տակ եւ այլն: Այս ամէնի մէջ ամուսնութիւնների ու ամուսնալուծութիւնների բնագաւառում յաջողութիւնները 82-րդն էին։ Երբ տարակուսած լրագրողները հարցրեցին, թէ ի՞նչ կապ ունեն դրանք կառավարութեան աշխատանքի հետ, վարչապետը պատասխանեց. «Մենք այս ամէն ինչի հետ ոչ մի կապ չունենք, այս ամէն ինչի հետ կապ ունի Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին, ով երկրում ինքը կարգավիճակը եւ տրամադրութիւնը փոխել է, մեր կապը էն է, որ հաւաքագրում եւ ներկայացնում ենք ձեզ»։

Այսինքն` Փաշինեանն ասում է, որ իր կառավարութիւնն այնպէս է երջանկացրել քաղաքացիներին, որ նրանք սկսել են աւելի շատ ամուսնանալ եւ աւելի քիչ ամուսնալուծւել, իսկ ինքն էլ իր պարտքն է համարում երջանկութեան ցուցանիշները հաւաքել ու ներկայացնել։

Սակայն Փաշինեանը ժողովրդագրական տւեալները խիստ հատւածաբար է ներկայացնում` միայն նրանք, որոնք հասարակութեան «երջանկացման» տեղ կանցկացւեն։ Օրինակ` եթէ ոչ թէ տարւայ առաջին եռամսեակները համեմատէր, այլ ամբողջ տարիները, այլ պատկեր կերեւար: Ըստ Ազգային վիճակագրական ծառայութեան տւեալների՝ յեղափոխական 2018 թւին, նախորդ 2017 թւի համեմատ, 392-ով պակաս ամուսնութիւն է եղել եւ 121-ով աւելի ամուսնալուծութիւն (ամուսնութիւն` 2016 թ.` 16294, 2017 թ. `15214, 2018թ.` 14822, ամուսնալուծութիւն՝ 2016 թ.` 3648, 2017 թ.` 3940, 2018 թ.` 3819):

Իսկ եթէ Փաշինեանն ասէր, թէ ամենավերջին երեք ամսւայ ցուցանիշներն աւելի ցայտուն են վկայում ժողովրդի երջանկացման պատկերը, ապա այն աւելի համոզիչ դարձնելու համար անհրաժեշտ էր ժողովրդագրական այլ ցուցանիշներ էլ ներկայացնել։ Սակայն նա «լռում» է այնտեղ, ուր «երջանկութեան» կողքին կան տւեալներ, որոնք նաեւ տխրութեան մասին են խօսում: Այսպէս` 2018 թւի առաջին եռամսեակի, այն եռամսեակի, երբ «քաղաքացիները դեռ երջանիկ չէին» համեմատ, այս տարւայ առաջին եռամսեակում 245-ով աւելի մարդ է մահացել (մահերն առաջին եռամսեակում` 2017 թ.՝ 7827, 2018 թ.՝ 7128, 2019 թ.՝ 7373), իսկ անցեալ տարւայ առաջին եռամսեակի համեմատ` այս տարւայ առաջին եռամսեակում 255 ծնունդ պակաս է եղել (ծնունդները առաջին եռամսեակում` 2017 թ.՝ 8536, 2018 թ.՝ 8297, 2019 թ.՝ 8042)։

Բայց Փաշինեանը, որպէս ձեռքբերում, մէկ այլ ժողովրդագրական ցուցանիշ կարող էր ներկայացնել, որ 100 փաստում չկար. յեղափոխական 2018 թւին 1506-ով քիչ մարդ է մահացել, քան 2017-ին։ Ինչո՞ւ չներկայացրեց, քանի որ մի փոքր բացատրութեան կարիք կունենար, թէ ինչո՞ւ մահւան տւեալների կողքին ծնունդներինը չի ներկայացնում, որոնք նւազել են, հետեւաբար` կառավարութեան կողմից հանրութեան «երջանկացման» մասին բան չեն ասում: Այսպէս` յեղափոխական 2018-ին 1198-ով պակաս ծնունդ է եղել` 2017-ի համեմատ (ծնւածներ` 2016 թ.՝ 40592, 2017 թ.` 37700, 2018 թ.՝ 36502, մահեր՝ 2016 թ.` 28226, 2017 թ.` 27157, 2018 թ.` 25645)։

 ***

Եթէ վարչապետի ներկայացրած` «քաղաքացիների երջանկութեան» ցուցանիշները հերքւում են վիճակագրական տւտալները նայելիս, ապա նրա 75-րդ «ձեռքբերումը», թէ` «հետեւողականօրէն իրականացւել է դատական եւ գործադիր իշխանութիւնների տարանջատում եւ ապահովւել է դատարանի անկախ գործունէութիւնը, կառավարութիւնն առաջնորդւել է դատական համակարգի անկախութեան սկզբունքով՝ բացառելով հրահանգաւորման որեւէ մեխանիզմի կամ դրսեւորման գոյութիւնը» ստուգելու կարիք չկայ, ակնյայտ սուտ է, վկայ` գաղտնալսւած հեռախօսախօսակցութիւնները: Սա այնպիսի սուտ է, ինչպէս գողութեան պահին բռնւած գողն է ստում, թէ ինքը չէր գողացողը։

