Հա

Քաղաքական

11/05/2019 - 10:20

Մրցավազք Արցախի համար. ինչպէս են զինւել Հայաստանն ու Ադրբեջանը

Երեւանն ինչպէս եւ Բաքուն չի կարող լուծել ծանր ռազմական տեխնիկայի արտադրութեան հարցը, բայց կան որոշակի դիրքեր, որոնք հայկական ռազմաարդիւնաբերական համալիրը (ՌԱՀ) կարող է զբաղեցնել։

«alikonline.ir» - Երեւանն ինչպէս եւ Բաքուն չի կարող լուծել ծանր ռազմական տեխնիկայի արտադրութեան հարցը, բայց կան որոշակի դիրքեր, որոնք հայկական ռազմաարդիւնաբերական համալիրը (ՌԱՀ) կարող է զբաղեցնել։

Ռազմական փորձագէտ Դաւիթ Յարութիւնովը պատմել է «Sputnik» Արմենիայի թղթակցին` ինչով են զինւել Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղեան հակամարտութեան սկզբից մինչ օրս։

Ղարաբաղեան հակամարտութեան սկզբնական փուլում, երբ դեռ Հայաստանում ու Ադրբեջանում գտնւող խորհրդային տեխնիկայի բաժանում չէր եղել, երբ կամաւորների շարժումը նոր էր ձեւաւորւում, կողմերը միայն հրաձգային զէնք ունէին։

«Ինչ-որ աննշան թւով հրետանի կար, բայց դա հիմնականում վերազինւած հակակարկտային սարքաւորումներ էին»,- ասաց Յարութիւնովը։

Երբ խորհրդային տեխնիկայի մեծ մասը անցաւ Հայաստանի ու Ադրբեջանի զինւած ուժերին, որակական առումով նրանք նոյնն էին։

Ընդ որում` քանակական առումով Ադրբեջանն առաւելութիւն ունէր։ Զգալի տարբերութիւն կար աւիացիայի ոլորտում։ 90-ականների վերջին ու 2000-ականների սկզբին Բաքուն ակտիւօրէն աւելացնում էր խորհրդային տեխնիկայի քանակը։ Այն հիմնականում գնում էին Բելառուսից եւ Ուկրայինայից։

«Հայկական կողմը նոյնպէս աւելացնում էր տեխնիկան, բայց աւելի քիչ ծաւալներով, առաջնահերթ էր համագործակցութիւնը Ռուսաստանի հետ»,- ասաց Յարութիւնովը։

Մօտաւորապէս 2010 թւականներին նոր դինամիկա ի յայտ եկաւ։ Ադրբեջանը սկսեց սպառազինութիւն գնել նաեւ Ռուսաստանից, բայց արդէն ոչ թէ հին համակարգեր, այլեւ նոր զէնք։

Հայկական կողմը մի քանի ուղղութեամբ էր աշխատում։ Կարելի է առանձնացնել ներդրումները շփման գծում, ՀՕՊ համակարգի զարգացումը, անօդաչու համակարգեր։

«Սահմանափակ փորձեր էին արւում արդիականացնել որոշ համակարգերը, որոնք մնացել էին դեռ ԽՍՀՄ-ից։ Ու զէնքի նոր նմուշներ էին ստեղծւում, մասնաւորապէս` կառավարման աւտոմատացւած համակարգեր, ԱԹՍ-ներ, ռադիոէլեկտրոնային հակազդեցութիւն»,- նշեց Յարութիւնովը։

Վերջին 5-6 տարիների ընթացքում երկու կողմերն էլ գնում են զինման բարդ համակարգեր, որոնք օպերատիւ-մարտավարական նշանակութիւն ունեն։ Դրանք եւ՛ օպերատիւ-մարտավարական համալիրներն են, եւ՛ համազարկային կրակի հրթիռային համակարգերը, եւ՛ մեծ հեռաւորութեան ՀՕՊ համակարգեր։

Իսկզբանէ Հայաստանում քանակական առաւելութիւնը որակական առաւելութիւնով հաւասարեցնելու միտում կար։ Բայց վերջին տարիներին ներուժի զարգացումը նոյնանման է ընթանում։

Թէեւ, երբեմն, հայկական կողմը ասիմետրիկ է պատասխանում։ Դրա օրինակն են ժամանակակից աւիացիայի զարգացմանն ուղղւած վերջին քայլերը։

«Հայաստանն ու Ադրբեջանը ինքնուրոյն չեն կարող լուծել ԶՈւ «հիմնական կորիզի» խնդիրը, ռազմաարդիւնաբերական համալիրը թոյլ չի տալիս։ Ռազմաարդիւնաբերական ներուժը թոյլ է տալիս լրացնել, նորացնել որոշ ոլորտներ, սակայն ռազմական տեխնիկայի հիմնական կորիզը, որը կարող է ազդել հիպոթետիկ հակամարտութեան ելքի վրայ, գնւում է»,- ասաց Յարութիւնովը։

Նման դինամիկա կար, օրինակ, Իսրայէլի պարագայում։ Այն, իհարկէ, աւելի զարգացած է, բայց նրանք ինքնաբաւութեան սահմանափակ փորձերից յետոյ անցան ընտրողական մօտեցման։

Ծանր տեխնիկայի, օրինակ «Մերկաւա» տանկերի մշակումը, նրա խօսքով, նիւթականացել է միայն ԱՄՆ-ի ու արեւմտեան տեխնոլոգիաների հետ համագործակցութեան շնորհիւ։ Բայց վերջին տարիներին նրանց այդ տեխնիկայի արտադրութիւնը կրճատւում է, տանկերի արտադրութեան նպատակայարմարութեան մասին վեճեր են ընթանում, իսկ կործանիչների մշակումից նրանք հրաժարւել են դեռ 80-ականներին ու գնում են դրանք։

«Ժամանակակից ռազմական տեխնիկան գնալով աւելի բարդանում է։ Մենք տեսնում ենք, որ նոյնիսկ ԱՄՆ-ն է սահմանափակ կոոպերացիա զարգացնում։  Փոքր երկրների համար աւելի դժւար է։ Հայաստանին սթափ մօտեցում է պէտք»,- ասաց Յարութիւնովը։

Նրա կարծիքով`Հայաստանը չի կարող գերագնահատել իր հնարաւորութիւնները, բայց որոշակի դիրքեր ռազմաարդիւնաբերական համալիրում կարող է զբաղեցնել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։