Անցեալ տարւայ յուլիսի 27-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը կալանաւորւեց Մարտի 1-ի գործով` սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը նրան ազատեց կալանքից` Սահմանադրութեամբ սահմանւած` նախագահի անձեռնմխելիութեան յօդւածով, սակայն վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7-ին կրկին կալանաւորեց նրան։ Նոյն մեղադրանքը ներկայացւել է նաեւ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին (գործը հարուցելուց յետոյ Հայաստանը նրան յետ կանչեց ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնից), նախկին պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանին, եւ նախկին փոխվարչապետ Արմէն Գէորգեանին։ 10 ամիս ընթացող նախաքննութիւնից յետոյ գործը յանձնւել է դատարան, եւ դատավարութիւնը կը սկսւի մայիսի 13-ին։

Անցեալ տարի հրապարակւեցին ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի, ապա ԱԱԾ տնօրէնի ու վարչապետի գաղտնալսւած հեռախօսազրոյցները, որոնցից յայտնի դարձաւ, որ նրանց հրահանգաւորմամբ են դատարանները Մարտի 1-ի գործով կալանքի սանկցիաներ տալիս կամ չեն տալիս։

Քանի որ Հայաստանն այն իրաւական պետութիւնը չէ, որտեղ դատարաններին կարգադրելու համար վարչապետն ու ուժայինների ղեկավարները առնւազն պէտք է հրաժարական տային, ուրեմն հակաիրաւական վիճակը փաստելու միակ ձեւը մնում է դատարանների կախւածութիւնը փաստող հեռախօսազրոյցն անընդհատ մէջբերելը:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրեանին ԱԱԾ տնօրէն Արթուր Վանեցեանն ասում է. «Մի խօսքով` դատավորը, ով որ կալանքը պիտի տայ: Դրան ասել եմ՝ դուխով: Բա մի հատ հիմքերը պէտք ա նայեմ, պարո'ն Վանեցեան, էս կողմ, էն կողմ: Ասի՝ նայի հիմքերը, կը զանգես, բայց կալանքը ասի՝ ուզես-չուզես պիտի տաս»:

Ապա իմանում ենք, որ վարչապետ Փաշինեանը հրահանգաւորել է կալանաւորել նաեւ ՀԱՊԿ քարտուղար Իւրի Խաչատուրովին, եւ միայն Ռուսաստանի պաշտօնեաների անհանգստութեան շնորհիւ դա տեղի չի ունեցել: Վանեցեանն ասում է. «Ախպե'ր, խնդրում եմ, մի հատ Խաչատուրովինը շատ ուշադիր նայի: Չնայած վարչապետն ասում ա` փակէք, բայց ռուսները … ճղում են»:

Գաղտնալսւած միւս ձայնագրութեան մէջ ԱԱԾ տնօրէնը վարչապետին ասում է, որ Քոչարեանին դատարանը կը կալանաւորի, եւ ստանում է համաձայնութիւն, որ Խաչատուրովին չկալանաւորեն։

Վանեցեան. «Էդ Խաչատուրովին, որ տանենք կալանքի, մի հատ մտածել ա պէտք էլի, ինքը ՕԴԿԲ-ի գլխաւոր քարտուղարն ա, էտի մի հատ ռուսների հետ, կարծում եմ, պրոբլեմ ենք տալու, էլի»:

Փաշինեան. «Հա, իրանը յետաձգէք, մինչեւ ես խօսամ»:

Ապա` Փաշինեան. «Իսկ Քոչարեանի հետ կապւած ի՞նչ կայ, ի՞նչ նորութիւն կայ»:

Վանեցեան. «Քոչարեանի հետ կապւած դատարանում հլը լսում են, հեսա կը տան բանը, Քոչարեանը կը լինի»:

Անկախութեան տարիներին Հայաստանի եւ, ընդհանրապէս, ամէն երկրի ժողովրդավարութեան գլխաւոր խոչընդոտը եղել է դատարանների կախւածութիւնը գործադիր իշխանութիւնից։ 2018 թւի փոփոխութիւնները յեղափոխութիւն կարելի էր անւանել հէնց միայն այն դէպքում, եթէ դատարաններն անկախ դառնային, սակայն գաղտնալսւած հեռախօսազրոյցները ցրեցին դատարանների անկախութեան պատրանքները։ Աւելին` դատական եւ փաստաբանական համակարգի հետ առնչութիւն ունեցող բարեկամս ասում է, որ մինչ յեղափոխութիւնը դատարանները գնալով աւելի անկախ էին դառնում, բայց յեղափոխութիւնից յետոյ լրիւ խորտակւեցին դատարանների անկախութեան ձեռքբերումները, եւ որ աւելի բիրտ միջամտութիւն դատարաններին վաղուց չէր եղել։

Ինչո՞վ է տարբերւում Փաշինեանն իր նախորդներից: Առնւազն նրանով, որ, ի տարբերութիւն նախորդ ղեկավարների, բռնւել է դատարաններին հրահանգելու յանցանքի մէջ, որի ֆոնին արդէն փլւում է որպէս ձեռքբերում ներկայացված` նրա հաջորդ՝ 76-րդ պնդումը. «Հայաստանի Հանրապետութիւնում չկան քաղբանտարկեալներ եւ քաղաքական հալածեալներ»։

Հայաստանի այդ ո՞ր ղեկավարն է ասել, թէ երկրում քաղբանտարկեալ կայ, եւ ընդհանրապէս, կա՞յ մի երկրի ղեկավար, որ խոստովանի, թէ իր երկրում քաղբանտարկեալներ կան։ Չկայ։ Քաղբանտարկեալների գոյութեան մասին փաստում են ոչ թէ ղեկավարները, այլ ուրիշները՝ մամուլը, իրաւապաշտպանները եւ այլն։ Բայց նաեւ չգիտեմ, թէ որ ղեկավարն է վերջին անգամ իր ձեռքբերումների մէջ թւարկել, թէ երկրում քաղբանտարկեալներ չկան։ Միայն հեռախօսազրոյցը բաւական է փաստելու համար, որ նա, ում Փաշինեանի հրահանգով կալանաւորել են, յետյեղափոխական Հայաստանի առաջին քաղբանտարկեալն է, իսկ նոյն գործով միւս անձինք էլ` քաղաքական հալածեալներ։

«Yerkir.am»

Յարակից լուրեր

  • Իշխանութիւնը լաւ չի աշխատում եւ «դեղին քարտի» պէտք է արժանանայ
    Իշխանութիւնը լաւ չի աշխատում եւ «դեղին քարտի» պէտք է արժանանայ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ դատարանները շրջափակելու կոչի եւ դատական համակարգի բարեփոխումներ սկսելու վերաբերեալ յայտարարութեամբ հանդէս եկաւ Հ. Յ. Դաշնակցութիւնը:

    «Politik.am»-ի հետ զրույցում ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը նշում է՝ Դաշնակցութիւնը իր տեսակէտն արդէն յստակ արտայայտել է՝ դատական համակարգի բարեփոխումները անհրաժեշտ են: Իրենց համար զարմանալի են մի քանի հանգամանք:

  • Փոփոխութիւնների համար ամենաճիշտը սահմանադրական ճանապարհն է
    Փոփոխութիւնների համար ամենաճիշտը սահմանադրական ճանապարհն է

    Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչը՝ արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը, խնդրայարոյց է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար: Հանրութեան համար անորոշ էր, թէ ինչի համար է այդ ամէնն արւում:

  • Ժողովրդավարութեան գերեզմանափորները. դեռ ուշ չի դէմքը փրկելու համար
    Ժողովրդավարութեան գերեզմանափորները. դեռ ուշ չի դէմքը փրկելու համար

    Հրապարակախօս, լրագրող Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

    «Այն քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչով դատարանների մուտքերը փակեցին կամ ողջունեցին այն, չդիմացան այն փորձութեանը, որով պարզւեց, որ նրանք կայուն համոզմունքներ չունեն ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների վերաբերեալ, եւ իրենց առաջնորդի մատի շարժումով կարող են վերածւել ժողովրդավարութեան գերեզմանափորների։

  • «Փաստ». «Պոպուլիզմի հետեւանքը. վարչապետի ծայրայեղ կոչերն էլ հանրային աջակցութիւն չեն ստանում»
    «Փաստ». «Պոպուլիզմի հետեւանքը. վարչապետի ծայրայեղ կոչերն էլ հանրային աջակցութիւն չեն ստանում»

    «Փաստ» թերթը գրում է. «Դատարանների շէնքերի մուտքերը փակե­լու նախաձեռնութեան մասով Նիկոլ Փաշինեանը նշել է, որ դատական իշխանութիւնը նոյնպէս պատկանում է ժողովրդին, եւ ժողո­վուրդը իրաւունք ունէր այդ կերպ իր բողոքը յայտնելու:

  • ԵԽԽՎ-ն մտահոգութիւն է յայտնել Փաշինեանի կոչի հետ կապւած
    ԵԽԽՎ-ն մտահոգութիւն է յայտնել Փաշինեանի կոչի հետ կապւած

    Քաղաքականապէս շահագրգիռ անձինք  պէտք է զերծ մնան այնպիսի գործողութիւններից եւ յայտարարութիւններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպէս ճնշման գործադրում ընկալւել: Այդ մասին ասել են  ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Իւլեա Լովոչկինան եւ Անդրէյ Շիրցելը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` դատարանի մուտքերը արգելափակելու մասին կոչին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։